2015
Ապրել անկեղծ միտումով
Հոկտեմբեր 2015


Ապրել անկեղծ միտումով

Երիտասարդ ամուրիների համաշխարհային հավաքից, «Ապրել նպատակով. Անկեղծ միտումի կարևորությունը», հղվել է Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանում, 11 հունվարի, 2015թ.: Ամբողջ հոդվածը կարդալու համար այցելեք՝ devotionals.lds.org:

Անկեղծ միտում նշանակում է անել ճիշտ գործ՝ ունենալով ճիշտ դրդապատճառներ:

Նկար
Gold stars

Լուսանկարը՝ Jupiterimages/Stockbyte/Thinkstock

Անկեղծ միտումի կարևորության մասին սովորեցի, երբ սեմինարիայի պատանի ուսանող էի։ Մեր ուսուցիչը մեզ հորդորեց կարդալ Մորմոնի Գիրքը: Մեր առաջընթացը գրանցելու համար նա մի աղյուսակ կազմեց, մի կողմում գրելով մեր անունները, իսկ վերևում՝ Մորմոնի Գիրքը կազմող գրքերի անունները: Ամեն անգամ տվյալ գիրքը կարդալուց հետո նա աստղ էր դնում մեր անվան դիմաց:

Սկզբում շատ ջանք չէի դնում կարդալու մեջ և շուտով նկատեցի, որ ավելի ու ավելի շատ եմ ետ մնում: Այդ փաստից շփոթված և իմ ներքին մրցակցության բնույթից դրդված՝ ես սկսեցի կարդալ: Ամեն անգամ աստղ ստանալիս ինձ լավ էի զգում: Որքան շատ աստղեր էի ստանում, այնքան ոգևորված էի կարդում՝ դասամիջոցներին, դպրոցից հետո, յուրաքանչյուր ազատ րոպեին:

Սա կլիներ հրաշալի մի պատմություն, եթե ձեզ ասեի, որ իմ ջանքերի արդյունքում դասարանում ես առաջինն ավարտեցի ընթերցանության մասը, բայց այդպես չէր: Լավ կլիներ, եթե ասեի, որ առաջին տեղում լինելու փոխարեն ավելի լավ բան ձեռք բերեցի, որը Մորմոնի Գրքի մասին վկայությունն էր: Բայց դա էլ տեղի չունեցավ: Ես վկայություն չստացա: Ստացա միայն աստղեր: Ստացա աստղեր, որովհետև կարդում էի: Եթե օգտագործեմ Մորոնիի խոսքերը՝ դա էր իմ «անկեղծ միտումը»:

Մորոնին հստակ ներկայացնում է ինչպես պետք է պարզել՝ արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է. «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չե՞ն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4, շեշտադրումն ավելացված է):

Ճիշտ դրդապատճառներ

Ետ նայելով ես կարող եմ տեսնել, որ Տերը միանգամայն արդար էր ինձ հետ: Ինչո՞ւ պետք է ակնկալեի, որ կգտնեի այն, ինչ փնտրում եմ, ոչ թե մեկ ուրիշ բան: Անկեղծ միտում նշանակում է անել ճիշտ գործ՝ ունենալով ճիշտ դրդապատճառներ. ես կարդում էի ճիշտ գիրքը սխալ դրդապատճառներով:

Տարիներ անց միայն ես անկեղծ միտումով կարդացի Մորմոնի Գիրքը: Այժմ ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը կատարում է իր աստվածային նպատակը՝ վկայելով Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության մասին, որովհետև ես կարդացել եմ այն անկեղծ միտումով:

Դասը, որ քաղեցի անկեղծ միտումի և Մորմոնի Գրքի մասին, վերաբերում է մեզ բոլորիս՝ մեր կյանքի բոլոր ոլորտներին: Շատ հաճախ մենք պասսիվորեն հետևում ենք օրինակներին և սովորույթներին, որոնք զարգացրել ենք տարիների ընթացքում. մենք պարզապես հետևում ենք հոսանքներին, առանց ուշադիր հաշվի առնելու, թե ուր են այդ հոսանքները մեզ տանում: Անկեղծ միտումով ապրելու դեպքում մեր կյանքում ավելանում է կենտրոնացումը և նպատակը և կարողանում ենք փոփոխություն բերել ուրիշների կյանք: Ապրել անկեղծ միտումով՝ նշանակում է հասկանալ «ինչու»-ն, այսինքն՝ մեր գործողությունների շարժառիթները: Սոկրատեսն ասել է. «Չքննված կյանքը չարժե ապրել»:1 Ուրեմն մտածեք, թե ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը և մշտապես ինքներդ ձեզ տվեք «ինչո՞ւ» հարցը: Սա կօգնի ձեզ կանխավ տեսնելու ունակություն զարգացնել: Շատ ավելի լավ է առաջ նայել և հարցնել՝ «Ինչո՞ւ պետք է ես դա անեմ», քան նայել ետ և ասել՝ «Ինչո՞ւ, ախ, ինչո՞ւ ես դա արեցի»:

Նկար
A man looking at a wall with different types of gears on it.

Լուսանկարը՝ Սերգեյ Նայվենսի/iStock/Thinkstock

Ի՞նչ է Տերը ցանկանում, որ դուք անեք:

Երբ ես երիտասարդ էի, որոշեցի, որ չպետք է միսիա գնամ: Քոլեջում մեկ տարի սովորելուց և բանակում մեկ տարի ծառայելուց հետո ես լավ աշխատանք ունեի տեղի հիվանդանոցում՝ որպես ռենտգեն տեխնիկ: Կարծես կյանքը լավ էր ընթանում, և միսիան կարևոր չէր թվում:

Մի օր դոկտոր Ջեյմս Փինգրին, հիվանդանոցի վիրաբույժը, ընդմիջմանն ինձ ճաշի հրավիրեց: Մեր զրույցի ընթացքում նա պարզեց, որ ես չեմ ծրագրում միսիա ծառայել, և հարցրեց պատճառը: Ես ասացի, որ տարիքով մի փոքր մեծ էի և հավանաբար արդեն ուշ էր: Նա ասաց, որ դա հիմնավոր պատճառ չէր, նշելով, որ ինքը միսիա էր գնացել բժշկական համալսարանն ավարտելուց հետո: Այնուհետև իր վկայությունը բերեց միսիայի կարևորության մասին:

Նրա վկայությունը մեծ ազդեցություն գործեց ինձ վրա: Արդյունքում ես աղոթեցի, ինչպես չէի աղոթել նախկինում՝ անկեղծ միտումով: Կարող էի միսիա չգնալու շատ պատճառներ բերել. ես ամաչկոտ էի: Ունեի սիրելի աշխատանք: Ունեի կրթաթոշակ, որը մատչելի չէր լինի միսիայից հետո: Իսկ ամենակարևորը ես ունեի ընկերուհի, ով սպասել էր ինձ բանակում ծառայելիս, և գիտեի, որ երկու տարի ևս չէր սպասի: Ես աղոթեցի, որպեսզի հաստատում ստանայի, որ իմ պատճառները հիմնավոր էին, և ես ճիշտ էի:

Բայց հուսախաբվեցի, քանի որ հեշտ այո-կամ-ոչ պատասխանը չստացա, ինչի համար հույս էի տածում: Ապա մի միտք ծագեց ինձ մոտ. «Իսկ ի՞նչ է Տերը ցանկանում, որ դու անես»: Ստիպված էի ընդունել, որ Նա ցանկանում էր, որ ես միսիա ծառայեի, ինչն էլ դարձավ որոշիչ պահ իմ կյանքում: Արդյո՞ք պատրաստվում էի անել այն, ինչ Տիրոջ կամքն էր, թե այն, ինչ ես էի ուզում: Դա մի հարց է, որ լավ կլիներ մենք բոլորս հաճախ ուղղեինք ինքներս մեզ:

Երախտապարտորեն պետք է ասեմ, որ ընտրեցի միսիա ծառայելը և նշանակվեցի աշխատելու Մեքսիկայի Հյուսիսային Միսիայում:

Հավերժական հետևանքներ

Երեսունհինգ տարի անց որդիս առաջարկեց իր հետ գնալ Մեքսիկա: Մենք հույս էինք տածում, որ կգտնենք այն մարդկանց, ում ես ուսուցանել էի: Մենք այցելեցինք հաղորդության ժողովին մի փոքր քաղաքում, որտեղ ես սկսել էի իմ միսիան, սակայն ոչ մեկին չճանաչեցի: Ժողովից հետո մենք խոսեցինք անդամներից մեկի հետ, և ես հարցրեցի, թե արդյոք ճանաչում էր որևէ մեկին իմ ցուցակում նշված մարդկանցից, որոնց ես ուսուցանել էի տարիներ առաջ: Մենք անցանք ցուցակի վրայով, բայց ապարդյուն, մինչև հասանք վերջին անվանը՝ Լեոնոր Լոպեզ դե Էնրիկեզ:

«Օ՜, այո,- ասաց այդ մարդը,- Այս ընտանիքը մյուս ծխում է, բայց նրանք հաճախում են եկեղեցու այս շենք: Նրանց հաղորդությունը մեկ ժամ հետո է սկսվում»:

Երկար չսպասեցինք, երբ Լեոնորը շենք մտավ: Թեպետ նա արդեն 70-նն անց էր, ես անմիջապես նրան ճանաչեցի, նա էլ ինձ ճանաչեց: Մենք երկար գրկախառնված արտասվում էինք:

«Մենք 35 տարի աղոթել ենք, որ դուք վերադառնայիք, և մենք կարողանայինք շնորհակալություն ասել ավետարանը մեր ընտանիք բերելու համար»,- ասաց նա:

Երբ ընտանիքի մյուս անդամները ներս մտան, մենք գրկախառնվեցինք և արտասվեցինք: Մենք շուտով պարզեցինք, որ այդ ծխի եպիսկոպոսը Լեոնորի որդիներից մեկն էր, խմբավարը թոռնուհին էր, դաշնակահարը՝ թոռը, այդպես իմ քանի երիտասարդներ Ահարոնյան Քահանայությունում էին: Նրա դուստրերից մեկն ամուսնացել էր ցցի նախագահության խորհրդականի հետ: Մյուս դուստրն ամուսնացել էր մոտակա ծխի եպիսկոպոսի հետ: Լեոնորի զավակներից շատերը գնացել էին միսիա, և արդեն թոռներն էլ էին միսիա ծառայել:

Մենք իմացանք, որ Լեոնորն ինձանից շատ ավելի լավ միսիոներ էր եղել: Այսօր նրա զավակները երախտագիտությամբ են հիշում ավետարանն իրենց ուսուցանելու նրա անխոնջ ջանքերը: Նա նրանց սովորեցրել էր, որ ժամանակի ընթացքում կայացրած փոքր որոշումները հանգեցնում են լիարժեք, արդարակյաց և երջանիկ կյանքի, իսկ նրանք էլ սովորեցրել էին այդ ամենն ուրիշներին: Արդյունքում, ավելի քան 500 մարդ էր եկել Եկեղեցի այդ հրաշալի ընտանիքի շնորհիվ:

Իսկ այդ ամենի համար սկիզբ հանդիսացավ ընդմիջման ճաշի ընթացքում տեղի ունեցած զրույցը: Հաճախ եմ մտածել, որ եթե դոկտոր Փինգրին ավելի շատ զբաղված լիներ իր կարիերայով կամ աշխարհիկ այլ գործերով, նա գուցե երբեք չհետաքրքրվեր, թե ինչու միսիա չէի ծառայել: Բայց նրա ուշադրության կենտրոնում մյուսներն էին և Տիրոջ գործն առաջ տանելը: Նա սերմ ցանեց, որն աճեց, պտուղ տվեց և շարունակեց բազմապատկվել երկրաչափական պրոգրեսիայով (տես Մարկոս 4.20): Իմ միսիան ինձ սովորեցրեց Տիրոջ կամքը կատարելու մեկ որոշման հավերժական հետևանքները:

Հիշեք ձեր հավերժական նպատակը

Ես հաճախ եմ ետ նայել իմ կյանքին և զարմացել, թե ինչու էր միսիա գնալու որոշում կայացնելն ինձ համար այդքան դժվար: Դժվար էր, որովհետև ուշադրությունս շեղվել էր, իմ տեսադաշտից կորցրել էի իմ հավերժական նպատակը. անկեղծ միտումը, թե ինչու ենք մենք այստեղ:

Իմ ցանկություններն ու իմ կամքը համահունչ չէին Տիրոջ կամքի հետ, այլապես որոշում կայացնելը հեշտ կլիներ: Իսկ ինչո՞ւ դրանք համահունչ չէին: Կիրակի օրերին ես գնում էի եկեղեցի և ընդունում էի հաղորդությունը, սակայն կենտրոնացած չէի դրա նշանակության վրա: Ես աղոթում էի, սակայն հիմնականում հետևում էի հոսանքներին: Ես կարդում էի սուրբ գրությունները, բայց անկանոն ձևով և առանց անկեղծ միտումի:

Ես խրախուսում եմ ձեզ կանխամտածված և կենտրոնացած կյանքով ապրել, անգամ եթե մշտապես այդպես չեք արել նախկինում: Մի հուսահատվեք մտածելով՝ ինչ եք արդեն արել կամ ինչ չեք արել: Թույլ տվեք, որ Փրկիչն օգնի ձեզ սկսել մաքուր թղթից: Հիշեք, թե ինչ է Նա ասել. «Որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին» (Մորոնի 6.8, շեշտադրումն ավելացված է):

Սկսեք այժմ: Նպատակային կյանքով ապրեք, հասկանալով՝ ինչո՞ւ եք այդ քայլը կատարում և ուր է այն ձեզ տանում: Այդպես դուք կհայտնագործեք, որ ձեր բոլոր քայլերի համար կարևոր դրդապատճառ է հանդիսանում ձեր սերը Տիրոջ հանդեպ և ձեր հանդեպ Նրա կատարյալ սիրո գիտակցումը: Թող որ դուք մեծ ուրախություն գտնեք դեպի կատարելություն տանող ձեր փնտրտուքներում և Նրա կամքը հասկանալու ու կատարելու գործում:

Հղում

  1. Socrates in Plato, Apology (2001), 55.