Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 38


Բաժին 38

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆայեթում, Նյու Յորք, 1831թ. հունվարի 2-ին (History of the Church, 1.140–143): Առիթը եղավ Եկեղեցու համաժողովը:

1–6՝ Քրիստոսը ստեղծեց բոլոր բաները. 7–8՝ Նա իր սրբերի մեջ է, որոնք շուտով կտեսնեն նրան. 9–12՝ Ամեն մարմին ապականվել է նրա առաջ. 13–22՝ Իր Սրբերի համար նա մի խոստումի երկիր է վերապահել՝ ժամանակի և հավերժության մեջ. 23–27՝ Սրբերին պատվիրվում է՝ լինել մեկ և միմյանց ընդունել, ինչպես եղբայրներ. 28–29՝ Կանխագուշակվում են պատերազմներ. 30–33՝ Սրբերին զորություն պիտի տրվի ի վերուստ, և նրանք պետք է առաջ գնան բոլոր ազգերի մեջ. 34–42՝ Եկեղեցուն պատվիրվում է՝ հոգալ աղքատների և կարիքավորների մասին և փնտրել հավերժության հարստությունները:

1 Այսպես է ասում Տերը՝ ձեր Աստվածը, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը՝ Մեծ ԵՍ ԵՄ-ը՝ Ալֆան և Օմեգան՝ սկիզբը և վերջը, նա, ով աշխարհի արարումից առաջ նայում էր հավերժության լայնարձակ տարածության վրա և երկնքի բոլոր սերովբեական զորքերի վրա.

2 Նա, ով գիտի բոլոր բաները, քանզի իմ աչքի առաջ բոլոր բաները ներկա են.

3 Ես նա եմ, ով խոսեց, և աշխարհն արարվեց, և բոլոր բաներն ինձանով եղան:

4 Ես նա եմ, որ իմ ծոցն եմ վերցրել Ենովքի Սիոնը. և ճշմարիտ ասում եմ, նույնիսկ բոլոր նրանք, ովքեր հավատացել են իմ անվանը, քանզի ես Քրիստոսն եմ, և իմ անունով, արյան շնորհիվ, որ թափել եմ, ես նրանց համար բարեխոսել եմ Հոր առաջ:

5 Բայց ահա, ամբարիշտների մնացորդին ես պահել եմ խավարի կապանքներում, մինչև մեծ օրվա դատաստանը, որը պիտի գա աշխարհի վերջում.

6 Եվ ճիշտ այդպես ես կպահեմ այն ամբարիշտներին, որոնք չեն լսի իմ ձայնը, այլ կկարծրացնեն իրենց սրտերը, և վա՜յ, վա՜յ, վա՜յ է նրանց դատավճիռը:

7 Բայց ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ իմ աչքերը ձեր վրա են: Ես ձեր մեջ եմ, և դուք չեք կարող տեսնել ինձ.

8 Սակայն օրը շուտով գալիս է, որ դուք պիտի տեսնեք ինձ և իմանաք, որ ես եմ. քանզի խավարի վարագույրը շուտով պիտի պատռվի, և նա, որ մաքրագործված չէ, չի մնա այդ օրը:

9 Ուստի, գոտեպնդեք ձեր մեջքը և պատրաստվեք: Ահա, արքայությունը ձերն է, և թշնամին չպիտի հաղթի:

10 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ. և չկա ուրիշ ոչ մեկը, որին ես հավանեմ.

11 Քանզի ամեն մարմին ապականվել է իմ առաջ. և խավարի ուժերը գերիշխում են երկրի վրա, մարդկանց զավակների մեջ, երկնքի բոլոր զորքերի ներկայությամբ,–

12 Որի պատճառով լռություն է տիրում, և ողջ հավերժությունը ցավ է քաշում, և հրեշտակները սպասում են մեծ հրամանին՝ հնձելու երկիրը, հավաքելու որոմները, որ դրանք այրվեն. և, ահա, թշնամին միավորվել է:

13 Եվ այժմ, ես ձեզ ցույց եմ տալիս մի խորհուրդ, մի բան, որը գաղտնի սենյակներում է, որ որոշ ժամանակ անց իրագործի անգամ ձեր կործանումը, և դուք չգիտեք դա.

14 Բայց այժմ, ես ասում եմ դա ձեզ, և դուք օրհնված եք, բայց ոչ ձեր անօրինության կամ ձեր անհավատ սրտերի պատճառով. քանզի, արդարև, ձեզանից ոմանք մեղավոր են իմ առաջ, բայց ես ողորմած կլինեմ ձեր թուլության համար.

15 Ուստի, ամուր եղեք այսուհետև. մի վախեցեք, քանզի արքայությունը ձերն է:

16 Եվ ձեր փրկության համար, ես ձեզ տալիս եմ պատվիրան, քանզի ես լսել եմ ձեր աղոթքները, և աղքատները գանգատվել են իմ առաջ, և հարուստներին էլ ինքս եմ ստեղծել, և ամեն մարմին իմն է, և ես անաչառ եմ անձանց հանդեպ:

17 Եվ երկիրը ես ստեղծել եմ հարուստ, և ահա, այն իմ ոտքերի պատվանդանն է, ուստի, ես կրկին կկանգնեմ նրա վրա:

18 Եվ ես առաջ եմ մեկնել և կամենում եմ շնորհել ձեզ ավելի մեծ հարստություններ, նույնիսկ խոստումի երկիր՝ կաթ ու մեղր բխող մի հող, որի վրա անեծք չի լինի, երբ որ Տերը գա.

19 Եվ ես այն կտամ ձեզ, որպես ձեր ժառանգության հող, եթե դուք ձգտեք դրան ձեր ողջ սրտով:

20 Եվ սա կլինի իմ ուխտը ձեզ հետ, դուք կունենաք այն, որպես հող՝ ձեր ժառանգության և ձեր զավակների ժառանգության համար հավիտյան, քանի դեռ երկիրը կանգուն է, և հավերժության մեջ դուք այն կրկին կտիրեք, և այն այլևս չի անցնի:

21 Սակայն ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ժամանակի ընթացքում դուք չպետք է ունենաք ո՛չ թագավոր, ո՛չ էլ կառավարիչ, քանզի ես պիտի լինեմ ձեր թագավորն ու հսկեմ ձեր վրա:

22 Ուստի, լսեք իմ ձայնն ու հետևեք ինձ, և դուք կլինեք ազատ ժողովուրդ, և երբ ես գամ, դուք չեք ունենա ոչ մի այլ օրենք, բացի իմ օրենքներից, քանզի ես եմ ձեր օրենսդիրը, և ի՞նչը կարող է ետ պահել իմ ձեռքը:

23 Սակայն, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ուսուցանեք միմյանց՝ համաձայն պաշտոնի, որին նշանակել եմ ձեզ.

24 Եվ թող ամեն մարդ գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն, և առաքինություն ու սրբություն գործադրի իմ առաջ:

25 Եվ կրկին ես ասում եմ ձեզ. Թող ամեն մարդ գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն:

26 Քանզի, ձեզանից ո՞ր մարդն է, որ ունի տասներկու որդի, և անաչառ է նրանց հանդեպ, և նրանք ծառայում են նրան հնազանդությամբ, և նա ասում է մեկին. Պատմուճան հագիր ու նստիր այստեղ. իսկ մյուսին. Ցնցոտիներ հագիր ու նստիր այնտեղ,– և նայում է իր որդիներին ու ասում. Ես արդար եմ:

27 Ահա, սա ես ասացի ձեզ, որպես առակ, և դա ճիշտ ինձ նման է: Ասում եմ ձեզ. Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք:

28 Եվ դարձյալ, ես ասում եմ ձեզ, որ թշնամին գաղտնի սենյակներում փնտրում է ձեր կյանքը:

29 Դուք լսում եք հեռու երկրների պատերազմների մասին, և ասում եք, որ շուտով մեծ պատերազմներ կլինեն հեռու երկրներում, սակայն դուք չգիտեք մարդկանց սրտերը ձեր հողում:

30 Ես ասում եմ այս բաները ձեր աղոթքների պատճառով. ուստի, իմաստություն գանձեք ձեր ծոցում, չլինի թե մարդկանց ամբարշտությունն իր ամբարշտությամբ ձեզ հայտնի դարձնի այդ բաները, մի ձևով, որը ձեր ականջներում կխոսի ավելի բարձր ձայնով, քան այն, որը ցնցում է երկիրը. բայց եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա:

31 Եվ, որ դուք կարողանաք խույս տալ թշնամու զորությունից և հավաքվել ինձ մոտ՝ մի արդարակյաց ժողովուրդ, անբիծ ու անարատ,–

32 Ուստի, այդ նպատակով ես ձեզ պատվիրան տվեցի, որ դուք գնաք Օհայո. և այնտեղ ես կտամ ձեզ իմ օրենքը. և այնտեղ դուք զորությամբ կօժտվեք ի վերուստ.

33 Եվ այնտեղից, նրանք, ում ես կամենամ, առաջ պիտի գնան բոլոր ազգերի մեջ, և նրանց պիտի ասվի, թե ինչ պետք է նրանք անեն. քանզի ես մի մեծ գործ ունեմ պահ տված, քանզի Իսրայելը պիտի փրկվի, և ես պիտի տանեմ նրանց ուր որ կամենամ, և ոչ մի զորություն ետ չի պահի իմ ձեռքը:

34 Եվ այժմ, ես տալիս եմ պատվիրան, այս մասում գտնվող եկեղեցուն, որ նրանց միջից որոշակի մարդիկ պետք է նշանակվեն, և նրանք պետք է նշանակվեն եկեղեցու ձայնով.

35 Եվ նրանք պետք է հոգ տանեն աղքատների ու կարիքավորների համար, և ծառայեն՝ ի սփոփանք նրանց, որ նրանք չտառապեն. և ուղարկեն նրանց այն վայրը, ուր որ պատվիրել եմ նրանց.

36 Եվ սա պիտի լինի նրանց աշխատանքը՝ կառավարել այս եկեղեցու սեփականության գործերը:

37 Եվ նրանք, ովքեր ագարակներ ունեն, որոնք հնարավոր չէ վաճառել, թող դրանք թողնեն կամ վարձով տան, ինչպես որ բարի են համարում:

38 Տեսեք, որ բոլոր բաները պահպանվեն. և երբ մարդիկ զորությամբ օժտվեն ի վերուստ և առաջ ուղարկվեն, բոլոր այս բաները պիտի հավաքվեն եկեղեցու ծոցում:

39 Եվ եթե դուք փնտրեք հարստություններ, որոնք Հայրը կամենում է տալ ձեզ, դուք կլինեք բոլոր մարդկանցից ամենահարուստը, քանզի դուք կունենաք հավերժության հարստությունները. և անպայման այդպես էր պետք, որ երկրի հարստություններն իմն են՝ տալու համար. բայց զգուշացեք հպարտությունից, չլինի թե դուք դառնաք ինչպես հին Նեփիացիները:

40 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Ես տալիս եմ ձեզ պատվիրան, որ ամեն մարդ՝ թե՛ երեց, քահանա, ուսուցիչ և թե՛ անդամ, սկսի իր զորությամբ, իր ձեռքերի աշխատանքով, որ նախապատրաստի և իրագործի այն բաները, որոնք ես պատվիրել եմ:

41 Եվ թող ձեր քարոզը լինի նախազգուշացնող ձայն, ամեն մարդ իր մերձավորին, մեղմությամբ ու հեզությամբ:

42 Եվ դուրս եկեք ամբարիշտների միջից: Փրկվե՛ք: Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ: Ճիշտ այդպես: Ամեն: