2015
Ճշմարտության իմ փնտրտուքը
Հոկտեմբեր 2015


Ճշմարտության իմ փնտրտուքը

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Ինձ միշտ սովորեցրել են, որ Աստված գոյություն չունի, սակայն ես որոշեցի ինքս ինձ համար պարզել:

Նկար
illustration of young men and a woman talking

Նկարազարդումը՝ Դան Բարրի

Մեծանալով մրցակցային և ոչ-կրոնական Ասիական երկրում, ես միշտ հաջողակ մարդ դառնալու մեծ ցանկություն եմ ունեցել, սակայն չեմ ունեցել ինձ առաջնորդող հավերժական սկզբունքներ կամ ճշմարտություններ: Իմ երկրում, «հաջողակ» նշանակում է հարուստ և հզոր լինել:

Ծնողներս միշտ սովորեցրել են ինձ, որ Աստված գոյություն չունի: Նրանց համար կրոնը կամ Աստվածը անհեթեթություն է, որը միայն թույլ մարդկանց համար է: Երկար ժամանակ ես ինձ աթեիստ էի համարում: Նրանք ինձ սովորեցրել էին, որ ինձանից բացի ոչ մեկին չպետք է վստահեմ: Այնպես որ, փոքր տարիքից ես օգտագործել եմ իմ բարձր հավակնությունները որպես շարժառիթ՝ տքնաջան սովորելու և աշխատելու համար:

Ծնողներս ինձանից մեծ ակնկալիքներ ունեին: Նրանք ուզում էին, որ ես միշտ բարձր գնահատականներ ստանայի: Ես տխրում էի, երբ տեսնում էի նրանց հուսահատ դեմքը կամ լսում միմյանց հետ նրանց վիճաբանությունը, երբ ես ցածր գնահատական էի ստանում: Իմ դասերից բացի, ես լրացուցիչ տնային աշխատանք էի կատարում հանգստյան օրերին, որպեսզի կարողանայի բարձր գնահատականներ ապահովել:

Նույնիսկ իմ նախանշած նպատակներին հասնելուց հետո ես դեռևս զգում էի, որ էլի ինչ-որ բան կա հասնելու իմ կյանքում: Սրտիս խորքում ես գիտեի, որ հաստատ ավելին կա ձեռք բերելու համար:

Մի օր ես որոշեցի, որ ինքս ինձ համար պետք է պարզեի, թե արդյոք Աստված գոյություն ուներ: Եթե Նա գոյություն ուներ, ես ուզում էի իմանալ, թե ինչ էր Նա ուզում ինձ համար, կամ արդյոք կրոնը լոկ անհեթեթություն էր՝ ստեղծված մարդկային էակների երևակայությամբ: Ես չէի վախենում այդ երկու պատասխաններից որևէ մեկը ստանալուց: Ես պարզապես ուզում էի ճշմարտությունն իմանալ:

Այդ ժամանակ էր, որ ես ընկերացա իմ բասկետբոլի թիմից Թեյլոր անունով մի տղայի հետ: Մի առավոտ ես խնդրեցի, որ նա ինձ իր հետ մեքենայով դպրոց տաներ: Նա համաձայնեց, բայց ես պետք է մեկ ժամ վաղ արթնանայի և նրա հետ սեմինարիա գնայի: Ես դժկամությամբ համաձայնեցի, քանի որ չգիտեի ինչ էր դա: Ինձ դուր եկավ սեմինարիան, և ավելի շատ ոչ թե իմ սովորածի, այլ զգացածի համար:

Շատ չանցած, Թեյլորն առաջարկեց ինձ իր հետ եկեղեցի գնալ: Սկզբում ինձ թվաց եկեղեցին մի փոքր ձանձրալի և տարօրինակ բան է, սակայն ի վերջո ծառայության ժամանակ ես պարուրվեցի ջերմ և խաղաղ զգացումով:

Ինչևէ, ես դեռ համոզված չէի, որ այդ լավ զգացողությունը կապված էր Աստծո հետ: Ինչպե՞ս իմանայի, որ դա ինձանից չէր գալիս: Ինչպե՞ս իմանայի, որ ես չէի ինձ այդպես տրամադրում:

Բազմաթիվ մտորումներից հետո ես գնացի Թեյլորի մայրիկի մոտ՝ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Նա ասաց ինձ, որ ես կարող էի պատասխաններ ստանալ, կարդալով սուրբ գրությունները և աղոթելով պատասխանների համար, որ ես փնտրում էի: Ես աղոթեցի առանց պատասխաններ ստանալու և մաքառում էի, որպեսզի կարողանայի հնազանդվել կանոններին և պատվիրաններին, որոնց մասին սովորում էի: Բազում անգամներ հիասթափվեցի: Ես սպասում էի, որ հրաշալի և ակնառու կերպով Աստված կհայտնվեր կամ զարմահրաշ մի բան կկատարվեր, որը կապացուցեր Աստծո իրական լինելը: Հիմնականում, ես միանգամից ուզում էի անսասան վկայություն ունենալ: Ճշմարտությունն այն է, որ որքան շատ էի աղոթում, այնքան շատ հստակություն էի զգում իմ կյանքում: Որքան շատ էի հետևում պատվիրաններին, այնքան երջանիկ էի դառնում: Որքան շատ էի կարդում սուրբ գրությունները, այնքան շատ հայտնություն էի ստանում: Աստիճանաբար, իմ վկայությունն ավելացավ արշալույսի ծագող արևի պես:

Երկու տարի տևեց, մինչև որոշեցի մկրտվել և դառնալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Թեպետ նախկինում ես ապրում էի շատ բարոյական չափանիշներով և սկզբունքներով, այժմ կարող եմ ասել, որ ես գտել եմ հավերժական և գերագույն ճշմարտությունը, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է՝ մեր Փրկիչն ու Քավիչը: Երկինքները բաց են: Այսօր Աստծո մարգարեն քայլում է երկրի վրա: Հիսուս Քրիստոսի Քավությունն իրական է: Աստված իրոք ներում է բոլոր ապաշխարող մեղավորներին: Գուցե ես մյուսների պես խելացի կամ շնորհալի չեմ, սակայն գիտելիքը, որ ես ունեմ, անգին է: