Նախագահների ուսմունքները
Գլուխ 18. Զգուշացիր հպարտությունից


Գլուխ 18

Զգուշացիր հպարտությունից

Հպարտությունը բազմակողմանի մեղք է, մեծ չարիք: Դրա հակաթույնը համեստությունն է:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Գերագույն համաժողովի իր առաջին ելույթում՝ որպես Եկեղեցու Նախագահ, Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է հպարտության և համեստության միջև գոյություն ունեցող տարբերությունը.

«Հպարտությունը չի նայում վեր՝ առ Աստված և հոգ անում, թե ինչն է ճիշտը: Այն նայում է կողքերը՝ դեպի մարդը, և վիճում, թե ով է ճիշտ: …

Հպարտությանը բնորոշ է ավելի շուտ «Ի՞նչ եմ կամենում կյանքից», քան «Ինչ է կամենում Աստված, որ ես անեմ կյանքիս հետ: Դա սեփական կամքի հակադրումն է Աստծո կամքին: Դա մարդուց ավելի շատ վախենալն է, քան վախն առ Աստված:

Համեստությունն արձագանքում է Աստծո կամքին, Նրա դատաստանների վախին և մեր շրջապատում գտնվողների կարիքներին: Հպարտների ականջում աշխարհի ծափահարություններն են, խոնարհների սիրտը ջերմացնում է երկնքի ծափահարությունները»:1

Այս ուսմունքները ծանոթ էին այն մարդկանց, ովքեր ծառայել էին Նախագահ Բենսոնի հետ Տասներկու Առաքյալների Քվորումում: Նրանք գիտեին, որ որպես իրենց քվորումի Նախագահ, նա երբեք չէր անհանգստանում իր անձնական տեսակետների մասին, այլ միայն իմանալու և հետևելու Աստծո կամքին: Նախագահ Բոյդ Ք. Փաքերը, ով հետագայում ինքը ծառայեց որպես Տասներկուսի Քվորումի Նախագահ, պատմել է քվորումների ժողովների ժամանակ քննարկումների հանդեպՆախագահ Բենսոնի մոտեցման մասին. Դուք կարող էիք չհամաձայնվել Նախագահ Բենսոնի հետ, առանց անհանգստանալու, որ անձնական որևէ բան կարող էր լինել դրանում: Մենք հարցերի վերաբերյալ լիարժեք քննարկումներ էինք ունենում առանց անհանգստանալու, թե ինչպիսին կարող էր լինել նրա տեսակետը»:2 Երեց Ռասսել Մ. Նելսոնը, ով ծառայեց Տասներկուսի Քվորումում երկու տարի Նախագահ Բենսոնի ղեկավարության ներքո, ասել է. «Որևէ մտահղացման մեջ, նույնիսկ, եթե դա նրա կարծիքը չէր, Նախագահ Բենսոնը իրավիճակը չափում էր միայն մեկ չափանիշով՝ Ո՞րն է լավագույնն արքայության համար: Դա նշանակում էր, որ եթե որևէ հարց պետք է լուծվեր այնպես, ինչպես նա չէր անի դա, թող այդպես լիներ: Նա կամենում էր միայն այն, ինչ լավագույնն էր արքայության համար»:3

Որպես կառավարության ղեկավար՝ Նախագահ Բենսոնը հավասարապես նվիրված էր անելուն այն, ինչ լավագույնն էր Աստծո արքայության համար: Երբ նա ծառայում էր որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար, նա «աշխարհի ծափահարություններ» շատ էր ստանում4 ինչպես նաև մեծ քանակությամբ խիստ քննադատություն: Նա չէր թույլ տալիս, որ երկուսն էլ զնգային իր ականջներում: Փոխարենը, նա հավատարիմ էր հիշեցմանը, որը նա հաճախ ստանում էր իր կնոջից՝ Ֆլորայից. «Մի անհանգստացիր քո վերաբերյալ աշխարհի կարծիքի մասին, քանի դեռ դու ճիշտ ես Տիրոջ հետ»:5 Գոհացիր «երկնքի [լուռ] ծափահարություններով»6 նա միշտ որոնում էր արձագանքել Աստծո կամքին:

Նկար
Frontal head and shoulders portrait of Jesus Christ. Christ is depicted wearing a pale red robe with a white and blue shawl over one shoulder. Light emanates from His face.

Փրկիչը, ով «հեզ է և սրտով խոնարհ» (Մատթեոս ԺԱ.29), մեր մեծ օրինակն է համեստության:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

1

Տերը նախազգուշացրել է մեզ զգուշանալ հպարտությունից:

Վարդապետություններ և Ուխտերն ասում են մեզ, որ Մորմոնի Գիրքը «մի ընկած ժողովրդի հիշատակարանն» է (ՎևՈւ 20.9): Ինչո՞ւ նրանք անկում ապրեցին: Սա է Մորմոնի Գրքի հիմնական ուղերձներից մեկը: Մորմոնը տալիս է պատասխանը գրքի եզրափակիչ գլուխներում այս խոսքերով. «Ահա, այս ազգի կամ Նեփիացիների հպարտությունը նրանց հասցնում է կործանման» (Մոր. 8.27): Իսկ հետո, որպեսզի մենք բաց չթողնենք Մորոմոնի Գրքի ուղերձն այդ ընկած ժողովրդից, Տերը նախազգուշացնում է մեզ Վարդապետություն և Ուխտերում. «Զգուշացեք հպարտությունից, չլինի թե դուք դառնաք ինչպես հին Նեփիացիները» (ՎևՈւ 38.39):

Ես լրջորեն հետաքրքրված եմ ձեր հավատքով ու աղոթքներով, մինչ ես ջանում եմ լուսաբանել Մորմոնի Գրքի պատգամը՝ հպարտության մեղքը: Արդեն բավական ժամանակ է, որ այս պատգամը ծանրացած է իմ հոգու վրա: Ես գիտեմ, որ այս պատգամի տարածելը, այժմ, Տիրոջ ցանկությունն է:

Նախաերկրային խորհրդի ժամանակ հպարտությունն էր, որ վայր գցեց Լյուցիֆերին՝ «արշալույսի որդուն» (2 Նեփի 24.12–15, տես նաև ՎևՈւ 76.25–27, Մովսես 4.3): Այս աշխարհի վերջում, երբ Աստված կմաքրի երկրագունդը կրակով, հպարտները կայրվեն հարդի պես և հեզերը կժառանգեն երկիրը (տես 3 Նեփի 12.5, 25.1, ՎևՈւ 29.9, ՋՍ—Պ 1.37, Մաղ. Դ.1):

Վարդապետություն և Ուխտերում Տերը երեք անգամ օգտագործում է «զգուշացի՛ր հպարտությունից» արտահայտությունը, ներառյալ զգուշացումը՝ Եկեղեցու երկրորդ երեց Օլիվեր Քաուդերիին և Էմմա Սմիթին՝ Մարգարեի կնոջը (ՎևՈւ 23.1, տես նաև 25.14, 38.39):7

2

Հպարտության հիմնական բնորոշիչ հատկանիշը թշնամանքն է՝ Աստծո և մերձավորի հանդեպ:

Հպարտությունը չափազանց սխալ հասկացված մեղք է և շատերը մեղանչում են անգիտության մեջ (Տես Մոսիա 3.11, 3 Նեփի 6.18): Սուրբ գրքերում չկա այնպիսի հասկացություն, ինչպես՝ ճշմարիտ հպարտություն. այն մեղք է համարվում՝ բոլոր պարագաներում: Հետևաբար, անկախ նրանից, թե այն ինչ նշանակությամբ է օգտագործվում աշխարհում, մենք պետք է գիտակցենք, թե ինչ իմաստով է Աստված օգտագործում այդ հասկացությունը, որ կարողանանք հասկանալ սուրբ գրքերի լեզուն և դրանից օգուտ քաղենք: (Տես 2 Նեփի 4.15, Մոսիա 1.3–7, Ալմա 5.61:)

Մեզանից շատերը հպարտություն են համարում եսամոլությունը, սնապարծությունը, պարծենկոտությունը, գոռոզությունը կամ մեծամտությունը: Այս բոլորը մեղքի տարրերն են, բայց նրա էությունը, կամ միջուկը բացակայում է:

Հպարտության հիմնական բնորոշիչ հատկանիշը թշնամանքն է՝ թշնամանք Աստծո և մերձավորի հանդեպ: Թշնամանք նշանակում է ատելության, ոխի կամ ընդդիմության վիճակ: Դա այն ուժն է, որով սատանան ցանկանում է իշխել մեզ վրա:

Հպարտությունն իր հիմնական էությամբ մրցակցական է: Մենք հակադրում ենք մեր կամքն ընդդեմ Աստծո: Երբ մենք ուղղում ենք մեր հպարտությունը դեպի Աստված, ապա այն հետևյալ ոգով է. «ի՛մ կամքը թող կատարվի, ոչ թե քո»: Ինչպես Պողոսն է ասել, «… ամենքն իրանց բաներն են որոնում և ոչ թէ Յիսուս Քրիստոսինը» (Փիլ. Բ.21):

Մեր կամքի մրցակցությունն Աստո կամքի հետ, թույլ է տալիս ցանկությունների, ախորժակների և կրքերի անսանձ ընթացք (տես Ալմա 38.12, 3 Նեփի 12.30):

Հպարտները չեն կարող ընդունել Աստծո հեղինակությունը՝ իրենց կյանքին ուղղություն տալիս (տես Հել. 12.6): Նրանք հակադրում են ճշմարտության իրենց զգայական ընկալումն Աստծո մեծ իմացության դեմ, իրենց ունակություններն՝ ի հակադրություն Աստծո Քահանայության զորությանը, իրենց ձեռքբերումներն՝ ընդդեմ նրա հզոր գործերի:

Մեր թշնամանքը՝ հանդեպ Աստված, ունի բազմաթիվ պիտակներ, ինչպիսիք են. ապստամբ, կարծրասիրտ, խստապարանոց, չապաշխարող, փքված, հեշտ վիրավորվող, նշաններ որոնող: Հպարտները ցանկանում են, որ Աստված համաձայնվի իրենց հետ: Նրանք չեն ցանկանում փոխել իրենց կարծիքը՝ համաձայնվելու Աստծո հետ:

Հպարտության, այս չափազանց գերակշռող մեղքի մյուս գլխավոր մասը թշնամանքն է մեր մերձավորների հանդեպ: Ամեն օր մենք գայթակղվում ենք՝ ինքներս մեզ վեր դասելու մյուսներից և նվաստացնելու նրանց (տես Հել. 6.17, ՎևՈւ 58.41):

Հպարտները յուրաքանչյուր մարդու դարձնում են իրենց հակառակորդը՝ ցուցադրելով դիմացինին իրենց մտածելակերպը, կարծիքները, գործերը, հարստությունը, տաղանդները կամ աշխարհիկ որևէ այլ չափի միջոց: Կ. Ս. Լյուիսի խոսքերով ասած. «Հպարտությունը չի բավարարվում պարզապես որևէ բան ունենալով, այլ միայն՝ մեկ ուրիշի համեմատ ավելին ունենալով… Համեմատվելը՝ մնացածից բարձր լինելու հաճույքը, դա է, որ մեզ դարձնում է հպարտ: Հենց որ անցնում է մրցակցության տարրը, հպարտությունը նույնպես անցնում է» (Mere Christianity, New York: Macmillan, 1952, pp. 109–10):

Նախաերկրային խորհրդում Լյուցիֆերը մրցակցության դրեց իր առաջարկը Հոր ծրագրին, մինչ այն պաշտպանվում էր Հիսուս Քրիստոսի կողմից (տես Մովսես 4.1–3): Նա ցանկանում էր մեծարվել ավելի շատ, քան բոլոր մյուսները (տես 2 Նեփի 24.13): Կարճ ասած, նրա հպարտ ցանկությունն էր՝ գահազրկել Աստծուն (տես ՎևՈւ 29.36, 76.28):

Սուրբ գրքերը հարուստ են՝ անհատների, խմբերի, քաղաքների և ազգերի հպարտության մեղքի ծանր հետևանքների դասերով: Կործանմանը նախորդում է հպարտությունը (Առակ. ԺԶ.18): Այն կործանեց Նեփիի ազգին և Սոդոմ քաղաքը (տես Մոր. 8.27, Եզեկ. 16.49–50):8

3

Հպարտներն ավելի շատ վախենում են մարդկանց դատաստանից, քան Աստծո դատաստանից:

Հպարտության պատճառով էր, որ խաչվեց Քրիստոսը: Փարիսեցիները կատաղած էին, որովհետև Հիսուսը սպառնալիք էր իրենց դիրքերին և, այդպիսով, նրանք Նրա մահվան համար դավ նյութեցին (տես Հովհ. ԺԱ.53):

Հպարտության պատճառով Սավուղը թշնամացավ Դավիթին: Նա նախանձում էր, որովհետև Իսրայելացի կանանց ամբոխները երգում էին. «Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն իր բիւրաւորներին» (Ա Թագ. ԺԸ.6–8):

Հպարտներն ավելի շատ վախենում են մարդկանց դատաստանից, քան Աստծո դատաստանից: (Տես ՎևՈւ 3.6–7, 30.1–2, 60.2:) «Ի՞նչ կմտածեն մարդիկ իմ մասին», ավելի ծանրակշիռ է, քան «ի՞նչ կմտածի Աստված իմ մասին»:

Նոյ թագավորը մտադիր էր ազատել Աբինադի մարգարեին, բայց նրա ամբարիշտ քահանաների մի հատիկ կոչը՝ նրա հպարտության զգացմանը, ուղարկեց Աբինադիին դեպի կրակի բոցերը (տես Մոս. 17.11–12): Հերովդեսը վշտացած էր Հովհաննես Մկրտչին գլխատելու իր կնոջ խնդրանքից: Բայց նրա հպարտ ցանկությունը՝ լավը երևալ նրանց աչքում, «ում հետ նա խնջույքի էր նստած», ստիպեց նրան սպանել Հովհաննեսին (Մատթ. ԺԴ.9, տես նաև Մարկոս Զ.26):

Նկար
The Book of Mormon prophet Abinadi preaching before King Noah and the wicked priests. Abinadi is bound in chains. Scriptural reference: Mosiah 12:18-37, 13:1-9

Թագավոր Նոյի հպարտությունը տարավ դեպի Աբինադիի մահվանը և իր իսկ մահվանը:

Մարդկանց դատաստանի վախը պարզորոշ դրսևորվում է մարդկանց հավանության համար մրցակցությունում: Հպարտները մարդկանց գովասանքն ավելի շատ են սիրում, քան Աստծո գովասանքը (Հովհ. 1Բ.42–43): Մեր վարվելակերպի շարժառիթը, հենց այն տեղն է, որտեղ պարզորոշ դրսևորվում է մեղքը: Հիսուսն ասում էր, որ նա անում էր «միայն այնպիսի բաներ», որոնք գոհացնում էին Աստծուն (Հովհ. Ը.29): Արդյոք մենք ավելի լավ չե՞նք վարվի, եթե որպես շարժառիթ ընտրենք Աստծուն գոհացնելը, քան մեր մերձավորներից վեր բարձրանալու կամ ևս մեկից առաջ անցնելու փորձերը:

Որոշ հպարտ մարդիկ այնքան մտահոգված չեն նրանով, թե արդյոք իրենց աշխատավարձը բավարար է իրենց կարիքները հոգալու համար, որքան արդյո՞ք իրենց աշխատավարձն ավելին է, քան ինչ-որ մեկինը: Նրանց պարգևը` մնացածից մի շերտ բարձր լինելն է: Սա՛ է հպարտության թշնամանքը:

Երբ հպարտությունն իշխում է մեր սրտում, մենք կորցնում ենք մեր անկախությունն աշխարհից և հանձնում ենք մեր ազատությունը՝ մարդկանց դատաստանի ստրկությանը: Աշխարհը գոռում է ավելի բարձր, քան Սուրբ Հոգու շշունջները: Մարդկային դատողությունը ոտնատակ է անում Աստծո հայտնությունները և հպարտը բաց է թողնում «երկաթյա ձողը» (տես 1 Նեփի 8.19–28, 11.25, 15.23–24):9

4

Հպարտությունը դրսևորվում է շատ ձևերով:

Հպարտությունը մեղք է, որը հեշտ է տեսնել ուրիշների մեջ, բայց դժվարությամբ ենք նկատում մեր մեջ: Մեզանից շատերը կարծում են, որ հպարտությունը վերևում գտնվողներին բնորոշ մեղք է, որոնք են՝ հարուստները, ուսյալները, որոնք՝ վերևից ներքև են նայում մնացած բոլորի վրա (տես 2 Նեփի 9.42): Ինչևէ, մեզանում կա մի ավելի ընդհանուր հիվանդություն. և դա՝ ներքևից դեպի վեր նայող հպարտությունն է: Այն դրսևորվում է բազմաթիվ տարբեր ձևերով, ինչպիսիք են՝ բծախնդրությունը, բամբասելը, վատաբանելը, դժգոհելը, ունեցած միջոցների սահմաններից դուրս ապրելը, նախանձելը, ընչասիրությունը, խուսափելը երախտագիտություն ու գովասանք հայտնելուց, որը կարող էր վեհացնել դիմացինին և չներող ու խանդոտ լինելը:

Անհնազանդությունը հիմնականում հպարտ ուժի պայքարն է՝ ընդդեմ որևէ մեկի, որը հեղինակությամբ բարձր է մեզանից. դա կարող է լինել ծնող, քահանայության առաջնորդ, ուսուցիչ կամ, ի վերջո, Աստված: Հպարտ մարդն ատում է այն փաստը, որ որևէ մեկն իրենից բարձր է: Նա մտածում է, որ դա ստորացնում է իր դիրքը:

Եսասիրությունը հպարտության ավելի պարզ դրսևորումներից մեկն է: «Ինչպե՞ս է ամեն ինչ ազդում ինձ վրա», սա է բոլոր հարցերի՝ ինքնահավանության, ինքնախղճահարության, աշխարհիկ ինքնահաստատման, ինքնագոհության և շահամոլության կենտրոնը:

Հպարտությունն է առաջացնում գաղտնի խմբավորումներ, որոնք ստեղծվում են՝ իշխանություն, շահ և աշխարհիկ փառք ձեռք բերելու համար (տես Հել. 7.5, Եթեր 8.9, 16, 22–23, Մովս. 5:31): Հպարտության մեղքի այս պտուղը, այսինքն՝ գաղտնի խմբավորումները, կործանեցին երկու՝ Հարեդացիների և Նեփիացիների քաղաքակրթություններ, և եղել է ու դեռ կլինի շատ ազգերի անկման պատճառը (տես Եթեր 8.18–25):

Հպարտության մեկ այլ արտահայտությունը հակառակությունն է: Վեճերը, կռիվները, անարդար իշխանությունը, տարակարծության ճեղքվածքը՝ սերունդների միջև, ամուսնալուծությունները, կողակցի հանդեպ բռնությունը, անկարգություններն ու խռովությունները, – բոլորը մտնում են հպարտության այս դասի մեջ:

Հակառակությունը՝ մեր ընտանիքներում, հեռու է վանում Տիրոջ Հոգին: Նմանապես, այն հեռու է վանում մեր ընտանիքի անդամներին: Հակառակությունը տարածվում է՝ մի թշնամական խոսքից մինչև համաշխարհային ընդհարումների: Սուրբ գրքերն ասում են, որ «միայն հպարտությունից է առաջ գալիս հակառակությունը» (Առակաց ԺԳ.10; տես նաև Առակաց ԻԸ.25):

Սուրբ գրքերը վկայում են, որ հպարտները շուտ վիրավորվում են և ոխ պահում (տես 1 Նեփի 16.1–3): Նրանք հրաժարվում են ներել, որպեսզի դիմացինին պարտքի տակ պահեն և արդարացնեն իրենց վիրավորված զգացմունքները:

Հպարտները դժվարությամբ են խորհուրդ ընդունում կամ ուղղվում (տես Առակ. ԺԵ.10, Ամովս Ե.10): Պաշտպանողականությունը նրանց կողմից օգտագործվում է՝ արդարացնելու և բանականացնելու իրենց թուլությունները և ձախողումները (տես Մատ. Գ.9, Հովհ. Զ.30–59):

Հպարտների անձնական արժանիքներ ունենալը կամ չունենալը կախված է աշխարհի կարծիքից: Նրանց ինքնագնահատումը որոշվում է, թե աշխարհիկ հաջողության աստիճանի որ բաժնում են նրանք դասվում: Նրանք իրենց արժանի անհատներ են զգում, եթե հաջողությամբ, շնորհալիությամբ, գեղեցկությամբ կամ գիտակցությամբ իրենցից ցածր գտնվողների թիվը բավականաչափ մեծ է: Հպարտությունը տգեղ է: Այն ասում է. «Եթե դու հաջողություն ունես, ապա ես անհաջողակ եմ»:

Իրական ինքնագնահատում կունենանք միայն մի դեպքում, եթե մենք սիրենք Աստծուն, կատարենք նրա կամքը և վախենանք նրա դատաստանից ավելի շատ, քան մարդկանց դատաստանից:10

5

Հպարտությունը սահմանափակում կամ կանգնեցնում է առաջընթացը

Հպարտությունն անիծյալ մեղք է՝ բառի բուն իմաստով. այն սահմանափակում կամ կանգնեցնում է առաջընթացը (տես Ալմա 12.10–11): Հպարտներին դժվար է ուսուցանելը (տես 1 Նեփի 15.3, 7–11): Նրանք չեն կամենում փոխել իրենց կարծիքը, որպեսզի ընդունեն ճշմարտությունը, որովհետև այդպես վարվելը՝ կնշանակեր, որ իրենք սխալ են եղել:

Հպարտությունը բացասաբար է ազդում մեր բոլոր հարաբերությունների, մեր և Աստծո ու նրա ծառաների հարաբերությունների վրա, ամուսին և կին հարաբերության վրա, ծնող և երեխա, ձեռնարկատեր և ծառայող, ուսուցիչ և ուսանող հարաբերությունների վրա և ողջ մարդկության վրա: Մեր հպարտության աստիճանն է որոշում, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր Աստծո և մեր եղբայրների ու քույրերի հետ: Քրիստոսը ցանկանում է բարձրացնել մեզ՝ հասցնել իր բարձրության աստիճանին: Արդյոք մենք ցանկանու՞մ ենք անել նույնն ուրիշների համար:

Հպարտությունը նվազեցնում է մեր որդիական զգացումներն աստծո հանդեպ և եղբայրական զգացումը մարդու հանդեպ: Այն անջատում և բաժանում է մեզ «դասերի», ըստ մեր հարստությունների և մեր ուսում ստանալու հնարավորությունների (3 Նեփի 6:12): Միաբանությունն անհնար է հպարտ ժողովրդի համար, իսկ եթե մենք միաբան չենք, մենք Տիրոջ ժողովուրդը չենք (տես Մոսիա 18:21; ՎևՈւ 38:27; 105: 2–4; Մովսես 7.18):

Մտածեք, թե որքան թանկ ենք մենք վճարել հպարտության համար անցյալում և, որքան թանկ ենք մենք վճարում դրա համար այժմ՝ մեր սեփական կյանքում, մեր ընտանիքներում և Եկեղեցում:

Մտածեք ապաշխարության մասին, որը կարող էր տեղի ունենալ, փոխելով կյանքեր, պահպանելով ամուսնություններ և ամրացնելով ընտանիքներ, եթե հպարտությունը ետ չպահեր մեզ՝ մեր մեղքերը խոստովանելուց և դրանցից հրաժարվելուց (տես ՎևՈւ 58.43):

Մտածեք այն շատերի մասին, որոնք ակտիվ չեն Եկեղեցում, այն պատճառով, որ նրանց վիրավորել են, և հպարտությունը նրանց թույլ չի տալիս ներել, ոչ էլ նույնիսկ օգտվել Տիրոջ սեղանից:

Մտածեք այն տասնյակ հազարավոր երիտասարդների և տարեց զույգերի մասին, որոնք կարող էին ծառայել որպես միսիոներ, եթե չլիներ հպարտությունը, որը նրանց ետ է պահում՝ իրենց սրտերն աստծուն նվիրաբերելուց (տես Ալմա 10.6, Հել. 3.34–35):

Մտածեք, թե որքան կաճեր տաճարային աշխատանքը, եթե ժամանակը, որը ծախսվում է այս Աստվածահաճո ծառայության վրա, համարվեր ավելի կարևոր, քան այն բազմաթիվ հպարտ ձգտումները, որոնք մրցակցում են մեր ժամանակի համար:11

Նկար
A young couple sitting next to each other in an apartment or house. There are boxes around them to indicate they just moved in. They are smiling and hugging each other.

Համեստությունը միասնություն և ուժ է բերում ամուսնություններին և ընտանիքներին:

6

Հպարտության հակաթույնը համեստությունն է:

Հպարտությունն ազդեցություն ունի բոլորիս վրա՝ տարբեր ժամանակներում և տարբեր աստիճաններով: Այժմ դուք կարող եք տեսնել, թե ինչու Լեքիի երազի շենքը, որն աշխարհի հպարտությունն էր ներկայացնում, մեծ էր և ընդարձակ, և մեծ էր բազմությունը, որ մտավ այնտեղ (տես 1 Նեփի 8.26, 33, 11.35–36):

Հպարտությունը բազմակողմանի մեղք է, մեծ չարիք: Այո՛, հպարտությունը բազմակողմանի մեղք է, մեծ չարիք:

Դրա հակաթույնը համեստությունն է՝ հեզությունը, հլությունը (տես Ալմա 7.23): Դա կոտրված սիրտն է և փշրված հոգին (տես 3 Նեփի 9.20, 12.19, ՎևՈւ 20.37, 59.8, Սաղ. 34.18, Ես. 57.15, 66.2): Ինչպես Ռեդյարդ Քիփլինգն է այնքան լավ ասել.

Աղմուկ, աղաղակ մարում են անհետ.

Զորավար, արքա՝ գնում, հեռանում:

Իսկ խոնարհ սրտի, զղջացող հոգու

Քո զոհաբերությունն այդ հին՝ դեռ կանգուն:

Տե՜ր, Զորա՛ց Աստված, մի լքիր դեռ մեզ,

Որ չլինի թե մոռանանք մենք քեզ: …

Աստված կամենում է ունենալ խոնարհ ժողովուրդ: Մենք կարող ենք, կամ ինքներս խոնարհվել, կամ էլ հարկադրված լինել խոնարհվելու: Ալման ասում էր, որ օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ խոնարհ լինել (Ալմա 32.16):

Եկեք ընտրենք խոնարհ լինելը:

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ հաղթահարելով թշնամանքը՝ մեր եղբայրների և քույրերի հանդեպ, գնահատելով նրանց, ինչպես մեզ և բարձրացնելով նրանց այնքան բարձր, որքան մենք ենք կամ ավելի բարձր (տես ՎևՈւ 38.24, 81.5, 84.106):

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ ընդունելով խորհուրդ և խրատ (տես Հակոբ 4.10, Հել. 15.3, ՎևՈւ 63.55, 101.4–5, 108.1, 124.61, 84, 136.31, Առակ. Թ.8):

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ ներելով նրանց, ովքեր վիրավորել են մեզ (տես 3 Նեփի. 13.11, 14, ՎևՈւ 64.10):

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ մատուցելով անձնուրաց ձառայություն (տես Մոսիա 2.16–17 ):

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ գնալով միսիայի և քարոզելով խոսքը, որը կարող է խոնարհեցնել մյուսներին (տես Ալմա 4.19, 31.5, 48.20):

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ ավելի հաճախ այցելելով տաճար:

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ խոստովանելով և թողնելով մեր մեղքերը և վերստին ծնվելով Աստծուց (տես ՎևՈւ 58.43, Մոսիա 27.25–26, Ալմա 57–14, 49):

Մենք կարող ենք ընտրել ինքներս խոնարհվելը՝ սիրելով Աստծուն, մեր կամքը նրան ենթարկելով, և դնելով Նրան առաջին տեղում մեր կյանքում: (Տես 3 Նեփի 11.11, 13.33, Մոր. 10.32:)

Եկեք ընտրենք խոնարհ լինելը: Մենք կարո՛ղ ենք այդ անել: Ես գիտե՛մ, մենք կարո՛ղ ենք:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք պարտավոր ենք պատրաստվել՝ Սիոնը փրկագնելու համար: Հիմնականում հպարտության մեղքն էր, որ խանգարեց մեզ՝ հինադրելու Սիոնը Մարգարե Ջոզեֆ Սմիթի օրոք: Այդ նույն հպարտության մեղքն էր, որ վերջ դրեց նվիրաբերմանը Նեփիացիների մեջ (տես 4 Նեփի 1.24–25):

Հպարտությունը գայթակղության մեծ քար է Սիոնի համար: Ես կրկնում եմ՝ Հպարտությունը գայթակղության մեծ քար է Սիոնի համար:

Մենք պետք է մաքրենք ներքին անոթը՝ հաղթահարելով հպարտությունը (տես Ալմա 6.2–4, Մատթեոս ԻԳ.25–26):

Մենք պետք է ենթարկվենք «Սուրբ Հոգու հորդորներին», հանենք մեր վրայից հպարտ՝ «բնական մարդուն» և դառնանք «մի սուրբ՝ Տեր Քրիստոսի քավությամբ» և դառնանք «հլու, հեզ և խոնարհ, ինչպես մի երեխա» (Մոսիա 3.19, տես նաև Ալմա 13.28):

Ես ջերմեռանդ աղոթում եմ, որպեսզի մենք կարողանանք այդպես վարվել և առաջ գնալ՝ իրականացնելու մեր աստվածային ճակատագիրը:12

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնը նշել է, որ հպարտությունը Նեփիացի ժողովրդին կործանման տարավ (տես բաժին 1): Ինչո՞ւ եք կարծում, որ հպարտությունն այդպիսի կործանարար ուժ ունի:

  • Ի՞նչ ուղիներով կարող են մարդիկ «դեմ դուրս գալ Աստծո կամքին» (տես բաժին 2): Որո՞նք են այն օրհնությունները, որոնք գալիս են մեզ, երբ մենք հետևում ենք Աստծո կամքին:

  • Ինչո՞ւ ենք ձեր կարծիքով երբեմն ավելի շուտ հարցնում. «Ի՞նչ կմտածեն ուրիշ մարդիկ իմ մասին», քան «Ի՞նչ կմտածի Աստված իմ մասին» (տես բաժին 3): Ինչպե՞ս է մեր կյանքը փոխվում, երբ մեր մեծագույն ցանկությունն է լինում գոհացնել Աստծուն:

  • Վերանայեք հպարտության դրսևորումները, որոնք թվարկվում են բաժին 4-ում: Ինչպե՞ս կարող ենք խուսափել հպարտության այս դրսևորումներից մեր կյանքում:

  • Նախագահ Բենսոնն ասել է. «Հպարտությունը բացասաբար է ազդում բոլոր մեր հարաբերությունների վրա» Աստծո հետ և մյուսների հետ (բաժին 5): Ինչո՞ւ է սա ճշմարիտ:

  • Բաժին 6-ում, Նախագահ Բենսոնը թվում է ուղիներ, որոնցով մենք կարող ենք ընտրել խոնարհ լինել: Ինչո՞ւ եք կարծում, որ ավելի լավ է ընտրել խոնարհ լինել, քան ստիպված խոնարհ լինել:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս ԻԳ.12, Ղուկաս ԺԸ.9–14, Յակոբոս Դ.6, Ալմա 5.27–28, ՎևՈւ 112.10, 121.34–40

Օգնություն ուսումնասիրողին

Նմանեցնելով մարգարեի խոսքերը ձեզ, մտածեք այն մասին, թե ինչպես են նրա ուսմունքները կապված ձեզ հետ (տես Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 170): Մտածեք ինքներդ ձեզ հարցնել, թե ինչպես այդ ուսմունքները կարող են օգնել ձեզ՝ մտահոգությունների, հարցերի և մարտահրավերների ժամանակ ձեր կյանքում:

Հղումներ

  1. “Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 6–7.

  2. Boyd K. Packer, in Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 429–30.

  3. Russell M. Nelson, in Ezra Taft Benson: A Biography, 430.

  4. «Cleansing the Inner Vessel», 7:

  5. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 293.

  6. «Cleansing the Inner Vessel», 7:

  7. “Beware of Pride,” Ensign, May 1989, 4.

  8. “Beware of Pride,” 4–5.

  9. “Beware of Pride,” 5.

  10. “Beware of Pride,” 5–6.

  11. “Beware of Pride,” 6.

  12. “Beware of Pride,” 6–7; hymn text for “God of Our Fathers, Known of Old” by Rudyard Kipling in Hymns, no. 80.