2015
Հարցեր և պատասխաններ
Հոկտեմբեր 2015


Հարցեր և պատասխաններ

«Երբ մայրս հիվանդ էր, մենք ծոմ պահեցինք և աղոթեցինք նրա համար, բայց նա մահացավ: Ինչպե՞ս կարող եմ դրա հետ համակերպվել»:

Սա տխուր ժամանակ է քո կյանքում: Բնական է, երբ ուզում ես հավաստիացում և պատասխաններ ստանալ քո բազմաթիվ հարցերին. «Ինչո՞ւ նա չապրեց: Արդյո՞ք կրկին կտեսնեմ նրան: Ինչպե՞ս կարող եմ շարունակել առանց նրա»:

Հիսուս Քրիստոսի ավետարանը և սփոփանք, և պատասխաններ է տրամադրում: Տերը խոստացել է. «Երանելի են բոլոր նրանք, ովքեր սգում են, քանզի նրանք կմխիթարվեն» (3 Նեփի 12.4): Փնտրիր Սուրբ Հոգին, քանի որ Նա է Մխիթարիչը:

Քեզ մոտ հարց է առաջանում, թե արդյոք քո աղոթքները լսվել են: Վստահ եղիր. Երկնային Հայրը միշտ լսում է մեր աղոթքները: Սուրբ գրությունները և կենդանի մարգարեները խոստանում են մեզ, որ դա ճիշտ է: Այն, ինչ ասաց Տերը Ջոզեֆ Սմիթին, վերաբերում է քեզ նույնպես. «Քո աղոթքները և քո եղբայրների աղոթքները հասել են իմ ականջին» (ՎևՈւ 90.1): Բայց մենք պետք է հիշենք, որ Երկնային Հայրը պատասխանում է մեր աղոթքներին՝ մտքում հավերժության հեռանկարն ունենալով (տես Եսայիա 55.8–9): Ահա թե ինչու ենք մենք հետևում օրհնություններ խնդրելու Փրկչի օրինակին, միևնույն ժամանակ անկեղծորեն խնդրելով, որ Հոր կամքը կատարվի (տես Ղուկաս 22.42):

Թեպետ դժվար է, բայց այս փորձությունը կարող է քեզ համար աճի ժամանակ դառնալ: Դու կարող ես սովորել հավատալ Աստծո կամքին, անգամ եթե դա նշանակում է, որ քո մայրը չի բժշկվել: Իհարկե, դու ցանկացել ես, որ նա ապրի: Բայց այս մահկանացու կյանքի քննությունը Աստծուն վստահելն է բոլոր ժամանակներում, հատկապես, երբ դժվար է: Եթե դուք վստահում եք Նրան, «բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար» (ՎևՈւ 90.24):

Մահը ծրագրի մի մասն է

Ըստ մեր Երկնային Հոր կողմից մեզ համար նախատեսված երջանկության ծրագրի, Նրա ներկայություն մեր վերադարձը հիմված է մահվան և հարության վրա, որը կօգնի մեզ այս մահկանացու վիճակից վերափոխվել անմահ վիճակի: Դու միայն պետք է ընդունես այն փաստը, որ մահը ծրագրի մաս է, և հավատաս, որ մի օր կկարողանաս կրկին լինել քո մահացած մոր հետ: Իմացիր, որ քո մայրը հոգևոր աշխարհում է, և նա սպասում է քեզ:

Դեյվիդ Մ., 18 տարեկան, Արևմտյան Կասայ, Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն

Նա հոգևոր աշխարհում է

Երկու տարի առաջ մայրիկիս մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Ես չէի ուզում տեսնել նրան ցավերի մեջ և ուզում էի, որ կարողանայի մի բան անել: Եվ չնայած մայրս ապաքինվեց, մեզ համար դա դժվար փորձություն էր: Քո մայրն այնպիսի տեղում է, որտեղ ցավ կամ տառապանք չի զգում: Դժվար է, որ այլևս չես կարող նրան տեսնել, սակայն դու երբեք մենակ չես: Նա միշտ կսիրի քեզ, և մեր Երկնային Հայրը միշտ պատրաստ է քեզ զորացնել քո հուսահատության պահերին: Դու երբեք լքված չես լինի: Հիսուս Քրիստոսը կրեց աշխարհի ցավերը. Նա գիտի, թե ինչպես ես դու քեզ զգում և ինչի միջով ես անցնում: Արա, ինչպես ես արեցի փորձության պահին. գնա Նրա մոտ և Նա կթեթևացնի քո բեռը:

Շիլո Վ., 18 տարեկան, Չիհուահուա, Մեքսիկա

Ձեր ընտանիքը կվերամիավորվի

Մայրս մահացավ, երբ ես ընդամենը 12 տարեկան էի: Այդ ժամանակ ես Եկեղեցու անդամ չէի: Երբ նա հիվանդ էր, ես շատ էի աղոթում, որ մայրս ապաքինվեր: Ես մեծ հավատք ունեի և վստահում էի Աստծուն՝ հույսով, որ նա կրկին կառողջանա: Ցավոք, նա չապաքինվեց: Ես հարց էի տալիս, թե ինչու նա մահացավ այդքան երիտասարդ տարիքում և թողեց ինձ, երբ ես դեռևս դեռահաս էի: Ես բարկացել էի այն աստիճան, որ կասկածում էի Աստծո գոյությանը: Այժմ, երբ ես Եկեղեցու անդամ եմ, հասկանում եմ փրկության ծրագիրը: Ես գիտեմ, որ նա սպասում է ինձ, և որ մեր ընտանիքը կվերամիավորվի:

Ինայե Լ., 19 տարեկան, Մինաս Ժերայս, Բրազիլիա

Փորձությունները սովորեցնում են մեզ

Մայրս մահացավ երեք տարի առաջ: Քո կապը Երկնային Հոր և Փրկչի հետ կամրապնդվի, եթե նայես Նրանց քո կարիքի պահին: Դու կհասկանաս, որ այդ փորձությունը, որքան էլ կեղեքող, կարող է նաև օրհնություն լինել: Աղոթիր քո Երկնային Հորը խաղաղություն և հավաստիացում ստանալու համար: Վստահիր քեզ համար նախատեսված Տիրոջ ծրագրին: Ընդունիր, որ Երկնային Հայրը գիտի, թե ուր ենք մենք գնում և ինչ է մեզ անհրաժեշտ այնտեղ հասնելու համար: Տերը սիրում է քեզ և ցանկանում է, որ դու ուրախություն ապրես: Մեր փորձությունները մեզ ուսուցանելու և էլ ավելի ամրացնելու նպատակ ունեն:

Մեգան Բ., 18 տարեկան, Օնտարիո, Կանադա

Դու կրկին կտեսնես նրան

Տատիկս մահացել է, երբ մայրս 17 տարեկան էր: Նրա մահանալուց մի քանի շաբաթ առաջ, ընտանիքը ծոմ էր պահել և աղոթել նրա համար: Նրան քահանայության օրհնություն էր տրվել: Մայրիկիս խաղաղություն էր պարգևել հիմնականում այն գիտելիքը, որ հաջորդ կյանքում կարող էր կրկին տեսնել իր մորը: Մայրիկիս նպատակն է՝ այնպես ապրել իր կյանքը, որ արժանի լինի այդ օրհնությանը: Ես տխրում եմ, որ այս կյանքում երբեք չեմ կարող տեսնել նրան, սակայն անհամբեր սպասում եմ այն պահին, երբ ի վերջո կհանդիպեմ նրան:

Ամանդա Վ. 15 տարեկան, Յուտա, ԱՄՆ