Նախագահների ուսմունքները
Գլուխ 2. Միշտ աղոթեք


Գլուխ 2

Միշտ աղոթեք

«Ես խոնարհաբար կհորդորեի բոլորին… սերտ շփման մեջ մնալ մեր Երկնային Հոր հետ աղոթքի միջոցով»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

«Ողջ իմ կյանքում աղոթքին ապավինելու խորհուրդը իմ ստացած գրեթե ցանկացած այլ խորհուրդից վեր է գնահատվել, – ասել է Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը: – Այն դարձել է իմ անբաժանելի մասը, մի խարիսխ, ուժի մնայուն աղբյուր և ինձ համար աստվածային բաների գիտության հիմքը:

«Հիշիր, որ ինչ էլ որ անես կամ ուր էլ որ լինես, դու երբեք մենակ չես, – հայրիկիս հայտնի խորհուրդն էր ինձ, երբ ես տղա էի: – Մեր Երկնային Հայրը միշտ մոտիկ է: Դու կարող ես հասնել Նրան և ստանալ Նրա օգնությունը աղոթքի միջոցով»: Ես պարզել եմ, որ այս խորհուրդը ճիշտ է: Փառք Աստծո մենք կարող ենք հասնել և օգտվել այդ աներևույթ ուժից, առանց որի ոչ մի մարդ չի կարող անել իր լավագույնը»:1

Նախագահ Բենսոնը հետևում էր այս խորհրդին իր կյանքի բոլոր բնագավառներում: Երբ նա նշանակվեց ծառայելու որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար, նա «աղոթքով և զգուշորեն ընտրեց» մի խումբ տղամարդկանց իր հետ աշխատելու համար, «խնդրելով Աստծուն՝ տալ [իրեն] խորաթափանցության ոգի»:2 Իրենց առաջին հանդիպման ժամանակ նա հարցրեց, թե «որևէ մեկը արդյոք իրենց ժողովները աղոթքով բացելուն դե՞մ էր: Ոչ ոք չառարկեց: Եվ նա սկսեց մի գործունեություն, որը նա շարունակեց ութ տարի: Նա հրավիրում էր անձնակազմի յուրաքանչյուր անդամի հերթականությամբ ասել բացման աղոթքը»:3 Նրա ընկերակիցները սկսեցին գնահատել այդ սովորույթը, չնայած սկզբում հնարավոր է անհարմար էին զգում: Անձնակազմի անդամներից մեկը հետագայում խոստովանեց, որ տղամարդկանցից մի քանիսը մանկությունից ի վեր բարձրաձայն չէին աղոթել: «Մենք կակազում և խարխափում էինք, որ բառեր որոնենք»,-ասաց նա, – բայց նախարարը [Նախագահ Բենսոնը] երբեք նկատել չէր տալիս: Եվ մի քանի փորձերից հետո, բոլորը սկսեցին հարմարվել: Արդյոք դա օգնո՞ւմ էր: Դե՜հ, ես կասեի, որ երբ սկսում եք ժողովն այդ ձևով, մարդիկ հպարտությամբ չեն կենտրոնանում միայն իրենց կարծիքների վրա: Դուք բավականին արագ եք գալիս համաձայնության, թե ինչ պետք է արվի ամեն մի իրավիճակում»:4

Նախագահ Բենսոնի եղբայրները Առաջին Նախագահությունում և Տասներկու Առաքյալների Քվորումում նույնպես օգուտ էին քաղում նրա աղոթասեր էությունից: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, ով ծառայում էր որպես Նախագահ Բենսոնի Առաջին Խորհրդական Առաջին Նախագահությունում, ասել է.

«Ես ծնկի եմ իջել նրա հետ և լսել նրան աղոթելիս:

Նրա աղոթքները միշտ հետաքրքիր էին: Գրեթե առանց բացառության, դրանք մեծ մասամբ բաղկացած էին շնորհակալական արտահայտություններից: Նա շատ քիչ բան էր խնդրում: Նա երախտագիտություն էր հայտնում շատ բաների համար:

Նա շնորհակալություն էր հայտնում կյանքի, ընտանիքի, ավետարանի, հավատքի, արևի լույսի և անձրևի, բնության պարգևների և մարդու ազատասիրական բնազդների համար: Նա շնորհակալություն էր հայտնում ընկերների և ծանոթների համար: Նա սեր էր արտահայտում Փրկչի համար և երախտագիտություն Նրա քավիչ զոհաբերության համար: Նա շնորհակալություն էր հայտնում Տիրոջը՝ մարդկանց ծառայելու հնարավորության համար:5

Նախագահ Բենսոնը և նրա կինը՝ Ֆլորան, հաստատեցին մի տուն, որտեղ ամենքն աղոթում էին, անhատապես և միասին: Նրանց որդին՝ Մարկը նկատել է. «Երբ հայրիկը ծնկի էր իջնում աղոթելու, նա չէր շտապեցնում: Նրա խոսքերի հետևում իմաստ կար: Դա պարզ էր և ակնհայտ, որ նա հաղորդակցվում էր մեր Երկնային Հոր հետ»:6 Նախագահ և քույր Բենսոնը ուսուցանեցին իրենց երեխաներին աղոթել անձնական առաջնորդության և ուժի համար և նաև աղոթել միմյանց համար: Ընտանիքի ընկերներից մեկը մի անգամ նկատել է այդ ուսմուքների ազդեցությունը, երբ նա մասնակցում էր մի նիստի գերագույն համաժողովի ժամանակ Բենսոնների հետ: Նա գրել է.

«Մի ապրիլյան օր … , ես հայտնաբերեցի Գերագույն Իշխանավորի ուժի աղբյուրներից մեկը:

«Ես նստած էի Երեց Էզրա Թաֆտ Բենսոնի վեց երեխաների հետ, որոնցից մեկը իմ սենյակակիցն էր քոլեջում: Իմ հետաքրքրությունը մեծացավ, երբ Նախագահ [Դեյվիդ Օ.] Մակքեյը բարձրացավ տեղից և հայտարարեց հաջորդ խոսնակի մասին: Ես հարգանքով լի հետևում էի, թե ինչպես էր Երեց Բենսոնը, որի հետ ես դեռ չէի ծանոթացել, քայլում դեպի բարձրախոսը: Նա հաղթանդամ մարդ էր՝ վեց ոտնաչափից անց: Նա մի մարդ էր, որը… միջազգային ասպարեզում հայտնի էր որպես Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության նախարար և Տիրոջ հատուկ վկա, որը խաղաղ և վստահ էր թվում, մեկը, ով դիմել էր խոսքով ողջ աշխարհի ունկնդիրներին: Հանկարծ մի ձեռք դիպավ ձեռքիս: Մի փոքրիկ աղջնակ թեքվեց դեպի ինձ և շշնջաց. «Աղոթեք հայրիկի համար»:

«Մի փոքր հանկարծակի գալով, ես մտածեցի. «Այս ուղերձը փոխանցվում է շարքի երկայնքով և ես պետք է փոխանցեմ այն: Արդյոք ասեմ. «Աղոթեք Երեց Բենսոնի համար, – թե ասեմ, – Դուք պետք է աղոթք ասեք ձեր հայրիկի համար»: Զգալով, որ անմիջապես պետք է գործեի, ես թեքվեցի և պարզապես շշնջացի. «Աղոթեք հայրիկի համար»:

Ես հետևում էի, թե ինչպես էր այդ շշունջը փոխանցվում շարքի երկայնքով դեպի այն տեղը, որտեղ Քույր Բենսոնն էր նստած, իր գլուխն արդեն խոնարհած: …

Տարիների հետ շատ գերագույն համաժողովներ են եկել և անցել և յուրաքանչյուր անգամ, երբ Նախագահ Բենսոնը կանգնում էր խոսելու, ես մտածել էի. «Նրա երեխաները, ովքեր սփռված են մայրցամաքով մեկ, այժմ միավորված են աղոթքով իրենց հայրիկի համար»»:7

Նկար
A woman from Nepal kneeling by her bed. Scriptures are lying on the bed in front of her as she prays.

«Եթե մենք առաջադիմենք սրբության մեջ— աճելով Աստծո բարեհաճության մեջ—ոչինչ չի կարող փոխարինել աղոթքին»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ մենք պետք է միշտ աղոթենք:

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսն ուսուցանել է մեզ աղոթելու նմուշը.

Այս ձևով, հետևաբար,աղոթեք դուք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի քո անունը:

«Գա քո արքայությունը, Քո կամքը թող կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:

Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր

Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին:

Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. Այլ ազատիր մեզ չարիցը. Որովհետեւ քոնն է թագավորութիւնը եւ զորութիւնը եւ փառքը յաւիտեանս: Ամեն» (Մատթ. Զ.9–13):

Հետո նա պատվիրեց. «Թե պէտք է ամեն ժամանակ աղոթք անել եւ չձանձրանալ» (Ղուկաս ԺԸ.1):

«Արթուն կացեք եւ աղոթք արեք, – ասել է Նա, – որ փորձութեան մէջ չմտնէք, հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մատթ. ԻԶ.41):

Այս տնտեսությունում Նա հորդորել է. «Միշտ աղոթիր, չլինի թե այն չարագործը զորություն ունենա քո վրա, և հանի քեզ քո տեղից» (ՎևՈւ 93.49):

Փրկիչը հայտարարել է Ջոզեֆ Սմիթին. «Եվ ոչնչով մարդ չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանցից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում և չեն հնազանդվում նրա պատվիրաններին» (ՎևՈւ 59.21):

Մենք ունենք այս հրահանգը հարություն առած Տիրոջից, երբ Նա ծառայեց Նեփիացի ժողովրդի մեջ Արևմտյան կիսագնդում. «Դուք պետք է արթուն լինեք և միշտ աղոթեք, որ չլինի թե գայթակղվեք դևի կողմից ու գերության տարվեք նրա կողմից …

Դուք պետք է արթուն կենաք և միշտ աղոթեք, որ չլինի թե մտնեք գայթակղության մեջ, քանզի սատանան կամենում է տիրել ձեզ, որ կարողանա ցորենի պես մաղել ձեզ:

Ուստի դուք պետք է միշտ աղոթեք Հորը՝ իմ անունով:

Եվ ինչ որ դուք խնդրեք Հորը, իմ անունով, ինչ որ ճիշտ է, հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ (3 Նեփի18:15, 18–20):8

Եթե մենք առաջադիմենք սրբության մեջ, աճելով Աստծո բարեհաճության մեջ, ոչինչ չի կարող փոխարինել աղոթքին: Եվ այսպիսով, ես հորդորում եմ ձեզ կյանքում առաջնահերթյուն տալ աղոթքին՝ ամենօրյա աղոթքին, գաղտնի աղոթքին: Թող ոչ մի օր չանցնի առանց դրա: Ամենազորի հետ հաղորդակցվելը տղամարդկանց և կանանաց համար ուժի, ոգեշնչման և լուսավորման աղբյուր է եղել աշխարհի ողջ պատմության ընթացքում, ովքեր ձևավորել են անհատների և ազգերի ճակատագրերը բարու համար:9

2

Ընտանիքները, որոնք աղոթում են միասին օրհնվում են ավելի ուժեղ սիրո կապերով և երկնքի խաղաղությամբ:

Տերը նշում է, որ ծնողների պարտականությունն է իրենց երեխաներին աղոթել սովորեցնել [տես ՎևՈւ 68.28]: Սա չի նշանակում միայն գաղտնի աղոթքներ: Ես համոզված եմ, որ դա նշանակում է ուսուցանել օրինակով ընտանեկան աղոթքների միջոցով: Որպես ընտանիք՝ մենք ունենք տնային պաշտամունքից՝ ընտանեկան աղոթքից եկող սրբագործող ազդեցության կարիքը:10

Որպես ընտանիքներ՝ մենք պետք է ծնկի գանք ընտանեկան աղոթքի՝ առավոտյան և գիշերը: Ուղղակի մի քանի խոսքեր ավելացնելով ուտելիքի օրհնությանը, որը դառնում է սովորույթ որոշ մասերում, բավական չէ: Մենք պետք է ծնկի իջնենք աղոթքով և երախտագիտությամբ:11

Աղոթքը եղել և մնում է որպես մշտապես ներկա ուժի խարիսխ և մեր ընտանեկան գործերի ուղղության աղբյուր: Ես հիշում եմ, թե ինչպես էինք ծնկի իջնում մեր փոքր երեխաների մահճակալների կողքին, օգնելով նրանց աղոթել իրենց մանկական տարիներին, իսկ հետագայում տեսնում ավելի մեծ եղբայրներին և քույրերին, ովքեր օգնում էին ավելի փոքրահասակներին: Մենք առավոտյան և երեկոյան ունենում էինք ըտանեկան աղոթք, երեխաներին հնարավորություն տալով առաջնորդել և հղել հատուկ աղոթքներ որոշակի խնդիրներ հաղթահարելու համար: Ընտանեկան աղոթքում նշվում էին օրինակ երեխաները, ովքեր եկեղեցական հանձնարարություններ ունեին: Մենք օգնություն էինք խնդրում, երբ երեխաներից մեկը ավագ դպրոցում դժվար քննություն պետք է հանձներ: Հատուկ նշվում էին ընտանիքի այն անդամները, ովքեր հեռվում էին… … Որոշակի մտահոգությունների մասին հատուկ նշումը մեր ընտանեկան աղոթքներում տալիս էր մեզ վստահություն, համոզվածություն և ուժ ընտանիքի անդամներին՝ դժվարին խնդիրներին ու հանձնարարություններին դիմակայելու համար:12

Նկար
A Polynesian family kneeling in family prayer.

«Մենք ունենք… ընտանեկան աղոթքից եկող սրբագործող ազդեցության կարիքը»:

Օրվա տարաձայնություններն ու լարվածությունը հալչում է, երբ ընտանիքները միասին մոտենում են երկնային գահին: Միասնությունն աճում է: Սիրո և նվիրվածության կապերը վերստին զորանում են և մուտք է գործում երկնային խաղաղությունը:

Այդպիսի տներում գաղտնի աղոթքներն ասվում են գիշերն ու առավոտյան՝ ընտանիքի անդամների կողմից: Անձնական և ընտանեկան խնդիրներին մոտենում են վստահությամբ՝ երկնքի բարեհաճությունը խնդրելուց հետո: Երիտասարդները, ովքեր մասնակցում էին այդպիսի ընտանեկան հոգևոր հավաքույթի, սրտները ազատված էին ունենում չար միտումներից, երբ նրանք գնում էին զվարճալի երեկույթի: Նրանք [երիտասարդները], սովորաբար, լինում էին այն զսպող ազդեցությունը խմբում, երբ առաջանում էին վտանգավոր գայթակղություններ: Ծնողները, ովքեր շրջապատում են իրենց երեխաներին ամենօրյա բարեպաշտության զտող ազդեցությամբ, կատարում են իրենց ներդրումը… տան անվտանգության համար:13

3

Մենք կարող ենք բարելավել հաղորդակցությունը մեր Երկնային Հոր հետ:

Ահա հինգ ուղիներ, որոնցով կարող ենք բարելավել հաղորդակցությունը մեր Երկնային Հոր հետ:

1. Մենք պետք է հաճախ աղոթենք: Մենք պետք է մենակ լինենք մեր Երկնային Հոր հետ ամեն օր առնվազն երկու կամ երեք անգամ՝ «առավոտյան, կեսօրին և երեկոյան», ինչպես սուրբ գրքերն են նշում(Ալմա 34.21): Բացի այդ մեզ ասվում է միշտ աղոթել (Տես 2 Նեփի 32.9, ՎևՈւ 88.126): Սա նշանակում է, որ մեր սրտերը պետք է լցված լինեն շարունակ աղոթքով՝ ուղղված դեպի մեր Երկնային Հայրը (տես Ալմա 34.27):

2. Մենք պետք է գտնենք պատշաճ տեղ, որտեղ մենք կարող ենք մտածել և աղոթել: Մեզ հորդորվում է, որ դա լինի «[մեր] սենյակներում և [մեր] գաղտնի տեղերում և [մեր] անապատում» (Ալմա 34.26): Այսինքն, այն պետք է զերծ լինի շեղումներից, գաղտնի լինի (տես 3 Նեփի 13.5–6):

3. Մենք պետք է մեզ նախապատրաստենք աղոթքի համար: Եթե չենք ուզում աղոթել, ապա պետք է աղոթենք մինչև որ իսկապես ուզենանք աղոթել: Մենք պետք է խոնարհ լինենք (տես ՎևՈւ 112.10): Մենք պետք է աղոթենք ներման և ողորմածության համար (տես Ալմա 34.17–18): Մենք պետք է ներենք ամեն մեկին, ում դեմ մենք վատ զգացումներ ունենք (տես Մարկոս ԺԱ.25): Այնուամենայնիվ, սուրբ գրությունները նախազգուշացնում են, որ մեր աղոթքները զուր կլինեն, եթե մենք «երես դարձնենք կարիքավորից ու մերկից, և չայցելենք հիվանդին ու չարչարվածին, և բաժին չհանենք [մեր] ստացվածքից» (Ալմա 34.28):

4. Մեր աղոթքները պետք է իմաստալի լինեն և տեղին: Մենք պետք է խուսափենք օգտագործել նույն արտահայտությունները յուրաքանչյուր աղոթքում: Մեզանից յուրաքանչյուրը կվիրավորվեր, եթե մեր ընկերներից մեկը նույն խոսքերն ասեր մեզ ամեն օր, զրույցին վերաբերվեր որպես ամենօրյա գործ, և հազիվ սպասեր ավարտին, որպեսզի միացներ հեռուստացույցը և մոռանար մեզ: …

Ինչի՞ համար մենք պետք է աղոթենք: Մենք պետք է աղոթենք մեր աշխատանքի համար, մեր թշնամիների և դևի զորության դեմ, մեր բարօրության համար և մեր շրջապատի մարդկանց բարօրության համար: Մենք պետք է խորհուրդ անենք Տիրոջ հետ բոլոր մեր որոշումների և գործերի վերաբերյալ (տես Ալմա 37.36–37): Մենք պետք է բավականաչափ երախտապարտ լինենք շնորհակալություն հայտնելու այն բոլորի համար, ինչ մենք ունենք (տես ՎևՈւ 59.21): Մենք պետք է խոստովանենք Նրա ձեռքը բոլոր բաներում: Երախտամոռությունը մեր մեծագույն մեղքերից մեկն է:

Տերը հայտարարել է ժամանակակից հայտնության մեջ. «Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ հարյուրապատիկ, այո, ավելի շատ» (ՎևՈւ 78.19):

Մենք պետք է խնդրենք այն, ինչի կարիքն ունենք, ուշադիր լինելով, որ չխնդրենք այն բաները, որոնք կլինեն ի դատապարտություն մեզ (Տես Յակոբոս Դ.3): Մենք պետք է ուժ խնդրենք մեր խնդիրները հաղթահարելու համար (Տես Ալմա 31.31–33): Մենք պետք է աղոթենք Եկեղեցու Նախագահի և Գերագույն Իշխանավորների ոգեշնչման և բարօրության, մեր ցցի նախագահի, մեր եպիսկոպոսի, մեր քվորումի նախագահի, մեր տնային ուսուցիչների, ընտանիքի անդամների և մեր քաղաքացիական ղեկավարների համար: Կարելի է այլ առաջարկներ ևս անել, բայց Սուրբ Հոգու օգնությամբ մենք կիմանանք, թե ինչի մասին մենք պետք է աղոթենք (տես Հռովմ. Ը.26–27):

5. Աղոթքով խնդրանք հղելուց հետո, մենք պատասխանտվություն ունենք օգնելու, որ այն շնորհվի: Մենք պետք է ունկնդրենք: Գուցե մինչ մենք մեր ծնկների վրա ենք, Տերը կամենա մեզ խորհուրդ տալ:14

4

Աստված տեղյակ է մեր մասին և պատրաստ է պատասխանել մեր աղոթքներին, երբ մենք մեր վստահությունը դնում ենք Նրա վրա և անում ենք այն, ինչ ճիշտ է:

Աղոթքի մեջ զորություն կա: Բոլոր բաները հնարավոր է աղոթքի միջոցով: Աղոթքի միջոցով էր, որ երկինքները բացվեցին այս տնտեսությունում: Տասնչորս տարեկան տղայի աղոթքը Սրբազան Պուրակում բացեց ավետարանի նոր տնտեսությունը և առաջ բերեց Հոր և Որդու մի տեսիլք, երբ Նրանք հայտնվեցին որպես փառավորված երկնային էակներ Ջոզեֆ պատանու առջև [տես Ջոզեֆ Ամիթ—Պատմություն 1.11–17]:15

Իմ վկայությունն է, իմ եղբայրներ և քույրեր ու ընկերներ, որ Աստված իսկապես լսում է և պատասխանում աղոթքներին: Ես երբեք չեմ կասկածել այդ փաստի վերաբերյալ: Մանկությունից սկսած, իմ մոր ծնկին, որտեղ առաջին անգամ սովորեցի աղոթել, որպես պատանի իմ դեռահաս տարիներին, որպես միսիոներ օտար երկրներում, որպես հայր, որեպես Եկեղեցու ղեկավար, որպես կառավարության պաշտոնյա, ես գիտեմ առանց որևէ կասկածի, որ հնարավոր է տղամարդկանց և կանանց համար հասնել խոնարհությամբ և աղոթքով ու օգտվել այդ Աներևույթ Ուժից՝ ստանալ աղոթքների պատասխանները: Մարդը միայնակ չէ, կամ առնվազն, նա չպետք է միայնակ լինի: Աղոթքը դռներ կբացի, աղոթքը կվերացնի սահմանները, աղոթքը կթեթևացնի ճնշումները, աղոթքը կտա ներքին խաղաղություն և հանգստություն լարվածության և ընկճվածության ու դժվարության պահերին: Շնորհակալություն Աստծուն աղոթքի պարգևի համար:16

Նույնիսկ փորձության և նեղսրտության պահերին հնարավոր է մոտենալ Տիրոջը, զգալ Նրա ազդեցությունը և Նրա աջակցող զորությունը՝ որ մարդ երբեք միայնակ չէ, եթե միայն նա խոնարհեցնի իրեն Ամենազորի առջև: Ես երախտապարտ եմ այդ վկայության համար, այդ համոզվածության համար:17

Իմ անձնական փորձառությունից գիտեմ աղոթքի արդյունավետությունն ու ուժը: …

1946 թվականին ինձ հանձնարարվեց Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի կողմից գնալ պատերազմներից ծվատված Եվրոպա և վերահաստատել մեր միսիաները Նորվեգիայից մինչև Հարավային Աֆրիկա և հիմնել բարօրության պաշարների բաշխման մի ծրագիր:

Մենք մի վարչություն հաստատեցինք Լոնդոնում: Ապա նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք մայրցամաքի ռազմական ուժերի հետ: Առաջին մարդը, որին ես կամեցա տեսնել՝ Ամերիկյան ուժերի հրամանատարն էր Եվրոպայում: Նա հիմնավորվել էր Ֆրանկֆուրտում՝ Գերմանիա:

Երբ մենք հասանք Ֆրանկֆուրտ, իմ ընկերակիցն ու ես գնացինք մի տեսակցություն նշանակելու գեներալի հետ: Տեսակցություն նշանակող սպան ասաց. «Պարոնայք, ձեզ համար հնարավորություն չի լինի տեսնվել գեներալի հետ առնվազն երեք օրվա ընթացքում: Նա շատ զբաղված է և նրա օրացույցը լցված է տեսակցություններով»:

Ես ասացի. «Շատ կարևոր է որ մենք տեսնվենք նրա հետ, և մենք չենք կարող այդքան երկար սպասել: Մենք վաղը պայմանավորվածություն ունենք Բեռլինում»:

Նա ասաց. «Ցավում եմ»:

Մենք հեռացանք շենքից, գնացինք մեր մեքենան, հանեցինք մեր գլխարկները և միավորվեցինք աղոթքով: Ապա ետ գնացինք շենք և գտանք մեկ ուրիշ սպայի տեսակցության պահակակետում: Տասնհինգ րոպե էլ չէր անցել մենք գեներալի մոտ էինք: Մենք աղոթել էինք, որ կարողանայինք տեսնել նրան և սիրտը փափկեր, իմանալով, որ բոլոր օգնության պաշարները, որտեղից էլ որ դրանք նվիրաբերվեին, այդ ժամանակ պահանջվում էր, որ դրվեր զինվորականների ձեռքում՝ բաշխելու համար: Մեր նպատակն էր, ինչպես բացատրեցինք գեներալին, բաշխել մեր պաշարները մեր իսկ ժողովրդին մեր սեփական կապերով և նաև նվիրտվություն անել՝ բոլոր երեխաներին կերակրելու համար:

Մենք բացատրեցինք բարօրության ծրագիրը և թե ինչպես էր այն աշխատում: Վերջում նա ասաց. «Դե՜հ, պարոնայք, անցեք գործի և հավաքեք ձեր պաշարները և մինչև դուք դրանք հավաքեք, քաղաքականությունը կարող է փոխվել»: Մենք ասացինք. «Գեներալ, մեր պաշարներն արդեն հավաքված են, դրանք միշտ հավաքված են: Քսանչորս ժամվա ընթացքում այն պահից սկսած, երբ մենք զանգահարենք Սոլթ Լեյք Սիթի, Եկեղեցու Առաջին Նախագահություն, բեռնատարներով մթերքները կշարժվեն դեպի Գերմանիա»:

Այդ ժամանակ նա ասաց. «Ես երբեք չէի լսել մի ժողովրդի մասին, որն այդպիսի խորաթափանցություն ունենար»: Նրա սիրտը փափկեց, ինչպես որ մենք աղոթել էինք դրա վերաբերյալ: Նախքան նրա գրասենյակից հեռանալը, մենք ստացանք գրավոր լիազորագիր՝ կատարելու մեր սեփական բաշխումը մեր իսկ ժողովրդին, մեր իսկ կապերի միջոցով:

Նկար
Chaplain Howard C. Badger, Ezra Taft Bensonand Max Zimmerin Freiberg, Germany. Caption: "'Man's mighty cities lie in ruins, yet the faith of the Saints is even stronger than before teh war... -Karlsruhe-"

Երեց Էզրա Թաֆտ Բենսոնը և նրա ընկերակիցները աղոթեցին առաջնորդության համար, երբ օգնություն տարան Եվրոպա Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո:

Մխիթարող է իմանալը, որ Աստված ուշադիր է մեր հանդեպ և պատրաստ է պատասխանել, երբ մենք ապավինում ենք Նրան և անում այն, ինչը ճիշտ է: Տեղ չկա վախի համար այն տղամարդկանց և կանանաց մեջ, ովքեր դնում են ապավինում են Ամենազորին, ովքեր չեն տատանվում խոնարհեցնելու իրենց՝ որոնելով աստվածային առաջնորդություն՝ աղոթքի միջոցով: Չնայած հալածանքներ են բարձրանում, չնայած անհաջողություններ են գալիս, աղոթքով մենք կարող ենք գտնել վերահամոզում, քանզի Աստված խաղաղություն կխոսի հոգուն: Այդ խաղաղությունը, պայծառության այդ ոգին, կյանքի մեծագույն օրհնությունն է:

Երբ Ահարոնայան Քահանայության պատանի էի, ես սովորեցի այս փոքրիկ բանաստեղծությունը: Այն մնացել է ինձ հետ.

Չգիտեմ ինչ միջոցներով հազվագյուտ,

Բայց այս մեկ բանը ես գիտեմ:

Ես գիտեմ, որ Նա տվել է Իր Խոսքը,

Որն ասում է ինձ, որ աղոթքը լսվում է,

Եվ կպատասխանվի՝ ուշ թե շուտ:

Այսպիսով, աղոթում եմ և հանգիստ սպասում:

Չգիտեմ թե սպասված օրհնությունը

Կգա արդյոք հենց իմ մտածած ձևով,

Բայց թողնում եմ աղոթքներս Նրա հետ միայն,

Ում կամքն ավելի իմաստուն է, քան իմը,

Համոզված, որ Նա կշնորհի իմ խնդրանքը,

Կամ կուղարկի շատ ավելի օրհնված պատասխան:

… Ես բերում եմ վկայություն ձեզ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որ Աստված ապրում է: Նա մահացած չէ… Ես վկայում եմ, որ կա Աստված երկնքում, ով լսում է աղոթքներն ու պատասխանում: Ես գիտեմ, որ սա ճիշտ է: Ես խոնարհաբար կհորդորեի բոլորին… սերտ կապ պահպանել մեր Հոր հետ, որը երկնքում է աղոթքի միջոցով: Ավետարանի այս տնտեսությունում երբևէ նախկինում չի եղել ավելի մեծ կարիք աղոթքի համար: Իմ անկեղծ աղաչանքն է, որ մենք անընդհատ ապավինենք Երկնային Հորը և ջանասիրաբար բարելավենք մեր հաղորդակցությունը Նրա հետ:18

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ մենք պետք է «չթողնենք մեկ իսկ օր անցնի» առանց անձնական աղոթքի (բաժին 1): Ինչպե՞ս եք օրհնվել անձնական աղոթքի միջոցով:

  • Բաժին 2-ում Նախագահ Բենսոնը նշում է մի քանի օրհնություններ, որոնք գալիս են ընտանիքներ, որոնք կանոնավորապես աղոթում են միասին: Ե՞րբ եք նկատել, որ ընտանեկան աղոթքը տարել է դեպի այդ օրհնությունները: Ի՞նչ կարող ենք անել ընտանեկան աղոթքն առաջնահերթություն դարձնելու համար:

  • Մտածեք բաժին 3-ում Նախագահ Բենսոնի հինգ առաջարկների մասին: Ինչպե՞ս են այս առաջարկներից յուրաքանչյուրն օգնում մեզ «բարելավել մեր հաղորդակցությունը մեր Երկնային Հոր հետ»: Մտածեք այն մասին, թե ինչ կանեք դուք` այս խորհրդին հետևելու համար:

  • Ինչպե՞ս կարող է Նախագահ Բենսոնի խոսքերը բաժին 4-ում օգնել որևէ մեկին, ով կասկածում է աղոթքի ուժին: Ի՞նչ վկայության խոսքեր կարող եք ավելացնելՆախագահ Բենսոնի խոսքերին:

Առնչվող սուրբ գրություններ

Հակոբոս Ա.5–6, Ենովս 1.1–8, 3 Նեփի 14.7–8, ՎևՈւ 10.5, 19.38, 88.63

Օգնություն ուսումնասիրողին

Սկզբունքը մի ճշմարտություն է, որն առաջնորդում է որոշումներում և գործողություններում: «Երբ կարդաք, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ ավետարանական ճշմարտություն է ուսուցանվում այս հատվածում: Ինչպե՞ս կարող եմ կիրառել սա իմ կյանքում» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում (1999), 4):

Հղումներ

  1. “Prayer,” Ensign, May 1977, 32.

  2. Cross Fire: The Eight Years with Eisenhower (1962), 31.

  3. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 204.

  4. Quoted in Ezra Taft Benson: A Biography, 268.

  5. Gordon B. Hinckley, “Farewell to a Prophet,” Ensign, July 1994, 40.

  6. Quoted in Ezra Taft Benson: A Biography, 140.

  7. Elaine S. McKay, “Pray for Dad,” New Era, June 1975, 33.

  8. “Pray Always,” Ensign, Feb. 1990, 2.

  9. In Conference Report, Apr. 1912, 67.

  10. In Conference Report, Oct. 1914, 98.

  11. In Conference Report, Oct. 1950, 147.

  12. “Family Joys,” New Era, Jan. 1973, 4.

  13. In Conference Report, Apr. 1912, 67.

  14. «Միշտ աղոթիր», 2,4:

  15. In Conference Report, Oct. 1914, 108.

  16. In Conference Report, Oct. 1956, 104.

  17. In Conference Report, Apr. 1953, 39.

  18. “Prayer,” 33–34; poem titled “Prayer” by Eliza M. Hickok, as quoted from Best Loved Religious Poems, ed. James Gilchrist Lawson (1933), 160.