2019թ․
Աստվածային Դեսթինին
նախորդ հաջորդ

Աստվածային Դեսթինին

Հեղինակն ապրում է Ֆրանսիայում:

Իմ ընկերուհին միշտ ուրախ տրամադրություն ուներ: Ի՞նչը թերևս կարող էր անհանգստացնել նրան:

Divine Destiny

Նկարը՝ Ռեջինալդ Սվինիի

Ես Ֆրանսիայից եմ, բայց ես և քույրս մեկ տարի ապրեցինք Միացյալ Նահանգներում որպես փոխանակման ծրագրի ուսանողներ: Այդ ընթացքում մենք հանդիպեցինք շատ մարդկանց, բայց մի մարդ, ով մեծ տպավորություն գործեց ինձ վրա, Դեսթինի անունով մի աղջիկ էր: Նա դարձավ իմ լավագույն ընկերուհին: Մենք միասին էինք դպրոցում, դպրոցից դուրս, մեզ հետ էր նաև իմ քույրը: Դեսթինին միշտ ուրախ էր: Նրա այդ հատկանիշը ես ամենից շատն էի սիրում նրա մեջ:

Բայց մի օր ես նրան տխուր տեսա, այդպիսի բան չէր եղել նախկինում: Ես հարցրեցի նրան, թե ինչ է պատահել: Նա ասաց, որ չի ցանկանում խոսել այդ մասին: Այնուհետև նրա ձեռքում թղթի մի կտոր տեսա: Ես վերցրեցի և կարդացի այն:

Ինչ-որ մեկն անհավանական չար բաներ էր գրել նրան: Անանուն նամակում գրված էր, որ նա տգեղ է, որ ոչ ոք չի սիրում նրան, որ նա իրավունք չունի ապրելու, և որ նա պետք է գնա ու ինքնասպան լինի: Ես երբեք չէի հավատա, որ նրա նման մեկը կարող էր այդպիսի հարձակման ենթարկվել: Դա ստիպեց ինձ նրա հետ զգալ այդ նույն ցավը:

Այդ դեպքից հետո ես ավելի մեծ ջանքեր գործադրեցի, որպեսզի Դեսթինիի ընկերուհին լինեմ, ոչ միայն նրա հետ ժամանակ անցկացնեմ, այլև միշտ կողքին լինեմ, և դա անկեղծ էի անում: Ես բացատրեցի նրան, որ նա Աստծո դուստրն է, օրհնված է աստվածային էությամբ, արժանի է հիացմունքի և ունակ է մեծ գործեր անելու:

Դժվար է սիրել ինքդ քեզ, երբ մյուսները քեզ վատ են վերաբերվում և քննադատում են: Դեսթինիին ընկերակցելով, ես սովորեցի, որ երբեմն մարդկանց օգնելու լավագույն միջոցը պարզապես սիրելն է նրանց և օգնել նրանց իմանալ, թե իրականում ովքեր են իրենք:

Երբ տարին ավարտվեց, և ես պետք է վերադառնայի Ֆրանսիա, Դեսթինին ինձ մի բան ասաց, որ ես միշտ կհիշեմ: Նա ասաց. «Էմմա, դու փրկել ես ինձ: Մինչև քո գալը ես ուզում էի ինքնասպան լինել: Բայց դու և քո քույրը օգնեցիք ինձ, հոգ տանելով իմ մասին: Հիմա ես սիրում եմ ինձ և սիրում եմ ձեզ»:

Դպրոցում այնքան երեխաներ կան, որ դաժան վերաբերմունքի զոհ են դառնում, նրանք վիրավորված են կամ մեկուսացած: Նրանց օգնելու ուղի փնտրեք: Խոսեք նրանց հետ, մտածեք նրանց մասին, սիրալիր եղեք նրանց հետ: Դա այն է, ինչ Փրկիչը կաներ, և երբեմն հասարակ ողջույնը կամ ժպիտը կարող են շատ բան փոխել: