2016
Հոգևոր կայունություն․ Կառուցել չսուզվող նավ
April 2016


Հոգևոր կայունություն․ Կառուցել չսուզվող նավ

2014 թվականի սեպտեմբերի 16-ին Բրիգամ Յանգ Համալսարանում կայացած հավաքի ելույթից: Անգլերեն լեզվով ողջ հոդվածը կարդալու համար այցելեք speeches.byu.edu։

Մենք պետք է ունենանք բավարար հոգևոր կայունություն, որպեսզի կարողանանք հաջողությամբ նավարկել մեր մահկանացու կյանքում և ապահով վերադառնալ մեր երկնային տուն։

Նկար
carpenter and tools

ՆԱՎԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ © lublubachka/Thinkstock, MicheleBolero/Thinkstock, David Harding/Thinkstock

17-րդ դարի սկզբին շվեդացիների թագավոր Գուստավ II Ադոլֆը հանձնարարեց կառուցել մի ռազմանավ, որը կնքվելու էր Վասա անունով։ Նավի կառուցման համար մեծ ռեսուրսներ պահանջվեցին, հատկապես կաղնի, որից պատրաստվելու էր առագաստանավը։ Գուստավ Ադոլֆը ուշադրությամբ հետևում էր կառուցման գործընթացին, փորձելով համոզվել, որ Վասան լիովին համապատասխանելու էր իր սպասումներին։

Կառուցման աշխատանքները սկսելուց հետո Գուստավ Ադոլֆը պատվիրեց, որ Վասան ավելի երկար լիներ։ Քանի որ լայնությունն ապահովող հենարաններն արդեն իսկ կառուցված էին թանկարժեք կաղնուց, թագավորը հանձնարարեց կառուցողներին մեծացնել նավի երկարությունը առանց լայնությունը մեծացնելու։ Չնայած նավաշինարարները գիտեին, որ փոխզիջման գնալը վտանգելու էր Վասայի կայունությունը ծովում, նրանք վարանեցին ասել թագավորին մի բան, ինչը նա չէր ցանկանա լսել։ Նրանք համաձայնվեցին։ Գուստավ Ադոլֆը նաև պնդեց, որ այս նավն ունենար ոչ թե մի սովորական տախտակամած, որտեղ հրացաններ էին դրվում, այլ երեք, որոնց վրա թնդանոթներ կդրվեին՝ ամենածանր թնդանոթները տեղակայելով վերին տախտակամածի վրա։ Կրկին դեմ գնալով իրենց ավելի խելացի վճիռներին, նավաշինարարները համաձայնվեցին։

1628 թվականի օգոստոսի 10-ին Վասան սկսեց իր առաջին նավարկությունը։ Երբ Վասան հեռացել էր նավահանգստից, ուժգին քամին ներխուժեց առագաստների մեջ, և նավը սկսեց թեքվել։ Շուտով «այն շուռ եկավ և ջուրը սկսեց լցվել տախտակամածները, մինչև այն կամաց-կամաց ամբողջովին սուզվեց ջրի տակ»։1 Վասայի առաջին ճամփորդությունը կազմեց 1280մ։

Հասարակական բարձր դիրքի խորհրդանիշ ստեղծելու Գուստավ Ադոլֆի ցանկությունը կործանեց մի հոյակապ առագաստանավի նախագիծը, որը կարող էր դառնալ իր ժամանակի ամենահզոր ռազմանավը։ Նավաշինարարները լռեցին, քանի որ վախեցան դժգոհություն առաջացնել թագավորի մոտ, որի արդյունքում էլ զրկեցին թագավորին իրենց գիտելիքներից ու մտքերից։ Բոլոր ներգրավվածները կորցրեցին այդ կարևոր նախագծի նպատակների հեռանկարը՝ պաշտպանել Շվեդիան և նպաստել երկրի շահերին ամեն պայմաններում։ Նավը, որը փորձում է չենթարկվել ֆիզիկայի օրենքներին, պարզապես մի նավակ է, որը չի լողա։

Մենք պետք է ունենանք բավարար հոգևոր կայունություն, որպեսզի կարողանանք հաջողությամբ նավարկել մեր մահկանացու կյանքում, դիմակայելով հակասական հոսանքներին ու քամիներին, կատարելով անհրաժեշտ շրջադարձեր և ապահով վերադառնալ մեր երկնային տուն։ Կան բաներ, որ մենք կարող ենք անել մեր հոգևոր կայունությունը զարգացնելու համար։ Ես կնշեմ դրանցից չորսը.

Հնազանդվել Աստծո պատվիրաններին

Առաջինը Աստծո պատվիրաններին հնազանդվելն է։ Ճիշտ ինչպես Վասան ենթակա էր ֆիզիկական օրենքներին, մենք բոլորս էլ ենթակա ենք հոգևոր օրենքների։ Ոչ ոք բացառություն չէ։ Մենք պետք է ենթարկվենք այս հոգևոր օրենքներին, որոնց մենք անվանում ենք Աստծո պատվիրաններ։

Նավը կառուցելիս ֆիզիկական օրենքներով աշխատելը միգուցե սահմանափակող թվար Գուստավ Ադոլֆին, սակայն Վասան չէր սուզվի նախքան իր առաքելությունը սկսելը, եթե այն համապատասխաներ այդ օրենքներին։ Դրա փոխարեն այն կունենար ազատություն և ճկունություն՝ իրականացնելու այն, ինչի համար այն նախատեսված էր։

Այդպես էլ Աստծո օրենքներին հնազանդվելը պահպանում է մեր ազատությունը, ճկունությունը և ունակությունը՝ հասնելու մեր ներուժին։ Պատվիրանները նախատեսված չեն մեզ սահմանափակելու համար։ Դրա փոխարեն, հնազանդությունը մեծացնում է հոգևոր կայունությունը և ապահովում անսահման երջանկություն։

Հնազանդությունը մեր ընտրությունն է։ Հիսուսն ասել է․ «Ահա, ես տվել եմ ձեզ պատվիրանները. ուստի, պահեք իմ պատվիրանները» (3 Նեփի 15․10): Դա այնքան պարզ է։ Եկեք անենք դա։ Որոշեք, թե ինչպես կարող եք իսկապես հնազանդ լինել։ Ոչ մի ուրիշ բան չի կարող ավելի շատ մեծացնել հոգևոր կայունությունը։ Ոչ մի ուրիշ բան չի կարող տալ մեզ ավելի մեծ ազատություն՝ մեր կյանքի առաքելությունը կատարելու համար։

Ականջ դնել խորհրդին և սովորել ողջ կյանքի ընթացքում

Նկար
carpenter’s tools

Երկրորդը, մենք պետք է ուշադրություն դարձնենք և ականջ դնենք հուսալի աղբյուրներից եկող խորհրդին և պարտավորվենք սովորել մեր ողջ կյանքի ընթացքում։

Գիտելիքներ ձեռք բերելիս որոգայթ կարող է հանդիսանալ գոռոզությունը, որը կարող է առաջանալ, երբ մենք մտածում ենք, թե այնքան շատ բան գիտենք, որ էլ բան չկա սովորելու։ Մենք բոլորս էլ տեսել ենք սա այն անհատների մոտ, ովքեր չափից ավելի վստահ են, որ իրենք խելացի են։ Իսկապես շատ դժվար է ուսուցանել մեկին, ով կարծում է, թե արդեն ամեն ինչ գիտի։

Հաշվի առնելով այս փաստը և ցանկանալով լինել մեկը, ով կսովորի ողջ կյանքի ընթացքում, Նախագահ Հենրի Բ․ Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասել է․ «Ես դեռ երեխա եմ, ով շատ բան ունի սովորելու։ Գրեթե ցանկացած մարդ կարող է ինձ ինչ-որ բան սովորեցնել»։2 Երբ Նախագահ Այրինգը կանչեց ինձ լինելու Բարձրագույն Իշխանավոր, նա ինձ մի կարևոր բան սովորեցրեց։ Նա ասաց, որ երբ մեկը պատմում է մի պատմություն, որը նա նախկինում լսել է կամ օգտագործում է մի սուրբ գրություն, որին նա լավ ծանոթ է, նա ինքն իրեն հարցնում է․ «Ինչո՞ւ է Տերն իմ ուշադրությունը սևեռում դրա վրա» և «Է՞լ ինչ կարող եմ սովորել այդ պատմությունից կամ սուրբ գրությունից»։ Եթե մենք ցանկանում ենք մեծացնել մեր հոգևոր կայունությունը, մենք հոժար կլինենք սովորելու և բավականաչափ խոնարհ կլինենք ընդունելու առաջնորդություն՝ անկախ մեր տարիքից ու փորձառությունից։

Դա իսկապես մեր ընտրությունն է։ Մենք կարող ենք լսել և ականջ դնել խորհրդին, որ տրվում է մեզ Եկեղեցու ղեկավարների՝ հատկապես նրանց, ում մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, ծնողների և վստահելի ընկերների կողմից կամ ոչ։ Մենք կարող ենք ջանալ սովորողներ լինել մեր ողջ կյանքի ընթացքում կամ ոչ։ Մենք կարող ենք մեծացնել մեր հոգևոր կայունությունը կամ ոչ: Եթե մենք չմեծացնենք մեր հոգևոր կայունությունը, մենք կնմանվենք Վասային՝ նավակի, որը չի լողում։

Ծառայել ուրիշներին

Երրորդը, անմիջական լինելը, ուրիշների համար մտահոգվելը և ուրիշներին ծառայելը մեծացնում է մեր հոգևոր կայունությունը։

Հավերժությունը մնում է մեր ուշադրության կենտրոնում, երբ մենք կենտրոնանում ենք ուրիշների վրա, մինչ փորձում ենք օգնել Երկնային Հոր զավակներին։ Ես նկատել եմ, որ ավելի հեշտ եմ ոգեշնչում ստանում, երբ աղոթում եմ իմանալու, թե ինչպես կարող եմ օգնել մեկ ուրիշին, քան երբ ես պարզապես աղոթում եմ ինձ համար։

Մենք գուցե կարծենք, թե ապագայում մի օր ավելի լավ վիճակում կլինենք, որպեսզի օգնենք ուրիշներին։ Իրականում հիմա է ժամանակը։ Մենք սխալվում ենք, եթե մտածում ենք, որ ավելի հարմար կլինի ծառայել ուրիշներին, երբ կունենանք ավելի շատ ժամանակ, փող կամ որևէ այլ բան։ Անկախ պայմաններից՝ մենք ընտրություն ունենք։ Կօգնե՞նք ուրիշներին, թե՞ ոչ։ Մենք կձախողվենք մահկանացու կյանքի կարևորագույն փորձություններից մեկում, եթե չընտրենք օգնելու կարիքի մեջ գտնվողներին: Իսկ եթե օգնենք, մենք կմեծացնենք մեր հոգևոր կայունությունը։

Դարձնել Հիսուս Քրիստոսին մեր հիմքը

Նկար
the ship Vasa

ՆԱՎԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ © lublubachka/Thinkstock, MicheleBolero/Thinkstock, David Harding/Thinkstock

Չորրորդը, վերջինը և ամենակարևորը, մեր հոգևոր կայունությունը կախված է այն բանից, թե որքանով ենք մենք հաստատում Հիսուս Քրիստոսին որպես մեր հիմք։

Առանց Քրիստոսի մենք նման ենք ալիքների վրա տարուբերվող նավակի։ Մենք չունենք զորություն, քանի որ չունենք առագաստ։ Մենք չունենք կայունություն, հատկապես փոթորիկների ժամանակ, քանի որ չունենք խարիսխ։ Մենք չունենք ուղղություն կամ նպատակ, քանի որ չունենք նպատակակետ։ Մենք պետք է Քրիստոսին դարձնենք մեր հիմքը։

Որպեսզի կյանքում պատրաստ լինենք հանդիպելու հակասական հոսանքներին և հաղթահարելու դրանք, մենք պետք է հնազանդվենք Աստծո պատվիրաններին, լինենք խոնարհ, հոժարակամ և որոշում կայացնենք սովորել ողջ կյանքի ընթացքում, ծառայենք ուրիշներին և հաստատենք Հիսուս Քրիստոսին որպես մեր կյանքի հիմք։ Երբ անենք այդ ամենը, մենք կմեծացնենք մեր հոգևոր կայունությունը։ Ի տարբերություն Վասայի, մենք կկարողանանք ապահով վերադառնալ նավահանգիստ՝ իրականացրած լինելով այն, ինչ նախասահմանված էր մեզ համար։

Հղումներ

  1. Նամակ Թագավորության շվեդական կոնսուլից թագավոր Գուստավ II Ադոլֆին․ թարգմանությունը մեջբերված է Ռիչարդ Օ․ Մեյսոնի «Վասան շրջվել է» գրքից, virtualschool.edu/mon/CaseStudies/Vasa/vasa.html։ Կան բազմաթիվ պատմություններ Վասայի վերաբերյալ, պատմական տեղեկությունների համար տես, օրինակ vasamuseet.se/en և այլ կապուղիներ։

  2. Henry B. Eyring, in Robert I. Eaton and Henry J. Eyring, I Will Lead You Along: The Life of Henry B. Eyring (2013), 409.