2007
Աճել հավատի մեջ — Յոնդոնջամսը Ուլան Բատորից, Մոնղոլիա
2007թ. հոկտեմբեր


Ընկերներ ձեռք բերենք

Աճել հավատի մեջ — Յոնդոնջամսը Ուլան Բատորից, Մոնղոլիա

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներները չէին կարողանում ուսուցանել ավետարանը Մոնղոլիայի ժողովրդին նախքան 1993թ.: 1920-ականներից մինչև 1990թ., երբ կոմունիստական կուսակցություն էր ղեկավարում երկիրը, մոնղոլներին չէր խրախուսվում կրոնական հավաքների մասնակցել: Այսօր 10-ամյա Յոնդոնջամսը և նրա հայրը` Բայարտսենգելը, մայրը` Գանտսեթսեգը, 14-ամյա եղբայրը` Մոնխսայհանը, և 16-ամյա քույրը` Բոլոր- Էրդենը, ուրախ են Եկեղեցու անդամները լինելու համար:

Հավատով լի աղոթքներ, մկրտություն և քահանայություն

Նախքան Յոնդոնջամսը կմկրտվեր և կհաստատվեր, նա մշտապես աղոթում էր, որ իր հայրը ևս միանա Եկեղեցուն: Նա շատ երախտապարտ էր, երբ հայրը որոշեց մկրտվել: Իր մկրտությունից և հաստատումից հետո, Յոնդոնջամսը գիտեր, որ կարևոր է պատրաստվել Ահարոնյան Քահանայության սարկավագ դառնալու համար: Նաև կարևոր էր, որ իր հայրը ստանա քահանայություն, և նա ստացավ: Ընտանիքում ամեն ոք ընդունում է, որ Յոնդոնջամսը հավատարիմ պատանի է, որը գիտի աղոթքի կարևորության մասին:

Հավերժական ընտանիք

Երբ նրա հայրը մկրտվեց և հաստատվեց, մեկ տարի անց ընտանիքը այցելեց Չինաստանի Հոնգ Կոնգ Տաճար: Յոնդոնջամսը ուրախ էր, որ իր ընտանիքը կնքվեց տաճարում, այնպես որ իրենք կարող են հավերժական ընտանիք լինել: Երբ տաճարում էին, նա մի կնոջ անուն տվեց, որպեսզի տաճարում մարդիկ աղոթեին նրա համար: Նա մտահոգված էր նրա վնասված ոտքի համար, և շատ ուրախացավ, երբ նա ապաքինվեց:

Նա սիրում է`

  1. Բասկետբոլ խաղալ

  2. Նկարել

  3. Մատերի վրա հագցրած խաղատիկնիկներով խաղալ

  4. Եկեղեցի գնալ

  5. Բրնձով ապուր և խաղող ուտել:

  6. Գնալ քաղաքի արևելյան մասը:

Դպրոց

Չորրորդ դասարանի աշակերտ` Յոնդոնջամսը, սիրում է մաթեմատիկա և օրիգամի (թղթով առարկաներ պատրաստել): Դպրոցում նա սովորում է անգլերեն և մոնղոլերեն: Նրա սիրելի գիրքն է Օսկար Վայլդի Երջանիկ Արքայազնը: Մայրն ասում է, որ նա ուրախ և շատ հնազանդ աշակերտ է: Նա հինգ րոպեում քայլելով հասնում է դպրոց:

Ընտանեկան երեկո

Ընտանեկան երեկոյի ժամանակ ընտանիքը կարդում է սուրբ գրություններ, բեմադրություններ է կատարում, երգեր երգում, ստուգում Եկեղեցու պատմության վերաբերյալ իրենց գիտելիքը և հյուրասիրություն կազմակերպում: Յոնդոնջամսը ուրախությամբ է կարդում Մորմոնի Գրքում Ալմայի մասին, որը աղոթում էր, որպեսզի իր որդին իմանա ճշմարտությունը և ապաշխարի: Յոնդոնջամսը ուրախանում է այն փաստով, որ Ալմա կրտսերն ապաշխարում և փոխում է իր կյանքը (տե՛ս Մոսիա 27.8–31):

Միսիային պատրաստվելը

Յոնդոնջամսը ցանկանում է, որ մի օր միսիայում կծառայի: Նա պատրաստվում է միսիոներ լինելուն` աղոթելով, սուրբ գրությունները կարդալով, Եկեղեցու ժողովներին հաճախելով և փորձելով հավատարիմ ու արդարակյաց լինել: Նա նաև դաշնամուրի դասերի է հաճախում: Քանի որ Մոնղոլիայում ձմեռները շատ ցուրտ են, նա ուրախությամբ միսիա կծառայեր Հավայան կղզիներում:

Աշխարհի ո՞ր մասում է գտնվում Ուլան Բատորը, Մոնղոլիա:

Մոնղոլիան լեռնային երկիր է, որը գտնվում է Չինաստանի և Ռուսաստանի միջև: Ուլան Բատորը Մոնղոլիայի մայրաքաղաքն է:

Երեխաների Միություն

Ընտանիքին 20 րոպե է անհրաժեշտ, որպեսզի նրանք ավտոբուսով հասնեն Բայանզուրխ ճյուղ: Երեխաների խմբում Յոնդոնջամսը սիրում է երգել և երաժշտություն լսել: Նա սիրում է միացյալ ժամը նույնպես: