2014
Միսիոներական աշխատանք, ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք
Հոկտեմբեր 2014


Միսիոներական աշխատանք, ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք

Ելույթից, որը տրվել է նոր միսիայի նախագահների սեմինարի ժամանակ 2013թ. հունիսի 25-ին:

Նկար
Two photos, one of a young man using a laptop computer, the other of a and a missionary teaching a man

1837թ. ապրիլի 6-ին Կիրթլանդի Տաճարում տեղի ունեցած հանդիսավոր հավաքի ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Այն ամենից հետո, ինչ ասվել է, ամենամեծ և ամենակարևոր պարտականությունը Ավետարանը քարոզելն է»:1

Գրեթե յոթ տարի անց, 1844թ. ապրիլի 7-ին նա հայտարարեց. «Այս աշխարհում ամենամեծ պարտավորությունը, որ Աստված դրել է մեզ վրա, մեր մահացածներին փնտրելն է: Առաքյալն ասում է. «Նրանք առանց մեզ չկատարուին» [տես Եբրայեցիս ԺԱ.40]; քանզի անհրաժեշտ է, որ կնքման զորությունը լինի մեր ձեռքերում՝ կնքելու մեր երեխաներին և մեր մահացածներին ժամանակների լրության տնտեսության համար. տնտեսություն, երբ պետք է իրականանան նախքան աշխարհի ստեղծումը մարդու փրկության վերաբերյալ Հիսուս Քրիստոսի տված խոստումները»:2

Որոշ մարդիկ կզարմանան, թե ինչպես կարող են ավետարանը քարոզելը և մեր մահացածներին փնտրելը երկուսն էլ միաժամանակ լինել ամենամեծ պարտավորություններն ու պարտականությունները, որոնք Աստված դրել է Իր զավակների վրա: Ես ուզում եմ առաջարկել այն միտքը, որ այս ուսմունքներն ընդգծում են վերջին օրերի փրկության աշխատանքի միասնականությունը և մեկ լինելու գաղափարը: Միսիոներական աշխատանքը, ընտանեկան պատմությունը և տաճարային աշխատանքը մեկ մեծ աշխատանքի իրար լրացնող և իրար հետ կապված մասեր են «Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում» (Եփեսացիս Ա.10):

Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգու զորությունը աջակցի ձեզ և ինձ, մինչ մենք միասին կխորհենք վերջին օրերի փրկության հրաշալի աշխատանքի մասին:

Սրտերը և քահանայության արարողությունները

Ավետարանը քարոզելը և մեր մահացածներին փնտրելը Աստծո կողմից նշանակված երկու պարտականություններ են, որոնք կապված են մեր սրտերի և քահանայության արարողությունների հետ: Տիրոջ աշխատանքի էությունը կայանում է նրանում, որ փոխի, շրջի և մաքրագործի սրտերը ուխտերի և արարողությունների միջոցով՝ կատարված համապատասխան քահանայության իշխանության կողմից:

Կանոնիկ գրքերում սիրտ բառն օգտագործվել է ավելի քան 1000 անգամ և խորհրդանշում է անհատի ներքին զգացմունքները: Այսպիսով, մեր սրտերը՝ մեր ցանկությունների, սիրո, նպատակների, դրդապատճառների և վերաբերմունքի համագումարը, սահմանում են, թե ով ենք մենք, և որոշում, թե ինչ մենք կդառնանք:

Միսիոներական աշխատանքի հետ կապված Տիրոջ նպատակն է հրավիրել բոլորին գալ դեպի Քրիստոսը, ստանալ վերականգնված ավետարանի օրհնությունները և համբերել մինչև վերջ՝ առ Քրիստոսն ունեցած հավատքի միջոցով:3 Մենք չենք կիսվում ավետարանով պարզապես վերջին օրերի Եկեղեցու անդամների թիվը և ուժն ավելացնելու համար: Այլ մենք ձգտում ենք կատարել Աստծո կողմից նշված պարտականությունը՝ հայտարարելով Հոր երջանկության ծրագրի իրականության մասին, Նրա Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին և Փրկչի քավող զոհաբերության գործող ուժի մասին: Բոլորին հրավիրելը, որ «գան Քրիստոսի մոտ» (տես Մորոնի 10.30–33), սրտի «հզոր փոփոխություն» ունենալը (տես Ալմա 5.12–14) և փրկության արարողություններն այն անձանց առաջարկելը, ովքեր մահկանացու կյանքում չեն գտնվել ուխտի մեջ, ավետարանը քարոզելու հիմնական նպատակներն են:

Ապրողների և մահացածների վեհացումը հնարավոր դարձնելու մեջ է տաճարներ կառուցելու և մահացածների համար ծեսեր կատարելու Տիրոջ նպատակը: Սուրբ տաճարներում մենք չենք երկրպագում միայն անձնական կամ ընտանեկան հիշարժան փորձառություն ունենալու համար: Այլ մենք փորձում ենք կատարել Աստծո կողմից տրված պարտականությունը՝ առաջարկելու փրկության և վեհացման արարողությունները ողջ մարդկության ընտանիքին: Զավակների սրտերում հայրերին՝ հենց Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված խոստումները սերմանելը, զավակների սրտերն իրենց իսկ հայրերին դարձնելը և ընտանեկան պատմության որոնումներ ու տաճարում մահացածների համար արարողություններ կատարելը աշխատանքներ են, որոնք օրհնում են հոգևոր աշխարում գտնվող անհատներին, ովքեր դեռևս ուխտի մեջ չէին:

Նկար
Cordoba, Argentina Temple rendering.

Քահանայության արարողությունները հարթում են աստվածայնության զորության ուղին.

«Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:

Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:

Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում» (ՎևՈՒ 84.19–21):

Խնդրում ենք, խորհեք այս հատվածների զգաստացնող նշանակության մասին: Անհատը նախ պետք է անցնի մկրտության դռնով և ստանա Սուրբ Հոգու պարգևը, և հետո շարունակի առաջ շարժվել ուխտերի և արարողությունների արահետով, որը տանում է դեպի Փրկիչը և Նրա Քավության օրհնությունները (2 Նեփի 31): Քահանայության արարողություններն առանցքային դեր են կատարում, որպեսզի ամբողջությամբ գանք «Քրիստոսի մոտ և կատարելագործվենք նրանում» (տես Մորոնի 10.30–33): Առանց արարողությունների անհատը չի կարող ստանալ բոլոր օրհնությունները, որոնք հնարավոր են դարձվել Տիրոջ անսահման և հավերժական քավող զոհաբերության միջոցով (տես Ալմա 34.10–14), այսինքն՝ հենց աստվածայնության զորությունը:

Տիրոջ գործը մի փառահեղ գործ է՝ կենտրոնացած սրտերի, ուխտերի և քահանայության արարողությունների վրա:

Հետևանքներ

Այս աստվածային վարդապետությունը առաջարկում է երկու կարևոր հետևանքներ՝ Եկեղեցում կատարած մեր աշխատանքի համար:

Առաջինը, երբեմն մենք կարող ենք հաճախ պատշաճ կարևորություն չտալ փրկության ծրագրին և դրա հետ կապված օրենքներին և արարողակարգերին: Ես վախենում եմ, որ մեզանից շատերը կարող են բացառապես կենտրոնանալ Տիրոջ աշխատանքի առանձնակի կողմերի վրա այնպես, որ մենք չկարողանանք զգալ այս ընդգրկուն փրկության աշխատանքի ողջ զորությունը:

Մինչդեռ Տերը ցանկանում է ամեն բան միավորել Քրիստոսում և դարձնել մեկ, մենք կարող ենք հաճախ այնքան կենտրոնանալ մի որևէ բանի վրա, որ սահմանափակենք մեր հասկացողությունը և տեսլականը: Երբ դա ծայրահեղության է հասնում, առաջնահերթությունը տրվում է ծրագրեր ղեկավարելուն և վիճակագրության տվյալների ավելացմանը, այնպես, որ հետին պլան է մղվում անհատներին հրավիրելը մտնել ուխտի մեջ և արժանիորեն արարողություններ ստանալ: Այսպիսի մոտեցումը սահմանափակում է կատարելագործումը, ուրախությունը, շարունակական դարձը, ինչպես նաև հոգևոր ուժն ու պաշտպանությունը, որ առաջ են գալիս մեր «սրտերն Աստծուն ենթարկելուց» (Հելաման 3.35): Պարզապես ինչ-որ բան անելով և պարտավորվածությունից ելնելով ավետարանի պահանջները կատարելով չէ, որ մենք անպայման ընդունում ենք Նրա պատկերը մեր դեմքին կամ զգում հզոր փոփոխություն մեր սրտում (տես Ալմա 5.14):

Երկրորդը, Եղիայի հոգին առանցքային և արժեքավոր դեր ունի ավետարանը քարոզելու գործում: Հավանաբար Տերը շեշտում էր այս ճշմարտությունը հենց այն իրադարձությունների ընթացքում, երբ ավետարանի լրությունը վերականգնվում էր երկրի վրա այս վերջին օրերում:

Սրբազան Պուրակում Ջոզեֆ Սմիթը տեսավ Հավերժական Հորը և Հիսուս Քրիստոսին, և խոսեց նրանց հետ: Այս տեսիլքը տեղի ունեցավ «ժամանակների լրութեան տնտեսությունում» (Եփեսացիս Ա.10) և թույլ տվեց Ջոզեֆին սովորել Աստվածագլխի իսկական էության և շարունակական հայտնության մասին:

Մոտավորապես երեք տարի անց, ի պատասխան անկեղծ աղոթքի, 1823թ. սեպտեմբերի 21-ին Ջոզեֆի ննջասենյակը լցվեց լույսով, մինչև որ այն դարձավ «կեսօրից էլ լուսավոր» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30): Մի անձնավորություն հայտնվեց նրա մահճակալի կողքին, կանչեց երիտասարդ տղային անունով և հայտարարեց, որ «ինքը սուրհանդակ է, Աստծո ներկայությունից ինձ մոտ ուղարկված, և որ նրա անունը Մորոնի է» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.33): Նա ցուցումներ տվեց Ջոզեֆին՝ Մորմոնի Գրքի առաջ գալու մասին: Եվ ապա Մորոնին մեջբերում կատարեց Հին Կտակարանի Մաղաքիայի գրքից, որտեղ կային լեզվական մի փոքր փոփոխություններ՝ ի տարբերություն Հակոբոս թագավորի տարբերակում օգտագործված լեզվի.

«Ահա, ես ձեզ կհայտնեմ Քահանայությունը, Եղիա մարգարեի ձեռքով, նախքան Տիրոջ մեծ ու ահեղ օրվա գալը: … Եվ զավակների սրտերում նա կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.38–39):

Երիտասարդ մարգարեին տրված Մորոնիի հրահանգները հիմնականում ներառում էին երկու հիմնական թեմա. (1) Մորմոնի Գիրքը և (2) Մաղաքիայի խոսքերը, որոնք նախապես հայտնել էին Եղիայի դերը՝ վերականգնելու «այն ամեն բաները … որոնց համար խոսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարէների բերանովը յաւիտենից հետէ» (Գոր. Գ.21): Այսպիսով, Վերականգնման նախնական իրադարձությունները հայտնեցին ճիշտ հասկացողություն Աստվածագլխի մասին, հաստատեցին շարունակվող հայտնությունների իրականությունը, շեշտեցին Մորմոնի Գրքի կարևորությունը և կանխատեսեցին փրկության և վեհացման աշխատանքը ապրողների և մահացածների համար:

Խնդրում ենք այժմ խորհել Մորմոնի Գրքի դերի մասին սրտեր փոխելու և Եղիայի հոգու դերի մասին սրտերը դարձնելու գործընթացում:

Մորմոնի Գիրքը Տիրոջ Հոգու հետ միասին հանդիսանում են «միակ ամենամեծ գործիքը, որն Աստված տվել է մեզ աշխարհին դարձի բերելու համար»:4 Վերականգնման այս սուրբ գրությունը մեր կրոնի պորտաքարն է և առանցքային դեր ունի հոգիներին Փրկչի մոտ բերելու մեջ: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, Քավչի աստվածայնության արժեքավոր հաստատող վկայություն աշխարհում, որն ավելի աշխարհիկ ու եսամոլ է դառնում: Սրտերը փոխվում են, երբ անհատները կարդում և ուսումնասիրում են Մորմոնի Գիրքը և աղոթում են անկեղծ միտումով, որպեսզի իմանան գրքի ճշմարիտ լինելու մասին:

Եղիայի հոգին «Սուրբ Հոգու հաստատումն է, որ վկայում է ընտանիքի աստվածային բնույթի մասին»:5 Սուրբ Հոգու այս առանձնահատուկ ազդեցությունը զորեղ վկայություն է բերում Հոր երջանկության ծրագրի մասին և մղում է մարդկանց փնտրել և փայփայել իրենց նախնիներին և ընտանիքի անդամներին՝ անցյալի և ներկայիս: Եղիայի հոգին ազդում է Եկեղեցու ներսում և դրանից դուրս գտնվող մարդկանց վրա և սրտերին մղում է դառնալ դեպի հայրերը:

Եկել է ժամանակը, որ մենք ավելի արդյունավետորեն օգտագործենք սրտերի հզոր փոփոխության ազդեցիկ համակցությունը, որը հնարավոր է դարձվել հիմնականում Մորմոնի Գրքի հոգևոր ուժի միջոցով և սրտերը դեպի հայրերը դարձնելով, որն իրականացել է Եղիայի հոգու միջոցով: Մեր անցյալի հետ կապ ստեղծելու փափագը կարող է նախապատրաստել անհատին հասկանալ Աստծո խոսքի արժեքը և ամրացնել նրա հավատքը: Սիրտը հայրերին դառնալը անհատին առանձնակի ձևով օգնում է ընդդիմանալ հակառակորդի ազդեցությանը և ամրացնել դարձը:

Դիտեք այս սկզբունքը ցուցադրող երկրորդ տեսանյութը:

Սկզբունքներ

Ես այժմ ցանկանում եմ ներկայացնել չորս սկզբունքներ հոգևոր ուժի մասին, որը սրտերի փոփոխության և դարձի արդյունք է:

  1. Սրտերը և դարձը: Հայրերին դառնալը արթնացնում և նախապատրաստում է սիրտը հզոր փոփոխության համար: Այսպիսով, Եղիայի հոգին օգնում է դարձի գալ:

    Դիտեք այս սկզբունքը ցուցադրող երրորդ տեսանյութը:

  2. Սրտերը և անդամներին պահպանելը: Հայրերին դառնալը աջակցում և ամրացնում է սրտերը, որոնք զգացել են հզոր փոփոխություն: Այսպիսով, Եղիայի հոգին օգնում է պահպանել նորադարձներին:

    Դիտեք այս սկզբունքը ցուցադրող չորրորդ տեսանյութը:

  3. Սրտերը և վերաակտիվացումը: Հայրերին դառնալը փափկացնում է սիրտը, որը կարծրացել էր հզոր փոփոխություն ունենալուց հետո: Այսպիսով, Եղիայի հոգին վերաակտիվացման բանալին է հանդիսանում:

    Դիտեք այս սկզբունքը ցուցադրող հինգերորդ տեսանյութը:

  4. Սրտերը և անվեհեր միսիոներները: Միսիոները, ով ունեցել է սրտի հզոր փոփոխություն և դարձ, կլինի ավելի դարձի եկած, սրբագործված և անվեհեր ծառա:

    Դիտեք այս սկզբունքը ցուցադրող վեցերորդ տեսանյութը:

Արագ ընդլայնվող և ավելի լավ նախապատրաստված միսիոներական ուժով մենք պարզապես չենք կարող մեր հույսը բացառապես դնել անցած քարոզչական հաջողությունների վրա, որ դրանք որոշեն մեր ապագա ուղին և մեթոդները: Տերն առաջարկում է ոգեշնչված տեխնոլոգիաներ և գործիքներ, որոնք մեզ թույլ են տալիս ավելի մեծ օգուտ քաղել միսիոներական աշխատանքի և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքի միասնությունից այս տնտեսության մեջ, ի տարբերություն որևէ այլ ժամանակաշրջանի: Եվ պատահական չէ, որ այս նորամուծություններն առաջ եկան հատկապես այն պահին, երբ դրանց կարիքը մեծ էր ողջ երկրով մեկ միսիոներական աշխատանքը բարելավվելու համար: Տիրոջ աշխատանքը մեկ փառահեղ աշխատանք է, կենտրոնացած սրտերի վրա, որոնք փոխվում են սրբազան ուխտերի և աստվածային զորության միջոցով, որն առաջ է գալիս քահանայության արարողությունների միջոցով:

Ամփոփում և վկայություն

Տերը հայտարարել է. «Ես ի վիճակի եմ անել իմ սեփական գործը» (2 Նեփի 27.21) և «Ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին» (ՎևՈՒ 88.73): Մենք վկաներն ենք այն բանի, թե ինչպես է Նա արագացնում Իր աշխատանքը:

Մենք ապրում և ծառայում ենք ժամանակների լրության տնտեսությունում: Հատկանշական տնտեսության հավերժական կարևորությունը գիտակցելը, որում մենք ապրում ենք, պետք է ազդի այն ամենի վրա, ինչ մենք անում ենք և ձգտում ենք դառնալ: Փրկության աշխատանքը, որը պետք է կատարվի այս վերջին օրերում, փառահեղ է, հսկայական, միանգամայն անհրաժեշտ և անհետաձգելի: Որքան երախտապարտ պետք է լինի մեզանից յուրաքանչյուրը վերջին տնտեսության այս յուրահատուկ ժամանակներում ապրելու օրհնությունների և պարտականությունների համար: Որքան խոնարհ մենք պետք է լինենք, իմանալով, որ «նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է» (ՎևՈՒ 82.3):

Ավետարանը քարոզելը և մեր մահացածներին փնտրելը մի մեծ աշխատանքի իրար լրացնող մասեր են, սիրո աշխատանքի, որի նպատակն է փոխել, դարձնել և մաքրագործել ճշմարտությունն ազնվորեն փնտրողների սրտերը: Արհեստական սահմանագիծը, որը մենք շատ հաճախ դնում ենք միսիոներական աշխատանքի և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքի միջև, ջնջվում է. սա փրկության մեկ մեծ աշխատանք է:6

Կարո՞ղ ենք մենք սկսել հասկանալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի դերը, օգնելով հետաքրքրվողին կամ քիչ-ակտիվ անդամին ձեռք բերելու ավելի խորը հասկացողություն փրկության ծրագրի մասին: Մենք գիտակցո՞ւմ ենք, որ նորադարձին պահելու ամենամեծ ազդեցություններից մեկը Եղիայի հոգին է: Կարո՞ղ ենք մենք ավելի լիարժեքորեն գնահատել սրտերը դարձնող պահերի կարևորությունը, որոնք կապված են ընտանեկան պատմություններ կիսելու հետ, որպես անդամների և միսիոներների կողմից ուսուցանելու համար մարդկանց գտնելու միջոցներ: Կարո՞ղ ենք մենք օգնել նրանց, ում ծառայում ենք, ավելի հաճախ զգալ աստվածայնության զորությունները, արժանիորեն մասնակցելով այնպիսի արարողությունների, ինչպիսին են հաղորդությունը և մահացածների համար մկրտություններն ու հաստատումները:

Թող որ դուք պարզ տեսնեք, անսխալ լսեք և միշտ հիշեք ձեր ծառայության կարևորությունը սրտերը փոխելու, դարձնելու և մաքրագործելու Տիրոջ աշխատանքում:

Հղումներ

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 330:

  2. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 475:

  3. Տես Քարոզիր Իմ Ավետարանը՝ Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 1:

  4. Ezra Taft Benson, “A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 7.

  5. Russell M. Nelson, “A New Harvest Time,” Ensign, May 1998, 34.

  6. Տես Spencer W. Kimball, “The Things of Eternity—Stand We in Jeopardy?” Ensign, Jan. 1977, 3.