2019
Ես չեմ ցանկանում տարբերվել:
Հոկտեմբեր 2019


Ես չեմ ցանկանում տարբերվել:

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

«Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10):

Նկար
I Dont Want to Be Different

Միկա անունով մի աղջիկ միշտ անհամբեր սպասում էր պարի դասերին: Նա սիրում էր լսել պարի երաժշտությունը: Սիրում էր կատարել թիթեռնիկի շարժումը, և դա իր մոտ լավ էր ստացվում: Եվ հատկապես նա սիրում էր, երբ ամբողջ դասարանով միասին էին կատարում այդ շարժումը: Քանի որ շարժումը կատարելիս պարողները, կարծես, բոլորը մեկ լինեին: Թվում էր, թե միայն ինքը չէ Դաունի համախտանիշով:

Այսօր նրանք սովորեցին պարային նոր շարժում: Միկան նայում էր, թե ուսուցիչն ինչպես է թռնում օդ: Նա դիտում էր նույնը կրկնող աղջիկների փորձերը: Ոմանց մոտ միանգամից ստացվում էր: Մյուսների մոտ ստացվում էր մի քանի փորձից: Միկան կրկին ու կրկին փորձում էր, սակայն նրա մոտ ոչ մի կերպ ճիշտ չէր ստացվում:

- Կօգնե՞ք ինձ, ուսուցիչ,- խնդրեց Միկան:

Հարևանությամբ կանգնած աղջիկը նայեց Միկային: Այնուհետև նա շրջվեց իր ընկերուհու կողմը: - Այս աղջիկն ինչու՞ է այդպես խոսում,- շշնջաց նա: Երկու աղջիկները շրջվեցին և նայեցին Միկային:

Տան ճանապարհին Միկան անընդհատ լուռ էր:

Երբ նրանք տուն եկան, մայրիկը խոհանոցում խմոր էր հունցում: Նրա այտին ալյուր էր քսվել: Ուրիշ անգամ Միկան կծիծաղեր դա տեսնելով: Սակայն այսօր նա հատակին գցեց պայուսակը և նստեց սեղանի մոտի աթոռին:

- Ինչպե՞ս անցավ պարի դասը,- հարցրեց մայրիկը:

- Շատ վատ,- պատասխանեց Միկան: - Ես խնդրեցի, որ ուսուցիչն օգնի ինձ, իսկ մի աղջիկ ասաց, որ ես ծիծաղելի եմ խոսում: Ապա, աչքերը հառած, ինձ վրա էր նայում: Միկան անտրամադիր էր: - Ես էլ չեմ ուզում պարի գնալ:

- Օհ՜, ո՛չ, Միկա,- ասաց մայրը: - Ցավում եմ, որ այդպես պատահեց: Ես ու հայրիկը այնքան ենք սիրում դիտել քո պարը: Մենք այնպես ենք հպարտանում քո աշխատասիրությամբ:

Միկան այլևս չէր կարողանում զսպել արցունքները: - Ինձ դուր չի գալիս, որ ես Դաունի համախտանիշ ունեմ: Ես չեմ սիրում, որ իմ դեմքը տարբերվում է: Ես ուզում եմ, որ ինձ համար դժվար չլինի նոր բաներ սովորելը: Նույնիսկ խոսելն է դժվար ստացվում ինձ մոտ:

Հայրը նստեց Միկայի կողքին և ձեռքը դրեց նրա ուսին: - Միկա, մենք քեզ այնքան շատ ենք սիրում: Մենք ոչինչ չէինք փոխի քո մեջ:

Բայց Միկան ծածկել էր դեմքը ձեռքերով և գլուխն էր տարուբերում: - Ես չեմ ցանկանում տարբերվել: Ես ուզում եմ, որ այս Դաունի համախտանիշը կորչի ինձանից:

Մայրն ու հայրը լուռ էին մի քանի րոպե:

- Ես միտք ունեմ,- ասաց մայրը: Միկան հեռացրեց ձեռքերը դեմքից: - Գուցե աղոթես և հարցնես Երկնային Հորը, թե Նա ինչ կարծիքի է քո մասին:

Միկան մտածեց այդ մասին: Նա սիրում էր աղոթել: Դանդաղելով, նա համաձայնեց: - Կարո՞ղ ես գրել հարցը, որպեսզի ես հիշեմ, թե ինչ պետք է հարցնեմ:

Մայրիկը գրեց հարցը: Ապա Միկան վերցրեց թուղթը և գնաց իր սենյակ աղոթելու:

Երբ մի քանի րոպե հետո Միկան վերադարձավ խոհանոց, նրա դեմքը լուսավոր էր էլեկտրական լամպի նման: - Երկնային Հայրը պատասխանեց,- ասաց նա:

- Նա ի՞նչ ասաց,- հարցրեց մայրիկը:

- Նա ասաց,- Միկա, ես սիրում եմ քեզ, ինչպիսին որ դու կաս,- ասաց Միկան: - Եվ Նա ասաց ԲԱՐՁՐ ձայնով:

Հաջորդ շաբաթ, պարի դասին Միկան չէր անհանգստանում, թե մյուս աղջիկներն ինչ կմտածեին իր Դաունի համախտանիշի մասին: Փոխարենը, նա նկատեց, որ աղջիկներից մեկը, որի անունը Սառա էր, տխուր էր: Սառայի մոտ նոր շարժումները նույնպես չէին ստացվում:

Երբ Միկան տուն եկավ, նա որոշեց գրել Սառային: Նա բազմաթիվ սրտիկներ նկարեց: Մայրիկը օգնեց նրան ուղղագրության հետ:

«Սիրելի Սառա»,- գրեց Միկան: «Դու շատ լավ պարուհի ես: Ես ցանկանում եմ քո ընկերուհին լինել: Ես ուրախ եմ, որ դու իմ պարի դասարանից ես»:

Միկան անհամբեր սպասում էր, թե երբ է նամակը հանձնելու Սառային: Նա ցանկանում էր, որ Սառան նույնպես ուրախ և սիրված զգար իրեն պարի դասարանում: