2019
Լրացուցիչ օրհնություն
Հոկտեմբեր 2019


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Լրացուցիչ օրհնություն

Ռոբերտո Աթունկար Նիետո

Լիմա, Պերու

Նկար
man holding bags of food

Նկարը՝ Ալե + Ալե, Մորգան Գեյնինի

Կինս՝ Կարմենը, և ես նոր էինք ունեցել մեր առաջին երեխային, երբ ես կանչվեցի մեր ծխում որպես եպիսկոպոս: Այդ ժամանակ մենք ֆինանսապես ծանր վիճակում էինք: Ես շատ լարված էի, քանի որ ընտանիքս ապահովելուց բացի, պետք է նաև հետևեի և հոգ տանեի մեր ծխի անդամների մասին:

Մի կիրակի հաղորդության ժողովին ես նկատեցի մի միայնակ մոր չորս փոքր երեխաների հետ: Նա նստած էր սրահի վերջին նստարանին և ջանքեր էր թափում, որ երեխաները լուռ նստեին: Ես գիտեի, որ նա նույնպես ֆինանսական դժվարություններ ուներ, սակայն երբեք օգնության համար չէր խնդրել: Շաբաթներ էին անցնում, նա ամեն կիրակի երեխաների հետ գալիս էր եկեղեցի:

Մի օր ես ստացա իմ վճարային չեկը: Օրհնվելով լրացուցիչ պարգևավճարով, ես որոշեցի լրացուցիչ գումարով գնել պարագաներ տանս համար այդքան անհրաժեշտ վերանորոգման համար: Սակայն խանութի ճանապարհին այդ քույրը և նրա երեխաները եկան միտքս: Ես զգացի, որ պետք է այդ լրացուցիչ գումարով նրանց համար սնունդ գնեմ: Ես զանգահարեցի Կարմենին և ասացի նրան, թե ինչ եմ մտադիր անել: Նա համաձայնեց։

Առևտուր անելիս աչքս կանգ առավ ինչ-որ թխվածքաբլիթների վրա: Ես մտածեցի, որ գուցե երեխաները քաղցրավենիքի կարիք կունենան: Ես վերցրի երկու տոպրակ ուտելիք և ճամփա ընկա դեպի այդ քրոջ տունը:

Ես մի քանի անգամ թակեցի փայտյա մաշված դուռը: Երբ արդեն պետք է հետ դառնայի, դուռը վերջապես բացվեց: «Եպիսկոպոս»,- ասաց քույրը,- Ես զարմացած եմ ձեզ այստեղ տեսնելով»: Նրա երեխաներն անմիջապես դուրս վազեցին նրա ետևից:

«Ես մի քիչ սնունդ եմ բերել ձեզ»,- ասացի ես:

Նրա դուստրերից մեկը տեսավ թխվածքաբլիթները և բղավեց. «թխվածքաբլիթներ»: Նրա եղբայրներն ու քույրերը ոգևորված հավաքվեցին շուրջս: Յոթամյա աղջիկը գրկեց ինձ: «Շնորհակալություն, եպիսկոպոս»,- ասաց նա:

Ես աչքի անցկացրի նրանց տունը և տեսա, որ քույրը թասի մեջ հագուստ էր լվանում հատակին: Տանը չկար սեղան, մահճակալներ և նրանք հատակին դրված ներքնակների վրա էին քնում: Ես հասկացա, թե ինչպիսի կարիքի մեջ էին նրանք: Ես կազմակերպեցի, որ նրանք սեղան ունենային և նրանցից յուրաքանչյուրը՝ անկողին:

Այս փորձառությունն օգնեց ինձ հասկանալ, որ Տերն առաջնորդում և օրհնում է Իր ծառաներին: Մեզ հատուկ կոչում պետք չէ, որպեսզի օգնենք մեր եղբայրներին ու քույրերին: Պարզապես պետք է ներդաշնակ լինենք Հոգու հետ, հասկանալով, թե ով ունի մեր օգնության կարիքը և կամենանք գործիք լինել Տիրոջ ձեռքերում: