2015
Փրկության ծրագիր՝ մեզ առաջնորդող գիտելիքի սուրբ գանձ
Հոկտեմբեր 2015


Փրկության ծրագիր՝ մեզ առաջնորդող գիտելիքի սուրբ գանձ

Նախաերկրային կյանքում Հոր ծրագրին աջակցելը դարձավ մեր հաջողության գրավականը: Դա նաև մահկանացու կյանքում մեր հաջողության գրավականն է:

Ես հաճախ եմ խորհել մութ ու մռայլ աշխարհում թափառող Աստծո զավակների անհուսության մասին, ովքեր չգիտեն, թե ով են իրենք, որտեղից են գալիս, ինչու են այստեղ երկրի վրա կամ ուր են գնում իրենց մահկանացու կյանքից հետո:

Մենք թափառելու կարիք չունենք: Այդ հարցերին պատասխանելու համար Աստված հայտնել է հավերժական ճշմարտություններ: Դրանք գտնվում են Իր զավակների համար Նրա ստեղծած մեծ ծրագրում: Սուրբ գրություններում այդ ծրագիրը հայտնի է որպես «փրկագնման ծրագիր»,1 «երջանկության ծրագիր»2 և «փրկության ծրագրի»:3

Նկար
The Beeches, by Asher Brown Durand

The Beeches, by Asher Brown Durand, © The Metropolitan Museum of Art, image source: Art Resource, NY, ՉԲԱԶՄԱՑՆԵԼ

Հասկանալով և հնազանդորեն հետևելով Աստծո ծրագրին, մենք չենք շեղվում մեր Երկնային Հոր մոտ տանող ուղուց:4 Միայն այդ ժամանակ մենք կարող ենք Նրա նման կյանքով ապրել: Դա «հավերժական կյանք[ն է], … որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:5

Հավերժական կյանքի պարգևը ստանալու համար արժե ամեն ջանք գործադրել փրկության ծրագիրն ուսումնասիրելու, սովորելու և կիրառելու համար: Ողջ մարդկությունը հարություն կառնի և կստանա անմահության օրհնությունը: Սակայն հավերժական կյանք, այսինքն՝ Աստվածանման կյանք ձեռք բերելու համար6 պետք է ապրենք փրկության ծրագրով՝ մեր ողջ սրտով, մտքով, զորությամբ և ուժով:

Հասկանալ Փրկության ծրագիրը

Ծրագիրն իմանալը որքա՜ն զորացնող է: Փրկության ծրագիրը մարդկությանը երբևէ տրված գիտելիքի մեծագույն գանձերից է, որովհետև այն բացատրում է կյանքի հավերժական նպաակը: Առանց դրա, մենք իսկապես թափառում ենք խավարում: Ահա թե ինչու է Աստված պատվիրաններ տվեց Իր զավակներին՝ «փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո»:7

Իմ ցանկությունն է՝ օգնել մեզանից յուրաքանչյուրին օգտվելով գիտելիքի այս գանձից ավելի խորը հասկանալ փրկության ծրագիրը և կիրառել այդ հասկացողությունը մեր առօրյա կյանքում:

Կամքի ազատություն

Քանի որ ազատ կամքը կարևոր դեր է խաղում այս ծրագրում, եկեք սկսենք դրանից: Մեր Հայրը մեզ տվել է գործելու կամ չգործելու ունակություն8 համաձայն հավերժական ճշմարտությունների, ճշմարտություններ, որոնց շնորհիվ Աստված և երկինքն այն են, ինչ որ կան:9 Եթե գործածելով մեր կամքի ազատությունը ընդունում ենք այդ ճշմարտությունները և ապրում ըստ դրանց, մենք հավիտենական ուրախություն ենք ձեռք բերում: Իսկ եթե գործածելով մեր կամքի ազատությունը չենք հնազանդվում, մերժում ենք Աստծո օրենքները, մենք տառապանք և վիշտ ենք ապրում:10

Կամքի ազատությունը հիմք է ծառայում փրկության ծրագրի բոլոր երեք գլուխների՝ նախաերկրային կյանքի, մահկանացու կյանքի և ետմահկանացու կյանքի համար:

Նախաերկրային կյանք

Ինչպես հայտարարվել է «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրում, մեզանից յուրաքանչյուրը «երկնային ծնողների սիրելի հոգևոր որդին կամ դուստրն է», որ ունի «աստվածային բնույթ և ճակատագիր»:11 Նախաերկրային խորհրդում Երկնային Հայրը բացատրեց մեզ փրկագնման Իր ծրագիրը:12 Այդ ծրագիրը հիմնված էր վարապետության, օրենքի և սկզբունքների վրա, որոնք միշտ գոյություն են ունեցել:13 Մենք իմացանք, որ եթե ընդունեինք և հետևեինք այդ ծրագրին, մենք պետք է կամովին հեռանայինք մեր Հոր ներկայությունից և փորձվեինք արդյոք կընտրեինք ըստ Նրա օրենքների և պատվիրանների ապրելը:14 Իմանալով այդ մասին մենք ցնծացինք15 և երախտագիտությամբ հաստատեցինք այդ ծրագիրը, քանի որ այն մեզ հնարավորություն էր ընձեռում դառնալ մեր Երկնային Հոր պես և ժառանգել հավերժական կյանքը:

Բայց ծրագիրն իր մեջ ռիսկ էր պարունակում՝ եթե մահկանացու կյանքում չապրեինք ըստ Աստծո հավերժական օրենքների, մենք կստանայինք հավերժական կյանքից ավելի ցածր մի բան:16 Հայրը գիտեր, որ մենք կսայթակեինք և կմեղանչեինք, սովորելով մահկանացու կյանքի փորձից, այնպես որ Նա Փրկիչ տվեց, որպեսզի մեղքից փրկագներ բոլոր նրանց, ովքեր կապաշխարեին, բժշկեր հոգևոր և էմոցիոնալ վերքերը նրանց, ովքեր կհնազանդվեին:17

Նկար
Cropped portion of Carl Bloch's painting depicting Christ sitting at a table with the two men with whom He walked on the road to Emmaus.

Հիսուս Քրիստոսն ի սկզբանե Հոր սիրելի, ընտրյալ և նախակարգված Որդին էր:18 Նա հաստատեց Հոր ծրագիրը և առաջարկեց լինել մեր Փրկիչը՝ ասելով. «Ահա ես, ինձ ուղարկիր»:19 Ուստիև Հայրը Հիսուսին նշանակեց լինելու այն Մեկը, ով մահկանացու կյանքում անմեղ կյանքով ապրելով քավություն կկատարեր մեր մեղքերի և չարչարանքների համար, և հարություն առնելով կկոտրեր մահվան կապանքները:

Լյուցիֆերը, որ հայտնի դարձավ որպես սատանա, ևս ապրում էր նախաերկրային կյանքում:20 Իր եսասիրական նկրտումներից ելնելով նա մերժեց ծրագիրը, փորձեց կործանել մարդու կամքի ազատությունը և ապստամբեց Հոր դեմ:21 Արդյունքում սատանան և նրա հետևորդները երբեք չեն ունենա մարմին: Նրանք զրկվեցին Հոր ծրագրում մասնակցելու հնարավորությունից և կորցրեցին իրենց աստվածային ճակատագիրը:22 Այսօր նրանք շարունակում են Աստծո դեմ ապստամբության իրենց պատերազմը և ձգտում Նրա դեմ դարձնել մարդկանց մտքերն ու սրտերը:23

Այս երկիրը ձևավորվել և արարվել է նրանց համար, ովքեր ընդունել են Հոր ծրագիրը:24 Այստեղ մենք Աստծո նմանությամբ և պատկերով մարմին ենք ձեռք բերում: Այստեղ մենք փորձվում և ստուգվում ենք: Այստեղ մենք հավերժական կյանքը ժառանգելու համար անհրաժեշտ փորձ ենք ձեռք բերում:25

Մահկանացու կյանք

Նկար
Adam and Eve

Աստված ստեղծեց Ադամին և Եվային, նրանց միացրեց որպես ամուսին և կին, դրեց Եդեմի պարտեզում և պատվիրեց զավակներ ունենալ:26 Իրենց ազատ կամքը գործադրելով Ադամն ու Եվան միասին կտրվեցին Աստծո ներկայությունից և դարձան մահկանացու էակներ:27 Դա իրագործեց Հոր ծրագիրը, ըստ որի նրանց համար հնարավոր դարձավ զավակներ ունենալը, որը նրանք չէին կարող անել Եդեմի պարտեզում:28 Ըստ հավերժական ծրագրի, ծնունդ տալու աստվածային զորությունը պետք է օգտագործվի մեր Երկնային Հոր կողմից դրված սահմաններում: Դա հավերժական ուրախություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում: Աստծո սահմանած կարգից դուրս այս սուրբ զորության օգտագործումն ի վերջո կհանգեցնի թշվառության:29

Սատանան, ով ցանկանում է, որ բոլորը «լինեն թշվառ, ինչպես ինքը»,30 փորձում է մեզ հեռացնել Հոր ծրագրի շնորհիվ մեզ համար առկա հնարավորություններից: Ինչո՞ւ է Երկնային Հայրը թույլ տալիս, որ սատանան մեզ գայթակղի: Որովհետև Նա գիտի, որ հակադրությունն անհրաժեշտ պայման է մահկանացու կյանքում աճ ապրելու և փորձվելու համար:31 Հակադրությունն անգին հնարավորություն է ընձեռում առ Աստված դառնալու և Նրան ապավինելու համար: Քանի որ բարին և չարը մշտապես մեր առաջ են, ընդունելով մեկը և մերժելով մյուսը կարող ենք հստակ արտահայտել մեր սրտի ցանկությունները:32 Հակադրություն կարող ենք գտնել սատանայի գայթակղություններում, բայցև մեր իսկ թուլության մեջ՝ մարդուն հատուկ մահկանացու թուլություններում:33

Որպեսզի մենք կարողանանք խելամիտ ընտրություններ կատարել, Աստված հայտնել է Իր փրկագնման ծրագիրը, տվել է պատվիրաններ,34 Քրիստոսի Լույսը35 և Սուրբ Հոգու ընկերակցությունը:36 Սակայն այս բոլոր պարգևների հետ միասին մեզանից յուրաքանչյուրն այս ընկած աշխարհում մեղք է գործում, և ուրեմն մենք անկարող ենք Աստծո ներկայություն մտնել մեր արժանիքների շնորհիվ:37 Այդ իսկ պատճառով Նրա ողորմած ծրագիրը Փրկիչ է պարգևում:

Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ որպես Աստծո Միածին Որդի և կատարյալ ձևով իրագործեց Իր առաքելությունը՝ բոլոր բաներում ենթարկվելով Հոր կամքին:38 Ըստ Հոր ողորմած ծրագրի, Անկման հետևանքները հաղթահարվում են Փրկչի Հարության շնորհիվ,39 մեղքի հետևանքները կարող են հաղթահարվել, իսկ թուլությունը կարող է ուժեղ կողմ դառնալ, եթե մենք օգուտ քաղենք Հիսուս Քրիստոսի Քավությունից:40

Նկար
Frontal head and shoulders portrait of Jesus Christ. Christ is depicted wearing a pale red robe with a white and blue shawl over one shoulder. Light emanates from the face.

Քրիստոսի պատկերը նկարից, Հենրիխ Հոֆման, տրամադրել է՝ C. Harrison Conroy Co:

Միայն պատվիրաններին հնազանդվելով մենք կարող ենք արժանանալ հավերժական կյանքին: Դրա համար անհրաժեշտ է հավատք ունենալ առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարել, մկրտվել, ստանալ Սուրբ Հոգու պարգևը և Փրկչի օրինակին հետևելով համբերել մինչև վերջ:41 Գործնական առումով, մենք պետք է ստանանք քահանայության բոլոր հիմնական արարողությունները և համբերենք մինչև վերջ՝ պահելով համապատասխան ուխտերը:

Ետմահկանացու կյանք

Մահանալուց հետո մի օր մենք կկանգնենք Փրկչի առաջ դատվելու:42 Քանի որ Աստված ողորմած է, ովքեր հավատք գործադրեն առ Քրիստոս ի ապաշխարություն, կներվեն և կժառանգեն այն ամենը, ինչ Հայրն ունի, այդ թվում՝ հավերժական կյանքը:43 Քանի որ Աստված արդար է, ով որ չապաշխարի, հավերժական կյանքի պարգևը չի ստանա:44 Ամեն ոք կստանա իր հավատքի, ապաշխարության, մտքերի, ցանկությունների և գործերի վարձքը:45

Կիրառել Փրկության ծրագիրը մեր առօրյա կյանքում

Ծրագրի վիթխարի համայնապատկերը հասկանալով և դրանում մեզ տեսնելով մենք ձեռք ենք բերում մի անգնահատելի, նույնիսկ կարևոր բան՝ հավերժական հեռանկար: Հավերժական հեռանկարն ուղղորդում է մեզ ամենօրյա որոշումներ կայացնելիս և գործեր կատարելիս: Այն կայունացնում է մեր միտքը և հոգին: Մենք հաստատակամ և անխախտ ենք մնում, երբ համոզիչ, սակայն հավերժ խեղաթյուրված կարծիքներ են պտտվում մեր շուրջը:

Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Մաքսվելն (1926–2004) է ուսուցանել. «Առանց փրկության ծրագիրը, այդ թվում՝ նախաերկրային գոյությունը, դատաստանը և հարությունը հասկանալու, այս կյանքի իմաստը հասկանալու փորձ կատարելը նման կլիներ երեք գործողությամբ բեմադրության միայն երկրորդ գործողությունը տեսնելուն»:46 Մենք պետք է հասկանանք առաջին գործողությունը (նախաերկրային կյանքը), որպեսզի իմանանք ինչպես կատարել լավագույն ընտրությունները երկրորդ գործողության (մահկանացու կյանքի) ընթացքում, որն էլ կորոշի, թե ինչ տեղի կունենա մեզ հետ երրորդ գործողության ժամանակ (ետմահկանացու կյանք):

Այսինքն, փրկության ծրագիրը հասկանալը զուգորդված անկեղծ աղոթքով փոխում է մեր ընկալումը կյանքի, շրջապատի և ինքներս մեր հանդեպ: Ծրագիրը հասկանալը հստակեցնում է մեր հոգևոր տեսողությունը և թույլ է տալիս տեսնել իրերն այնպես, ինչպես դրանք իրականում կան:47 Ինչպես Ուրիմն ու Թումիմը հնարավորություն տվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնություն և առաջնորդություն ստանալ,48 այնպես էլ այս ծրագրի մասին գիտելիքը ցույց է տալիս մեզ ինչպես «գործել վարդապետությամբ և սկզբունքով, ինչ վերաբերում է ապագային, համաձայն բարոյական կամքի ազատության», որ Տերը տվել է մեզ:49 Ուստի, մեր հավատքը կզորանա, և մենք կիմանանք ինչպես ուրվագծել մեր կյանքի ուղին և կայացնել հավերժական ճշմարտությանը համապատասխան որոշումներ:

Ահա մեր ժամանակներին համապատասխան մի քանի օրինակներ:

Ամուսնության նպատակը Աստծո ծրագրում

Նկար
illustration of a bride and groom in front of a temple

Նկարները Ջեյմս Ջոնսոնի․ Քրիստոսի պատկերը, Հեյնրիխ Հոֆման

Ամուսնությունն ու ընտանիքը հարձակման տակ են գտնվում, որովհետև սատանան գիտի, որ դրանք հավերժական կյանք ձեռք բերելու գործում այնքան կարևոր դեր են խաղում, որքան Արարումը, Անկումը, և Հիսուս Քրիստոսի Քավությունն ու Հարությունը:50 Չկարողանալով տապալել ծրագրի այդ սյուներից և ոչ մեկը՝ սատանան փնտրում է խեղաթյուրել մեր հասկացողությունը և ամուսնության ու ընտանիքի դերը:

Երկնային Հոր ծրագիրը որպես հիմք ունենալով՝ ամուսնության նպատակը հստակ է դառնում: Նրա ծրագիրը հնարավոր է դարձնում հորը և մորը թողնելու և ամուսնության մեջ միմյանց հարելու,51 բազմանալու և երկիրը լցնելու52 պատվիրանը: Ամուսնության միջոցով մենք Նրա հոգևոր զավակներին բերում ենք այս աշխարհ և գործընկերներ դառնում Նրա հետ՝ օգնելով Նրա զավակներին մասնակցել Իր ծրագրին:53

Հոր ծրագիրը մեզ համար ուղի է բացում ժառանգելու հավերժական կյանքը, կյանք, որ մեր երկնային ծնողներն են ապրում: Այդ ծրագրում «ոչ կինն առանց մարդի, և ոչ մարդն առանց կնկայ, Տերումը»:54 Հավերժական կյանքի բուն էությունը կայանում է տղամարդու և կնոջ հավերժական ամուսնության մեջ, որը էական դեր ունի մեր երկնային ծնողների նման դառնալու համար:55

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը

Ամուսնության մեջ մենք լրացնում ենք միմյանց, ինչպես միայն տղամարդն ու կինը կարող են իրենց առանձնահատուկ և հիմնական տարբերություններով: Մահկանացու կյանքում լինելով ամուսին և կին, մենք աճում ենք միասին, հնազանդվելու շնորհիվ մոտենում ենք Փրկչին, զոհաբերություններ ենք կատարում Աստծո կամքը կատարելու համար և միասին կառուցում ենք Նրա արքայությունը: Իմանալով, որ հավերժական ամուսնությունն Աստծո պատվիրան է, և Նա ուղի է պատրաստում Իր զավակների համար, որ նրանք կարողանան կատարել Իր բոլոր հրամանները,56 մենք գիտենք, որ մեր ամուսնությունները հաջողությամբ կպսակվեն, եթե միավորվենք պահելով մեր կապած ուխտերը:

Քահանայության արարողությունների և համապատասխան ուխտերը պահելու շնորհիվ է, որ մենք ստանում ենք աստվածապաշտության զորությունը՝ մահկանացու կյանքի դժվարություններին դիմակայելիս:57 Տաճարային արարողություններն օժտում են մեզ բարձրյալի զորությամբ և հնարավորություն են տալիս վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայություն:58 Կնքման արարողությունն ամուսնուն և կնոջն օգնում է միասին աճել Աստծո զորությամբ և մեկ լինել Տիրոջ հետ:59 Այսպիսի ամուսնության ցանկացած փոխարինում չի իրականացնի Նրա սուրբ նպատակները մեզ համար կամ Նրա զավակների սերունդների համար, ովքեր հետևում են Իրեն:60

Հրապուրանքներ և ցանկություններ

Մեզանից յուրաքանչյուրը գալիս է այս ընկած աշխարհ մարդկային բնույթին հատուկ թուլությամբ կամ խնդրով:61 Աստծո ծրագիրը հասկանալու շնորհիվ մենք կարողանում ենք որպես ժամանակավոր երևույթներ դիտարկել մարդկային բոլոր թուլությունները, այդ թվում՝ Նրա ծրագրին ոչ համահունչ հրապուրանքներն ու ցանկությունները:62 Գիտելիքը, որ մենք ապրել ենք այս կյանքից առաջ որպես երկնային ծնողների սիրելի որդիներ և դուստրեր, թույլ է տալիս մեր անհատական ինքնությունն ընդունել մեր աստվածային ծագումից ելնելով: Ոչ թե մեր թուլությունները կամ հակումները, այլ Աստծո որդի կամ դուստր կարգավիճակն է հանդիսանում մեր ինքնության ճշմարիտ աղբյուրը:63

Այս տեսակետն ունենալով, մենք ավելի լավ կարող ենք խոնարհ և համբերատար սպասել Տիրոջը,64 վստահ լինելով, որ մեր հավատքի, հնազանդության և մինչև վերջ համբերելու շնորհիվ մեր դիրքորոշումներն ու ցանկությունները կմաքրագործվեն, մեր մարմինները կսրբագործվեն և մենք իսկապես կդառնանք Քրիստոսի որդիներն ու դուստրերը, կատարելագործված Նրա Քավությամբ:

Ծրագրի հավերժական հեռանկարը վստահություն է պարգևում, որ հավատարիմների համար վստահաբար կգա այն օրը, որ «կջնջե Աստուած բոլոր արտասուքը … և ոչ ցավ այլևս չի լինիլ, որովհետև առաջիններն անցան»:65 Այդ «հույսի կատարյալ պայծառությունը»66 կկայունացնի մեր միտքն ու սիրտը, և կօգնի մեզ համբերատար, հավատարմորեն սպասել Տիրոջը:

Խոստումներ նրանց, որ հավատարմորեն համբերում են

Ովքեր ցանկանում են իմանալ, թե արդյոք իրենց ներկա հանգամանքը կամ պայմանը կտրում է իրենց հավերժական կյանքից, պետք է հիշեն, որ «նախատեսված չի, որ որևէ մեկը պետք է ստանա ավելի քիչ, քան այն ամենը, ինչ Հայրն ունի Իր զավակների համար»:67

Ոչ մի օրհնություն չի մերժվի հավատարիմներին: Նախագահ Լորենզո Սնոուն հայտարարել է. «Չկա որևէ Վերջին Օրերի Սուրբ, ով հավատարիմ կյանք ապրելուց հետո մահանալով կկորցնի որևէ բան, որովհետև չի հաջողվել անել որոշ բաներ, երբ հնարավորություններ չեն տրվել նրան: Այսինքն, եթե երիտասարդ տղամարդը կամ երիտասարդ կինն ամուսնանալու հնարավորություն չունենալու հետ միասին մինչև մահ ապրում է հավատարիմ կյանքով, նա կունենա բոլոր օրհնությունները, վեհացում և փառք, որ կունենա ցանկացած տղամարդ կամ կին, ով ունենալով այդ հնարավորությունն օգտվել է դրանից: Դա վստահաբար այդպես է»:68

Խոստումներ բոլոր նրանց, ովքեր գիտեն ծրագիրը և կիրառում են ամեն օր

Նկար
One painting depicting a boy writing, with open books on a table, including the scriptures. The father, next to him seated, looks at his work and rests his arm on the back of the boy's chair. A case of books is at viewers left and french doors are at viewers left in background.

Նախաերկրային կյանքում մեզանից յուրաքանչյուրը ողջ սրտով հաստատել է Հոր ծրագիրը: Մենք գիտեինք, որ Նա սիրում էր մեզ, և մենք ցնծում էինք Նրա մեծահոգի առաջարկից, հնարավորություն ունենալով ժառանգել այն ամենը, ինչ Նա ուներ, այդ թվում՝ հավերժական կյանքը: Նախաերկրային կյանքում Հոր ծրագրին աջակցելը դարձավ մեր հաջողության գրավականը: Դա նաև մահկանացու կյանքում մեր հաջողության գրավական է:

Այնպես որ կոչ եմ անում, որ մենք կրկին միասին կանգնենք ի պաշտպանություն Հոր ծրագրի: Սա մենք անում ենք բոլորի հանդեպ սեր տածելով, քանզի ծրագիրն ինքնին Աստծո սիրո արտահայտումն է:

Երբ ամեն օր կիրառենք Հոր ծրագրի մասին գիտելիքը, մեր կյանքն առավել խորիմաստ կդառնա: Մենք ավելի մեծ հավատով կդիմակայենք մեր դժվարություններին: Մենք առաջ կշարժվենք հավերժական կյանքի հանդեպ հաստատուն, պայծառ, բոցկլտացող հույսով լի: