2016
Խաղաղությունն իմ սրտում
April 2016


Խաղաղությունն իմ սրտում

Նկար
peace in my heart

Երբ ութ տարեկան էի, ես տեսա մարգարե Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյին (1873–1970): Նա եկել էր նվիրագործելու Եկեղեցու մի նոր շենք ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Պալմիրա քաղաքում: Իմ ընտանիքը գնաց նվիրագործմանը: Շատ մարդիկ էին հավաքվել: Մենք բոլորս շատ ոգևորված էինք, որ տեսնելու էինք մարգարեին:

Ես բավականին փոքրիկ էի, դրա համար էլ ինձ դժվար էր տեսնել թե ինչ էր կատարվում շուրջս: Բայց ես, այնուամենայնիվ, կարողացա զգալ Նախագահ Մակքեյի սերը: Ընդամենը մեկ րոպե ես տեսա նրա սպիտակ մազերը և բարի դեմքը: Ես մտածեցի. «Ահա թե ինչպիսին է Աստծո մարգարեն»: Ես կարդացել էի մարգարեների մասին սուրբ գրություններում, բայց սա առաջին անգամն էր, որ անձամբ տեսնում էի մարգարեի կամ որևէ Բարձրագույն Իշխանավորի: Ես հասկացա, որ մարգարեներն իրական մարդիկ են: Եվ նրանք սիրում են մեզ: Ես միշտ կհիշեմ այն խաղաղությունն ու սերը, որ ես զգացի այդ օրը:

Երբ 11 տարեկան էի, ես ունեցա մեկ այլ փորձառություն, որն ինձ օգնեց խաղաղություն զգալ իմ սրտում: Մոտենում էր ցցի համաժողովը, և ես պիտի երգեի ցցի երգչախմբում: Ես այնքա՜ն ոգևորված էի: Ես հագել էի գեղեցիկ սպիտակ վերնաշապիկ և ինձ առանձնահատուկ էի զգում: Երգը, որը երգում էինք, գրված էր Հովհաննես 14.27-ի բառերով՝ «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը չխռովի և չվախենայ»:

Այս բառերն իրոք հուզեցին ինձ, և ես հիշում եմ դրանք այդ ժամանակից ի վեր: Երբ ես երգում էի այդ բառերը, ես գիտեի, որ դրանք ճշմարիտ են: Ես զգացի, որ Սուրբ Հոգին ասում էր ինձ, որ Հիսուս Քրիստոսին հետևելն օգնում է մեզ խաղաղություն զգալ։ Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ, երբ ես դժվարություն եմ ունենում, իմ միտքն է գալիս այս սուրբ գրությունը և ինձ խաղաղություն բերում: Ճշմարտությունը, որը ես սովորեցի, երբ երիտասարդ էի, օրհնեց իմ ամբողջ կյանքը: