Սուրբ գրություններ
Մորոնի 8


Գլուխ 8

Փոքր երեխաների մկրտությունը չար պղծություն է – Փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով՝ Քավության շնորհիվ – Հավատքը, ապաշխարությունը, հեզությունը և սրտի խոնարհությունը, Սուրբ Հոգին ստանալը և մինչև վերջ համբերելը փրկության են առաջնորդում: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Նամակ, գրված ինձ՝ Մորոնիիս, իմ հայր Մորմոնից. և այն գրվել էր ինձ, շուտով, իմ ծառայության կանչվելուց հետո: Եվ այս ձևով էր նա գրել ինձ՝ ասելով.

2 Իմ սիրելի՛ որդի Մորոնի, ես անչափ հրճվում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը հիշում է քեզ և կանչել է քեզ իր ծառայությանը և իր սուրբ աշխատանքին:

3 Ես միշտ հիշում եմ քեզ իմ աղոթքներում, շարունակ աղոթելով Հայր Աստծուն, իր Սուրբ Զավակ Հիսուսի անունով, որ նա, իր անսահման բարությամբ ու շնորհով, պահի քեզ առ իր անունը հավատքի տոկունությամբ, մինչև վերջ:

4 Եվ այժմ, որդի՛ս, ես խոսում եմ քեզ հետ այն բանի վերաբերյալ, ինչն ինձ չափազանց վշտացնում է. քանզի ինձ վշտացնում է, որ վիճաբանություններ պիտի բարձրանային ձեր մեջ:

5 Քանզի, եթե ճշմարտությունն եմ իմացել, ձեր մեջ վիճաբանություններ են եղել՝ ձեր փոքր երեխաների մկրտության վերաբերյալ:

6 Եվ այժմ, որդի՛ս, ես փափագում եմ, որ դու ջանասիրաբար աշխատես, որպեսզի այս կոպիտ սխալը վերացվի ձեր միջից. քանզի, այդ նպատակի համար եմ ես գրել այս նամակը:

7 Քանզի անմիջապես հետո, երբ իմացա այս բաները քեզանից, ես տեղեկացա Տիրոջից այդ հարցի վերաբերյալ: Եվ Տիրոջ խոսքը եկավ ինձ Սուրբ Հոգու զորությամբ՝ ասելով.

8 Լսեք Քրիստոսի՝ ձեր Քավչի՝ ձեր Տիրոջ և ձեր Աստծո խոսքերը: Ահա, ես եկա աշխարհ՝ ապաշխարության կանչելու ոչ թե արդարներին, այլ մեղավորներին. ողջերը բժշկի կարիք չունեն, այլ նրանք, որ հիվանդ են. ուստի, փոքր երեխաները ողջ են, քանզի նրանք ընդունակ չեն մեղք գործելու. ուստի, Ադամի անեծքը նրանցից վերցված է ինձանով, այնպես որ այն զորություն չունի նրանց վրա. և թլփատության օրենքը խափանվում է ինձանով:

9 Եվ այս ձևով Սուրբ Հոգին հայտնեց ինձ Աստծո խոսքը. ուստի, սիրելի՛ որդիս, ես գիտեմ, որ դա լուրջ ծաղր է Աստծո առաջ, որ դուք մկրտեք փոքր երեխաներին:

10 Ահա, ես ասում եմ ձեզ, որ այս բանը պիտի դուք սովորեցնեք՝ ապաշխարություն և մկրտություն նրանց, ովքեր պատասխանատու են և ընդունակ մեղք գործելու. այո, սովորեցրե՛ք ծնողներին, որ նրանք պետք է ապաշխարեն և մկրտվեն, և խոնարհեցնեն իրենց, ինչպես իրենց փոքր երեխաները, և նրանք բոլորը պիտի փրկվեն իրենց փոքր երեխաների հետ:

11 Իսկ նրանց փոքր երեխաները կարիք չունեն ապաշխարության, ոչ էլ մկրտության: Ահա, մկրտությունն ապաշխարության համար է՝ ի կատարումն պատվիրանների՝ մեղքերի թողության համար:

12 Բայց փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով, նույնիսկ աշխարհի հիմնադրումից ի վեր. եթե ոչ, Աստված կողմնապահ Աստված է, և նաև փոփոխական Աստված, և մարդկանց հանդեպ՝ աչառ. քանզի, որքա՜ն շատ փոքր երեխաներ են մահացել առանց մկրտության:

13 Ուստի, եթե փոքր երեխաները չկարողանային փրկվել առանց մկրտության, նրանք պետք է գնացած լինեին մի անվերջ դժոխք:

14 Ահա, ես ասում եմ ձեզ, նա, ով կարծում է, որ փոքր երեխաները կարիք ունեն մկրտության, դառը մաղձի և անօրինության կապանքների մեջ է. քանզի նա չունի ո՛չ հավատք, ո՛չ հույս, ո՛չ էլ գթություն. ուստի, եթե նա մեռնի, մինչ այդ մտքին է, նա պետք է վար գնա դժոխք:

15 Քանզի սոսկալի ամբարշտություն է կարծել, որ Աստված փրկում է մի երեխայի՝ մկրտության շնորհիվ, իսկ մյուսը պետք է կորչի, որովհետև նա չունի մկրտություն:

16 Վա՜յ լինի նրանց, որ կխեղաթյուրեն Տիրոջ ճանապարհներն այս ձևով, քանզի նրանք կկորչեն, եթե չապաշխարեն: Ահա, ես խոսում եմ համարձակորեն՝ իշխանություն ունենալով Աստծուց. և ես չեմ վախենում՝ ինչ կարող է անել մարդը. քանզի կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ:

17 Եվ ես լցված եմ գթությամբ, որը հավիտենական սեր է. ուստի, բոլոր երեխաները մեկ են ինձ համար. ուստի, ես սիրում եմ փոքր երեխաներին մի կատարյալ սիրով. և նրանք բոլորը մեկ են և մասնակիցներ են փրկության:

18 Քանզի ես գիտեմ, որ Աստված կողմնապահ Աստված չէ, ոչ էլ փոփոխական էակ. այլ նա անփոփոխ է ողջ հավերժությունից ողջ հավերժություն:

19 Փոքր երեխաները չեն կարող ապաշխարել. ուստի, դա սոսկալի ամբարշտություն է՝ ուրանալ Աստծո մաքուր ողորմությունները նրանց հանդեպ, քանզի նրանք բոլորը կենդանի են նրանում՝ նրա ողորմության շնորհիվ:

20 Եվ նա, ով ասում է, որ փոքր երեխաները կարիք ունեն մկրտության, ուրանում է Քրիստոսի ողորմությունները, և անարգում նրա քավությունն ու փրկագնելու նրա զորությունը:

21 Վա՜յ այդպիսիներին, քանզի նրանք մահվան, դժոխքի և անվերջ տանջանքի վտանգի տակ են: Ես խոսում եմ համարձակորեն. Աստված է պատվիրել ինձ: Լսե՛ք և ուշադրությո՛ւն դարձրեք դրանց, այլապես դրանք կկանգնեն ձեր դեմ՝ Քրիստոսի ատյանում:

22 Քանզի ահա, բոլոր փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով, և նաև բոլոր նրանք, ովքեր առանց օրենքի են: Քանզի փրկագնման զորությունը գալիս է բոլոր նրանց վրա, ովքեր չունեն օրենք. ուստի նա, որ դատապարտված չէ, կամ նա, որ ոչ մի դատապարտության տակ չէ, չի կարող ապաշխարել. և այդպիսիների համար մկրտությունը ոչնչով օգտակար չէ,

23 Այլ այն ծաղր է Աստծո առաջ, ուրանալով Քրիստոսի ողորմությունները, և նրա Սուրբ Հոգու զորությունը, և վստահությունը դնելով մեռած գործերի վրա:

24 Ահա, որդի՛ս, այս բանը չպետք է լինի. քանզի ապաշխարությունը նրանց համար է, որոնք դատապարտության տակ են և խախտած օրենքի անեծքի տակ:

25 Եվ ապաշխարության առաջին պտուղներից է մկրտությունը. և մկրտությունը գալիս է հավատքով՝ պատվիրանների կատարման համար. և պատվիրանները կատարելը բերում է մեղքերի թողություն.

26 Եվ մեղքերի թողությունը բերում է հեզություն և սրտի խոնարհություն. և հեզության ու սրտի խոնարհության շնորհիվ գալիս է Սուրբ Հոգու այցելությունը, Մխիթարիչ, որը լցնում է հույսով և կատարյալ սիրով, սեր, որը համբերում է ջանասիրությամբ առ աղոթքը, մինչև որ կգա վերջը, երբ բոլոր սրբերը կբնակվեն Աստծո հետ:

27 Ահա, որդի՛ս, ես քեզ կրկին կգրեմ, եթե շուտով դուրս չգամ Լամանացիների դեմ: Ահա, այս ազգի կամ Նեփիացիների հպարտությունը նրանց հասցնում է կործանման, եթե նրանք չապաշխարեն:

28 Աղոթի՛ր նրանց համար, որդի՛ս, որպեսզի ապաշխարություն գա նրանց: Բայց ահա, ես վախենում եմ, որ չլինի թե Հոգին դադարել է նրանց հետ ճիգ թափելուց. և երկրի այս մասում նրանք նույնպես ջանում են տապալել ողջ զորությունն ու իշխանությունը, որը գալիս է Աստծուց. և նրանք ուրանում են Սուրբ Հոգին:

29 Եվ այսպիսի մեծ գիտելիքը մերժելուց հետո, որդի՛ս, նրանք շուտով պիտի կործանվեն՝ ի կատարումն մարգարեությունների, որոնք խոսվել էին մարգարեների կողմից, ինչպես նաև ի կատարումն իր՝ մեր Փրկչի խոսքերի:

30 Մնաս բարով, որդի՛ս, մինչև որ կրկին կգրեմ կամ կհանդիպեմ քեզ: Ամեն: