2007
Ողջ աշխարհում ընտանիքը պաշտպանելու համար Լեհաստանում համագումար է հրավիրվում
2007թ. հոկտեմբեր


Ողջ աշխարհում ընտանիքը պաշտպանելու համար Լեհաստանում համագումար է հրավիրվում

Ավելի քան 3,300 պատգամավորներ ողջ աշխարհից 2007թ. մայիսի 11-ից մինչև 13-ը հավաքվեցին Վարշավայի մշակույթի և գիտության պալատում, Լեհաստան, մասնակցելու ընտանիքներին նվիրված Համաշխարհային IV Համագումարին: Նրանց նպատակն էր ուսուցանել և հաստատել, որ բնական մարդկային ընտանիքը հիմնադրվել է Արարչի կողմից և կարևոր է լավ հասարակության համար:

Համագումարին մասնակցած պատգամավորները զգում են, որ ողջ աշխարհում ընտանիքները հարձակման տակ են և հավատում են, որ անհրաժեշտություն կա սահմանել հիմնական սկզբունքներ` ընտանիքի շահերը պաշտպանող միջազգային շարժման համար: Պատգամավորներ էին եկել Չիլիից, Նոր Զելանդիայից, Աֆղանստանից, Մեքսիկայից և Ֆիլիպիններից` կենտրոնացնելու ուշադրությունը այն բազմաթիվ հարցերի վրա, որոնք ամբողջ աշխարհում ազդում են ընտանիքների վրա:

Էլլեն Սոուերբրեյը` բնակչության, փախստականների և գաղթի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, օգնեց ողջունել համագումարին և ընտանիքն անվանեց ամենահին և ամենատևական մարդկային հաստատությունը:

«Ընտանիքը նախորդել է բոլոր պատություններին և կարելի է գտնել յուրաքանչյուր մշակույթում, յուրաքանչյուր դարաշրջանում … . Պետությունը չի ստեղծել ընտանիքը, այլ ընտանիքներն են ստեղծել պետություն»,- ասաց Տիկին Սոուերբրեյը:

Ռոման Գիրտիչը` Լեհաստանի կրթության նախարարը և փոխվարչապետը, նույնպես ողջունեց համագումարը և ասաց, որ առանց ընտանիքի չկա ոչ կառավարություն, ոչ պետություն, ոչ էլ կյանք:

Համագումարում քննարկվող թեմաների շարքում էին` արհեստական վիժեցումը, համասեռ ամուսնությունը, բնակչության թվի նվազումը, պոռնոգրաֆիան, ընտանիքի վրա լրատվության հարձակումները և ավանդական կրոնի վերականգնումը:

Հոլիվուդը և ընտանիքը թեմայի վերաբերյալ Դոն Ֆեդերը, Ընտանիքներին նվիրված Համաշխարհային Համագումարի հասարակական կապերի տնօրենը, ասաց. «Ամեն օր ամերիկյան մի արդյունաաբերություն հարյուրավոր տոննաներով թունավոր թափոններ է արտանետում ձեր երկրների և օջախների վրա: Ես ի նկատի ունեմ Հոլիվուդը, որի հիմնական արտադրանքները, հարգարժան բացառություններով, սեռական կյանքն է, բռնությունը, այլասերումը, նիհիլիզմը, կրոնի վրա հարձակումները և խորացող հակաընտանեկան բարոյականությունը»:

Վիրջինիայի համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Բրեդ Ուիլոքսը, խոսեց համատեղ բնակվող չամուսնացած զույգերի և երեխաների բարեկեցության մասին:

«Եվրոպայում համատեղ բնակվող չամուսնացած զույգերի մակարդակի բարձրացումը թվում է … տանում է դեպի միայնակ ծնող լինելու աճին, իսկ մենք գիտենք, որ միայնակ ծնող լինելը սպառնալիք է հանդիսանում երեխաների բարեկեցության համար»,- ասաց նա:

Համաժողովի վերջում կազմվեց Վարշավայի Հռչակագիրը, քսանմեկերորդ դարի համար որպես ընտանիքի շահերը պաշտպանող հայեցակետ. «Աստծո ստեղծած բնական ընտանիքը մարդկային հիմնական հանրությունն է, որը հիմնված է տղամարդու և կնոջ միջև կյանքի տևողություն ունեցող ամուսնության վրա, որտեղ նոր անձնավորություններ են բեղմնավորվում, ծնվում և դաստիարակվում»:

Ընտանիքների Համաշխարհային Համագումարը (ԸՀՀ) միջազգային ցանց է, որը կազմված է ավելի քան 60 երկրների ընտանիքի շահերը պաշտպանող կազմակերպություններից, գիտնականներից, ղեկավարներից և բարի կամքի մարդկանցից, ովքեր ձգտում են վերականգնել բնական ընտանիքը, որպես հասարակության հիմնական սոցիալական միավոր:

Ալան Կառլսոնը հիմնադրեց ԸՀՀ-ն 1997թ. Ռոկֆորդում, Իլինոյս: Երեք նախորդ համագումարները կազմակերպվել էին Պրագայում, Չեխիայի Հանրապետություն (1997), Ժնևում, Շվեյցարիա (1999), և Մեխիկոյում, Մեքսիկա (2004):

ԸՀՀ-ն նշում է. «Բնական ընտանիքը հիմնական սոցիալական միավոր է, որը դրոշմված է մարդկային էության մեջ և հաստատված տղամարդու և կնոջ կամավոր միության վրա` կյանքի տևողություն ունեցող ամուսնական ուխտով … . Սիրող ընտանիքը սիրով և ծառայությամբ հասնում է իրենց համայնքներին և նրանց, ովքեր կարիքի մեջ են: Բոլոր հասարակական և մշակութային հաստատությունները պետք է հարգեն և պաշտպանեն ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները»: