Նախագահների ուսմունքները
Գլուխ 16. Տարեցները Եկեղեցում


Գլուխ 16

Տարեցները Եկեղեցում

«Թող այս ոսկե տարիները լինեն ձեր ամենալավ տարիները, երբ դուք լիարժեք ապրում եք և սիրում ու ծառայում: Եվ Աստված օրհնի նրանց, ովքեր ծառայում են ձեր կարիքներին, ձեր ընտանիքին, ձեր ընկերներին և ձեր ընկերակից Եկեղեցու անդամներին ու ղեկավարներին»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Էզրա Թաֆտ Բենսոնը 86 տարեկան էր, երբ դարձավ Եկեղեցու Նախագահը: Նա հասկանում էր ուրախությունները և մարտահրավերները, որոնք գալիս են կյանքի ավելի ուշ տարիներին: Ուրախություններից մեկը նրա համար իր շարունակվող հաղորդակցումն էր իր կնոջ՝ Ֆլորայի հետ: Զույգը տոնեց իր հարսանյաց 60-րդ տարեդարձը որպես նախագահ նրա առաջին տարվա ընթացքում: Նրանք վայելում էին միմյանց ընկերակցությունը և տաճար էին հաճախում միասին գրեթե ամեն ուրբաթ առավոտյան: Իր 87 ծննդյան տարեդարձի ժամանակ, ինչ-որ մեկը հարցրեց Նախագահ Բենսոնին իր երկար երջանիկ կյանքի գաղտնիքը: «Նախքան նա կպատասխաներ, Քույր Բենսոնն ասաց կատակով, բայց նշանակալի. «Նա լավ կին ունի»:1

Իրենց տարեց հասակում Նախագահ և Քույր Բենսոնները սիրում էին ժամանակ անցկացնել իրենց երեխաների և թոռների հետ և նրանց ընտանիքը շարունակում էր սովորել նրանց օրինակից: «Թոռնուհիներից մեկն ապրում էր իր տատիկի և պապիկի հետ նրա նախագահ դառնալու առաջին տասնութ ամիսների ընթացքում և նրանց խնդրանքով հաճախ էր ճանապարհորդում նրանց հետ՝ օգնելու նրանց և ծառայելու նրանց անձնական կարիքներին: Եվ նա մոտիկից հետևում էր իր տատիկին ու պապիկին տանը՝ նրանց ժամադրություններին հյուրասենյակում պաղպաղակի շուրջ, բազմոցին նստած և միմյանց ձեռք բռնած, երբ նրանք հիշում էին, երգում և միասին ծիծաղում, այն ջերմ հանդիպումները, որ նրանք ունենում էին տնային ուսուցիչների և ուրիշների հետ, ովքեր գալիս էին այցելության»:2

Թոռները հասկանում էին, թե ինչ օրհնություն էր իմաստուն և սիրառատ տատիկ պապիկ ունենալը: «Մի թոռնուհի Նախագահ Բենսոնին շնորհակալություն էր գրել իրեն և իր ամուսնուն մի դժվար որոշման հետ կապված խորհուրդ տալուց հետո: Մենք հարցրեցինք քեզ, թե ինչ էիր կարծում և դու ասացիր. «Աղոթեք դրա մասին: Ես հավատում եմ, որ դուք կընդունեք ճիշտ որոշում»: Քո հավատքը մեր հանդեպ տվեց մեզ հավելյալ վստահություն»:3

Գերագույն համաժողովի համար, որն անմիջապես հետևեց նրա 90-ամյակին, Նախագահ Բենսոնը պատրաստեց մի ելույթ ուղղված «Եկեղեցու տարեց անդամներին և նրանց ընտանիքներին և նրանց, ովքեր ծառայում են նրանց կարիքներին»: Ներածությունում, նա արտահայտեց իր անձնական կապն այդ թեմայի հետ. «Ես հատուկ զգացումներ ունեմ տարեցների հանդեպ՝ տղամարդկանց և կանանց այդ սքանչելի խմբի հանդեպ: Ես զգում եմ, որ ինչ որ չափով ես հասկանում եմ նրանց, քանի որ ես նրանցից մեկն եմ»:4

Նկար
President Ezra Taft Benson smiling. Photographed at the October 1982 general conference.

«Ես հատուկ զգացումներ ունեմ տարեցների հանդեպ… Ես զգում եմ, որ ինչ որ չափով ես հասկանում եմ նրանց, քանի որ ես նրանցից մեկն եմ»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Տերը գիտի և սիրում է տարեցներին և նրանց վրա է դրել Իր մեծագույն պարտականություններից շատերը:

Տերը գիտի և սիրում է Իր ժողովրդի միջի տարեցներին: Դա միշտ այդպես է եղել, և նրանց վրա է Նա դրել Իր մեծագույն պարտականություններից շատերը: Տարբեր տնտեսություններում Նա առաջնորդել է Իր ժողովրդին մարգարեների միջոցով, ովքեր իրենց տարեց հասակում են եղել: Նա տարիքային իմաստության ու փորձառության կարիքն է ունեցել, ոգեշնչված ուղղորդումը նրանց կողմից, ովքեր երկար տարիների ստուգված հավատարմություն են ունեցել Իր ավետարանի հանդեպ:

Տերն օրհնեց Սարային իր տարեց հասակում, Աբրահամին զավակ ծնելով: Հավանաբար, թագավոր Բենյամինի մեծագույն քարոզը տրվեց շատ տարեց հասակում և մահին խիստ մոտիկ: Նա իսկապես գործիք էր եղել Տիրոջ ձեռքում, քանի որ կարողացել էր առաջնորդել և հաստատել խաղաղություն իր ժողովրդի մեջ:

Շատ ուրիշ տղամարդիկ և կանայք դարերի ընթացքում իրագործել են մեծ բաներ, երբ նրանք առաջ են գնացել ծառայելու Տիրոջը և նրա զավակներին, նույնիսկ իրենց տարեց հասակում:

Մեր տնտեսության ժամանակաշրջանում, [այդ] մարգարեներից, ովքեր կանչվել են Տիրոջ կողմից, շատերը կանչվել են, երբ իրենց յոթանասուն կամ ութանասուն տարին բոլորած են եղել կամ ավելի ծեր: Որքան է Տերը ճանաչում և սիրում Իր զավակներին, ովքեր այնքան շատ բան են տվել իրենց փորձառության տարիներին:

Ես սիրում եմ ձեզ, ովքեր տարեցներ եք Եկեղեցում: Դուք այսօր բնակչության ամենաարագ աճող տարիքային խումբն եք աշխարհում, ինչպես նաև Եկեղեցում:

Մեր ցանկություններն են, որ ձեր ոսկե տարիները լինեն սքանչելի և պարգևատրող: Մենք աղոթում ենք, որ դուք զգաք լավ անցկացված կյանքի ուրախությունը՝ սիրելի հիշողություններով և նույնիսկ ավելի մեծ ակնկալիքներով՝ Քրիստոսի քավության միջոցով: Մենք հուսով ենք դուք կզգաք այն խաղաղությունը, որը Տերն է խոստացել նրանց, ովքեր շարունակում են ձգտել Իր պատվիրանները պահել և հետևել Իր օրինակին: Մենք հուսով ենք, որ ձեր օրերը լցված են անելիքներով և միջոցներով, որոնցով դուք կարող եք ծառայություն մատուցել ուրիշներին, ովքեր այնքան բախտավոր չեն, որքան դուք: Ավելի տարեց գրեթե միշտ նշանակում է ավելի լավը, քանի որ ձեր իմաստության և փորձառության հարստությունը կարող է շարունակել ընդարձակվել և մեծանալ, երբ դուք օգնության եք հասնում ուրիշներին:5

2

Մենք կարող ենք մեր ավագ տարիները դարձնել լավագույնը:

Թույլ տվեք առաջարկել ութ ասպարեզներ, որոնցում մենք կարող ենք մեր ավագ տարիները դարձնել լավագույնը.

1. Ծառայեք տաճարում և հաճախ այցելեք: Մենք, ովքեր ավելի տարեց ենք, պետք է օգտագործենք մեր էներգիան, ոչ միայն օրհնելու մեր նախնիներին, այլ հավաստիանալու, որ որքանով որ հնարավոր է, ողջ մեր սերունդը կարողանա վեհացման արարողություններ ստանալ տաճարում: Աշխատեք ձեր ընտանիքների հետ, խորհրդակցեք և աղոթեք նրանց համար, ովքեր դեռ չեն կամենում նախապատրաստվել:

Մենք հորդորում ենք բոլորին, ովքեր կարող են, հաճախ այցելել տաճար և ընդունել տաճարում ծառայելու կոչումներ, երբ առողջությունը և ուժը և տարածությունը թույլ կտան: Մենք հենվում ենք ձեզ վրա՝ օգնելու տաճարային ծառայությանը: Տաճարների աճող թվով մենք ավելի շատ անդամների կարիք ունենք նախապատրաստվելու այս հաճելի ծառայության համար: Քույր Բենսոնն ու ես երախտապարտ ենք, որ գրեթե ամեն շաբաթ մենք միասին կարող ենք տաճար հաճախել: Ինչպիսի օրհնություն է այս եղել մեր կյանքում:

2. Հավաքեք և գրեք ընտանեկան պատմություններ: Մենք կոչ ենք անում ձեզ հետամուտ լինել եռանդունորեն հավաքել ու գրել անձնական և ընտանեկան պատմություններ: Այնքան շատ դեպքեր կան, որ միայն դուք ունեք ձեր մեջ պատմությունը, սիրելիների մասին հիշողությունը, ամսաթվերն ու իրադարձությունները: Որոշ իրավիճակներում հենց դուք եք ընտանեկան պատմությունը: Քիչ դեպքերում է, որ ձեր ժառանգությունն ավելի լավ կպահպանվի, քան ձեր հավաքելով և գրելով ձեր պատմությունները:

3. Ներգրավված եղեք միսիոներական ծառայության մեջ: Մենք աճող թվով տարեց միսիոներների կարիք ունենք միսիոներական ծառայության մեջ: Որտեղ առողջությունը և միջոցները հնարավոր են դարձնում, մենք կոչ ենք անում մեր զույգերից հարյուրավորների կարգի դնել իրենց կյանքն ու գործերը, որպեսզի միսիայի գնան: Որքան շատ կա ձեր կարիքը միսիոներական դաշտում: Դուք կարող եք կատարել միսիոներական ծառայություն այնպիսի ուղիներով, որ մեր երիտասարդ միսիոներները չեն կարող:

Ես երախտապարտ եմ, որ իմ երկու այրիացած քույրերը կարողացան միասին ծառայել որպես միսիոներական զուգընկերուհիներ Անգլիայում: Նրանք վաթսունութ և յոթանասուներեք տարեկան էին, երբ կանչվեցին, և նրանք երկուսն էլ ունեցան սքանչելի փորձառություն:

Ինչպիսի օրինակ և օրհնություն է ընտանիքի սերնդի համար, երբ պապիկն ու տատիկը միսիա են ծառայում: Տարեց զույգերի մեծամասնությունը, ովքեր գնում են, զորանում և վերակենսունակություն են ստանում միսիոներական ծառայության միջոցով: Ծառայության այս սուրբ մայրուղու միջոցով, շատերն են սրբագործվում և զգում ուրիշներին Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության իմացությանը բերելու ուրախությունը: …

4. Ապահովեք ղեկավարում` կառուցելով ընտանեկան միասնություն: Մենք պնդում ենք, որ բոլոր տարեց անդամները, երբ հնարավոր է, իրենց ընտանիքները մի տեղ հավաքեն: Կազմակերպեք նրանց համախմբված միավորներով: Ղեկավարություն ապահովեք ընտանեկան հավաքույթներում: Հիմնեք ընտանեկան վերահավաքներ, որտեղ կարելի է զգալ և սովորել մտերմություն և ընտանեկան ժառանգություն: Զարգացրեք հիանալի ընտանեկան ավանդույթներ, որոնք ձեզ կկապեն միմյանց հետ հավերժորեն: Այդպես անելով, մենք կարող ենք ստեղծել մի փոքրիկ երկինք հենց այստեղ՝ երկրի վրա, անհատական ընտանիքների միջև: Ի վերջո, հավերժությունն ընտանեկան արդարակյաց կյանքի հարատևումն է:

5. Ընդունեք և կատարեք Եկեղեցական կոչումներ: Մենք վստահ ենք, որ բոլոր տարեց անդամները, ովքեր կարող են, կընդունեն կոչումներ Եկեղեցում և կկատարեն դրանք արժանապատվությամբ: Ես երախտապարտ եմ, որ անձնապես գիտեմ եղբայրների, ովքեր իրենց յոթանասունի կամ ութսունի մեջ են, ովքեր ծառայում են որպես եպիսկոպոսներ և ճյուղի նախագահներ: Որքան մենք ձեր խորհրդի կարիքն ունենք, ովքեր քայլել եք արահետով կյանքի: Մենք բոլորս կարիք ունենք լսելու ձեր հաջողությունների մասին և թե ինչպես եք դուք բարձրացել վշտից, ցավից կամ հուսահատությունից, դառնալով ուժեղ դրանք տանելու շնորհիվ:

Ձեզ համար կան հարուստ հնարավորություններ ծառայելու Եկեղեցու կազմակերպությունների մեծ մասում: Դուք ունեք ժամանակ և ավետարանի ամուր հիմք, որոնք հնարավորություն են տալիս ձեզ կատարել մեծ աշխատանք: Այնքան շատ ուղիներով դուք Եկեղեցում ղեկավարում եք հավատարիմ ծառայությամբ: Մենք շնորհակալ ենք ձեզ այն ամենի համար, որ դուք արել եք և աղոթում ենք, որ Տերը զորացնի ձեզ անելու ավելին:

6. Ծրագրեք ձեր ֆինանսական ապագան: Երբ ընթանում եք կյանքում դեպի պաշտոնաթող լինելու և տասնամյակներ, որոնք հետևում են դրան, մենք հրավիրում ենք բոլոր մեր տարեց անդամներին խնայողաբար պլանավորելու լիաժամկետ աշխատանքին հաջորդող տարիների համար: Եկեք խուսափենք ոչ անհրաժեշտ պարտքից: Մենք նաև խորհուրդ ենք տալիս զգուշություն ֆինանսական փաստաթղթեր ստորագրելիս, նույնիսկ ընտանիքի անդամների հետ, երբ կենսաթոշակային եկամուտը կարող է վտանգի ենթարկվել:

Եղեք նույնիսկ ավելի զգույշ ապագա տարիներին «հարստանալու» պլաններից, տները գրավ դնելուց կամ անորոշ ձեռնարկություններում ներդրումներ կատարելուց: Զգուշորեն առաջ գնացեք, որպեսզի կյանքի ժամանակի պլանավորումը չընդհատվի որևէ մեկ կամ մի շարք սխալ ֆինանսական որոշումներից: Վաղ ծրագրեք ձեր ֆինանսական ապագան, հետո հետևեք այդ ծրագրին:

7. Մատուցեք Քրիստոսանման ծառայություն: Քրիստոսանման ծառայությունը վեհացնում է: Այս իմանալով մենք կոչ ենք անում բոլոր տարեց անդամներին, ովքեր կարող են իրենց մանգաղները գցեն ծառայելով ուրիշներին: Սա կարող է լինել սրբագործման գործընթացի մի մասը: Տերը խոստացել է, որ նրանք, ովքեր կորցնում են իրենց կյանքը՝ ծառայելով ուրիշներին, կգտնեն իրենց: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է մեզ, որ մենք պետք է «հալենք ու մաշենք մեր կյանքը» Տիրոջ նպատակներն իրականացնելու համար: (ՎևՈւ 123.13):

Խաղաղությունն ու ուրախությունը կհետևի նրանց, ովքեր ծառայություն են մատուցում ուրիշներին: Այո, մենք Քրիստոսանման ծառայությունը խրախուսում ենք բոլորին, բայց դա հատկապես քաղցր է տարեցների կյանքում:

8. Մնացեք ֆիզիկապես առույգ, առողջ և ակտիվ: Մենք հիանում ենք այն ջանքերով, որոնք գործադրվում են այնքան շատ տարեցների կողմից` ապահովելու լավ առողջություն եկող տարիների ընթացքում: …

Որքան ենք մենք սիրում տեսնել մեր տարեց անդամներին ուժեղ և ակտիվ: Ակտիվ մնալուց ինչպես միտքը, այնպես էլ մարմինը լավ են գործում:6

Նկար
A Brazilian man reading the scriptures. He is sitting on a bus.

«Թող այս ոսկյա տարիները լինեն ձեր ամենալավագույնը, երբ դուք լիարժեք ապրում եք և սիրում ու ծառայում»:

3

Ուրիշներին ծառայելն օգնում է նրանց, ովքեր կորցրել են հարազատներին կամ ովքեր վախենում են մենակ լինելուց:

Նրանց, ովքեր կորցրել են իրենց կողակիցներին, մենք կկամենայինք արտահայտել մեր սերը: Երբեմն ձեզանից ոմանց մոտ լինում է անօգտակարության և միայնակության զգացում, որը կարող է գրեթե ճնշող դառնալ: Շատ դեպքերում դա չպետք է այդպես լինի: Ի լրումն ութ առաջարկների, որոնք հենց այժմ նշվեցին, ահա միջոցառումների մի օրինակ, որոնք ապացուցել են, որ օգտակար են ուրիշների համար:

Ոմանք, ովքեր մենակ են, զբաղված եղեք վերմակներ մկդակելով՝ յուրաքանչյուր նոր թոռնիկի համար, որը պետք է ամուսնանա կամ յուրաքանչյուր նոր մանկիկի համար, որը կծնվի ընտանիքում: Մյուսները գրում են նամակներ ծննդյան օրերի առթիվ, հաճախում են իրենց թոռների դպրոցական և սպորտային իրադարձությունների, երբ կարողանում են: Ոմանք էլ լուսանկարների ալբոմ են պատրաստում յուրաքանչյուր թոռնիկի համար որպես ծննդյան նվեր: …

Մենք տեսնում ենք բազմաթիվ շատ ուրիշների, ովքեր կամավոր աշխատանք են կատարում… հիվանդանոցներում կամ մատուցում այլ ձևի հասարակական ծառայություն: Այնքան շատերն են բավարարվածություն գտնում օգնելով այս ձևերով:

Ֆիզիկապես ունակ տարեցների համար միայնակության կամ անօգտակարության զգացումը հաղթահարելու բանալին կարիքավորներին օգնելու համար ծառայության դուրս գալն է: Մենք խոստանում ենք նրանց, ովքեր կմատուցեն այսպիսի ծառայություն, որ ինչ որ չափով դուք կապաքինվեք սիրելիների կորստից կամ միայնակ լինելու սոսկումից: Ավելի լավ զգալու ուղին ձեր իսկ իրավիճակում մյուսների վիճակը բարելավելն է:7

4

Հիվանդության և ցավի պահերին, մենք կարող ենք ուժեղ մնալ վերաբերմունքով և հոգով:

Նրանց, ովքեր հիվանդ են և ցավ են քաշում և այս կյանքի անկայունությունը, մենք ցույց ենք տալիս առանձնահատուկ սեր և մտահոգություն: Մեր սրտերն ու աղոթքներն ուղղված են դեպի ձեզ: Հիշեք, թե ինչ ասաց հայր Լեքին՝ օրհնելով իր որդի Հակոբին, որը տառապել էր իր ավագ եղբայրների Լամանի և Լեմուելի ձեռքից: Նա ասաց.«Դու գիտես Աստծո մեծությունը. և նա կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար» (2 Նեփի 2.2): Եվ նա նույնը կանի ձեզ համար:

Մենք աղոթում ենք, որ դուք շարունակեք ձգտել մնալ ուժեղ վերաբերմունքով և հոգով: Մենք գիտենք, որ դա միշտ չէ հեշտ: Մենք աղոթում ենքնրանց համար, ովքեր ձեր համար հանձնարարություններ են կատարում, որոնք դուք այլևս ի վիճակի չեք անել ձեզ համար, որ նրանք անեն դա սիրով, մեղմությամբ և հոգատարության ոգով:

Մենք հույս ունենք, որ դուք կշարունակեք առաջացնել լավ մտքեր և զգացումներ ձեր սրտում և մտքում և արագ կվերացնեք այնպիսիները, որոնք վնասակար են և կործանարար ձեզ համար: Մենք վստահ ենք, որ ձեր աղոթքները հղվում են ամեն օր և անհրաժեշտության դեպքում, նույնիսկ, ամեն ժամ: Ինչպես Մորոմնի Գիրքն է ուսուցանում. «Ապրեք գոհություն հայտնելով ամեն օր այն բազում ողորմությունների և օրհնությունների համար, որոնք [Աստված] շնորհում է ձեզ» (Ալմա 34.38):

Դուք կգտնեք, որ Մորմոնի Գրքի ամենօրյա ընթերցանությունը կբարձրացնի ձեր ոգին, ձեզ կմոտեցնի Փրկչին և կօգնի ձեզ ավետարանի ուսանող լինել, ով կարող է կիսվել մեծ ճշմարտություններով ուրիշների հետ:8

5

Կարևոր է, որ ընտանիքները ցույց տան իրենց տարեց ծնողներին և պապիկ տատիկներին այն սերն ու հոգատարությունն ու հարգանքը, որին նրանք արժանի են:

Այժմ մի քանի րոպե թույլ տվեք խոսեմ տարեցների ընտանիքների հետ: Մենք կրկնում ենք սուրբ գրության մի հատված Սաղմոսներից. «Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. զորութիւնս պակասուելիս մի թողիր ինձ» (Սաղմոս ՀԱ.9):

Մենք խրախուսում ենք ընտանիքներին ցույց տալ իրենց տարեց ծնողներին և պապիկ տատիկներին այն սերը, հոգատարությունը և ուշադրությունը, որին նրանք արժանի են: Եկեք լսենք սուրբգրքյան պատգամը «Բայց եթե մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չտանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթեոս Ե.8): Ես այնքան երախտապարտ եմ իմ սեփական սիրելի ընտանիքիս համար և այն սիրառատ հոգատարության համար, որ նրանք ցույց են տվել իրենց ծնողներին այնքան շատ տարիների ընթացքում:

Հիշեք, որ ծնողներն ու տատիկ պապիկները մեր պատասխանատվությունն են, և մենք պետք է հոգ տանենք նրանց համար մեր ունակությունների լավագույնով: Երբ տարեցներն ընտանիքներ չունեն իրենց համար հոգ տանելու համար, Քահանայության և Սփոփող Միության ղեկավարները պետք է ամեն ջանք գործադրեն նրանց կարիքները բավարարելու համար՝ նույն սիրալիր ձևով: Մենք ներկայացնում ենք մի քանի առաջարկներ տարեցների ընտանիքներին:

Այն ժամանակից ի վեր, երբ Տերը փորագրեց Տասը պատվիրանները քարե տախտակներին, Նրա խոսքերը Սինայից հնչել են դարերի միջով «պատուիր քո հորը եւ քո մորը» (Ելից Ի.12):

Պատվելը և հարգելը մեր ծնողներին նշանակում է, որ մենք բարձր հարգանք ունենք նրանց հանդեպ: Մենք սիրում ենք և գնահատում նրանց և մտահոգվում ենք նրանց երջանկության և բարօրության համար: Մենք նրանց վերաբերվում ենք բարեկրթությամբ և հոգատար ուշադրությամբ: Մենք ձգտում ենք հասկանալ նրանց տեսակետը: Իհարկե, ծնողների արդար ցանկություններին և իղձերին հնազանդվելը՝ պատվելու մասն է կազմում:

Բացի այդ, մեր ծնողներն արժանի են մեր պատվին և հարգանքին հենց մեզ կյանք տալու համար: Բացի սրանից նրանք գրեթե միշտ կատարել են անհաշիվ զոհաբերություններ, երբ նրանք հոգ էին տանում մեզ և դաստիարակումմեզ՝ մանկության տարիներին, մեծանալու հետ ապահովելով կյանքի կենսական բաներով, խնամելով մեզ հիվանդության ժամանակ և պաշտպանելով էմոցիոնալ լարվածությունից: Շատ դեպքերում նրանք մեզ ապահովում էին հնարավորություններ՝ կրթություն ստանալու և ինչ որ չափով իրենք էին կրթում մեզ:

Եկեք նաև սովորենք ներողամիտ լինել մեր ծնողների հանդեպ, ովքեր գուցե սխալներ են կատարել, երբ նրանք մեծացնում էին մեզ, նրանք գրեթե միշտ արել են իրենց իմացածի լավագույնը: Թող մենք միշտ ներենք նրանց, ինչպես որ մենք ենք ցանկանում ներված լինել մեր երեխաների կողմից, երբ մենք ենք սխալներ կատարում:

Նույնիսկ, երբ ծնողները տարեց են դառնում, մենք պարտավոր ենք հարգել նրանց, նրանց թույլ տալով ընտրության ազատություն և անկախ լինելու հնարավորություն, որքան երկար որ հնարավոր է: Եկեք նրանցից չվերցնենք ընտրությունները, որոնք նրանք դեռ կարող են կատարել: Որոշ ծնողներ կարող են ապրել և իրենց լավ հոգ տանել, մինչև ծերացած տարիները և նախընտրում են այդպես անել: Երբ նրանք կարողանում են, թույլ տվեք նրանց դա անել:

Երբ նրանք ավելի քիչ ունակ են դառնում անկախ ապրելու, այդ ժամանակ ընտանիքը, Եկեղեցին և համայնքի ռեսուրսները կարող են անհրաժեշտ լինել՝ նրանց օգնելու համար: Երբ տարեցներն անկարող են դառնում իրենց հոգ տանելու համար, նույնիսկ լրացուցիչ օգնությամբ, խնամք կարող է ապահովվել ընտանիքի անդամի տանը, երբ հնարավոր է: Եկեղեցու և համայնքի ռեսուրսները կարող են նույնպես անհրաժեշտ լինել այդ իրավիճակում:

Խնամք տանողի դերը կենսական է: Այդպիսի անձնավորությունն աջակցության մեծ կարիք ունի: Սովորաբար, դա տարեց կողակից է կամ իր սեփական երեխաներին հոգ տանող միջահասակ դուստր, որը խնամում է նաև տարեց ծնողին:9

6

Նրանք, ովքեր օրհնվում են տատիկ պապիկի և այլ տարեց մարդկանց հետ մտերմությամբ, ունենում են հարուստ ընկերակցություն և հաղորդակցություն:

Մենք նաև հույս ունենք, որ դուք հնարավորության դեպքում կներառեք տարեցներին ընտանեկան միջոցառումներում: Ինչպիսի ուրախություն է մեզ համար տեսնել աշխույժ, սիրունիկ թոռնիկների մեջ նրանց տատիկին կամ պապիկին: Երեխաները սիրում են այդպիսի առիթները: Նրանք սիրում են, երբ իրենց տատիկն ու պապիկն այցելում են իրենց և իրենք ճաշում են նրանց հետ, տնային ընտանեկան երեկոների, և այլ իրադարձությունների ժամանակ: Դա ապահովում է ուսուցման հնարավորություններ պատվելու, սիրելու, հարգելու և խնամելու նրանց, ովքեր իրենց տարեց հասակում են:

Տատիկներն ու պապիկները կարող են խորն ազդեցություն ունենալ իրենց թոռնիկների վրա: Նրանց ժամանակը հիմնականում այնքան էլ խոչընդոտներ չի հարուցում և զբաղված չէ, որքան նրանց ծնողներինը, այսպիսով կարելի է բացել գրքեր և կարդալ, պատմություններ կարելի է պատմել և ավետարանի սկզբունքների կիրառում կարելի է սովորեցնել: Այդ ժամանակ երեխաները ձեռք են բերում կյանքի հեռանկար, որը ոչ միայն փոխհատուցող է, այլ կարող է բերել նրանց ապահովություն, խաղաղություն և ուժ: Հնարավոր է նամակներ ուղարկել, [ձայնագրություններ], և նկարներ, հատկապես որտեղ տարածությունները վիթխարի են և հնարավոր չէ միմյանց հաճախ տեսնել: Նրանք ովքեր օրհնված են մոտիկությամբ իրենց տատիկ պապիկներին և այլ տարեց մարդկանց, ունեն հարուստ ընկերակցություն և հաղորդակցություն: Կարող են լինել դեպքեր, երբ նրանք կարող են մասնակցել ընտանիքի անդամների հետ ավարտական հանդեսի, հարսանիքների, տաճարային էքսկուրսիաների… և այլ հատուկ իրադարձությունների:

Մենք հրճվում ենք նայելով մեր երեխաներին և թոռնիկներին մեծանալիս և առանձնահատուկ ուղիներով ինչ որ բանի հասնելիս, երբ մենք կիսվում ենք նրանց բազմաթիվ ուրախություններով և ցնծում նրանց հաղթանակներով: Երջակությունն օրհնում է մեր կյանքը, երբ մեր երեխաները ձգտում են և հասնում ինչ որ բանի իրենց սեփական կյանքում: Գ Հովհաննես Ա.4 հատվածում մենք կարդում ենք, «Սորանից աւելի մեծ ուրախություն չունիմ, որ լսում եմ, թե իմ որդիները ճշմարտութեան մեջ են գնում»: Եվ այս իմանալը կարող է բերել սիրո նորացում և քաջություն շարունակելու մեր սեփական պայքարը:10

Նկար
A young woman visting with an elderly woman in a wheelchair.

«Պապիկ տատիկները կարող են խորն ազդեցություն ունենալ իրենց թոռների վրա»:

7

Եկեղեցու ղեկավարները պետք է աղոթքով որոնեն Հոգին՝ օգնելով անդամներին բավարարել տարեցների կարիքները:

Մենք… հորդորում ենք տարեցների քահանայության ղեկավարներին զգայուն լինել մեր Երկնային Հոր Հոգու հանդեպ՝ որոշելով և բավարարելով տարեցների հոգևոր, ֆիզիկական, հուզական և ֆինանսական կարիքները: Մենք վստահ ենք դուք օգտագործում եք ձեր խորհրդականներին, Մելքիսեդեկայն Քահանայության քվորումի ղեկավարներին և Սփոփող Միության ղեկավարներին, տնային ուսուցիչներին և այցելող ուսուցիչներին այս մեծ պարտականության մեջ, քանի որ մենք պետք է կատարենք այս պարտականություններն առանց հապաղելու կամ տատանվելու:

Մենք հուսով ենք, որ քահանայությունը և օժանդակ կազմարկերպության ղեկավարները կշարունակեն տալ տարեցներին կոչումներ, որոնցում նրանք կարող են օգտագործել իրենց իմաստության և խորհրդի պաշարները: Մենք հույսով ենք, որտեղ որ հնարավոր է, որ յուրաքանչյուրը կարող է լինել տնային ուսուցիչ կամ այցելող ուսուցիչ: Նույնիսկ նրանք, ովքեր գամված են իրենց անկողիններին և տներին կարող են երբեմն աջակցել այս հսկող հոգատարության աշխատանքը՝ հեռախոսային զանգերի միջոցով, գրելով երկտողներ, կամ այլ հատուկ հանձնարարություններով:

Քահանայության ղեկավարները կարող են անել շատ բան՝ օգնելու և խրախուսելու անձանց և զույգերին, երբ նրանք պատրաստվում են միսիա ծառայել: Տաճարային տեղեկությունների դուրս բերումը, որն [այժմ կոչվում է ընտանեկան պատմության ինդեքսավորում] և բարօրության ծրագրերն օրհնվում են մեծապես նրանց կողմից, ովքեր իրենց տարեց հասակում են և ունեն հնարավորություններ ծառայելու այդ ասպարեզներում:

Մենք հուսով ենք տարեց անձանցից յուրաքանչյուրը և զույգերը իրենց համար նշանակված ունեն զգայուն և հոգատար տնային ուսուցիչներ և այցելող ուսուցիչներ: Մեծ մխիթարություն և խաղաղություն կարող է գալ նրանց, ովքեր գիտեն, որ ունեն ինչ որ մեկը, որին նրանք կարող են դիմել անակնկալ դեպքերում կամ կարիքի դեպքում: Կարևոր է, որ նրբամտություն, դիվանագիտություն և անկեղծություն դրսևորվի նման կարիքները գնահատելիս և գործողություններ ձեռնարկելիս:

Մենք հուսով ենք դուք կներգրավեք ազատ տարեցներին կարեկցական ծառայության հանձնարարություններում: Նրանց ներգրավեք նաև ցցի և ծխի միջոցառումներում, հատկապես միայնակ անդամներին և նրանց, ովքեր կախյալ կողակիցներ ունեն: Այնքան շատ անգամներ են նրանք մոռացվում: Հատկապես կողակցի մահվան ժամանակ, կարող է մատուցվել սիրալիր խնամք: Սրանք շատ նուրբ պահեր են մեծամասնության համար:

Երբեմն ժամանակավոր մխիթարության խիստ մեծ կարիք կա և գնահատվում է ընտանիքի անդամների կողմից, ովքեր ապահովում են մշտական ֆիզիկական և էմոցիոնալ խնամք հատուկ կարիքներ ունեցողներին: Կարևոր է օգնել ընտանիքին պահպանել իր գործունեությունը որպես ընտանիք՝ պարբերաբար ազատվելով ծանր պարտականություններից, որը երկարատև կամ վերջնական հիվանդությունը կարող է առաջացնել: Բոլորը կարիք ունեն սիրալիր աջակցության և մխիթարության, որոնք կապված են ճնշող լուրջ հիվանդությունների պարտականությունների կամ խնդիրների հետ:

Տրանսպորտը հաճախ մեծ մտահոգություն է տարեցների համար: Մենք կարող ենք օգնել ապահովելով ուղի նրանց համար՝ հաճախելու իրենց կիրակնօրյա ժողովները, այցելելու սիրելիներին, գնումներ կատարելու և գնալու բժշկի կամ կլինիկա:

Կրկին, մենք պետք է աղոթքով ոգեշնչում և ուղղություն որոնենք տարեց անդամներին ծառայելու համար: Միշտ էլ անձնավորությունների և անձնական կարիքների մեծ զանազանություն կա:11

8

Մեր ծերության տարիները կարող են լինել մեր լավագույն տարիները:

Աստված օրհնի Եկեղեցու տարեց անդամներին: Ես սիրում եմ ձեզ ողջ իմ սրտով: Ես ձեզանից մեկն եմ:

Դուք այնքան շատ բան ունեք՝ ապրելու համար: Թող այս ոսկյա տարիները լինեն լավագույն տարիները, երբ դուք լիարժեք ապրում եք և սիրում ու ծառայում: Եվ Աստված օրհնի նրանց, ովքեր ծառայում են ձեր կարիքներին, ձեր ընտանիքին, ձեր ընկերներին և ձեր ընկերակից Եկեղեցու անդամներին ու ղեկավարներին:

Ես թողնում եմ ձեզ իմ վկայությունն ապրելու ուրախության մասին՝ լիակատար ավետարանով ապրելու ուրախությունների մասին և Զտիչի կրակով և սրբագործման գործընթացով անցնելու մասին, որը տեղի է ունենում: Ինչպես Պողոս Առաքյալն է այնպես լավ ասել. «Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին» (Հռովմայեցիս Ը.28):

Ես թողնում եմ իմ օրհնությունը ձեզ վրա: Փրկիչն ապրում է: Սա Նրա Եկեղեցին է: Աշխատանքը ճշմարիտ է, և մեր Տիրոջ և Փրկչի խոսքերով ասած. «Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք, քանզի նրան, որ համբերում է մինչև վերջ, ես հավերժական կյանք կտամ» (3 Նեփի 15.9):12

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչպե՞ս եք օգուտ քաղել այն մարդկանց «իմաստությունից և փորձառությունից», ովքեր ավելի մեծ են, քան դուք (տես բաժին 1):

  • Բաժին 2-ում Նախագահ Բենսոնը թվում է ութ բաներ, որոնք տարեց մարդիկ կարող են անել «անելով լավագույնը [իրենց] ծերության տարիներին»: Մտածեք յուրաքանչյուր առաջարկի մասին: Ինչպե՞ս կարող են այս առաջարկները հարստացնել մեր կյանքն անկախ մեր տարիքից:

  • Ինչո՞ւ եք կարծում ծառայությունը «միայնակությունը և անօգտակարության զգացումը հաղթահարելու բանալին է» (տես բաժին 3): Ե՞րբ եք տեսել, որ սա ճշմարիտ է:

  • Խորհեք Նախագահ Բենսոնի խորհրդի մասին, երբ մենք հիվանդություն և ցավ ենք զգում (տես բաժին 4): Ինչպե՞ս կարող է այս խորհուրդն օգնել մեզ «մնալ ուժեղ վերաբերմունքով և հոգով»:

  • Մտածեք Նախագահ Բենսոնի ուսմուքների մասին բաժին 5-ում: Ինչպե՞ս կարող են երեխաները և թոռները պատվել իրենց տարեց ծնողներին և պապիկ ու տատիկներին:

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ երիտասարդներն ու տարեց մարդիկ բավականություն են ստացել միմյանց ընկերակցությունից (տես բաժին 6): Ի՞նչ կարող ենք անել մեր ընտանիքներում և Եկեղեցում այդպիսի փոխհարաբերություն դաստիարակելու համար:

  • Թվարկեք մի քանի ուղիներ, որոնցով Եկեղեցու ղեկավարները և ծխի կամ ճյուղի անդամները կարող են օգնել ծառայելու տարեցների կարիքներին: (Որոշ օրինակների համար տես բաժին 7:)

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար զգալ «ավետարանով լիարժեք ապրելու ուրախությունը» (տես բաժին 8): Ի՞նչ օրինակներ եք տեսել մարդկանց, ովքեր համբերել են մինչև վերջ:

Առնչվող սուրբ գրություններ

Առակաց Ի.29, Եսայիա ԽԶ.3–4, LՂուկաս Բ.36–38, Եփեսացիս Զ.1–3, Տիտոս Բ.1–5, Հակոբոս Ա.27, ՎևՈւ 121.7–8

Օգնություն ուսումնասիրողին

«Գործելով ձեր սովորածի համաձայն, դուք մշտապես խորացող հասկացողություն ձեռք կբերեք (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 21): Մտածեք հարցնել ինքներդ ձեզ, թե ինչպես կարող եք կիրառել ավետարանի ուսմունքները տանը, աշխատանքում, և ձեր Եկեղեցու պարտականություններում:

Հղումներ

  1. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 502.

  2. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography, 504.

  3. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography, 504–5.

  4. In Conference Report, Oct. 1989, 3; see also Ensign, Nov. 1989, 4.

  5. In Conference Report, Oct. 1989, 3; see also Ensign, Nov. 1989, 4.

  6. In Conference Report, Oct. 1989, 3–5; see also Ensign, Nov. 1989, 4–6.

  7. In Conference Report, Oct. 1989, 5; see also Ensign, Nov. 1989, 6.

  8. In Conference Report, Oct. 1989, 5–6; see also Ensign, Nov. 1989, 6.

  9. In Conference Report, Oct. 1989, 6–7; see also Ensign, Nov. 1989, 6–7.

  10. In Conference Report, Oct. 1989, 7; see also Ensign, Nov. 1989, 7.

  11. In Conference Report, Oct. 1989, 7–8; see also Ensign, Nov. 1989, 7–8.

  12. In Conference Report, Oct. 1989, 8; see also Ensign, Nov. 1989, 8.