2019
Ես պայքարել եմ, որպեսզի հաղթահարեմ պոռնոգրաֆիայից կախվածությունը: Նա էլ կարող է:
Հոկտեմբեր 2019


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Ես պայքարել եմ, որպեսզի հաղթահարեմ պոռնոգրաֆիայից կախվածությունը: Նա էլ կարող է:

Երբ իմացա, որ ընկերս պոռնոգրաֆիայից կախվածության խնդիր ունի, ես փորձեցի անել հնարավոր ամեն բան, որպեսզի օգնեմ նրան դառնալ դեպի Փրկիչը:

Հեղինակն ապրում է Գվատեմալայում:

Ես ժամադրվում էի մի երիտասարդ տղայի հետ, ում միանշանակ սիրահարված էի շուրջ մեկ տարի: Ես համոզված էի, որ ամուսնանալու եմ նրա հետ: Սակայն մտքովս չէր անցնում, որ ժամադրվելու ընթացքում կբախվեի մի խնդրի հետ, որի դեմ ժամանակին իմ ամբողջ ուժով պայքարել էի, որպեսզի հաղթահարեի:

Երբ ես պատրաստվում էի մեկնել միսիայի, ես պետք է գնայի իմ եպիսկոպոսի մոտ և խոստովանեի, որ անցյալում պոռնոգրաֆիայից կախվածության խնդիր եմ ունեցել և պայքարել եմ դրա դեմ: Ապաշխարելուց հետո ես հեռացրել էի այս բեռը իմ հոգուց և չէի մտածում, որ պոռնոգրաֆիան նորից ազդեցություն կունենա իմ կյանքում: Բայց ես սխալվում էի:

Երբ իմացա, որ այն մարդը, ում հետ ես մտադիր էի ամուսնանալ, կախվածություն ունի պոռնոգրաֆիայից, ես փորձեցի օգնել նրան և աջակցել, որ հաղթահարի կախվածությունը: Ինձ արդեն ծանոթ էին ապաշխարության գործընթացը, ինչպես նաև պոռնոգրաֆիայից կախվածությունը հաղթահարելու համար պահանջվող ջանքերը, և ես գիտեի, թե Տերն ինչ կարող էր անել նրա համար: Սակայն, այնպիսի տպավորություն ունեի, որ ամեն անգամ, երբ փորձում էի առաջարկել նրան խնդիրը հաղթահարելու անհրաժեշտ օգնությունը, ամեն ինչ ձախողվում էր: Նա, կարծես, օգնության կարիք չուներ: Որոշ ժամանակ հետո ես հասկացա, որ մենք տարբեր տեսակետներ ունենք պոռնոգրաֆիայի վերաբերյալ: Այո՛, մենք երկուսս էլ Եկեղեցու անդամներ էինք, բայց ավետարանի ուսմունքները տարբեր նշանակություններ ունեին երկուսիս համար:

Ես շփոթված էի: Ես սիրում էի նրան և հավատում էի, որ օգնության դեպքում նա կարող էր հաղթահարել խնդիրը: Ես նաև խոցելի իրավիճակում էի, քանի որ պետք է բախվեի նույն խնդրի հետ, որը հաղթահարելու համար այդքան տքնաջան աշխատել էի անցյալում: Մի գիշեր ես որոշեցի աղոթել և իմաստություն խնդրել իմ Երկնային Հորից, թե ինչպես առաջ գնալ, քանի որ ինձ գայթակղությանը դիմադրելու ուժ էր հարկավոր, և ես նաև ուզում էի իմանալ, թե ինչպես աջակցեմ այն մարդուն, ում հետ մտադիր էի կիսել կյանքս:

Երբ պատասխանը վերջապես եկավ, ես խաղաղություն զգացի, և գիտեի, որ պետք է խոսեմ իմ ընկերոջ հետ, մտքում նպատակ պահելով: Ես ցանկանում էի տեղյակ պահել նրան, թե ինչ ակնկալիքներ ունեմ մեկից, ում հետ ժամադրվում եմ, այսինքն՝ տաճարում ամուսնանալու և երեխաներ ունենալու մասին: Ես ցանկանում էի իմանալ, թե արդյո՞ք ապագայի մասին մեր պատկերացումները համընկնում էին, և արդյո՞ք նա շարժվում էր դեպի Փրկիչը: Ես ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք մենք պետք է շարունակեինք մեր հարաբերությունները: Ես մեծ սպասելիքներ ունեի և մտածում էի, որ մեր զրույցից հետո ամեն ինչ կկարգավորվի:

Արևոտ կեսօր էր, երբ ես կիսվեցի նրա հետ իմ երազանքներով ու նպատակներով իմ ապագա ընտանիքի վերաբերյալ, ինչպես նաև իմ երեխաներին ավետարանում մեծացնելու մասին: Ես չափազանց զարմացա, երբ ինձ լսելուց հետո, նա բարկացավ: Ես հասկացա, որ մենք տարբեր պատկերացումներ ունեինք ապագայի վերաբերյալ: Ուժերս սպառվել էին, բայց զարմանալիորեն խաղաղություն էի զգում և գիտեի, որ իմ պատասխանն էր՝ ավարտել հարաբերությունները: Նրա մոտ չկար ցանկություն փորձելու հաղթահարել պոռնոգրաֆիայի հետ կապված իր խնդիրները կամ օգնության համար դառնալու դեպի Փրկիչը, և ես չէի կարող օգնել նրան, եթե նա չէր ցանկանում օգնություն ստանալ:

Որոշ ժամանակ ես մտածում էի, թե ինչու նույնիսկ ճիշտ վարվելուց և հնարավոր ամեն բան անելուց հետո, որ օգնեմ նրան, իմ սիրտն այսպես կտոր-կտոր եղավ: Վերջապես, նրա համար վերջին արցունքները թափելուց հետո, ես կենտրոնացա այն խաղաղության վրա, որը զգացել էի մեր հարաբերություններին վերջ դնելու պահին: Ես գիտեի, որ պատասխանը երկնքից էր եկել:

Արդեն մի քանի տարի է անցել, ինչ մեր հարաբերություններն ավարտված են: Եվ ես դեռ տեսնում եմ նրան որպես լավ մարդ, ինչպիսին նա միշտ եղել է: Սակայն ես գիտեմ, որ նա ինքը պետք է մոտենա Փրկիչին օգնության համար, ես չեմ կարող ստիպել նրան: Նա ունի իր ազատ կամքը, ես՝ իմը: Այս փորձառությունից հետո, ես ձգտում եմ հետևել Սուրբ Հոգու ձայնին առանց երկմտելու: Ես գիտեմ, որ Երկնային Հայրը ծրագիր ունի մեզ համար, և մենք կարող ենք վստահ լինել, որ եթե որոշումներ կայացնենք Հոգու հուշումներին համապատասխան, ապա Նա թույլ չի տա, որ մեզ մոլորեցնեն: Նա միշտ պատրաստում է մեզ գալիք լավ ժամանակների համար: