2014
Ջրերի գագաթների վրա
Հոկտեմբեր 2014


Ջրերի գագաթների վրա

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Ես աղերսում էի Երկնային Հորը հեռացնել իմ անհանգստությունը և հուսահատությունը, սակայն առանց այս փորձությունների ես չէի կարող հասնել այն «խոստումի երկրին», ուր Նա առաջնորդում էր ինձ:

Նկար
Jaredite barges being tossed in the sea.

Քոլեջն ավարտելուց մոտ վեց ամիս անց ես սկսեցի ունենալ խուճապի նոպաներ, անհանգիստ պահեր և ընկճվածության ուժեղ զգացում: Ես գաղափար չունեի, թե որտեղից էին գալիս այս զգացողությունները, սակայն դրանք ուժեղ էին և ուժասպառ անող:

Ես դժվարանում էի կենտրոնացած մնալ: Աշխատանքի վայրում ցանկացած նոր առաջադրանք բերում էր այնպիսի անհանգստություն, որ ես չէի կարողանում հանգիստ նստել: Իմ միտքը սկսում էր վազել և սիրտս այնքան արագ էր աշխատում, որ կարծում էի, թե դուրս կթռչի իմ կրծքավանդակից: Սա տևում էր օրեր, և ամեն օր աշխատանքից տուն վերադառնալուց հետո ես հանգչում էի բազմոցի վրա: Մինչ ես կհասցնեի նկատել, երեկոն անցնում էր, և սկսվում էր հաջորդ աշխատանքային օրը:

Այս զգացմունքները շարունակվեցին ամիսներ, նույնիսկ երբ ես նոր աշխատանք գտա և փնտրեցի մասնագիտական օգնություն:

Ես ամեն առավոտ աշխատանքի գնալիս աղոթում էի, որ ուժ ունենայի հաղթահարելու այդ օրը և վերադառնայի տուն իմ կնոջ և դստեր մոտ: Ես չէի կարողանում տեսնել իմ պայքարի վերջը, և ես հաճախ պատրաստ էի լինում հուսահատվել: Շատ օրեր ես օգնություն էի աղերսում երկինքներից, մինչ աչքերս լցվում էին արցունքով: Ես աղոթում էի ավելի մեծ անկեղծությամբ, քան երբևէ նախկինում, աղաչելով Երկնային Հորը, որ օգներ ինձ հասկանալ այս փորձությունը և հեռացնել այն ինձանից:

Ես մոլորվում էի խավարի և հուսահատության մեջ, երբ չէի զգում Հոգին: Սակայն, երբ Հոգին ինձ վեր էր բարձրացնում հուսահատությունից, ես վստահություն էի գտնում շարունակելու մինչև իմ հաջորդ աղոթքը: Ես սկսեցի ապավինել իմ Երկնային Հորը ավելի, քան պարզապես ճաշելիս կամ գիշերը մակերեսային աղոթք ասելով: Արդյունքում ես ավելի մոտեցա Նրան:

Գցված ջրերի վրա

Իմ անհանգստության և հուսահատության մեջ ես վերընթերցեցի հարեդացիների պատմությունը, երբ նրանք անցնում էին «մեծ ջրանդունդը» (Եթեր 2.25): Ես միայն կարող եմ պատկերացնել նրանց անհանգստության կանխազգացումը, երբ նրանք մտան իրենց բեռնանավերը: Նրանց ճամփորդությունը միգուցե վտանգավոր էր, սակայն նրանք գիտեին, որ իրենք գնում էին «մի ընտիր երկիր՝ բոլոր մյուս երկրներից առավել» (Եթեր 2.15):

Նրանց ճամփորդության մասին մենք կարդում ենք.

«Եվ եղավ այնպես, որ Տեր Աստված ստիպեց, որ մի կատաղի քամի փչի ջրերի երեսին՝ խոստացված երկրի ուղղությամբ. և այսպես, նրանք քշվում էին քամուց ծովի ջրերի վրայով:

Եվ եղավ այնպես, որ նրանք շատ անգամ թաղվեցին ծովի խորքերում, ալիքների լեռների պատճառով, որոնք փլուզվում էին նրանց վրա, և նաև ահռելի ու սոսկալի փոթորիկներից, որոնք առաջացել էին քամու կատաղությունից:

… Երբ նրանք շրջապատվում էին շատ ջրերով, նրանք աղաղակում էին առ Տերը, և նա կրկին դուրս էր բերում նրանց ջրերի գագաթների վրա:

Եվ եղավ այնպես, որ քամին երբեք չդադարեց փչել խոստացված երկրի ուղղությամբ, մինչ նրանք ջրերի վրա էին. և այսպես, նրանք առաջ էին քշվում քամուց» (Եթեր 6.5–8):

Այս հատվածները անձնական դարձան ինձ համար: Ես զգում էի ինձ իմ սեփական բեռնանավի մեջ, երբ անհանգստության քամիները հարվածում էին ինձ և ընկճվածության ալիքները բարձրանում էին ինձ վրա և ցած էին բերում հուսահատության խորքերը: Երբ ես «շրջապատվում էի» այդ ամենով և աղաղակում առ Տերը, ես ճեղքում հասնում էի ջրի մակերեսին, սակայն հետո նորից էի ընկղմվում:

Ես կրկին կարդացի 8-րդ հատվածը. «Քամին երբեք չդադարեց փչել խոստացված երկրի ուղղությամբ … և այսպես, նրանք առաջ էին մղվում քամուց» (շեշտադրումն ավելացված են): Ապա ես հանկարծակի հասկացա մի բան: Հենց քամին, որը ստիպում էր ալիքների սարերին ընկղմել բեռնանավերը, նաև օրհնում էր հարեդացիներին իրենց ճամփորդության ժամանակ: Ես աղերսում էի Երկնային Հորը, որ խաղաղեցներ քամին և ալիքները, սակայն առանց նրանց ես չէի կարողանա հասնել այն «խոստումի երկրին», ուր Նա առաջնորդում էր ինձ:

Այս հատվածները փոխեցին կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը: Իմ անհանգստությունը և հուսահատությունը մեծացրել էին Երկնային Հոր հանդեպ իմ վստահությունը: Առանց քամու և ալիքների ես միգուցե երբեք չճանաչեի Աստծուն այնպես, ինչպես այժմ, և հարեդացիները միգուցե երբեք չհասնեին խոստումի երկիր:

Այժմ, այս փորձառությունից մի քանի տարի անց, անհանգստության իմ քամիներն այլևս չեն պոռթկում և հուսալքության իմ ալիքները դադարել են ծածկել ինձ: Սակայն, եթե և երբ փոթորիկը վերադառնա, ես կկանչեմ առ Տերը և շնորհակալ կլինեմ, իմանալով, որ խաղաղ ծովերը չեն տանում բեռնանավերը խոստումի երկիր. փոթորկոտ ծովերն են տանում:

Նկարազարդումը՝ Ջերի Հարսթոնի