2015
Օգնություն գտնել
Հոկտեմբեր 2015


Օգնություն գտնել

Հեղինակն ապրում է Յուտաում, ԱՄՆ:

Կիսգիշերն անց էր, սակայն Թեյթը գիտեր, որ ժամանակն է խոսելու:

«Երկնային Հայր, այժմ աղոթում եմ՝ առաջնորդիր և պաշտպանիր ինձ ամեն օր» (Children’s Songbook, 19):

Նկար
Product Shot from October 2015 Liahona

Թեյթն արթուն պառկած էր մթության մեջ՝ զսպելով արցունքները: Նա աղոթել էր օգնության համար, բայց կարծես մի ծանր սև ամպ էր կախված իր վրա, որը հեռու էր պահում Հոգին:

«Իսկ եթե ես երբեք չմոռանամ այդ սարսափելի հեռուստաշոուն»,- անհանգստացավ նա:

Մի քանի օր առաջ նա շուտ ավարտեց իր տնային աշխատանքը և միացրեց հեռուստացույցը: Բայց չէր ակնկալում էկրանին տեսնել նման բան: Թեյթն այնքան ցնցված էր, որ մոռացավ անմիջապես անջատել հեռուստացույցը:

Դա պատահականություն էր: Նա չէր ուզում նման պատկեր տեսնել, իսկ այժմ չէր կարողանում մոռանալ այն: Երբեմն դա նրա միտքն էր ներխուժում դասի ժամանակ, ճաշելիս, անգամ՝ եկեղեցում: Նա ուրախ էր, որ նման պահերին մայրն ու հայրն իր միտքը չէին կարդում: Թեյթի ծնողները սովորեցրել էին իրեն, որ մերկ մարդկանց նկարներ չնայեր: Նա գիտեր, որ ծնողներն ակնկալում էին նաև, որ ինքը անպարկեշտ հեռուստաշոուներ, ֆիլմեր և տեսախաղեր չդիտեր:

«Այժմ գիտեմ, թե ինչու»,- Թեյթը փնթփնթաց քթի տակ:

Թեյթը վեր կացավ անկողնուց և կրկին ծնկի իջավ: Ի՞նչ կարող էր նա անել:

«Երկնային Հայր,- շշնջաց Թեյթը,- Խնդրում եմ, օգնիր ինձ այլևս չմտածել իմ տեսածի մասին»: Նա մաքրեց աչքերում հայտնված արցունքները և լսեց: Սիրտն արագ բաբախում էր: Կարծես Սուրբ Հոգին հուշեց նրան, բայց դա իր համար ցանկալի պատասխան չէր:

Նա պետք է իր ծնողներին ասեր:

«Ինչո՞ւ»: Թեյթը զարմացավ: Նա իրեն մանուկ կզգար, եթե կեսգիշերին գնար իր ծնողների սենյակ: Իսկ ի՞նչ ասեր նրանց: Նա կրկին իրեն անհարմար և վատ զգաց:

Ապա մի հստակ միտք ծագեց նրա գլխում՝ Երկնային Հայրն ուզում էր, որ ինքը երջանիկ լիներ: Երկնային Հայրը ցանկանում էր, որ ինքը կրկին զգար Հոգին, լավ բաների մասին մտածեր և ազնիվ լիներ իր ընտանիքի հետ: Նա հատկապես ցանկանում էր, որ Թեյթը դառնար Ահարոնյան Քահանայության արժանի կրող, երբ մի քանի ամսից լրանար նրա 12 տարին: Թեյթը գիտակցեց, որ եթե իր մեջ գաղտնի պահեր իր տեսածը, նա դժգոհ կմնար իրենից:

Թեյթը գիտեր, որ ինքն օգնության կարիք ուներ, իսկ Սուրբ Հոգին հուշեց իրեն, ինչպես կարող էր գտնել այն:

Թեյթը նայեց իր անկողնու մոտ դրված թվային ժամացույցի լուսավոր թվերին: Արդեն գիշերվա ժամը 1:00 էր: Նա վեր կացավ և մութ միջանցքով քայլերն ուղղեց դեպի ծնողների սենյակ: Նյարդայնացած, նա թակեց դուռը:

«Մա՞մ, պա՞պ»:

«Թեյթ, այդ դո՞ւ ես»,- լսվեց մայրիկի քնկոտ ձայնը:

«Ինչ-որ բա՞ն է պատահել»,- հարցրեց հայրիկը:

«Այո,- ասաց Թեյթը,- Կարո՞ղ ենք խոսել: Եվ կարո՞ղ եմ օրհնություն ստանալ»:

Հայրիկը վառեց անկողնու մոտ դրված լամպը և Թեյթին ներս կանչեց: Վերջապես Թեյթը ջերմություն, հույս և լույս զգաց:

Նկարազարդումները՝ Մարկ Ռոբիսոնի