Հաղթական որոշում
Նա հաղթող թիմի կազմում խաղալու հնարավորություն ուներ, ինչպե՞ս կարող էր ասել՝ ոչ:
«Հիշիր հանգստության օրը՝ սուրբ պահելով այն» (Մոսիա 13.16):
Միրանդան արագ մտավ դռնից ներս՝ երախտապարտ, որ դրսի ամառվա տոթի համեմատ իրենց տանը զով էր: Նա քրտնել էր խաղաշրջանի իր վերջին ֆուտբոլային խաղից հետո և հիասթափված էր, որ Թիլ Թուրբոսը պարտվեց: Կրկին:
Մայրիկը սենյակ մտավ՝ ձեռքին ջրի շիշն ու խաղից հետո մնացած նարնջի կտորներով փաթեթը: «Դու հրաշալի խաղացիր: Դարպասապահ լինելը դժվար գործ է»:
Միրանդան լավ էր խաղացել, նա շատ հարվածներ էր կասեցրել և սովորականից ավելի ուժեղ էր գնդակը նետել: Իսկ իր թիմի աղջիկներից շատերը նախկինում երբեք ֆուտբոլ չէին խաղացել, և այսօր պաշտոնապես հայտարարվեց. նրանք պարտվել էին այդ խաղաշրջանի բոլոր խաղերը:
«Գիտես չէ՞, ես պարզապես ուզում եմ լինել մի թիմում, որը երբեմն հաղթում է»: Միրանդայի աչքերից մի քանի կաթիլ արցունք հոսեց՝ թափվելով նրա կապույտ-կանաչ մարզաշապիկի վրա: Երբ նա սրբեց աչքերը, հեռախոսը զանգեց:
Մայրիկը վերցրեց լսափողը և շրջվեց ասելով. «Քեզ են հարցնում»:
«Ողջույն, Միրանդա: Թոմն է խոսում, Չիլի Քիքերսի մարզիչը: Այսօր ես դիտում էի քո խաղը: Դու հրաշալի ես խաղում»:
Միրանդայի սիրտը սկսեց արագ բաբախել: Չիլի Քիքերսը ֆուտբոլային առաջնության լավագույն թիմն էր:
«Մեր թիմը պատրաստվում է մյուս ամիս մասնակցել շրջանային առաջնության խաղերին: Դու այսօր այնքան լավ խաղացիր, որ ուզում եմ գաս մեզ հետ որպես փոխարինող դարպասապահ»:
Միրանդայի սիրտը կարծես ուզում էր տեղից դուրս թռչել: Այժմ նա հաղթող թիմում խաղալու հնարավորություն ուներ:
«Ես ուրախությամբ կգամ»,- ասաց Միրանդան: Նրանք մի քանի րոպե զրուցեցին մանրամասների մասին, և նա, դնելով լսափողը, վազեց մյուս սենյակ՝ մայրիկին այդ մասին ասելու: Նրանք միասին սկսեցին ընտանեկան օրացույցի վրա նշել պարապմունքների ու խաղերի ամսաթվերը:
Հանկարծ մայրիկը կանգ առավ, նրա գրիչը կախված մնաց օրացույցի վանդակներից մեկի վրա:
«Օ-օ: Միրանդա այս խաղերը կիրակի օրերին են լինելու: Ապա նայիր»: Նա ցույց տվեց խաղերի ամսաթվերը և մտահոգ դեմքով նայեց Միրանդային: «Ինչ ես կարծում, ի՞նչ պիտի անենք»:
Միրանդայի սիրտը նվաղեց, և նա կծեց շրթունքը՝ մտածելով իր տարբերակների մասին: Մայրիկը գուցե թույլ տար, որ նա խաղար, սակայն երբ մտածեց կիրակի օրը խաղալու և հատկապես եկեղեցին բաց թողնելու մասին, նա անհանգստություն զգաց: Նա գիտեր, որ Կիրակին եկեղեցի գնալու և Երկնային Հորը երկրպագելու համար է, և ինքը չէր կարող դա անել ֆուտբոլ խաղալով:
«Կարծում եմ, պետք է զանգահարեմ նրան և ասեմ, որ չեմ կարող խաղալ»,- ասաց Միրանդան: Նա փորձում էր զսպել իրեն, որ չարտասվեր: Թեպետ նա գիտեր, որ դա ճիշտ որոշումն էր, սակայն դժվար էր հրաժարվել մի բանից, որ այդքան շատ էր փափագել:
«Իսկ գիտե՞ս, ինչ եմ կարծում,- ասաց մայրիկը գրկելով նրան,- Ես կարծում եմ՝ դու հրաշալի երեխա ես»:
Այդ կիրակի, Երեխաների խմբում նստած, Միրանդան մտածեց, որ ճիշտ որոշում էր կայացրել: Մարզիչը զարմացավ, երբ Միրանդան զանգեց և ասաց, որ չի կարող ֆուտբոլ խաղալ Կիրակի օրերին: Նա փորձեց համոզել նրան, սակայն Միրանդան չփոխեց իր կայացրած որոշումը: Այժմ, լսելով Երեխաների խմբի երգերը և դասերը, Միրանդան ժպտում էր: Իր սիրտը պարուրող խաղաղ զգացումն ասում էր իրեն, որ նա ճիշտ տեղում էր գտնվում: Ի վերջո, նա հաղթական որոշում էր կայացրել: