2014
Նեֆրիտե կաղամբը
Հոկտեմբեր 2014


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Նեֆրիտե կաղամբը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Նկար
A cabbage sculpted out of jade.

Միսիայի ժամանակ Թայվանում իմ զուգընկերը և ես նախապատրաստության մի օր մի փոքր ժամանակ անցկացրեցինք Թայփեյի Ազգային Թանգարանի Պալատում: Հիմնական գրավիչ իրը արվեստի մի գործ էր, որը կոչվում էր Նեֆրիտե կաղամբ: Շատերն էին հիանում դրանով, սակայն, այն ամենն, ինչ ես տեսա, նեֆրիտից քանդակված մի կաղամբ էր: Այն իհարկե գեղեցիկ էր, սակայն կար մի բան, ինչը ես թերևս չէի նկատում:

Երբ մենք ավարտեցինք թանգարանի դիտումը, ես հարցրեցի իմ զուգընկերոջը. «Ի՞նչ կարծիք ունես Նեֆրիտե կաղամբի մասին»:

«Ինձ դուր եկավ արվեստի այդ գործը»:

«Ինչո՞ւ»,- հարցրեցի ես: «Այն պարզապես կաղամբ է»:

«Դու կատակո՞ւմ ես: Նեֆրիտե կաղամբը իմ կյանքի փոխաբերությունն է»,- բացատրեց նա:

«Կաղա՞մբը»:

«Այո: Դու չգիտե՞ս պատմությունը»:

«Հավանաբար, ոչ»:

Նա պատմեց ինձ պատմությունը: Եվ նա ճիշտ էր: Այն դարձավ իմ միսիայի և իմ կյանքի փոխաբերությունը:

Որպեսզի նեֆրիտե քանդակն ունենա մեծ արժեք, նեֆրիտը պետք է ունենա մեկ ամբողջական գույն: Կատարյալ նեֆրիտից կատարված քանդակները վաճառվում են բարձր գնով, քանի որ գրեթե անհնարին է գտնել կատարյալ նեֆրիտ: Նեֆրիտե կաղամբի մի կողմը կանաչ է և մյուս կողմը սպիտակ, և այն ունի ճաքեր ու ճեղքեր: Ոչ մի հմուտ քանդակագործ ժամանակ չէր վատնի նեֆրիտի այսպիսի մի կտորի վրա, մինչև որ եկավ մեկը, ում չինացիները կոչում են վարպետ քանդակագործ:

Եթե այս նեֆրիտը կարողանար խոսել, պատկերացնում եմ այն զրույցը, որը նա կունենար այս նոր քանդակագործի հետ: Ես պատկերացնում եմ քանդակագործին՝ նեֆրիտի այս կտորը վերցնելիս:

«Ի՞նչ եք կամենում»,- կհարցներ նեֆրիտը:

«Ես փնտրում եմ նեֆրիտ՝ քանդակելու համար»,- կասեր քանդակագործը:

«Ուրեմն գտեք մեկ այլ կտոր: Ես արժեք չունեմ: Ես ունեմ երկու այնքան միախառնված տարբեր գույներ, որ դուք երբեք չեք կարողանա բաժանել դրանք: Ես ունեմ ճաքեր և ճեղքեր իմ մեջ: Ես երբեք որևէ արժեք չեմ ունենա: Մի վատնեք ձեր ժամանակը»:

«Օհ, դու, անմիտ փոքրիկ նեֆրիտ: Վստահիր ինձ: Ես վարպետ քանդակագործ եմ: Ես քեզանից մի գլուխգործոց կստեղծեմ»:

Նեֆրիտե կաղամբը հրաշալի է նրանով, որ այս անհայտ վարպետ քանդակագործը օգտագործել է նեֆրիտի թերությունները՝ երկու գույները, ճաքերը, ճեղքերը, որպեսզի կաղամբը դարձնի ավելի բնական: Անթափանցիկ սպիտակ մասը դարձել էր կաղամբի ցողունը, և ճաքերն ու ճեղքերը կենդանի տեսք էին հաղորդել տերևներին: Եթե չլինեին այս նեֆրիտի «թերությունները», այն կարող է այդքան իրական տեսք չունենար:

Արվեստի այս գործն իր գեղեցկության շնորհիվ որպես պարգև տրվել էր Չինաստանի թագավորական ընտանիքներից մեկին և զարդարել էր գեղեցիկ ասիական պալատների սրահները, մինչև որ, ի վերջո, իր տեղն էր գտել Թայվանի թանգարանում:

Այն ինձ հիշեցնում է Եթեր 12.27-ը. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը: … Իմ շնորհը բավարար է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև. քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»:

Նեֆրիտե կաղամբը տեսնելուց հետո այս սուրբ գրությունը սկսեցի տեսնել նոր լույսի ներքո: Մենք բոլորս էլ նման ենք նեֆրիտի այս կտորին, բացառությամբ այն բանից, որ մենք դեռևս գտնվում ենք հղկվելու գործընթացում: Մենք պետք է վստահենք վարպետ քանդակագործին՝ Հիսուս Քրիստոսին, ով կվերցնի մեր թուլությունները և կդարձնի դրանք ուժեղ կողմեր: Մենք, մեր անկատար տեսքով, երբեմն կենտրոնանում ենք մեր թերությունների վրա և հետո հուսահատվում, քանի որ մենք մտածում ենք, որ երբեք արժեք չենք ունենա: Սակայն, մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կարող ենք դառնալ: Երբ մենք թույլ ենք տալիս, որ Նրա Քավությունը գործի մեր կյանքում, Նա հղկում է մեզ, դարձնելով գլուխգործոցներ, ովքեր մի օր կապրեն թագավորների Թագավորի հետ: