2016
Երկրորդ հնարավորություն
April 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Երկրորդ հնարավորություն

Քայլի Բալդվին՝ Արիզոնա, ԱՄՆ

Նկար
violin

Երբ առաջին անգամ տեսա նրան, իմ ձեռքին ջութակ կար։

Նա մոտեցավ ինձ, երբ ես ջութակի պատյանը ձեռքիս քայլում էի դեպի ճաշարան։

«Ջութակ»,- ասաց նա, երբ մոտեցավ ինձ։

«Այո»,-ասացի ես:

Ես երբեք իրականում չէի խոսել որևէ հաշմանդամի հետ և չգիտեի, թե էլ ինչ ասեմ։ Նա հետևեց ինձ մինչև իմ սեղանը և նստեց իմ կողքին՝ ցույց տալով իմ ջութակի պատյանը։

«Ջութակ»,- կրկին ասաց նա։

Ես բացեցի իմ պատյանը և նրա աչքերը փայլեցին։ Շատ կոպիտ ձևով նա քաշեց լարերից։ Իմ սիրտը տակնուվրա եղավ, երբ պատկերացրեցի, թե իմ ջութակից մի լար է պոկվում, և ես անմիջապես փակեցի պատյանը։ Նախքան գնալը, նա գրկեց ինձ։

Դրանից հետո ես նրան հաճախ էի տեսնում։

Ամեն անգամ ինձ տեսնելիս նա ձեռքերը դնում էր իմ ուսերին և համբուրում ճակատս:

Ավագ դպրոցի տարիներին ես միշտ փորձում էի խուսափել նրանից, երբ տեսնում էի, որ գալիս էր դեպի իմ կողմը։ Երբ նրան հաջողվում էր գտնել ինձ և պարուրել գրկախառնումներով ու համբույրներով, ես մի քանի վայրկյան հանդուրժում էի դրանք, ինձ ստիպելով ժպտալ և ապա արագ հեռանում էի՝ առանց որևէ բան ասելու։

«Օ՜հ, ոչ»,- ցածր ձայնով ասացի ես, երբ տեսա նրան ավագ դպրոցի նվագախմբի իմ վերջին համերգի ժամանակ։ Համերգից հետո նա մոտենում էր այն տեղին, որտեղ ես կանգնած էի իմ ընկերների հետ դահլիճից դուրս։

Իմ ընկերները հետ քաշվեցին, երբ նա մոտեցավ ինձ ժպիտը երեսին՝ պատրաստվելով գրկել ինձ։

«Վիլյամ»։

Ես շրջվեցի և տեսա մի կնոջ, ով վազելով մոտենում էր մեզ։

«Կներեք»,- ասաց նա՝ բռնելով նրա ձեռքից։ «Վիլյամը ջութակ շատ է սիրում։ Նա ինձ խնդրեց, որ այս երեկո բերեի նրան այս համերգին։ Արի գնանք, սիրելիս»։

Մինչ այդ պահը ես չէի էլ գիտակցել, որ ես երբեք չեմ էլ իմացել նրա անունը։ Ես հանդիպել էի Վիլյամին երկու տարի առաջ, սակայն այնքան շատ ժամանակ էի վատնել նրանից խուսափելու համար, որ երբեք չէի ջանացել իսկապես ճանաչել նրան։ Մինչ ես նայում էի, թե ինչպես էին հեռանում Վիլյամն ու իր մայրը, ես ամաչեցի։

Տարիներ անց, երբ ամուսնացա, ունեցա մի գեղեցիկ փոքրիկ տղա, ով Դաունի համախտանիշ ուներ, ում մենք կոչեցինք Սպենսեր։ Երբ նայում էի իմ տղային, ես հաճախ հիշում էի Վիլյամին և խորհում էի, թե արդյոք Սպենսերն էլ է ունենալու նման փորձություններ։ Արդյո՞ք մարդիկ կխուսափեն նրանից, քանի որ նա շատ է համբուրում կամ շատ ամուր է գրկում։ Արդյո՞ք նրա հասակակիցներն իրենց անհարմար կզգան նրա սահմանափակումների պատճառով։

Երբ Սպենսերը չորս ամսական էր, ես տարա նրան մեր տարածքի հիվանդանոցը, որտեղ հանդիպում էր նշանակված բժշկի հետ։ Մինչ մեքենայից հանում էի նրան, ես տեսա երկու մարդու, ովքեր մտան հիվանդանոց։ Անհավատալի էր, սակայն ես հասկացա, որ դա Վիլյամն ու իր մայրն էին։

«Վիլյամ»։ Ես կանչեցի, երբ մենք ավելի մոտեցանք։ Սիրտս սկսեց արագ բաբախել։

«Ողջույն»։ Նա դանդաղ անցավ ավտոկայանատեղով՝ մինչ մի մեծ ժպիտ շողում էր նրա դեմքին։ Նա առաջ մեկնեց իր ձեռքը և ոգևորված սեղմեց իմ ձեռքը։

«Ինչպե՞ս ես»։ Հարցրի ես նրան։

«Ջութակ»,- ասաց նա՝ հուզմունքից փայլող աչքերով։

Ջութակ։ Նա նույնպես հիշեց ինձ։ «Այո,- ասացի ես ժպտալով, մինչ արցունքները խեղդում էին ինձ,- ես ջութակ էի նվագում»։

Մինչ մենք զրուցում էինք, իմ սրտում ես երախտագիտության աղոթք էի հղում սիրող Երկնային Հոր գորովագութ ողորմությունների համար, ով գիտեր, թե ես որքան էի ցանկանում կրկին հանդիպել Վիլյամին։ Ես շնորհակալ եմ, որ Աստված տեսավ ինձ՝ պայքարող մի երիտասարդ մոր, որ ծանրաբեռնված էի իմ որդու առողջական խնդիրներով և մտահոգվում էի նրա ապագայի համար, և տվեց ինձ մի փորձառություն, որը հիշեցրեց ինձ, որ Նա տեղյակ է մեր մասին։