2007
Ավտոմեքենայով դեպի Եկեղեցի
2007թ. հոկտեմբեր


Ավտոմեքենայով դեպի Եկեղեցի

Երբ յոթ տարեկան էի, մայրս և հայրս ընկերացան մեր ծխի մի ոչ ակտիվ ընտանիքի հետ, որը բաղկացած էր միայնակ մորից և նրա երկու որդիներից: Իմ ավագ եղբայր Ջոնը և ես այդ երկու տղաների` Ռոբինի և Շենոնի տարիքին էինք, այսպիսով ճիշտ էր թվում, որ մենք բարեկամական ձեռք մեկնեինք նրանց:

Ընտանիքը ավտոմեքենա չուներ: Նրանք մոտակա քաղաքում էին ապրում, այսպիսով հայրս առաջարկեց մեքենայով նրանց տանել եկեղեցի և եկեղեցուց տուն: Հիշում եմ այն օրերը, երբ հայրս ստիպում էր եղբորս կամ ինձ իրեն ընկերակցել նրանց իրենց տնից վերցնելու համար: Այդ ժամանակ ես չէի սիրում դա անել, բայց չնայած իմ բողոքներին հայրս շարունակում էր նրանց ավտոմեքենայով եկեղեցի տանել, մինչև նրանք սկսեցին ակտիվորեն Եկեղեցի հաճախել և ունեցան իրենց սեփական մեքենան: Շուտով Ռոբինն ու Շենոնը մկրտվեցին ու հաստատվեցին, և նրանց մայրը սկսեց հաճախել Սփոփող Միության դասերին: Ես այդ ժամանակ չէի հասկանում այն դրական հետևանքները, որոնք կգային այդ ծառայության արդյունքում:

Ութերորդ դասարանը սկսելուց մի քանի ամիս առաջ հայրս մահացավ: Ի հավելումն վշտիս, ես վստահ չէի արտաքին տեսքիս վրա և չունեի ընկերներ: Ես սկսեցի տրվել հուսահատության զգացումներին և անցկացնում էի ճաշի ընդմիջման ժամերը` դեպի տուն և տնից դպրոց քայլելով, որովհետև չէի կարողանում տանել միայնակ նստելը:

Այդ նույն տարին այն ընտանիքը, որի հետ ընկերացել էինք, տեղափոխվեց մեր դպրոցի շրջանը, և Շենոնը սկսեց հաճախել մեր դպրոց: Մենք դարձանք մտերիմ ընկերներ: Ես զգացի ինձ բոլորի կողմից ընդունված և այլևս այնքան էլ տխուր չէի: Իմանալով, որ ինչ-որ մեկը ուրախ էր իմ ընկերը լինել, ամրացնում էր իմ վստահությունն ու ինքնարժեքը: Ես այլևս ստիպված չէի իմ ճաշը մենակ անցկացնել:

Մեր ընկերությունը խորացավ բարձր դասարաններում: Երբ մեր ավագ եղբայրները գնացին քոլեջ և միսիա, Շենոնն ու ես դարձանք միմյանց համար եղբայրների պես: Մենք ստացանք մեր Արծիվ Սկաուտ պարգևատրությունները նույն արարողակարգի ժամանակ, գնացինք նույն համալսարանը, մեկնեցինք միսիա նույն ամառվա ընթացքում և հետագայում դարձանք նույն սենյակում ապրող ընկերներ: Մենք երկուսս էլ ամուսնացանք Սոլթ Լեյքի Տաճարում հրաշալի կանանց հետ և մեր առաջին երեխաները ծնվեցին միմյանցից երեք ամիս տարբերությամբ:

Մի երեկո Շենոնի հարսանիքից ոչ շատ առաջ, մենք սկսեցինք խոսել մեր մանկության մասին: Ես ասացի նրան, թե նա ինչպես էր օգնել ինձ հաղթահարել անվստահությունս և հաշտվել հորս մահվան հետ: Դա նրա ընկերությունն էր, ավելացրեցի ես, որն օգնեց ինձ շրջադարձ կատարել իմ կյանքում: Հետո Շենոնն ասաց ինձ, որ եթե հայրս իրենց ընտանիքին մեքենայով չտաներ եկեղեցի, նա չէր գա եկեղեցի, չէր ծառայի միսիայում և չէր կնքվի տաճարում:

Հոգին ուժեղ ազդեցություն գործեց ինձ վրա այդ զրույցի ընթացքում, երբ ես հասկացա, թե մեքենայով դեպի եկեղեցի սովորական ուղևորությունը ինչպիսի օրհնություններ էր բերել մեր կյանք: Երբ մտածեցի Շենոնի ընկերության մասին, հասկացա, որ հայրս ոչ միայն օգնեց փրկել Շենոնի ընտանիքը, այլ նա նաև ընկեր պատրաստեց, որն օգնեց փրկել իր սեփական որդուն: