2014
Շնորհակալություն, Եղբայր Ջեյ
Հոկտեմբեր 2014


Ծառայելը Եկեղեցում

Շնորհակալություն, Եղբայր Ջեյ

Հեղինակն ապրում է Նեվադայում, ԱՄՆ:

Որքան երախտապարտ եմ ես ողջ Եկեղեցում գտնվող անհամար անկեղծ ծառաների հոգու, նվիրվածության, նախապատրաստությունների և սիրո համար:

«Վաղը կիրակի է»,- ես ասացի իմ հնգամյա դստերը, երբ նա նստեց իմ գրկում: Ժպիտ հայտնվեց նրա դեմքին:

«Օհ, ինչ լավ է»,- ասաց նա: «Ուրեմն ես կտեսնեմ Եղբայր Ջեյին»:

Երախտագիտությունը լցրեց իմ սիրտը: Որքան երախտապարտ ես զգացի Երեխաների Խմբի սիրող, հոգատար ուսուցչի համար, ով տեղափոխությունից հետո հեշտացրել էր մեր անցումը նոր ծուխ: Թողնելը մեր տունը ԱՄՆ-ի միջին արևմուտքում և տեղափոխվելը 1350 մղոն (2173 կմ) հեռու ցնցումային էր ողջ ընտանիքի համար, հատկապես մեր նախադպրոցական դստեր Սյուզնի համար: Էությամբ լինելով ամաչկոտ՝ նա վախենում էր նոր իրավիճակներից և երկյուղած էր, երբ առաջին շաբաթը պիտի հաճախեինք եկեղեցի նոր ծխում:

Եղբայր Ջեյը՝ բարեհամբույր, իր գործին նվիրված մի մարդ, տեղին օգտագործած հումորով լավ ազդեցություն գործեց և արժանացավ Սյուզնի վստահությանը: Այդ առաջին կիրակին նա կռացավ, բռնեց նրա ձեռքը, նայեց նրա աչքերի մեջ և ասաց. «Եկ, սիրելիս: Դու ուրախ ժամանակ կանցկացնես մեր դասարանում»:

Մինչ շաբաթներն անցնում էին, Սյուզնը կիրակի օրվան ավելի շատ էր սպասում, քան շաբաթվա ցանկացած մեկ այլ օրվա: Հենց որ մենք հասնում էինք եկեղեցի, նա բազմության մեջ փնտրում էր իր ուսուցչին: Ողջունելիս նա ժպտում էր:

Տարիներ շարունակ Եղբայր Ջեյը փոքրիկ նվերներով հիշում էր յուրաքանչյուր ուսանողի՝ տոների և ծննդյան օրերի առթիվ: Երբ եկավ Սյուզնի ծնունդը, ամենակարևոր հյուրը, ում նա ցանկացավ հրավիրել իր տոնին, Եղբայր Ջեյն էր:

Արդյո՞ք նա պատկերացնում էր, թե ինչպիսի ազդեցություն էր թողնում մեր փոքրիկ աղջկա կյանքում: Կարո՞ղ էր նա երբևէ գուշակել, թե որքան էին նրա խոսքերն ու արարքները տպավորվում Երեխաների Խմբի նրա հնգամյա աշակերտների մեջ: Հնարավո՞ր էր, որ նա իմանար, թե ինչքան կարևոր էր ինձ համար որպես մայր, որ նա իմ աղջկա կյանքի մի մասն էր կազմում:

Հետագայում Սյուզնը Եղբայր Էդվարդսի դասարանի առաջադեմ աշակերտներից էր, և Երեխաների Խմբի նրա հրաշալի փորձառությունը շարունակվում էր: Որքան երախտապարտ եմ ես բոլոր բարեխիղճ, լավ պատրաստված, խոնարհ տղամարդկանց և կանանց համար, ովքեր դրական ազդեցություն են ունեցել Սյուզնի կյանքում:

Մեր ողջ ընտանիքն օրհնված է եղել իրենց գործին նվիրված անձնավորություններով, ովքեր ծառայել են մեզ հոգևոր զարգացման մեր ճանապարհին: Ես հիշում եմ սկաուտների բացառիկ ուսուցչին, քահանաների քվորումի համբերատար խորհրդատուին, Սեմինարիայի համբերատար ուսուցչին, Երիտասարդ Կանանց արտակարգ նախագահությանը և հոգատար եպիսկոպոսին:

Ես գիտեմ, որ մենք միակ ընտանիքը չենք, որ այսքան օրհնված ենք եղել: «Եղբայր Ջեյը» ներկայացնում է շատերին, քանի որ կան նվիրված շատ եղբայրներ և քույրեր, ում ծառայությունը ազդեցություն է ունեցել ընտանիքների կյնքում, ճիշտ ինչպես մեր դեպքում: Որքան երախտապարտ ենք մենք նրանց հոգու, նվիրվածության, նախապատրաստությունների և սիրո համար:

Շնորհակալություն ողջ Եկեղեցում գտնվող անհամար անկեղծ ծառաների համար, ովքեր աջակցել են մեր ընտանիքին:

Ծնունդդ շնորհավոր

Լուսանկարը՝ Նիկոլայ Սորոկինի/Hemera/Thinkstock