2016
Սուրբգրքյան թարգմանություն․ Սրտին հասանելի լեզվով
April 2016


Սուրբգրքյան թարգմանություն․ Սրտին հասանելի լեզվով

Անթիվ փորձառություններ ակնհայտ են դարձնում Տիրոջ ձեռքի առկայությունը Նրա սուրբ գրությունների թարգմանության գործում։

Նկար
scriptures and woman

Մորմոնի Գրքի ճապոներեն, պորտուգալերեն և գերմաներեն տարբերակների նկարներն ըստ Լաուրա Սիթզի, Deseret News

Այդ փորձառությունները ծանոթ են նրանց, ովքեր ներգրավված են եղել անգլերենից այլ լեզուներ սուրբ գրությունների թարգմանության մեջ։ Դրանք տեղի են ունենում կրկին ու կրկին։

Մի հայ երիտասարդ, ձեռքում բռնած Մորմոնի Գիրքը, որը նոր էր թարգմանվել իր լեզվով, մոտենում է խմբի անդամներից մեկին, որն օգնել է թարգմանել այն։ «Շնորհակալություն»,- ասում է նա: «Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը անգլերեն։ Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը ռուսերեն։ Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը ուկրաիներեն։ Սակայն ես չէի կարողանում իրականում հասկանալ այն, մինչև որ հնարավորություն ունեցա կարդալ հայերեն լեզվով։ Երբ կարդացի հայերեն, այն ի վերջո հասկանալի դարձավ։ Դա նման էր տուն վերադառնալուն»։

Տուն վերադառնալ

Եթե Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր հոգևոր տունն է, ապա պետք է, որ այն հարմար և ծանոթ լինի մեզ։ Տանը մենք հանգստանում ենք։ Մենք սնուցում ենք մեզ։ Մեր սիրելիների հետ խոսում ենք այն լեզվով, որը սովորել ենք մեր մոր ծնկների վրա։ Դա մեր սրտի լեզուն է, և քանի որ ավետարանը պիտի սրտին հասնի, շատ կարևոր է, որ մենք կարդանք սուրբ գրությունները մեր սրտի լեզվով։

Վարդապետություն և Ուխտերում խոսվում է այդ մասին։ Այնտեղ Տերը հայտնում է, որ քահանայության բանալիների միջոցով, որ կրում է Առաջին Նախագահությունը, «Տիրոջ բազուկը կհայտնվի զորությամբ՝ համոզելու ազգերին … իրենց փրկության ավետարանի մասին։

Քանզի այդ օրը կլինի այնպես, որ ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով, նրանց միջոցով, ովքեր կարգված են այդ զորությանը, Մխիթարիչի սպասավորությամբ, որը կթափվի նրանց վրա Հիսուս Քրիստոսի հայտնության համար» (ՎևՈւ 90․10–11

Ջիմ Ջուլը, ով աշխատում էր Եկեղեցու գլխավոր վարչության սուրբ գրությունների թարգմանության թիմում, պատմում է, թե որքանով կարող են սուրբ գրությունները մոտ գալ տանը, երբ թարգմանված են սրտի լեզվով․

«Երբ Մորմոնի Գիրքը թարգմանվում էր սեսոտո լեզվով, լեզու, որով խոսում են Աֆրիկայի լեսոտո ազգում, մենք պետք է գտնեինք մեկին, ով կօգներ մեզ գնահատել թարգմանչական խմբի աշխատանքը։ Ծրագրի ղեկավարը՝ Լերի Ֆոլեյը, ներկայացրեց Եկեղեցու մի անդամի Լեսոտոյից, ով ավարտել էր Յուտա Նահանգի Համալսարանը։ Լեսոտոյում կրթությունը տրվում է անգլերեն լեզվով, ուստի այս կինը և նրա երեխաները սովորում էին անգլերեն լեզվով, սակայն նրանք տանը խոսում էին սեսոտո լեզվով։

Նա համաձայնվեց աշխատել թարգմանության վրա: Նրա գնահատականն իսկապես օգտակար եղավ այն գլուխների վերաբերյալ, որոնք ուղարկվել էին իրեն։ Մենք պարբերաբար ներկայացնում էինք կոնկրետ հարցեր բառապաշարի և լեզվային կառուցվածքի վերաբերյալ, որոնց հետ կապված նա օգտակար մեկնաբանություններ էր կատարում։ Այնուամենայնիվ, մենք նկատեցինք, որ նա դեղինով նշել էր բազմաթիվ հատվածներ, որոնք կապված չէին մեր հարցերի հետ։ Երբ մենք հարցրինք նրան ընդգծված հատվածների մասին, նա ասաց․ «Օ՜հ, դրանք այն հատվածներն են, որոնք խորապես դիպչել են իմ սրտին, որոնք ես չէի կարողացել լավ հասկանալ անգլերենով։ Ես ընդգծել եմ դրանք, որպեսզի կարողանամ կիսվել իմ երեխաների հետ»:

Սուրբ գրությունների թարգմանության օրինակ

Աստվածաշնչի թարգմանությունն ունի երկար և հետաքրքիր պատմություն, որը սկսում է Հին Կտակարանի որոշ մասերի եբրայերենից հունարեն թարգմանությամբ։ Ավելի ուշ Աստվածաշունչը հունարենից թարգմանվեց լատիներեն, իսկ լատիներենից, եբրայերենից ու հունարենից թարգմանվեց անգլերեն և մի շարք այլ լեզուներով։1 Արդյունքում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստվածաշունչը չի թարգմանում տարբեր լեզուներով, այլ ընդունում է քրիստոնյաների կողմից տվյալ լեզուներով արդեն իսկ որպես հեղինակություն ընդունված տարբերակները։2

Նկար
men at work translating

Ուստի, Եկեղեցու կողմից կատարվող սուրբ գրությունների թարգմանության աշխատանքների մեծամասնությունը վերաբերում է Մորմոնի Գրքին (որն առաջինն է թարգմանվում), Վարդապետություն և Ուխտերին և Թանկագին Մարգարիտին։ Լեզուն, որից այս գրքերը թարգմանվում են, անգլերենն է, այն լեզուն, որով Մարգարե Ջոզեֆ Սմիթը երևան բերեց դրանք՝ նրա սրտի լեզուն։ Գործընթացը, որի արդյունքում սուրբ գրությունները թարգմանվում են անգլերենից տարբեր լեզուներով, պետք է ծանոթ լինի ուսանողներին Եկեղեցու պատմությունից։ Դա հիմնականում նույն գործընթացն է, որի միջոցով Մարգարեն թարգմանեց Մորմոնի Գիրքը անգլերեն լեզվով։

Ջոզեֆ Սմիթը խոնարհ, հիմնականում անուսում, ագարակում մեծացած տղա էր։ Սակայն նա ուներ այն որակները և ներուժը, որոնք անհրաժեշտ էին Տիրոջն այն աշխատանքի համար, որը պետք է կատարվեր։ Ջոզեֆը և նրա ընտանիքն իսկապես պատրաստված էին և ճիշտ տեղում էին գտնվում՝ կատարելու այդ աշխատանքը։3

Նեփիացիների հիշատակարանները թարգմանելիս Ջոզեֆը նաև աստվածային և մարդկային աջակցություն ստացավ։ Մորոնի հրեշտակըչորս տարի շարունակ այցելում էր Ջոզեֆին, մինչև որ թույլ տվեց նրան ձեռք բերել հիշատակարանը։ Մենք ամեն բան չգիտենք, թե ինչ ուսուցանեց Մորոնին Մարգարեին, սակայն ակնհայտ է, որ նրա այցելությունները հոգևոր և մտավոր առումներով նախապատրաստեցին նրան՝ իրեն սպասվելիք առաջադրանքը կատարելու համար։4

Տերը նաև նախապես պատրաստել էր «մեկնիչներ»՝ որպես հնադարյան լեզվից թարգմանելու միջոցներ։ Երկու քարերը՝ արծաթե աղեղների մեջ և նմանատիպ մի գործիք, որը կոչվում էր տեսանողի քար, օգնեցին Մարգարեին թարգմանել Նեփիի հիշատակարանը անգլերեն լեզվով։ Մարգարեն չի մանրամասնել գործընթացը․ նա պարզապես վկայել է, որ թարգմանել է Մորմոնի Գիրքը «Աստծո պարգևով և զորությամբ»։5

Ի լրումն նրան տրված աստվածային աջակցության՝ Ջոզեֆին նաև օգնում էին մարդիկ որպես դպիրներ, ովքեր կազմում էին ձեռագիր տարբերակը, որն էլ ուրիշներն ի վերջո մեքենագրեցին, տպագրեցին, վճարեցին դրա համար և տարածեցին աշխարհում։

Ինչպես Ջոզեֆին նախապատրաստեցին ու աջակցեցին իր թարգմանչական աշխատանքում, այնպես էլ այսօրվա թարգմանիչները, ովքեր լիազորված են թարգմանել սուրբ գրությունները, նախապատրաստվում են Տիրոջ կողմից և իրենց աշխատանքում ստանում թե աստվածային, թե մարդկային աջակցություն։

Հայտնության աշխատանքը

Նկար
local reviewers reading

Ճշգրիտ թարգմանչական աշխատանքի գործընթացում ներշնչում ստանալը հավանաբար լավագույնս նկարագրվում է որպես «խորհուրդ հայտնությամբ»։ Երկու կամ երեք մարդ, ովքեր ընտրված են որպես թարգմանիչներ, խումբ են կազմում մյուսների հետ՝ կատարելու այս աշխատանքը։ Նրանց աշխատանքը ղեկավարվում է Եկեղեցու գլխավոր գրասենյակի կողմից, տեղում ունեն վերանայողներ, բառարանային հղումներ,6 թարգմանչական ուղեցույցներ, համակարգչային ծրագրեր և հոգևոր առաջնորդություն, որը տանում է մինչև Առաջին Նախագահություն։ (Տես կից աղյուսակը։) Երբ Առաջին Նախագահությունը տալիս է վերջնական թույլտվություն, այդ ժամանակ աշխատանքը համակարգչով հավաքվում, տպագրվում և տարածվում է։ Պատրաստված լինելով թվային ձևաչափով՝ դրանք նաև տեղադրվում են LDS.org-ում և Ավետարանի գրադարան հավելվածոմ։

Այս համատեղ ջանքերը պահանջում են և լարում, և ոգեշնչում։ Առավելագույն ուշադրություն է դարձվում բովանդակության և ձևաչափի որակին, ինչպես այն տրված է։ Թարգմանությունները վերանայվում են տարբեր մակարդակներում, հատկապես եկեղեցու մակարդակում՝ փնտրելով Տիրոջ հավանությունը։ Թարգմանչական աշխատանքը առաջ է ընթանում միայն այն ժամանակ, երբ տրվում է այդ հավանությունը։ Թեև հայտնությունները չեն տրվում այնպես, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրվեցին Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ, գործընթացը հստակորեն առաջնորդվում է Տիրոջ կողմից՝ Նրա պարգևներով և Նրա զորությամբ։

Սա չի նշանակում, որ թարգմանությունը առաջին իսկ էտապից կատարյալ բնույթ է կրում։ Հաճախ ժամանակի և հետագա վերանայումների ընթացքում, որը կատարվում է սուրբ գրություններն ուսումնասիրողների կողմից, խորհուրդ է տրվում բարելավել քերականությունը, բառապաշարը կամ նկատվում են տպագրական կամ ուղղագրական սխալներ։ Հազվադեպ է պատահում, որ փոփոխություններ կատարվեն վարդապետության պարզաբանման մեջ։ Դա տեղի է ունենում միայն Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։

Տերը ապահովում է միջոցներ

Տերը նաև այլ եղանակներով է աջակցում այս թարգմանչական աշխատանքին։ Թարգմանչական խումբը սովորաբար զեկուցում է Եկեղեցու գլխավոր գրասենյակին, և անհրաժեշտության դեպքում Տերն ապահովում է միջոցներ։

Ահա բազմաթիվ օրինակներից մեկը․ թարգմանչի կարիք կար Եկեղեցու նյութերը մամ լեզվով (մայաների լեզվացեղից, որը կիրառվում է Գվատեմալայում) թարգմանելու և ձայնագրելու համար։ Գվատեմալա կանչված առաջին միսիոներներից մեկը մի երեց էր, ում պապիկը խոսել էր մամ լեզվով։ Միսիոները մեծացել էր քաղաքում և խոսել էր միայն իսպաներեն։ Սակայն նրա պապը ամեն գիշեր այցելում էր իրեն երազներում և սովորեցնում մամ լեզուն։ Այս երիտասարդ երեցը դարձավ մամ լեզվի հիմնական թարգմանիչը Եկեղեցում։

Հաճախ թարգմանության աշխատանքը կատարվում է անձնական մեծ զոհաբերության շնորհիվ։ Կախված ֆինանսական իրավիճակներից՝ որոշ թարգմանիչներ նվիրաբերում են իրենց ծառայությունը, իսկ ոմանք էլ վճարվում են, որպեսզի նրանք ժամանակ ունենան թարգմանության գործին նվիրվելու համար։

Այն մարդը, ով դարձավ ուրդու լեզվի թարգմանիչներից մեկը, Եկեղեցում դարձի եկավ Պակիստանում, երբ աշխատում էր որպես ուսուցիչ։ Դարձի գալու արդյունքում նա կորցրեց իր աշխատանքը, կորցրեց իր տունը, որը նրան տրամադրել էր դպրոցը, որտեղ նա ուսուցանում էր, և նրա երեխաները զրկվեցին կրթություն ստանալու հնարավորությունից։ Եկեղեցու թարգմանությունների ղեկավարը հրավիրեց նրան ծառայել որպես թարգմանիչ և առաջարկեց համեստ փոխհատուցում։ Մի քանի ամիս որպես թարգմանիչ աշխատելուց հետո այդ մարդը այցելեց ղեկավարին և ամաչելով խնդրեց, որ ղեկավարը մի նոր գնդիկավոր գրիչ առներ իր համար։ Նրա գրիչի թանաքը վերջացել էր։ Միայն այդ ժամանակ ղեկավարը բացահայտեց և ուղղեց ուղղագրական սխալը, որի արդյունքում թարգմանիչը վճարվեց հասանելիք գումարից շատ ավելի քիչ։

Սակայն, ինչպես Տերն օրհնեց Ջոզեֆ Սմիթին միջոցներով, որոնք թույլ տվեցին նրան ավարտել իր աշխատանքը, Տերն օրհնում է Իր թարգմանիչներին։ Օրինակ, լատիշերեն լեզվով սուրբ գրությունների թարգմանիչը մի իրավաբան էր, ով իրավաբանություն էր սովորել Ռուսաստանում, որտեղ էլ նա դարձի էր եկել դեպի վերականգնված ավետարանը։ Լատվիայում նա իր բիզնեսն էր սկսել։ Նա նաև ծառայում էր որպես ճյուղի նախագահ։ Դրանից ավելի շատ աշխատել նա չէր կարող, սակայն Եկեղեցին ուներ նրա և նրա անգլերենի իմացության կարիքը։

Նա ժամանակ խնդրեց, որ աղոթեր այդ մասին, քանի որ, ինչպես ինքն էր ասել Եկեղեցու ներկայացուցչին՝ այդ առաջարկն ընդունելը «կկտրի իմ երեխաների հացը»։ Աղոթելուց հետո նա որոշեց համաձայնվել, սակայն խնդրեց Տիրոջն օրհնել իրեն միջոցներով, որ կարողանար կատարել այդ դժվար, հոգևոր բարձր պահանջներ ակնկալող, ժամանակատար աշխատանքը։

Նա սկսեց ամեն օր մեկ ժամ շուտ գնալ իր իրավաբանական գրասենյակ և օգտագործեց այդ ժամանակը Մորմոնի Գիրքը թարգմանելու համար։ Նա հաջողությամբ ավարտեց այն հինգ տարում, որքան սովորաբար դա տևում էր: Ի դեպ, նրա թարգմանությունը ամենաարագը կատարվեց Մորմոնի Գրքի Ջոզեֆի թարգմանությունից հետո, որը տևել էր մոտ 60 օր։

Կարելի է թվարկել բազմաթիվ փորձառություններ, որոնք կլուսաբանեն Տիրոջ ձեռքի առկայությունը Իր սուրբ գրությունների թարգմանության գործում։ Դրանք բոլորը հստակ հայտարարում են, որ սա Նրա աշխատանքն է, և որ Նա մեծապես հոգ է տանում դրա համար։ Նա պատրաստում է մարդկանց անելու Իր աշխատանքը։ Նա պատրաստում է գործիքներ աշխատանքն արագացնելու համար։ Եվ Նա ոգեշնչում և օրհնում է նրանց այդ ընթացքում։

Արդյունքում աշխարհին հասանելի է դարձել Աստծո խոսքը, որը տրվել է Նրա զավակներին սրտի լեզվով։

Նկար
family reading the scriptures

Հղումներ

  1. Տես ութ հատորներից բաղկացած գիրքը, “How the Bible Came to Be,” հեղինակ՝ Լենեթ Հ․ Ռիդ, անգլերեն լեզվով տպագրվել է 1982թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում։

  2. “Church Edition of Spanish Bible Now Published,” mormonnewsroom.org.

  3. Matthew S. Holland, “The Path to Palmyra,” Liahona, June 2015, 14–19.

  4. Kent P. Jackson, “Moroni’s Message to Joseph Smith,” Ensign, Aug. 1990, 12–16.

  5. Ջոզեֆ Սմիթ, Մորմոնի Գրքի նախաբանում: Մորմոնի Գրքի Ջոզեֆ Սմիթի կատարած թարգմանության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար տես Gospel Topics, “Book of Mormon Translation,” topics.lds.org։

  6. Բառարանային հղումներում տրվում է յուրաքանչյուր բառի սահմանումը համաձայն անգլերեն լեզվով հրատարակված սուրբ գրությունների, որպեսզի թարգմանիչները կարողանան ավելի լավ հասկանալ բառերի իմաստները։ Հաճախ բառերն ունենում են մեկից ավելի իմաստներ, ուստի թարգմանիչները պետք է ուշադրություն դարձնեն ենթատեքստին, ոգեշնչման և միահամուռ ուժերի միջոցով տան ճիշտ լուծումներ։ Երբեմն իմաստի հետ կապված հարցերը լուծումներ են գտնում միայն Առաջին Նախագահության կողմից։