2014
Լիզոչկայի սիրտը
Հոկտեմբեր 2014


Մեր տները, մեր ընտանիքները

Լիզոչկայի սիրտը

Հեղինակն այժմ ապրում է Բելգիայում:

Նկար
Mother holding a baby.

Նկարազարդումը՝ Էննի Հենրիի

Իմ ամուսինը և ես միացել ենք Եկեղեցուն Ռուսաստանում 1995թ. և կնքվել ենք հաջորդ տարի Ստոկհոլմ Շվեդիա Տաճարում: Մեր երկու երիտասարդ աղջիկները նույնպես կնքվեցին մեզ հետ: Երկու տարի անց մենք օրհնվեցինք, ունենալով ևս մեկ աղջիկ: Մեր ընտանիքում ծնվեց Լիզոչկան: Մեր կյանքում ամեն ինչ լավ էր ընթանում: Բոլորս էլ երջանիկ էինք: Սակայն ծնունդից երկու օր անց մեր փոքրիկը սկսեց խնդիրներ ունենալ ուտելու հետ կապված: Մեկ ամսվա ընթացքում նա ավելացել էր ընդամենը 300 գրամով:

Մանկական բժշկական կենտրոնի աշխատողներն ասացին մեզ, որ ավելի հաճախակի կերակրենք նրան: Ես տեսնում էի, որ նա ուզում էր ուտել, սակայն չէր կարողանում: Ի վերջո, ամուսինս տարավ նրան քաղաքի հիվանդանոցը: Բժիշկն անմիջապես տվեց մեզ ախտորոշումը՝ ի ծնե սրտի արատ: Սրտի փականներից մեկը չէր աշխատում և դեպի նրա թոքերը մղվող սակավ արյունը դժվարացնում էր նրա համար շնչելը կամ ուտելը:

Նա ուներ վիրահատության կարիք, սակայն Ռուսաստանում այս վիրահատությունը տանող ամենափոքր երեխաները երկու տարեկան էին: Մեր դուստրն ընդամենը մեկ ամսական էր: Բժիշկը նշանակեց բուժում և ասաց, որ հետագայում, երբ նա ավելի մեծ կլինի, նրանք կկատարեն վիրահատություն:

Մեկ ամիս անց Լիզոչկայի առողջական վիճակը չափազանց վատացավ, և մենք նրան արագ հիվանդանոց հասցրեցինք: Մինչ մեքենայով տեղ կհասնեինք, ես գրկել էի նրան: Նա այնպես էր նայում ինձ, կարծես, օգնություն էր խնդրում: Եթե ես Եկեղեցու անդամ չլինեի, չգիտեմ, թե ինչ կանեի: Սակայն իմ ամուսինն ու ես ապավինում էինք Տիրոջը և հաստատապես հավատում էինք, որ ամեն բան լավ էր լինելու: Ես փորձում էի հանգստացնել նրան, ասելով. «Ոչ մի բանից մի վախեցիր, իմ փոքրիկ: Աստված սիրում է մեզ: Նա կօգնի մեզ, և ամեն բան լավ կլինի»:

Վերջապես մենք տեղ հասանք: Նրան ամուր կրծքիս սեղմած՝ ես վազեցի ընդունարան: Լիզոչկայի աչքերը սկսեցին փակվել: Նա հազիվ էր շնչում: Գրեթե անկարող լինելով խոսել՝ ես պատմեցի բժշկին իմ երեխայի մասին, և բժշկական անձնակազմը տարավ նրան ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բժիշկն ասաց, որ նրա թոքերը սկսում էին ուռչել, և նրանք նրա համար միացրեցին արհեստական շնչառության մեքենան:

Հաջորդ օրը մենք խոսեցինք սրտի վիրահատության բաժանմունքի գլխավոր բժշկի հետ: Նա ասաց. «Ես արել եմ նման վիրահատություններ, սակայն վիրահատել եմ միայն ավելի մեծ երեխաների: Քանի՞ ամսական է նա հիմա»:

«Երկու ամսական»,- ասացինք մենք նրան:

«Նա արդեն իսկ բավականին ցավ է զգում: Նա շատ փոքր է, և նրա թոքերի ուռչելը վիճակն ավելի է բարդացնում, սակայն մենք չպետք է ավելի հետաձգենք սա: Ես երբեք չեմ արել այսպիսի վիրահատություն փոքր երեխայի համար: Ես կփորձեմ անել այն ամենը, ինչ կարող եմ: Դուք պետք է գնեք արհեստական երկակի փական, սակայն այն շատ թանկ արժե, մոտավորապես 2100 դոլար: Վիրահատությունը տեղի կունենա չորս օրից»:

Ի՞նչ պետք է մենք անեինք: Ոչ մենք, ոչ էլ մեր ծանոթներից որևէ մեկն ուներ այդքան գումար: Այնուամենայնիվ, մեր իրավիճակի վրա սկսեցին ուշադրություն դարձնել ուրիշները, և նրանց առատաձեռնության և Տիրոջ ողորմության շնորհիվ մենք կարողացանք ապահովել այդ գումարը: Ամուսինս գնեց այն փականը, որը մեզ պետք էր մեր երեխայի կյանքը փրկելու համար:

Ոչ միայն մեր ճյուղի բոլոր եղբայրներն ու քույրերն էին աղոթում և ծոմ պահում մեր փոքրիկ աղջկա համար, այլ նաև միսիոներները և շատ Վերջին Օրերի Սրբեր ողջ քաղաքով մեկ: Մենք զգում էինք նրանց աջակցությունը: Վիրահատության օրը միջանցքում նստած՝ մենք զգացինք Սուրբ Հոգու ներկայությունը և մեր եղբայրների և քույրերի աղոթքները: Մենք գիտեինք, որ նրանք մեր կողքին էին: Եվ Աստված մեզ հետ էր՝ առաջնորդելով վիրաբույժներին: Նա մեզ չէր թողնի, և ամեն բան լավ կլիներ:

Երբ վիրաբույժը վիրահատությունից հետո դուրս եկավ, նա, որոշ չափով շփոթված, ասաց մեզ. «Ամեն բան լավ ստացվեց: Մենք տեղադրեցինք փականը: Ես չգիտեմ, թե ինչպես, սակայն դա հաջողվեց»: Սակայն մենք գիտեինք, թե ինչպես դա հաջողվեց: Երկնային Հայրը օրհնեց նրան:

Լիզոչկան ևս երեք օր մնաց հիվանդանոցում, մինչ նրա սրտի և թոքերի ուռչածությունն անցավ: Բժիշկները վիրահատության ժամանակ մեծ բացվածք էին արել և մի քանի օր անց նրանք նորից մի փոքրիկ վիրահատություն կատարեցին՝ նրա կրծքավանդակի և օրգանների բացվածքը փակելու համար: Բժիշկներից գրեթե ոչ մեկը չէր ակնկալում, որ նա կապրեր: Սակայն, մենք հավատում էինք Հիսուս Քրիստոսին և Նրա զորությանը, և մենք հավատում էինք, որ եթե Նրա կամքը լիներ, նա կապաքինվեր:

Միայն Աստված կարող էր մեզ վերադարձնել մեր Լիզոչկային: Օր օրի նա դեպի լավն էր գնում: Եվս մեկ ամիս նա մնաց հիվանդանոցում, և այժմ նա տանն է՝ մեզ հետ միասին:

Աստված հրաշքների Աստված է: Նա լսում է մեր աղոթքները, և մեր դժվարին պահերին Նա հոգում է մեզ համար: Փորձություններն ամրացնում են մեր հավատքը և սովորեցնում են մեզ հավատալ, հուսալ և սիրել: