2015
Ուսուցանել երիտասարդներին ղեկավարել Փրկչի ձևով
Հոկտեմբեր 2015


Ուսուցանել երիտասարդներին ղեկավարել Փրկչի ձևով

Մեր երիտասարդները միայն ապագա ղեկավարներ չեն: Նրանք ղեկավարներ են այսօր: Մենք կարող ենք օգնել նրանց ղեկավարել Փրկչի պես:

Նկար
Youth preparing food for service project in Puerto Rico

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը երիտասարդների ծնողներին և ղեկավարներին ասել է, որ մենք պետք է նուրբ հավասարակշռություն գտնենք. «Հորդորեք երիտասարդներին գործել: Դուք պետք է ներկա լինեք, բայց չղեկավարեք: Դուք պետք է ուղղորդեք առանց վերահսկելու»:1

Ծնողները և ղեկավարները կարող են օգնել երիտասարդ տղաներին և աղջիկներին սովորել սկզբունքներ, որոնք կպատրաստեն նրանց արդար ղեկավարելուն և Երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելուն:

Երբ 14 տարեկան էի, ես հանդիպեցի մի քանի երիտասարդ կանանց, ովքեր հրաշալի ղեկավարներ էին: Այդ ժամանակ իմ ընտանիքը տեղափոխվել էր Միացյալ Նահանգների մեկ այլ վայր, և մենք դարձել էինք նոր ծխի անդամներ: Ես չեմ հիշում, ովքեր էին ծառայում Համաստեղություն դասարանի նախագահությունում, սակայն հստակ հիշում եմ, որ երիտասարդ կանայք առանձնահատուկ բարյացակամ էին իմ հանդեպ: Նրանք սրտանց գրկախառնվեցին վախվորած և վտիտ նոր աղջնակին, ասես վաղուց կորցրած ընկերուհու, և շատ ջերմ ընդունեցին ինձ: Լինելով Դելավերից, որտեղ ես միակ Մորմոն աղջիկն էի իմ միջնակարգ դպրոցում, իսկ մյուս Մորմոն աղջիկը, որին ես ճանաչում էի, ապրում էր մեր տնից մեքենայի մեկ ժամվա ճանապարհի վրա, ես մտածեցի. «Պետք է որ այսպիսին լինի դրախտը»:

Կյանքումս առաջին անգամ էր, որ գտնվում էի այնպիսի ընկերների շրջապատում, ովքեր ապրում էին Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներով, նրանք հրավիրեցին ինձ մասնակցել միջոցառումների և ինձ հետ կիսվեցին ավետարանի մասին իրենց վկայություններով: Նրանք իրենց սիրալիր բարյացակամությամբ այդ ժամանակ ավելին արեցին ինձ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցուն մոտ պահելու համար, քան կարող էր անել որևէ ելույթ կամ դաս: Իրենց սիրով և Քրիստոսանման լույսով նրանք Քրիստոսի ավետարանի ուղերձն էին ներկայացնում՝ դեպի Նրա փարախ առաջնորդելով և ուղղորդելով ինձ:

Ի՞նչն էր, որ իմ նոր ընկերներին մեծ ղեկավարներ դարձրեց:

Մի երիտասարդ միսիոներ շատ պարզորոշ է սահմանել ղեկավարությունը: Նա ասել էր. «Մենք պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինենք կատարելով Տիրոջ կամքը և օգնելով նրան, ով մեր օգնության կարիքն ունի: Դա է, որ մեզ ղեկավար է դարձնում»:2 Ի շնորհիվ իրենց ինքնության և իրենց մեջ շողացող Քրիստոսի Լույսի, այս Եկեղեցու երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք ունակ են ղեկավարելու Փրկչի ձևով և «օգնելու մարդկանց դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները»:3

Որպես ղեկավարներ մենք ղեկավարում, առաջնորդում և քայլում ենք մեր երիտասարդ տղաների և աղջիկների կողքին: Սակայն դասարանի և քվորումի նախագահներն են պատասխանատվություն կրում ղեկավարելու և ուղղորդելու իրենց դասարանների և քվորումների աշխատանքը, այդ թվում՝ ընտրելով կիրակօրյա դասերը և ծրագրելով աշխատանքային օրերի գործերը: Դասարանի և քվորումի ղեկավարները կանչվում և ձեռնադրվում են նրանց ղեկավարության ներքո, ովքեր կրում են քահանայության բանալիները. ուստի նրանք իշխանություն ունեն ղեկավարելու և ամրացնելու մյուս երիտասարդներին: Նրանք հետևում են Փրկչի օրինակին և սովորում են Նրա պես ծառայել և սպասավորել:

Հնարավորություններ երիտասարդ ղեկավարների համար

Ղեկավարությունը սկսվում է տնից: «Որպես ծնողներ և ղեկավարներ Աստծո հանդեպ մեր պարտականությունը կատարելը սկսվում է օրինակելի ձևով ղեկավարելուց, ավետարանի սկզբունքներով տանը հետևողականորեն և ջանասիրաբար ապրելով,- ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը,- Դրա համար ամենօրյա վճռականություն և ջանասիրություն է պահանջվում»:4 Ծնողներն ուսուցանում են Քրիստոսի վարդապետությունը: Նրանք օգնում են երիտասարդներին նպատակներ դնել և իրականացնել: Անձնական զարգացում և Պարտականություն Աստծո հանդեպ ծրագրերն օգնում են երիտասարդներին զորացնել իրենց վկայություններն առ Հիսուս Քրիստոս, պատրաստվել սուրբ ուխտեր կապելուն և պահելուն, իրագործել իրենց աստվածային դերերն ու պատասխանատվությունները՝ ընտանիքում, տանը և Եկեղեցում:

Եկեղեցում Ահարոնյան Քահանայության և Երիտասարդ Կանանց ղեկավարները կարող են օգնել երիտասարդներին ծառայելով քվորումի և դասարանի նախագահություններում հասկանալ իրենց սուրբ պարտականությունները և մեծարել իրենց կոչումները՝ քվորումի և դասարանի այլ անդամների մասին հոգ տանելով և նրանց ամրացնելով:

Որպես չափահաս ղեկավարներ մենք պատրաստում ենք երիտասարդներին վարել քվորումի և դասարանի ժողովները և Միացյալի միջոցառումները: Մենք հանդիպում ենք երիտասարդներին նախագահության ժողովներին, երբ նրանք ուղիներ են փնտրում՝ ծառայելու դժվար կացության մեջ հայտնվածներին, ներգրավելու բոլոր երիտասարդներին կիրակնօրյա դասերին և ծրագրելու միջոցառումներ, ծառայության նախագծեր, ճամբարներ և երիտասարդական համաժողովներ:

Մենք խրախուսում ենք երիտասարդների նախագահություններին օգնել քվորումի և դասարանի բոլոր անդամներին մասնակցել փրկության գործին, այդ թվում՝ անդամների միսիոներական աշխատանքին, նորադարձներին պահպանելու, ոչ ակտիվ անդամներին ակտիվացնելու, տաճարային, ընտանիքի պատմության և ավետարանը ուսուցանելու գործին:5 Երիտասարդների նախագահություններն օգնում են բոլոր երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց զգալ Փրկչի անունով ծառայելու և Նրա ոչխարներին կերակրելու ուրախությունն ու օրհնությունը:

Ղեկավարի աշխատանքը միայն Pinterest-ի կատարյալ նյութեր պատրաստելով կամ փաստերով լի դասախոսություններ ներկայացնելով չի որոշվում: Ղեկավարի աշխատանքն է օգնել երիտասարդ տղաներին և աղջիկներին սովորել և կիրառել սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց ղեկավարել Փրկչի ձևով: Այդ չորս սկզբունքները հետևյալն են:6

Պատրաստվել հոգեպես

Նկար
Family members sitting in the living room or family room of their home. They are reading the Church magazines.

Օգնեք երիտասարդներին հասկանալ իրենց անձնական հոգևոր պատրաստվածության ուժը: Ուսուցանեք նրանց հավատք գործադրել առ հաղորդության արարողության ժամանակ կապած ուխտերը: Քրիստոսի անունն իրենց վրա վերցնելու, Նրան հիշելու և Նրա պատվիրանները պահելու պատրաստակամությունը նրանց արժանի է դարձնում միշտ ունենալու Սուրբ Հոգու ընկերակցությունը: Նրանք միայնակ չեն իրենց ծառայության մեջ, երբ կարողանում են ստանալ ու ճանաչել Սուրբ Հոգու հուշումները և գործել ըստ դրանց:

Նրանք հոգևոր առումով պատրաստվում են՝ ջերմեռանդ աղոթքով առաջնորդություն փնտրելով և պատասխանների համար սուրբ գրությունները քննելով: Նրանք ձգտում են պահել պատվիրանները, որպեսզի Սուրբ Հոգին իրենց հետ խոսի իրենց սրտում և մտքում, որ զգան և իմանան, ով իրենց օգնության կարիքն ունի և ինչպես կարող են օգնել: Նրանք Քրիստոսի մաքուր սերն են տածում դասարանի կամ քվորումի յուրաքանչյուր անդամի հանդեպ:

Հոգևոր պատրաստվածությունը երիտասարդներին վստահություն է ներշնչում, որ իրենք Տիրոջ գործակալներն են և Նրա գործն են կատարում (տես ՎևՈւ 64.29):

Մասնակցել խորհուրդներին

Երիտասարդներին ուսուցանեք խորհուրդների հիմնական կարգի և հայտնության զորության մասին, երբ նրանք մասնակցում են այդ աստվածայնորեն հաստատված այս գործընթացին, որի միջոցով Տիրոջ Եկեղեցին կառավարվում և անհատներն ու ընտանիքներն օրհնվում են:7 Եպիսկոպոսության երիտասարդական հանձնախմբի և քվորումի ու դասարանի նախագահության ժողովները խորհուրդներ են, որտեղ երիտասարդները սովորում են իրենց պարտականությունները և ստանում մյուսներին ծառայելու պատասխանատվություններ:

Խորհուրդների անդամները.

  • Միավորվում և հետևում են քահանայության բանալիներ կրող քահանայության ղեկավարների հրահանգներին:

  • Կիսվում են իրենց մտքերով և գաղափարներով՝ արդարության, սրբության, հավատքի, առաքինության, համբերության, գթության և եղբայրասիրության ոգով:

  • Առաջնորդվելով Սուրբ Հոգով աշխատում են միասին՝ ծրագրելով կարիքավորներին օգնելու առաջիկա գործերը:

Ծառայել ուրիշներին

Երիտասարդները ղեկավարում են Փրկիչի ձևով, երբ ծառայում են սիրով ու բարությամբ: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Հիմնականում՝ ուղղորդելով և հոգածությամբ հետևելով կարելի է մարդուն դնել մեղքերը թողնելու ուղու վրա: Երբ մարդիկ նվազագույն չափով իսկ բարություն և սեր են դրսևորում իմ հանդեպ, Օ՜, ինչպիսի հզոր ազդեցություն է այն թողնում ինձ վրա»:8

Փրկիչն ուսուցանել է, թե որքան թանկ և անգին է յուրաքանչյուր հոգին (տես ՎևՈւ 18.10–15): Օգնեք մեր երիտասարդներին հասկանալ փառահեղ ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը դրեց Իր կյանքը և ճանապարհ բացեց, որ բոլորը կարողանան Իր մոտ գալ: Երախտապարտ լինելով այն ամենի համար, ինչ Նա արել է, Տիրոջ ճշմարիտ ծառաները օգնում և սիրալիր բարյացակամությամբ ծառայում են յուրաքանչյուր երիտասարդ տղայի և աղջկա, որի համար Փրկիչը զոհաբերեց ամեն ինչ:

Ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը

Օգնեք երիտասարդ տղաներին և աղջիկներին տեսնել ավետարանն ուսուցանելու հնարավորությունները և հասկանալ, որ ամենակարևոր ուսուցումը կլինի իրենց օրինակը: Երիտասարդները ղեկավարում են Փրկչի ձևով, երբ ապրում են մարգարեների խոսքերով և պահում են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշները: Իրենց շիտակ խոսքով և գործով նրանք ցույց են տալիս՝ ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ: Նրանք կանգնում են որպես Նրա վկաներ՝ առանց կեղծավորության: Ապա նրանք կլցվեն Հոգով և նրանց խոսքերը դարձի բերող ուժ կունենան, երբ վկայություն բերեն, օգնեն ուսուցանել կիրակնօրյա դասը կամ ավետարանի ճշմարտություններով կիսվեն իրենց ընկերների հետ:

Ղեկավարել Փրկչի ձևով

Փրկչի ձևով ղեկավարելը սուրբ արտոնություն է, որը երիտասարդից կպահանջի տալ լավագույնը Տիրոջ ծառայության գործին՝ տանը, Եկեղեցում և համայնքում: Փրկչի ձևով ղեկավարող երիտասարդ տղաներն ու աղջիկները դառնում են Քրիստոսի ավետարանի ուղերձը, ինչ-որ մեկի աղոթքի պատասխանը, հրեշտակներ, ովքեր ծառայում են կարիքավորներին, և Քրիստոսի լույսը՝ աշխարհի համար:

Հղումներ

  1. David A. Bednar, “Youth and Family History,” lds.org/youth/family-history/leaders.

  2. Նամակ Քերոլ Ֆ. Մակքոնկիի թոռից, մարտ 13, 2015:

  3. Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 3.1:

  4. Robert D. Hales, “Our Duty to God: The Mission of Parents and Leaders to the Rising Generation,” Liahona, May 2010, 95.

  5. Տես Ձեռնարկ 2, 5:

  6. Տես Ձեռնարկ 2, 3.2:

  7. Տես Ձեռնարկ 2, 4.1:

  8. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 394, 428: