2016
Ողբերգական իրադարձությունը, վիշտը և Աստծո ծրագիրը
April 2016


Ողբերգական իրադարձությունը, վիշտը և Աստծո ծրագիրը

Հեղինակն ապրում է Ալբանիայում:

Իմ կյանքի ամենաողբերգական փորձառության ժամանակ ես զգացել եմ, որ Երկնային Հայրն ինձ հետ է եղել ողջ ընթացքում։

Նկար
illustration like a stained-glass window

Նկարազարդումը՝ Դեյվիդ Քըրթիսի

2008 թվականն էր. մի օր վաղ առավոտյան մայրս արթնացրեց ինձ, որ գնամ դպրոց։ Ես շատ ուրախ էի այդ առավոտ, սակայն չգիտեի, որ դա դառնալու էր իմ կյանքի ամենասարսափելի օրը կամ վերջին անգամը, որ տեսնելու էի նրան։ Այդ օրը ես չավարտեցի իմ բոլոր դասերը, քանի որ մեր ընտանիքի ընկերներից մեկը եկավ իմ հետևից և ասաց ինձ, որ մայրս ինքնասպան էր եղել։ Ես ընդամենը 12 տարեկան էի:

Ես մտածեցի․ «Ինչպե՞ս կարող եմ ապրել առանց իմ մայրիկի»։ Նա իմ լավագույն ընկերն էր։

Ամիսներ շարունակ ես լաց էի լինում։ Ես չէի ուզում դպրոց գնալ, քանի որ երեխաների վերաբերմունքն իմ հանդեպ փոխվել էր․ նրանք խղճում էին ինձ։ Ես չէի հասկանում, թե ինչ պետք է անեմ․ ես միայն գիտեի մի բան, որ պետք է ուժեղ թվամ բոլորին։

Մի օր, մայրիկիս մահից հինգ կամ վեց ամիս հետո, ես մենակ կանգնած էի իմ սենյակի պատուհանի մոտ և լալիս էի, փորձելով հասկանալ, թե ինչի համար եմ ես այստեղ։ Հանկարծ իմ սրտում ես լսեցի մի ձայն։ «Դու իմ դուստրն ես․ ես թույլ չեմ տա, որ դու տառապես»։ Ես գիտեի՝ դա Աստված էր։ Սակայն դա զարմացրեց ինձ, քանի որ ես այլևս չէի հավատում Նրան, հատկապես այն պատճառով, որ կարծում էի, թե Աստված էր տարել մայրիկիս ինձանից։ Չնայած ես չգիտեի, թե Նա ինչ նկատի ուներ, ես ինձ ապահով զգացի։

Երեք տարի անց ես գնացի Հռոմ՝ Իտալիա, այցելելու իմ հորեղբորը։ Նա անընդհատ ինձ պատմում էր մի եկեղեցու մասին, ուր նա հաճախում էր։ Մի կիրակի նա ինձ տարավ իր հետ։ Ես միշտ կհիշեմ, թե ինչպես առաջին անգամ մոտեցա եկեղեցու դռներին և զգացի Երկնային Հոր սերը, երբ ներս մտա։ Կարծես տանը լինեի։

Ես սկսեցի ամեն կիրակի գնալ եկեղեցի, իսկ շաբաթվա ընթացքում մասնակցում էի բոլոր միջոցառումներին։ Ես սիրում էի լինել Եկեղեցու երիտասարդների շրջապատում։ Նրանք ինձ ավելի երջանիկ էին դարձնում: Մենք մտածում և հավատում էինք նույն բաներին։ Ապա, երեք ամիս անց, իմ ամառային արձակուրդներն ավարտվեցին, և ես պետք է վերադառնայի Ալբանիա։

Երբ ես տուն վերադարձա, պատմեցի հայրիկիս իմ ունեցած զգացողությունների մասին և թե որքան երջանիկ էի ինձ զգացել այդ ընթացքում։ Նրան դա դուր չեկավ։ Նա ասաց, որ թույլ չի տա ինձ շարունակել եկեղեցի գնալ կամ ավելին սովորել դրա մասին։ Ուստի, ես պետք է համբերատար սպասեի հաջորդ երեք տարիների ընթացքում, մինչև կդառնայի 18 տարեկան։ Այդ ժամանակ ես կարող էի ինքնուրույն որոշում կայացնել և մկրտվել։

Այդ ընթացքում ես օրհնվեցի, շփվելով շատ մարդկանց հետ, ովքեր պատմում էին ինձ, թե եկեղեցում ինչ էին սովորում ամեն կիրակի։ Այդ մարդկանցից մեկը Ստեֆանին էր: Նա ապրում էր Իտալիայում, երբ հորեղբայրս միացել էր Եկեղեցուն, սակայն նա վերադարձել էր իր տուն, որը գտնվում էր Միացյալ Նահանգներում։ Հորեղբայրս մտածեց, որ լավ կլիներ, եթե մենք միմյանց նամակներ գրեինք, ուստի, ես ավելացրեցի նրան որպես Facebook-ի ընկեր։

Չնայած մենք երբեք չենք հանդիպել, ես միշտ երախտապարտ կլինեմ նրան, քանի որ նա օգնեց ինձ ձևավորել հավատք և ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ։ Նա գրեթե ամեն կիրակի գրում էր ինձ և պատմում ամեն բան, որ սովորում էր եկեղեցում և ապա պատասխանում էր իմ հարցերին։ Նա հրաշալի ընկեր էր ինձ համար։

Ի վերջո, համբերատար սպասված տարիներից հետո, ես մկրտվեցի իմ 18-ամյակից ընդամենը երկու օր անց։ Եվ շուտով, ես մայրիկիս հետ կկիսվեմ այն ուրախությամբ, որը զգացել էի այդ օրը, քանի որ ես մկրտվելու եմ նրա փոխարեն։ Ես գիտեմ, որ նա կհպարտանա իմ ընտրած կյանքով։

Ես օրհնված եմ զգում Երկնային Հոր կողմից, քանի որ Նա այդ ամբողջ այդ ընթացքում ինձ հետ է եղել բազում դրսևորումներով։ Ես պարզապես պետք է սպասեի և համբերատար լինեի, քանի որ Նա ծրագիր ուներ ինձ համար։ Նա էր, որ ինձ ուժ տվեց անցնելու բոլոր դժվարությունների միջով, որոնց ես հանդիպեցի։ Նա միշտ ինձ հետ էր՝ օգնելով ինձ լինել ավելի ուրախ։