2019
Երախտագիտության երկու էջ
Հոկտեմբեր 2019


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Երախտագիտության երկու էջ

Էլիզ Դահլեն

Յուտա, ԱՄՆ

Նկար
man reading a letter

Նկարը` Ալեն Գարնսի:

Հայրս իր ամբողջ կյանքում տառապել է ցածր ինքնագնահատականով և անարժանության զգացումով: Նա ունեցել է հարբեցող հայր, ով նրան միշտ ասել է, թե որքան անպետք է համարում որդուն: Բարեբախտաբար, հայրս երբեք չէր օգտագործում ալկոհոլ, բայց նա երբեք չէր ասում ինձ և իմ եղբայրներին ու քույրերին, որ հպարտ է մեզանով կամ չէր գովում մեզ ինչ-որ բաների համար, որոնք մենք լավ էինք կատարում: Մեծանալով, ես փորձում էի գոհացնել նրան, սակայն միշտ զգում էի, որ չէի կարող գովասանքի արժանանալ: Արդյունքում, մենք լարված հարաբերություններ ունեինք:

Մի անգամ, ես պատմեցի այդ մասին իմ իմաստուն եպիսկոպոսին: Նա խորհուրդ տվեց, որ հորս նամակ գրեմ, նշելով բոլոր պատճառները, թե ինչի համար եմ ես երախտապարտ նրան: Ինձ համար շատ դժվար կլիներ այդ անելը: Իմ վերքերը խորն էին, և ես չէի ուզում, որ երախտագիտության նամակը դառնար զայրույթի նամակ: Եվ ես աղոթեցի: Հոգու առաջնորդությամբ, երախտապարտ լինելու պատճառները սկսեցին ինքնաբերաբար հոսել: Որոշ ժամանակ տևեց, սակայն երբ ավարտեցի նամակը, այն բաղկացած էր երկու ամբողջական էջից:

Ես ուղարկեցի նամակս, չիմանալով, թե հայրս ինչպես կարձագանքի: Սակայն ես գիտեի, որ նրա արձագանքը կարևոր չէր: Ես միայն ցանկանում էի նայել իմ սրտի մեջ և հիշել, թե ինչու էի գրել նամակը:

Հաջորդ օրն առավոտյան ինձ զանգեց իմ խորթ մայրը: Նա լաց էր լինում: Նա ասաց ինձ, որ հայրս նորից ու նորից կարդում է նամակը: Նա ասաց, որ հայրիկը չի կարող խոսել ինձ հետ, քանի որ շատ է լացում:

«Շնորհակալություն»,- ասաց նա: «Քո հայրն այդ նամակի կարիքն ուներ»:

Ավելի ուշ այդ օրը հայրս զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց: Մի քանի օրվա ընթացքում նա ինձ ամեն օր զանգում էր, որպեսզի ասի, թե որքան կարևոր էր իր համար այդ նամակը:

Ես կցանկանայի ասել, որ մեր հարաբերությունները զարմանալիորեն վերականգնվեցին, սակայն մենք դեռ շատ պիտի աշխատենք այդ ուղղությամբ: Ժամանակի ընթացքում սիրտս բուժվեց և մեր հարաբերությունները լավացան: Ի վերջո, ես կարողացա ներել նրան:

Մի քանի տարի հետո, քաղցկեղի դեմ պայքարելով, հայրս մահացավ: Վստահ եմ, որ այժմ նա մեծ ուրախություն է ապրում, քանի որ Փրկիչն օգնում է նրան բուժվել երկարատև չարչարանքից: Գիտեմ, որ ես ինձ բուժված զգացի Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ: Փրկիչը հասկանում է մեր կարիքները և կարող է օգնել մեզ հեռացնել մեր հոգիներից վիրավորանքի և վրդովմունքի թույնը: Ես գիտեմ, որ երախտագիտությունը, ներումը և սերը բուժման հզոր միջոցներ են: