2007
Նրանք նշեցին ուղին, որին պետք է հետևել
2007թ. հոկտեմբեր


Առաջին Նախագահության Ուղերձ

Նրանք նշեցին ուղին, որին պետք է հետևել

Նկար

Տարիներ առաջ ես հիանում էի Եկեղեցու հրատարակումներից մեկի կազմով, որի վրա վերատպված էր Կառլ Բլոխի հիանալի յուղանկարներից մեկը: Տեսարանը, որը նկարիչը ուներ իր մտապատկերում և որը Տիրոջ ձեռքի հպումով փոխանցել էր կտավի վրա, պատկերում էր Եղիսաբեթին` Զաքարիայի կնոջը, որը ողջունում էր Հիսուսի մորը` Մարիամին: Նրանք երկուսն էլ որդիներ ունեցան` հրաշք ծնունդներ տվեցին:

Եղիսաբեթից ծնված որդին հայտնի դարձավ որպես Հովհաննես Մկրտիչ: Ինչպես Հիսուսի` Մարիամի որդու, այնպես էլ Հովհաննեսի երիտասարդ տարիների մասին թանկարժեք շատ քիչ արձանագրություններ կան: Ընդամենը մեկ նախադասությամբ է ներկայացված Հովհաննեսի կյանքը` նրա ծնունդից մինչև նրա ծառայությունը: «Եվ երեխան աճում էր և զորանում էր հոգիով. և անապատներումն էր, մինչև այն օրն որ նա երևեցավ Իսրայելին»:1

Հովհաննեսի պատգամը կարճ էր: Նա քարոզում էր հավատք, ապաշխարություն, ընկղմամբ մկրտություն և Սուրբ Հոգու շնորհումը իրենից բարձր իշխանություն ունեցողի կողմից: «Ես Քրիստոսը չեմ, այլ … նորա առաջից ուղարկված եմ»:2 «Ես ջրով եմ մկրտում ձեզ. բայց ինձանից ավելի զորավորն է գալիս … Նա ձեզ Սուրբ Հոգով և կրակով կմկրտէ»:3

Ապա տեղի ունեցավ Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից: Ավելի ուշ Հիսուսը վկայեց. «Կանանց ծնածների մեջ չէ վեր կացել Հովհաննէս Մկրտչից մի մեծը»:4

Մենք բոլորս կարիք ունենք տիպական օրինակների, այսինքն` մոդելների, որոնց կարող ենք հետևել: Մեզ համար Հովհաննես Մկրտիչը անկեղծ համեստության անթերի օրինակ է, քանի որ ընդունում էր Մեկին, որը պետք է գար` մարդկության Փրկչին:

Հավատի մոդելներ

Սովորելով նրանցից, ովքեր իրենց հույսը դրել են Աստծո վրա, և հետևելով Նրա ուսմունքներին, մենք հուշում ենք ստանում. «Դադարեցեք, և ճանաչեցեք, որ ես եմ Աստուած»:5 Օրհնված են նրանք, ովքեր անհողդողդ պահում են Նրա պատվիրաններն ու վստահում են Նրան: Երբ հետևենք նրանց օրինակին, մենք նույնպես կօրհնվենք ճիշտ օրը և ճիշտ ժամին: Յուրաքանչյուրը դառնում է հետևելու մոդել:

Սուրբ Աստվածաշնչից մենք բոլորս էլ սիրում ենք Աբրահամի և Իսահակի մասին գեղեցիկ պատմությունը: Որքա՜ն դժվար էր Աբրահամի համար, որն ի հնազանդություն Աստծո հրամանի իր սիրելի Իսահակին տանում էր Մորիայի երկիրը` ողջակեզ մատուցելու: Կարո՞ղ եք պատկերացնել նրա սրտի ցավը, երբ նա կրակի համար փայտ հավաքելով ճանապարհ ընկավ դեպի նշանակված վայրը: Անշուշտ, նրա մարմինը ցավից ուժասպառ էր եղել, իսկ միտքն աղճատվել էր, երբ «Իսահակին կապեց … սեղանի վրա դրավ նորան փայտերի վրա:

Եվ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, և դանակն առավ որ իր որդուն մորթէ»: Որքա՜ն փառահեղ էր հայտարարված վճիռը ու զարմանքը, երբ հնչեց. «Ձեռքդ տղային մի դպցնիր, և նորան մի բան մի անիր, որովհետև հիմա իմացա, որ դու Աստուածանից վախենում ես. և քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր»:6

Աբրահամը որակվեց որպես անտարակույս հնազանդության մոդել:

Եթե մեզանից որևէ մեկը զգում է, որ դժվարություններ ունի, որոնք հաղթահարելն իր կարողությունից վեր է, թող կարդա Հոբի մասին: Այդպիսով, նա կզգա. «Եթե Հոբը կարողացավ համբերել և դժվարությունները հաղթահարել, ապա ես էլ կարող եմ»:

Հոբը «կատարեալ և ուղիղ և աստուածավախ էր, և հեռանում էր չարությունից»:7 Վարքով աստվածապաշտ, և կյանքում բարգավաճ լինելով, Հոբը փորձություն ունեցավ, որը կարող էր կործանել ցանկացած մարդու: Իր ունեցվածքը կորցրած, բարեկամների կողմից արհամարհված, իր տառապանքից չարչարված, ընտանիքի կորստից խորտակված` նրան դրդեցին «անիծել Աստծուն և մահանալ»:8 Նա դիմացավ այդ գայթակղությանը և հայտարարեց իր ազնվազարմ հոգու խորքից. «Ահա, իմ վկայությունը երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում»:9 «Ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է»:10

Հոբը դարձավ անսահման համբերության մոդել: Առ այսօր մենք երկայնամիտ և համբերատար մարդկանց համար ասում ենք, որ «Հոբի համբերությունը» ունեն: Նա մեզ համար եղավ հետևելու օրինակ:

Հնազանդվել և ապրել

«Իր սերնդի մեջ արդար և կատարյալ մարդ էր» Նոյ մարգարեն, որը Աստծո հետ էր քայլում:11 Երիտասարդ տարիքում, լինելով քահանայությանը կարգված, «նա դարձավ արդարության քարոզիչ և հայտարարեց Հիսուս Քրիստոսի ավետարանը, հավատք, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու ստացում ուսուցանելով»:12 Նա զգուշացրեց, որ եթե ականջ չդնեն իր խոսքերին, ջրհեղեղ կգա բոլոր նրանց վրա, ովքեր լսել են իր ձայնը, սակայն ականջ չեն դրել իր խոսքերին:

Նոյը լսեց Աստծո հրամանը տապան կառուցելու վերաբերյալ, որ ինքն ու իր ընտանիքը կարողանային փրկվել կործանումից: Նա հետևեց Աստծո հրահանգներին` տապանի մեջ հավաքելով ամեն կենդանի արարածից մեկ զույգ, որպեսզի նրանք էլ փրկվեին ջրհեղեղից:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Մինչ այդ անձրևի կամ ջրհեղեղի նշույլ անգամ չկար … Նոյի զգուշացումներն անբնական էին թվում: Ի՜նչ անմտություն էր` չոր գետնի վրա մի տապան կառուցելը, երբ արևը շողում է և կյանքն առաջվա պես առաջ է ընթանում: Սակայն ժամանակը թռչում էր … Ջրհեղեղը սկսվեց: Անհնազանդները խեղդվեցին: Տապանի հրաշքը կայանում է այն կառուցելու հայտնության հանդեպ հավատքի մեջ»:13

Նոյն անսասան հավատում էր Աստծո պատվիրաններին: Թող որ մենք միշտ այդպիսին լինենք: Թող որ հիշենք, որ Աստծո իմաստությունը շատ հաճախ մարդկանց համար հիմարություն է թվում. սակայն ամենամեծ դասը, որ կարող ենք սովորել մահկանացու կյանքում այն է, որ երբ Աստված խոսում է, և մենք հնազանդվում ենք, մենք միշտ ճիշտ ենք լինում:

Կանանց մեջ կատարյալ մոդել է Հռութը: Զգալով վշտաբեկ սկեսրոջ` Նաոմիի սրտի ցավը, որը կրել էր իր երկու որդիների կորուստը, հավանաբար զգալով հուսահատության ցավն ու միայնակությունը, որը խորապես կեղեքել էր Նաոմիի հոգին, Հռութն արտասանեց դասական դարձած հավատարմության խոսքերը. «Ինձ մի ստիպիր որ քեզ թողնեմ, և քեզանից ետ դառնամ. որովհետև ուր որ գնաս գնալու եմ, և ուր որ մնաս` մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստուածն իմ Աստուածն է»:14 Հռութի վարվելակերպը ապացուցեց նրա խոսքերի անկեղծությունը:

Թեպետ Նաոմիի հանդեպ Հռութի անխոտոր հավատարմությանը, նա ստիպված ամուսնացավ Բոոսի հետ, և նա` Մովաբացի օտարական կինը դարձավ Դավթի նախատատը, և հետևաբար, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախնին:

Հնազանդության մոդելներ

Այժմ ես անցնում եմ Մորմոնի Գրքի զորավոր մարգարեին, այսինքն` Նեփիին, Լեքիի և Սարիայի որդուն: Նա Աստծուն հավատարիմ և հնազանդ, քաջարի և համարձակ մարդ էր: Երբ տրվեց Լաբանից արույրե թիթեղները վերցնելու դժվարին առաջադրանք, նա չտրտնջաց, այլ ասաց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը չի տալիս պատվիրաններ մարդկանց զավակներին` առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»:15 Հավանաբար, սա է հուշել, որ մեզ համար գրվի խորհուրդ պարունակող «Երկաթե ձողը» օրհներգի խոսքերը.

Հին ժամանակների տեսանող Նեփիին

Տեսիլք եկավ Աստծուց …

Երկաթե ձողը, երկաթե ձողը բռնիր.

Այն ամուր է, պայծառ և ճշմարիտ:

Երկաթե ձողը Աստծո խոսքն է.

Այն ապահով կառաջնորդի մեզ:16

Նեփին աննկուն կամքի մարմնավորում է:

Հետևելու մոդելների նկարագրությունը ավարտուն չի լինի, եթե չխոսենք Ջոզեֆ Սմիթի` այս ժամանակաշրջանի առաջին մարգարեի մասին: Երբ տասնչորս տարեկան էր, այս քաջ պատանին գնաց անտառ, որը հետագայում պիտի կոչվեր սրբազան, և ստացավ իր անկեղծ աղոթքի պատասխանը:

Անողորմ հալածանքներ սկսվեցին Ջոզեֆի համար, երբ նա ուրիշներին պատմեց այդ անտառում ունեցած փառահեղ տեսիլքի մասին: Թեև նրան ծաղր ու ծանակի էին ենթարկում, բայց նա անհողդողդ մնաց: Նա ասաց. «Ես տեսիլք եմ տեսել. ես գիտեմ դա. ես գիտեմ, որ Աստված գիտի դա, և ես չեմ կարող մերժել դա, ոչ էլ կհամարձակվեմ դա անել»:17

Քայլ առ քայլ, ամեն քայլափոխի ընդդիմության հանդիպելով և դեռևս միշտ Տիրոջ ձեռքով առաջնորդվելով, Ջոզեֆը կազմակերպեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Նա քաջություն դրսևորեց բոլոր գործերում:

Իր կյանքի վերջին օրերին, երբ նրան իր եղբոր Հայրումի հետ բանտարկել էին Քարթեջի Բանտում, նա արիաբար դեմ հանդիման կանգնեց իրեն սպասելիք այն ամենին, ինչը նա անկասկած գիտեր, և նա իր արյունով կնքեց իր վկայությունը:

Երբ մեր կյանքում հանդիպում ենք փորձությունների, թող մենք միշտ ընդօրինակենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մարմնավորած անվեհեր քաջությունը:

Լավատեսության մոդել

Այսօր մեր առաջ կանգնած է Աստծո մեկ այլ մարգարե, այսինքն` մեր սիրելի Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: Նա նախագահում է այն ժամանակ, երբ մեր պատմության մեջ Եկեղեցին ամենաշատ անդամներն ունի ամենաշատ երկրներում: Նա ճամփորդել է այն վայրերում, ուր Եկեղեցու ղեկավարները չեն եղել և զրուցել է կառավարությունների ղեկավարների և աշխարասփյուռ անդամների հետ: Մարդկանց հանդեպ նրա սերը լեզվական և մշակութային սահմաններ չի ճանաչում:

Մարգարեական տեսիլքով նա հիմնադրեց Մշտական Կրթական Հիմնադրամը, որը աշխարհի շատ վայրերում մեր անդամների համար կոտրում է աղքատության օղակը, և հմտություններով ու կրթությամբ որակում երիտասարդներին, որի շնորհիվ նրանք շահավետ աշխատանք կարող են ունենալ: Այդ ոգեշնչված ծրագիրը վառել է հույսի լույսը նրանց աչքերում, ովքեր մատնվել էին միջակության, որոնք այժմ ավելի պայծառ ապագա ունենալու հնարավորություն ունեն:

Նախագահ Հինքլին անդադար տքնել է, որպեսզի սրբազան օրհնությունները հասնեն աշխարհով մեկ սփռված Եկեղեցու անդամներին` կառուցելով տաճարներ, որոնք հասանելի են բոլորին: Նա կարող է ավելի բարձրացնել տարբեր մարդկանց` անկախ իրենց կրոնական պատկանելությունից: Նա անսպառ լավատեսության մոդել է, և մենք պատկառանքով ենք հարգում նրան որպես մարգարե, տեսանող և հայտնող:

Իմ հիշատակած այս տղամարդկանց և կանանց առանձնահատուկ գծերը կարող են լինել անգին օգնություն մեզ համար, երբ զանազան դժվարություններ և փորձություններ ունենանք մեր կյանքում: Ես կպարզաբանեմ սա` հիշատակելով Կալիֆորնիայի Օուքլենդից Փոլարդ ընտանիքի կրած փորձությունը:

Մեր ընտանիքի հավատը

Մի քանի տարի առաջ, Երեց Թավիլի Ջոզեֆ Սեմյուել Փոլարդը Զիմբաբվեում ավարտելով իր միսիան` միսիայի գրասենյակ էր գնում: Միսիայի մեքենան, որը նա էր վարում, վերահսկողությունից դուրս եկավ և հարվածեց ծառին: Անցորդներից մեկին հաջողվեց փրկել Երեց Փոլարդի ընկերոջը, սակայն Երեց Փոլարդը, որը կորցրել էր գիտակցությունը մնաց բոցավառվող մեքենայի մեջ: Երեց Փոլարդն այրվեց: Ութ տարի առաջ մահացել էր նրա մայրը, ուստի հայրը միայնակ էր պահում ընտանիքը: Նրա եղբայրը ծառայում էր Արևմտյան Հնդկաստանի Միսիայում:

Երբ Երեց Փոլարդի մահվան լուրը հասավ նրա հորը, այդ խոնարհ մարդը, որն արդեն կորցրել էր իր կնոջը, զանգահարեց արևմտյան Հնդկաստանում ծառայող իր որդուն, որպեսզի հաղորդի եղբոր մահվան լուրը: Այդ հսկայական հեռավորության վրա, հեռախոսով, եղբայր Փոլարդն ու իր որդին ցավից զարկված և վշտահար, միասին երգեցին. «Զավակն եմ Աստծո»18 օրհներգը: Ապա հայրը Երկնային Հորն աղոթեց, շնորհակալություն հայտնելով Նրան բոլոր օրհնությունների համար և խնդրելով Նրա աստվածային մխիթարությունը:

Ավելի ուշ Եղբայր Փոլարդն ասաց` ես գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու իմ ընտանիքում, քանի որ մենք զորավոր վկայություններ ունեինք ավետարանի և փրկության ծրագրի մասին:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ժամանակների լրության այս հրաշալի տնտեսությունում, մահկանացու կյանքով ճամփորդելիս, եթե ապագայում փորձություններ և դժվարություններ ունենանք, եկեք հիշենք այս առավոտ ներկայացրած մոդելների օրինակները, որ հետևենք նրանց: Եկեք ունենանք Հովհաննես Մկրտչի անկեղծ համեստությունը, Աբրահամի անտարակույս հնազանդությունը, Հոբի անսահման համբերությունը, Նոյի անսասան հավատը, Հռութի անխոտոր հավատարմությունը, Նեփիի աննկուն կամքը, Մարգարե Ջոզեֆ Սմիթի անվեհեր քաջությունն ու Նախագահ Հինքլիի անսպառ լավատեսությունը: Մեր կյանքում դա կլինի ուժեղ ամրոց:

Օրինակ

Թող մենք միշտ առաջնորդվենք գերագույն Օրինակի, այսինքն` Մարիամի որդի Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից, որի կյանքը մեզ համար հետևելու կատարյալ մոդել է հանդիսանում:

Ախոռում ծնված, մսուրում դրված, Նա երկնքից իջավ որպես մահկանացու մարդ երկրի վրա ապրելու և Աստծո արքայությունը հաստատելու համար: Իր երկրային ծառայության ընթացքում Նա մարդկանց ավելի բարձր օրենքը սովորեցրեց: Նրա փառահեղ ավետարանը վերափոխեց աշխարհի մտածելակերպը: Նա օրհնեց հիվանդներին, Նա այնպես արեց, որ կաղը քայլի, կույրը տեսնի, խուլը լսի: Նա նույնիսկ մահացածներին կյանք վերադարձրեց:

Ինչպե՞ս արձագանքեցին ողորմության մասին Նրա պատգամին, իմաստության վերաբերյալ Նրա խոսքերին, կյանքի մասին Նրա դասերին: Շատ քչերը գնահատեցին Նրան: Նրանք լվացին Նրա ոտքերը: Նրանք սովորեցին Նրա խոսքը: Նրանք հետևեցին Նրա օրինակին:

Ապա եղան այնպիսիք, որ ուրացան Նրան: Երբ Պիղատոսը հարցրեց. «Ի՞նչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում»,19 նրանք աղաղակեցին. «Խաչիր նորան»:20 Նրանք ծաղրում էին Նրան: Նրան քացախ էին տալիս, որ խմի: Նրանք հայհոյում էին նրան: Նրան եղեգով ծեծում էին, և Նրա վրա թքում էին: Նրանք խաչեցին Նրան:

Սերունդներ են անցել, սակայն Հիսուսի պատգամը մնացել է նույնը: Գալիլեայի գեղեցիկ ծովի ափին Նա Պետրոսին և Անդրեասին ասաց. «Իմ ետևից եկեք»:21 Փիլիպոսին եկավ նույն կանչը. «Իմ ետևից արի»:22 Մաքսատանը նստած Ղևտացուն եկավ նույն հրամանը. «Իմ ետևից արի»:23 Ինձ ու ձեզ, իհարկե եթե լսենք, այդ նույն հրավերը կգա. «Իմ ետևից եկեք»: Թող որ մենք բոլորս հետևենք նրան և քաղենք հավերժական վարձք, որը պահվել է նրանց համար, ովքեր հետևում են այն ուղուն, որը Նա նշեց Իր օրինակելի կյանքով:

ՄՏՔԵՐ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այս ուղերձը աղոթքով ուսումնասիրելուց հետո, կիսվեք դրանով, օգտագործելով այնպիսի եղանակ, որը կխրախուսի նրանց մասնակցությունը, ում դուք ուսուցանում եք: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

  1. Խնդրեք ընտանիքի անդամներին նկարել ինչ-որ անծանոթ մի բան (օրինակ, հեռավոր մի երկրի քարտեզը կամ յուրահատուկ ծաղիկ): Այնուհետև ցույց տվեք տվյալ առարկայի նկարը և խնդրեք նրանց կրկին նկարել: Ինչպե՞ս են մոդելներն օգնում մեզ: Մեջբերեք Նախագահ Մոնսոնի արտահայտություններն այն մասին, թե ինչպես կարող ենք կյանքում մարգարեներին որպես օրինակներ օգտագործել: Կիսվեք անձնական փորձով, բացատրելով, թե ինչպես է մարգարեի օրինակը օգնել ձեզ:

  2. Հարցրեք. «Ո՞մ են մարդիկ այսօր աշխարհում հետևում: Ինչպիսի՞ հատկանիշներ ունեն այդ տղամարդիկ և կանայք»: Համեմատեք այս հոդվածում օրինակ հանդիսացող մարդկանց աշխարհի օրինակների հետ: Ընտանիքին կոչ արեք ընտրել և ընդօրինակել այդ արդարակյաց տղամարդկանց և կանանց հոգևոր գծերը:

  3. Եթե ընտանիքում փոքր երեխաներ կան, խնդրեք նրանց կրկնօրինակել ձեր գործողությունները: Ծափ տվեք, շարժեք ձեր գլուխը և այլն: Քննարկեք ինչ-որ մեկի օրինակին հետևելու նշանակությունը: Խնդրեք ընտանիքի անդամներին մտածել արդար օրինակների մասին, և օգտագործեք հոդվածը` համալրելու նրանց պատասխանները: Ամփոփեք հետևելու համար մեծագույն օրինակ հանդիսացող Հիսուս Քրիստոսի մասին Նախագահ Մոնսոնի վկայությամբ:

Հղումներ

  1. Ղուկաս Ա.80

  2. Հովհաննես Գ.28

  3. Ղուկաս Գ.16

  4. Մատթեոս ԺԱ.11

  5. Սաղմոս ԽԶ.10

  6. Ծննդոց ԻԲ.9–10, 12:

  7. Հոբ Ա.1

  8. Հոբ Բ.9

  9. Հոբ ԺԶ.19

  10. Հոբ ԺԹ.25

  11. Ծննդոց Զ.9

  12. Bible Dictionary, “Noah,” 738–39.

  13. In Conference Report, Oct. 1952, 48.

  14. Հռութ Ա.16

  15. 1 Նեփի 3.7

  16. Joseph L. Townsend (1849–1942), Hymns, no. 274.

  17. Ջոզեֆ Սմիթ— Պատմություն 1.25

  18. Naomi W. Randall (1908–2001), Hymns, no. 301.

  19. Մատթեոս ԻԷ.22

  20. Մարկոս ԺԵ.13

  21. Մատթեոս Դ.19

  22. Հովհաննես Ա.43

  23. Ղուկաս Ե.27