2019
Սպիտակ գլխարկ Ֆլորենսի համար
Հոկտեմբեր 2019


Սպիտակ գլխարկ Ֆլորենսի համար

Հեղինակն ապրում է Միչիգանում (ԱՄՆ):

Նկար
A White Cap for Florence

13-ամյա Ֆլորենս Օնյեջեքվեն հասավ իր տաղավարին` Նիգերիայի Օնիշա քաղաքի բազմամարդ շուկաներից մեկում: Փողոցը լի էր վաճառողներով, ովքեր հրավիրում էին անցորդներին գնումներ կատարել իրենց մոտից: Կանայք քայլելիս հավասարակշռում էին իրենց գլուխների վրայի կապոցները: Դպրոց չկար՝ հանգստյան օրեր էին, և Ֆլորենսը գիտեր, որ դասընկերները վայելում էին իրենց հանգիստը: Սակայն Ֆլորենսն իր հանգստյան օրերն անցկացնում էր շուկայում՝ դառը տերև կոչվող բույսը վաճառելով: Դա նրա միակ հնարավորությունն էր՝ ուսման վարձի գումարն աշխատելու համար:

Թերևս, Ֆլորենսը չէր բողոքում: Ի վերջո, նրա մայրն ամեն օր, առավոտից երեկո շուկայում քաղցր կարտոֆիլ էր վաճառում, որպեսզի ընտանիքի համար սնունդ գներ: Մայրիկը շատ քրտնաջան էր աշխատում: Հայրիկը նույնպես: Սակայն առանց կրթություն ունենալու, նրանք միայն այդքանը կարող էին անել: Ֆլորենսը գրեթե ավարտել էր տարրական դպրոցը: Թերևս, եթե նա կարողանար շարունակել ուսումը, կկարողանար լավ վարձատրվող աշխատանք գտնել և օգնել իր ընտանիքին:

Երբ Ֆլորենսը տուն վերադարձավ, հարցրեց ծնողներին. «Ի՞նչ եք կարծում, ես կարո՞ղ եմ գնալ միջնակարգ դպրոց: Իսկ՝ համալսարա՞ն»:

Մայրիկը նայեց Ննամին (հայրիկին) և տարուբերեց գլուխը: «Համալսարանի վարձը շատ թանկ է, մենք այդքան փող չունենք»,- ասաց Ննամը: Ֆլորենսը հայացքն իջեցրեց: Նա չէր ցանկանում, որ ծնողները տեսնեին, թե որքան հիասթափված էր ինքը:

Մի քանի օր անց Ֆլորենսը կանգ առավ հիվանդանոցի մոտ, որպեսզի դեղորայք գներ: Հիվանդանոցը գրեթե նույնքան բազմամարդ էր, որքան շուկան, սակայն՝ ոչ այդքան աղմկոտ: Ֆլորենսը զարմանքով նայում էր բուժքույրերին, որոնք կրում էին օսլայած, սպիտակ գլխարկներ: Նա պատկերացնում էր իրեն՝ այդպիսի համազգեստով, հիվանդներին օգնելիս և հիվանդանոցում գտնվող երեխաների մասին հոգ տանելիս: Հավանաբար, նա կարող էր բուժքույր դառնալ:

Ֆլորենսը գիտեր, որ ծնողները ճիշտ էին՝ կրթություն ստանալը դժվար կլիներ: Բայց Ֆլորենսը շատ աշխատասեր էր: Նա որոշեց փորձել:

Անկախ առօրյա զբաղվածությունից, Ֆլորենսը սովորելու ժամանակ էր գտնում: Նա հանձնեց միջնակարգ դպրոցի ընդունելության թեստը և Ննամը բավարար գումար վերցրեց պարտքով, որպեսզի դուստրը դպրոց գնա: Հետագայում Ֆլորենսն իմացավ, որ կառավարությունը կօգներ վճարել բուժքույրական դպրոցի վարձը: Նրա երազանքը մոտ էր իրականանալուն:

Սակայն, երբ բուժքույրական դպրոց գնալու ժամանակը եկավ, Ֆլորենսը սկսեց կասկածել: Իսկ ի՞նչ է լինելու, եթե այնտեղ դժվար լինի սովորել: Ի՞նչ կլինի, եթե նա ընկերներ չունենա: Ֆլորենսը կախեց գլուխը և աղոթեց. «Սիրելի Աստված, խնդրում եմ ինձ ուժ տալ, որ գնամ բուժքույրական դպրոց և լավ սովորեմ»:

Բուժքույրական դպրոցում Ֆլորենսը սովորեց ներարկումներ անել և գործիքներն ախտահանել: Երբեմն հիվանդները լավանում էին, երբեմն էլ՝ ոչ: Ֆլորենսը հաճախ էր աղոթում քաջության համար: Երեք երկար տարիներ անցան, Ֆլորենսն ավարտեց դպրոցը գերազանցիկի պատվոգրով: Նրա երազանքն իրականացա՜վ: Նա կարող էր հագնել բուժքույրի սպիտակ գլխարկը և կարող էր բավարար գումար աշխատել ընտանիքին օգնելու համար:

Շատ տարիներ անց, Ֆլորենսը հաճախում էր Գանա Ակրա Միսիայի մի ճյուղ: Նրա ամուսինը՝ Քրիստոֆեր Չուքվուրահը, միսիայի նախագահն էր այնտեղ: Այդ ճյուղում Ֆլորենսը հանդիպեց երեխաների, ովքեր միշտ չէ, որ կարող էին դպրոց հաճախել: Նրանք չգիտեին, թե ինչ պիտի անեին ապագայում: Նրանք հիշեցնում էին Ֆլորենսին իր սեփական մանկությունը: «Ի՞նչ կարող եմ ասել նրանց օգնելու համար»: Ֆլորենսը լուռ աղոթում էր:

Ապա նա հստակ հուշում ունեցավ՝ պատմել նրանց իր կյանքի մասին:

Ֆլորենսը մտածեց իր կյանքի մասին: Նա աշխատել էր Նիգերիայի և Միացյալ Նահանգերի հոսպիտալներում: Նա ամուսնացել էր լավ մարդու հետ, և միասին նրանք գտել էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Նա դարձել էր մայր: Այժմ նա օգնում էր միսիոներներին առողջ լինել և կատարել իրենց գործը: Երկնային Հայրն օգնել էր Ֆլորենսին բուժքույր դառնալ: Նա օգնել էր նրան ավելի շատ բան անել, քան Ֆլորենսը կարող էր պատկերացնել: Նա կարող էր նույնը անել այս երեխաների համար:

Ֆլորենսը նայեց երեխաներին և ժպտաց: «Տեսե՞լ եք այն սպիտակ գլխարկները, որ բուժքույրերն են կրում: Ես այդպիսի մի գլխարկ էի տեսել և որոշել էի բուժքույր դառնալ …»: