2015
Սուրբ գրությունների հրաշալի երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք
Հոկտեմբեր 2015


Սուրբ գրությունների հրաշալի երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք

Հեղինակը եղել է սեմինարիայի ուսուցիչ, ապրել է Գերմանիայում և մահացել է 2012 թվականին:

Դուք կարող եք սովորել և օրինակ վերցնել բազմաթիվ արդարակյաց երիտասարդներից, որոնց պատմությունները ներկայացված են սուրբ գրություններում:

Նկար
illustration of scenes from the Bible

Նկարազարդումը՝ Էնդրյու Բոսլիի

Տերը սիրում է Եկեղեցու երիտասարդներին: Նա մեծապես վստահում է ձեզ: Ամեն դարաշրջանում Տերը ոգեշնչել է քաջարի երիտասարդներին, որ ղեկավարեն և օրհնեն Իր ժողովրդին: Նա նրանց ստեղծարար ջիղի, քաջության և յուրահատկության կարիքն ունի: Միշտ այդպես է եղել և կշարունակի այդպես լինել:

Երիտասարդ հերոսների բազմաթիվ օրինակները ոսկե թելի պես անցնում է սուրբ գրություններում: Թեև նրանք ապրել են հին ժամանակներում, դուք կարող եք հետևել նրանց կյանքի օրինակին: Նրանք ունեին ընտանեկան խնդիրներ, նրանք ապրել են անարդար մարդկանց շրջապատում, նրանք դիմակայել են «Գողիաթներին», սակայն կյանքի դժվարությունները հաղթահարել են իրենց քաջության, հնազանդության և առ Հիսուս Քրիստոս հավատքի շնորհիվ. ճիշտ նույն կերպ այդ արժանիքները կարող են օգնել ձեզ:

Աբրահամ

Ամբարշտության դեմ իր ձայնը բարձրացնելու Աբրահամի վճռականությունը, քաջությունն ու պատրաստակամությունը զարմանալի էր, անգամ ապշեցուցիչ, քանի որ նրա հայրը երկրպագում էր կուռքերի: Լինելով երիտասարդ, նա այնքան անսասան կանգնեց արդարության համար, որ ուզում էին սպանել նրան՝ որպես զոհ մատուցելով: (Տես Աբրահամ 1.2–7:)

Եգիպտոսի Հովսեփը

Նա 17 տարեկան էր, երբ ավագ եղբայրներն իրեն ստրկության վաճառեցին, սակայն Տիրոջ օրհնությամբ Հովսեփը կարողացավ այդ դժվար իրավիճակից ինչ-որ օգուտ քաղել: Նա չպարտվեց, որովհետև երբեք անձնատուր չեղավ: Նրա վստահությունն առ Տերը անփոփոխ էր: Հովսեփի ներքին մեծությունը դրսևորվեց, երբ նա վեհանձնաբար ներեց իր հանդեպ կատարված անարդարությունները: (Տես Ծննդոց 37, 45:)

Դավիթ

Պատանի հասակում Դավիթը հովիվ էր, և նա կռվում էր արջի և առյուծի դեմ՝ պաշտպանելով իր հոր ոչխարները: Նրա ինքնավստահությունը պայմանավորված էր ոչ թե հովվի իր ունակություններով, այլ Երկնային Հոր հանդեպ իր հավատքով, որը դրսևորվեց Գողիաթի դեմ մղած իր կռվում: (Տես Ա Թագավորաց 17.32–54:)

Եսթեր

Նա վճռականորեն վտանգեց իր կյանքը, որպեսզի փրկեր իր ժողովրդին: Եսթերի ոչ թե գեղեցկությունը, այլ հոգևոր հատկանիշները նրան նշանավոր անձնավորություն դարձրեցին: (Տես Եսթեր 4–5:)

Դանիել

Նկար
Illustration of scenes from the Bible, Book of Mormon and Church history.

Նկարազարդումը՝ Էնդրյու Բոսլիի

Նա հնազանդվեց առողջության Տիրոջ օրենքին, մինչ նրա շրջապատում մյուսներն այդպես չէին վարվում: Նա աղոթեց, չնայած որ Երկնային Հորն աղոթելը թագավորի հրամաններին դեմ էր: Իր արդարության և Հոգու ոգեշնչման հանդեպ բաց լինելու շնորհիվ Դանիելը Տիրոջ կողմից օրհնվեց երազներ և տեսիլքներ մեկնաբանելու պարգևով: Նա Երկնային Հորից այնքան զորություն և իմաստություն ստացավ, որ վտանգի պահերին երկնային զորությունները սատարում էին իրեն: (Տես Դանիել 1, 6:)

Նեփի

Նեփին մի ազդեցիկ օրինակ էր, երբ նա ասաց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է» (1 Նեփի 3.7): Նա քաջություն ունեցավ անելու այն, ինչ իրեն պատվիրվեց: Արդյո՞ք նա հարմարավետ տանն էր ապրում: Ոչ, երկար տարիներ նա ապրում էր անապատում: Արդյո՞ք իր համար ամեն ինչ լավ էր ընթանում: Ոչ, նրա եղբայրները հաճախ բարկանում էին նրա վրա և երբեմն էլ փորձում էին սպանել նրան: Չնայած այդ ամենին, նա հնազանդվեց Տիրոջ պատվիրաններին:

Երկու հազար պատանի Ամմոնացիները

Այդ երիտասարդ տղաներին մեծացրել էին հավատարիմ ծնողները, և նրանք օրհնվեցին իրենց մայրերի խոսքի հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ: Նրանք սովորեցին լսել և հնազանդվել աներկբայորեն, և իրենց ճակատամարտերի ընթացքում նրանք կասկած անգամ չունեին, որ իրենց Երկնային Հայրը կպաշտպաներ իրենց: (Տես Ալմա 56.45–48:)

Մորմոն

Երբ նա 15 տարեկան էր, Տերն այցելեց նրան, որովհետև նա խոնարհ, մաքուր և պարզ անձնավորություն էր, չնայած իր շրջապատի մարդկանց անարգ գարշելի վիճակին: Նաև 15 տարեկանում Մորմոնը դարձավ բանակի ղեկավար: Ավելի ուշ նրան վստահվեց պահելու սուրբ գրությունները: (Տես Մորմոն 1–2:)

Ջոզեֆ Սմիթ

14 տարեկանում նա քննեց սուրբ գրությունները և աղոթեց, որպեսզի իմանար, թե որ եկեղեցուն պետք է միանար: Տերը կանչեց նրան, որ վերականգներ ավետարանը և Հիսուս Քրիստոսի Եկեղեցին: Ջոզեֆն իր ողջ կյանքը նվիրեց այդ հանձնարարությունը կատարելուն՝ չնայած բազում խոչընդոտներին և դժվարություններին: 17 տարեկանում նրան այցելեց Մորոնի հրեշտակը, ով ցույց տվեց նրան ոսկե թիթեղները: Նույնիսկ երիտասարդ հասակում, Ջոզեֆ Սմիթը հզոր ուսուցիչ էր և մեծ օրինակ էր իր շրջապատի մարդկանց համար: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.101:)

Ձեր օրը

Արդյո՞ք հրաշալի երիտասարդների օրերն անցել են: Ոչ: Մորոնի հրեշտակն ասաց Ջոզեֆ Սմիթին, որ Հովելի մարգարեության իրականացման օրը մոտ էր.

«Ես [Տերս] իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն.

Եվ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին» (Հովել 2.28–29, տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.41:)