2019
Փրկող աղոթքը
Հոկտեմբեր 2019


Փրկող աղոթքը

Փրոդին վախենում էր նորից գնալ քնելու: Ի՞նչ կլիներ, եթե նա նորից սարսափելի երազ տեսներ:

«Աղոթի՛ր, Նա լսում է» (Children’s Songbook, 12):

Նկար
Just a Prayer Away

Փրոդին վեր թռավ քնից և նստեց անկողնում: Նրա սիրտն արագ էր բաբախում:

Անձրևը ծեծում էր տանիքը, երբ նա նստած էր մթության մեջ: Նա լսում էր, թե պատուհանից այն կողմ աֆրիկյան թզենու ճյուղերից ինչպես էր ցած հոսում ջուրը, և զգում էր տաք ու խոնավ օդը: Փրոդին խորը շունչ քաշեց և փորձեց հանգստանալ: Դա միայն երազ էր:

Անկողնուց դուրս սողալով, նա գնաց ծնողների սենյակ: Մայրիկն ու հայրիկը հանգիստ քնած էին: Փոքր քույրիկը՝ Սելիան, նույնպես անկողնում էր: Ամեն ինչ լավ էր: Ընտանիքն ապահով էր:

Փրոդին մագլցեց իր անկողնու վրա և նորից փորձեց քնել: Որոշ ժամանակ նա այս ու այն կողմ էր շուռ գալիս: Նա գիտեր, որ երազն իրական չէր, բայց այնքա՜ն վախեցնող էր: Թեև նա հոգնած էր, բայց վախենում էր նորից քնել: Ի՞նչ կլիներ, եթե նա նորից սարսափելի երազ տեսներ:

Փրոդին մեջքի վրա պառկած նայում էր առաստաղին: Նա փորձում էր ուրախ մտքերի մասին մտածել: «Երկնային Հայր, Դու իսկապե՞ս լսում ես: Ամեն երեխայի աղոթքին Դու պատասխանո՞ւմ ես»: Ջերմության ալիքը համակեց Փրոդիին, երբ նա հիշեց Երեխաների Միության իր սիրած երգի խոսքերը: Քույր Կիոսկան նրանց սովորեցրել էր, որ Երկնային Հայրը միշտ դիտում է նրանց: Նրանք կարող են աղոթել Երկնային Հորը ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ:

Փրոդին գիտեր, թե ինչ անել: Նա իջավ անկողնուց, ծնկի եկավ ու աղոթեց.

«Սիրելի՛ Երկնային Հայր, ես շատ եմ վախենում: Խնդրում եմ ապահով պահիր իմ ընտանիքը: Եվ խնդրում եմ օգնիր ինձ, որ քնեմ և այլևս վատ երազներ չտեսնեմ»:

Աղոթքն ավարտելուն պես, Փրոդին մտավ անկողին: Նրա մարմինը հանգստացել էր, և միտքը խաղաղ էր: Շուտով նա քնեց:

Երբ առավոտը բացվեց, Փրոդին արթնացավ արևի ջերմ շողից, որ ներս էր թափանցում պատուհանից: Խոհանոցից լսվում էին կաթսաների ձայները և նա գնաց գտնելու մայրիկին: Սելիան, սեղանի շուրջ նստած, կասսավա էր ուտում: Մայրիկն իր համար նույնպես ինչ-որ բան էր տաքացնում:

- Բարի լույս,- ասաց մայրիկը: - Ինչպե՞ս ես քնել:

- Ես շատ սարսափելի երազ էի տեսել,- ասաց Փրոդին: - Բայց հետո աղոթեցի: - Երկնային Հայրն օգնեց ինձ ապահով զգալ:

- Լավ չէ, որ վատ երազ ես տեսել,- ասաց մայրիկը: Նա ամուր գրկեց Փրոդիին և երկար չէր թողնում նրան: - Բայց ինչ ուրախ եմ, որ աղոթել ես: - Փաստորեն, Երկնային Հայրն իսկապես օգնել է քեզ:

- Այո, Նա օգնեց,- ասաց Փրոդին: - Ես կարողացա նորից քնել և այլևս վատ երազներ չտեսա: Փրոդին ամուր գրկեց մայրիկին: Նա ուրախ էր, հասկանալով, որ անկախ նրանից, թե որքան վախեցած էր ինքը, Երկնային Հայրը լսեց փրկող աղոթքը: