2020
Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին
Ապրիլ 2020


Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատրաստում է աշխարհը այն օրվա համար, երբ «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը» (Եսայիա 11.9):

Նկար
painting of the Savior’s hand

Մեր ընկալման շրջանակներում, Ջեյ Բրայան Ուարդ, չբազմացնել

Ես և դուք հնարավորություն ունենք մասնակցելու Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակվող Վերականգնմանը: Դա հրաշալի է: Դա մարդու գործը չէ: Այն գալիս է Տիրոջից, ով ասել է. «Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին» (Վարդապետություն և Ուխտեր 88.73): Այս աշխատանքը լիազորված է աստվածային հայտարարությամբ, որն արվել է 200 տարի առաջ: Այն կազմված էր ընդամենը յոթ բառից․ «Սա է Իմ Սիրեցյալ Որդին։ Լսի՛ր Նրան» (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17):

Ամենազոր Աստծո կողմից արտասանված այդ հայտարարությունը երիտասարդ Ջոզեֆ Սմիթին բերեց Տեր Հիսուս Քրիստոսի մոտ: Այդ յոթ բառերը սկիզբ դրեցին Նրա ավետարանի Վերականգնմանը։ Ինչո՞ւ: Քանի որ մեր ապրող Աստվածը սիրող Աստված է։ Նա ցանկանում է, որ Իր զավակները ձեռք բերեն անմահություն և հավերժական կյանք: Վերջին օրերի հրաշալի աշխատանքը, որի մասն ենք մենք կազմում, հիմնվել է ըստ ժամանակացույցի, որպեսզի օրհնի սպասող և ողբերգություններով ու տխրությամբ լի աշխարհը:

Ես չեմ կարող առանց ոգևորության խոսել Վերականգնման մասին: Պատմության այս փաստը բացարձակապես ապշեցուցիչ է: Անհավատալի է: Հրաշալի է: Մի՞թե հրաշալի չէ, որ երկնքի սուրհանդակները եկան, որպեսզի իշխանություն և զորություն տան այս աշխատանքին:

Այսօր Տիրոջ աշխատանքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում արագ տեմպերով առաջ է ընթանում: Եկեղեցին կունենա աննախադեպ, անզուգական ապագա: «Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց … այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար» (Ա Կորնթացիս 2.9, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 76.10):

Հիշեք, որ Քրիստոսի սպասավորության լրիվությունը ապագայում է: Նրա Երկրորդ Գալուստի մարգարեությունները դեռ չեն կատարվել: Մենք պարզապես կառուցում ենք այս վերջին տնտեսության գագաթնակետը, երբ Փրկիչի Երկրորդ Գալուստը իրականություն կդառնա:

Հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում

Այդ Երկրորդ Գալուստին անհրաժեշտաբար պետք է նախորդի ցրված Իսրայելի երկար սպասված հավաքումը (տես 1 Նեփի 15.18, տես նաև Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը): Հավաքման այս վարդապետությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կարևոր ուսմունքներից մեկն է: Տերը հայտարարել է. «Ես տալիս եմ ձեզ մի նշան, … երբ ես իմ ժողովրդին կժողովեմ իրենց երկարատև ցրումից, ո՛վ Իսրայելի տուն, և կհաստատեմ կրկին նրանց մեջ իմ Սիոնը» (3 Նեփի 21.1):

Մենք ոչ միայն ուսուցանում ենք այս վարդապետությունը, այլև մասնակցում ենք դրան: Մենք անում ենք դա, երբ օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին վարագույրի երկու կողմերում: Որպես երկրի և նրա բնակիչների ծրագրված ճակատագիր, մեր մահացած ազգականները պետք է փրկագնվեն (տես Վարդապետություն և Ուխտեր 128.15): Բարեբախտաբար, «եկեք Քրիստոսի մոտ» հրավերը (Հակոբ 1.7, Մորոնի 10.32, Վարդապետություն և Ուխտեր 20.59) կարող է տարածվել նաև նրանց վրա, ովքեր մահացել են առանց ավետարանի գիտելիքի (տես Վարդապետություն և Ուխտեր 137.6–8): Սակայն նրանց նախապատրաստության մի մասի համար պահանջվում են ուրիշների երկրային ջանքերը: Մենք հավաքում ենք տոհմաբանական աղյուսակներ, ստեղծում ընտանեկան խմբերի թերթիկներ և փոխարինաբար կատարում տաճարային աշխատանք՝ հավաքելով մարդկանց դեպի Տերը և դեպի իրենց ընտանիքները (տես Ա Կորնթացիս 15.29, Ա Պետրոս 4.6):

Նկար
painting of Salt Lake Temple

Սրբություն Տիրոջը, Ջեյ Բրայան Ուարդ, չբազմացնել

Ընտանիքները պետք է կնքվեն միասին ողջ հավերժության համար (տես Վարդապետություն և Ուխտեր 2.2–3, 49.17, 138.48, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.39): Ամուր կապակցող օղակ պետք է ստեղծվի հայրերի և որդիների միջև: Մեր ժամանակներում պետք է ստեղծվի բոլոր տնտեսությունների, բանալիների և զորությունների լրիվ, ամբողջական ու կատարյալ միասնությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 128.18): Այս սրբազան նպատակների համար սուրբ տաճարները հիմա գոյություն ունեն ողջ աշխարհում: Ես կրկին շեշտում եմ, որ այդ տաճարների շինարարությունը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում կատարած ձեր ծառայությունը անշուշտ կարող է։

Գալիս է ժամանակը, երբ նրանք, ովքեր չեն հնազանդվում Տիրոջը, կզատվեն նրանցից, ովքեր հնազանդվում են (տես Վարդապետություն և Ուխտեր 86.1–7): Մեր անվտանգ ապահովության երաշխիքն է՝ շարունակել արժանի լինել ընդունվելու Նրա սուրբ տունը: Մեծագույն պարգևը, որը կարող եք տալ Տիրոջը՝ ձեզ անբիծ պահեք աշխարհից և արժանավոր՝ Նրա տաճար հաճախելու համար: Նրա պարգևը ձեզ կլինի խաղաղության և ապահովության իմացությունը, որ դուք արժանի եք հանդիպելու Նրան, երբ ժամանակը գա:

Ի լրումն տաճարային աշխատանքի, Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է ողջ աշխարհին, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելը և կատարել ուխտերը, որոնք Նա կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ (տես Ծննդոց 12.2–3, 3 Նեփի 21, 29): Մորմոնի Գիրքը հայտարարում է հավաքման վարդապետությունը (տես օրինակ, 1 Նեփի 10.14): Այն նպաստում է, որ մարդիկ սովորեն Հիսուս Քրիստոսի մասին, հավատան Նրա ավետարանին և միանան Նրա Եկեղեցուն: Իրականում, եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա:

Միսիոներական աշխատանքը նույնպես շատ կարևոր է այդ հավաքման համար։ Տիրոջ ծառաները առաջ են գնում՝ հռչակելով Վերականգնումը: Շատ ազգերի մեջ մեր անդամներն ու միսիոներները փնտրել են ցրված Իսրայելի մասնիկներին, նրանք «բռնել են» նրանց «վէմերի ծակերից» (Երեմիա 16.16) և որսացել են, ինչպես հնադարյան ժամանակներում:

Միսիոներական աշխատանքը մարդկանց կապում է այն ուխտի հետ, որը Տերը հնում կապեց Աբրահամի հետ.

«Դու օրհնություն կլինես քո գալիք սերնդի համար, այնպես որ նրանք իրենց ձեռքերում կտանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին.

Եվ ես կօրհնեմ նրանց քո անվան միջոցով. քանի որ, բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն քո անունով, և կհամարվեն քո սերունդը, և վեր կկենան ու կօրհնեն քեզ, որպես իրենց հայր» (Աբրահամ 2.9–10):

Միսիոներական աշխատանքը այդ օրհնության սկիզբն է միայն: Այդ օրհնությունների իրականացումն ու ավարտը տեղի է ունենում, երբ նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը, բավականաչափ կատարելագործում են իրենց կյանքը, որպեսզի կարողանան մտնել սուրբ տաճար: Այնտեղ ստանալով օժտումները, Եկեղեցու անդամները կնքվում են Աբրահամի ուխտի հետ։

Քրիստոսի մոտ գալը ֆիզիկական տեղակայման խնդիր չէ, դա անհատական պարտավորվածության խնդիր է: Եկեղեցու բոլոր անդամների համար հասանելի են վարդապետությունը, արարողությունները, քահանայության բանալիները և ավետարանի օրհնությունները՝ անկախ իրենց տեղակայումից: Մարդիկ «կբերվեն Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը, որը փրկագնել է նրանց» (3 Նեփի 20.13), առանց հեռանալու իրենց հայրենի երկրից:

Եկեղեցու վաղ շրջանում ճշմարիտ դարձի գալը հաճախ նշանակում էր նաև արտագաղթ։ Բայց հիմա հավաքումը տեղի է ունենում յուրաքանչյուր ազգի մեջ: Տերը հայտարարել է Սիոնի հաստատումը (տես Վարդապետություն և Ուխտեր 6.6, 11.6) յուրաքանչյուր տերության մեջ, որտեղ Նա ծնունդ և ազգություն է շնորհել Իր Սրբերին: Բրազիլիայի Սրբերի հավաքման վայրը Բրազիլիան է, Նիգերիայի Սրբերի հավաքման վայրը Նիգերիան է, Կորեայի Սրբերի հավաքման վայրը Կորեան է: Սիոնը «սրտով մաքուրներն են» (Վարդապետություն և Ուխտեր 97.21): Սիոնն այնտեղ է, որտեղ ապրում են արդար Սրբերը:

Հոգևոր ապահովությունը միշտ կախված կլինի նրանից, թե ինչպես է մարդն ապրում, ոչ թե` որտեղ է ապրում: Ես խոստանում եմ, որ եթե մենք անենք հնարավոր ամեն բան՝ հավատք գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կունենանք Աստծո գիտելիքն ու զորությունը, որոնք կօգնեն մեզ տանել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները բոլոր ազգերին, ցեղերին, լեզուներին ու մարդկանց և պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին։

Երկրորդ Գալուստը

Տերը կվերադառնա դեպի այն երկիրը, որն Ինքը Իր առաքելությամբ սուրբ դարձրեց մահկանացու կյանքում: Նա կրկին հաղթանակած կգա Երուսաղեմ: Նա կվերադառնա Սուրբ քաղաքը կարմիր փառավոր հանդերձներով, որոնք խորհրդանշում են Նրա արյունը, որը ծորում էր ամեն ծակոտիից (տես Վարդապետություն և Ուխտեր 133.46–48): Այնտեղ և այլուր «պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն» (Եսայիա 40.5, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101.23): Նրա «անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստուած, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայիա 9.6):

Նա կկառավարի աշխարհի երկու մայրաքաղաքներից. մեկը՝ Հին Երուսաղեմը (տես Զաքարիա 14), իսկ մյուսը՝ Նոր Երուսաղեմը, «կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում» (Հավատո Հանգանակ 1.10): Այս կենտրոններից Նա կղեկավարի Իր Եկեղեցու և արքայության գործերը: Մեկ այլ տաճար կկառուցվի Երուսաղեմում: Տաճարից Նա կթագավորի որպես Տերերի Տեր: Ջուրը դուրս կհոսի տաճարի տակից: Մեռյալ ծովի ջրերը կառողջանան: (Տես Եզեկիել 47․1–8:)

Այդ օրը Նա կկրի նոր տիտղոսներ և շրջապատված կլինի հատուկ Սրբերով: Նրան կճանաչեն որպես «տէրերի Տէր է, եւ թագաւորների Թագաւոր. եւ նորանք որ նորա հետ [կլինեն], կոչուած, ընտրուած եւ հաւատարիմ» (Հայտնություն 17.14), ի վստահություն իրենց, այստեղ՝ մահկանացու կյանքում: Հետո Նա «կ’թագաւորէ յաւիտեանս յաւիտենից» (Հայտնություն 11.15):

Երկիրը կվերադառնա իր դրախտային վիճակին և կնորանա: Կլինի նոր երկինք և նոր երկիր (տես Հայտնություն 21.1, Եթեր 13.9, Վարդապետություն և Ուխտեր 29.23–24):

Մեր պարտականությունն ու արտոնությունն է՝ պատրաստել աշխարհը այդ օրվա համար:

Նկար
Jesus with little boy

Արածեցրու իմ ոչխարներին, Ջեյ Բրայան Ուարդ, չբազմացնել

Հավատքով պատրաստվեք ապագային

Միաժամանակ, ներկայումս մենք ապրում ենք խառնաշփոթ ժամանակներում: Երկրաշարժերն ու ցունամիները ավերածություններ են առաջացնում, կառավարությունները տապալվում են, տնտեսական լարվածությունը սրվում է, ընտանիքը գրոհի է ենթարկվում, իսկ ամուսնալուծությունների ցուցանիշները բարձրանում են: Մենք մեծ պատճառ ունենք մտահոգվելու: Բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկյուղը տատանի մեր հավատքը: Մենք կարող ենք մարտնչել այդ երկյուղների դեմ՝ զորացնելով մեր հավատքը:

Ինչո՞ւ է մեզ հարկավոր այդպիսի անխախտ հավատք: Որովհետև ապագայում սպասվում են դժվարին ժամանակներ: Ապագայում հեշտ չի լինի Վերջին Օրերի հավատարիմ Սուրբ լինել, ոչ էլ նրանք ընդունված կլինեն: Մեզանից յուրաքանչյուրը կստուգվի: Պողոս Առաքյալը նախազգուշացրել է, որ վերջին օրերում նրանք, ովքեր ջանասիրաբար կհետևեն Տիրոջը, «հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12): Հենց այդ հալածանքը կա՛մ կջախջախի ձեզ՝ հասցնելով լուռ թուլության, կա՛մ կմղի ձեզ դեպի ավելի լավ օրինակը՝ դարձնելով խիզախ ձեր առօրյա կյանքում:

Այն, թե ինչպես եք վարվում կյանքի փորձությունների հետ, ձեր հավատքի զարգացման մասն է կազմում: Ուժը գալիս է, երբ դուք հիշում եք, որ ունեք աստվածային էություն և անսահման արժեքավոր ժառանգություն: Տերը հիշեցրել է ձեզ, ձեր երեխաներին և ձեր թոռներին, որ դուք օրինական ժառանգներ եք, որ դուք պահվել եք երկնքում, որ ծնվեք առանձնահատուկ մի ժամանակ և առանձնահատուկ վայրում, որպեսզի մեծանաք և դառնաք Նրա դրոշակակիրներն ու ուխտի ժողովուրդը: Երբ քայլում եք Տիրոջ արդարության արահետով, դուք օրհնվում եք, մնալով Նրա բարության մեջ, լինում եք լույս և փրկիչներ Նրա ժողովրդի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 86:8–11):

Արեք այն ամենը, ինչը կպահանջվի՝ զորացնելու ձեր հավատը առ Հիսուս Քրիստոս, մեծացնելով Նրա վերականգնված Եկեղեցու վարդապետության ձեր ըմբռնումը և անխոնջ որոնելով ճշմարտությունը: Խարսխված լինելով մաքուր վարդապետության վրա, դուք կկարողանաք հավատով քայլ անել առաջ և համառ հաստատակամությամբ ու պատրաստակամ անել այն ամենը, ինչ դրված է ձեր ներուժի սահմաններում՝ Տիրոջ նպատակները կատարելու համար:

Կլինեն օրեր, երբ դուք խորապես կհուսալքվեք: Ուստի աղոթեք քաջություն ձեռք բերելու համար, որպեսզի չհանձնվեք: Դժբախտաբար, ոմանք, ում համարում էիք ձեր ընկերները, կդավաճանեն ձեզ: Իսկ որոշ բաներ պարզապես անարդար կթվան:

Այնուամենայնիվ, ես խոստանում եմ ձեզ, որ երբ հետևեք Հիսուս Քրիստոսին, դուք կգտնեք հաստատուն խաղաղություն և ճշմարիտ ուրախություն: Երբ դուք պահեք ձեր ուխտերը աճող ճշգրտությամբ, և երբ դուք այսօր պաշտպանեք Եկեղեցին և Աստծո արքայությունը երկրի վրա, Տերը կօրհնի ձեզ ուժով և իմաստությամբ՝ իրականացնելու այն, ինչը միայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները կարող են իրականացնել:

Մենք պետք է լինենք Աստծո, Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու հանդեպ անհատական հավատք կառուցողները: Մենք պետք է կառուցենք ընտանիքները և կնքվենք սուրբ տաճարներում: Մենք պետք է կառուցենք Աստծո Եկեղեցին և արքայությունը երկրի վրա (տես Մատթեոս 6.33): Մենք պետք է պատրաստվենք մեր սեփական աստվածային ճակատագրի համար՝ փառք, անմահություն և հավերժական կյանք (տես Հռովմայեցիս 2.7, Վարդապետություն և Ուխտեր 75.5):

Ես խոնարհաբար վկայում եմ ձեզ, որ, ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է հայտարարել, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը «առաջ կգնա համարձակ, ազնվաբարո և անկախ, մինչև որ թափանցի ամեն մայրցամաք, ամեն կլիմայական շրջան, տարածվի բոլոր երկրներով և հնչի ամեն ականջի մեջ, մինչև որ Աստծո նպատակները չիրականանան և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքը կատարված է» (History of the Church, 4:540):

Մենք ներգրավված ենք Ամենազոր Աստծո գործում: Ես աղոթում եմ, որ Նրա օրհնությունները լինեն յուրաքանչյուրիդ հետ։