2019
Արդյո՞ք բաց եք թողնում սպասավորության այս կարևոր մասը:
Հոկտեմբեր 2019


Սպասավորության սկզբունքները

Արդյո՞ք բաց եք թողնում սպասավորության այս կարևոր մասը:

Սպասավորությունը «ուրախացողների հետ ուրախա[նալն]» է նույնքանով, որքանով և «լացողների հետ լաց[ելը]» (Հռովմայեցիս 12.15):

Նկար
man at a party holding a tray with people dancing on it

Նկարները` Աուգուստո Զամբոնատո

Երբ մտածում ենք սպասավորելու մասին, հեշտ է մտածել կարիքի մեջ գտնվողներին օգնելու մասին: Մենք խոսում ենք այրի կնոջ պարտեզը խնամելու, հիվանդին ճաշ տանելու կամ նեղության մեջ հայտնված մարդուն ինչ-որ բանով օգնելու մասին: Մենք հիշում ենք Պողոսի խորհուրդը՝ «լացողների հետ լացէք», սակայն արդյո՞ք բավականաչափ կենտրոնանում ենք այդ հատվածի առաջին մասի վրա, որտեղ ասվում է՝ «ուրախացողների հետ ուրախացէք»: (Հռովմայեցիս 12.15): Փրկիչին բնորոշ սպասավորության կարևոր մասն է՝ ուրախանալ այն մարդկանց հետ, ում մենք սպասավորում ենք՝ լինի դա նրանց հետ որևէ հաջողություն տոնելը, թե օգնել նրանց ուրախություն գտնել դժվար ժամանակներում:

Ահա չորս գաղափարներ, որոնք օգտակար կլինեն, երբ մենք ուշադրություն ենք դարձնում լավ բաների վրա, որոնք Աստված ուղարկում է մեր կյանք:

1. Տեղյակ եղեք

Բոննի Հ. Քորդոնը, Երիտասարդ Կանանց գերագույն նախագահը, օգնում է մեզ հասկանալ, որ մենք պետք է տեսնենք նրանց, ում մենք սպասավորում ենք, տեսնենք ոչ միայն նրանց հոգսերն ու դժվարությունները, այլև նրանց ուժեղ կողմերը, տաղանդներն ու հաջողությունները: Նա ասել է, որ մենք պետք է լինենք «չեմպիոն և վստահելի անձ․ մեկը, ով տեղյակ է նրանց հանգամանքներից և աջակցում է նրանց՝ իրենց հույսերի և ձգտումների մեջ»:1

Ոչխարների և այծերի առակում Փրկիչն ասել է, որ նրանք, ովքեր կգտնվեն Նրա աջ կողմում, կասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք» (Մատթեոս 25․37–38):

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ամենակարևոր բառն է՝ տեսանք,- ասել է քույր Քորդոնը: Արդարները տեսան կարիքի մեջ գտնվողներին, քանի որ հսկում էին և նկատում։ Մենք նույնպես կարող ենք լինել հսկող աչք, որպեսզի օգնենք և մխիթարենք, շնորհավորենք տոները և նույնիսկ նկատենք ներուժը»:2

2. Գտեք տոնելու առիթներ

Տոնեք հաջողությունները՝ մեծ, թե փոքր: Քաղցկեղին դիմակայելիս, թե հարաբերությունների խզման ու բաժանության դեպքում, նոր աշխատանք գտնելու, թե կորցրած կոշիկը գտնելու առիթով, սիրելիի կորստից հետո մեկ ամիս գոյատևելու, թե առանց շաքարի մի շաբաթ դիմանալու առիթներով:

Շնորհավորեք հեռախոսազանգով, բացիկ ուղարկելով կամ մի տեղ ընթրիքի հավաքվելով: Միասին ուրախանալով մեր օրհնություններով, երախտագիտությամբ ապրելով և տոնելով ուրիշների օրհնություններն ու հաջողությունները, մենք «կկարողանանք ունենալ ցնծություն մեր եղբայրների ուրախությամբ» (Ալմա 30.34):

Նկար
woman clapping while people dance

3. Տեսեք Տիրոջ ձեռքը

Երբեմն մարդկանց հետ ուրախանալը նշանակում է օգնել նրանց, որ ուրախանալու պատճառներ տեսնեն անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կամ ուրախություններ են նշմարվում մեր կյանքում: Այն պարզ ճշմարտությունը, որ Երկնային Հայրը տեղյակ է մեր մասին և պատրաստ է քաջալերել մեզ, կարող է ուրախության մի անհավանական առիթ լինել:

Դուք կարող եք օգնել ուրիշներին տեսնել Տիրոջ ձեռքն իրենց կյանքում, կիսվելով ձեր փորձառությամբ՝ թե դուք ինչպես եք տեսել այն: Աշխատեք կիսվել, թե ինչպես է Երկնային Հայրը օգնել ձեզ հաղթահարել ձեր մարտահրավերները: Ձեր վկայությունը կօգնի մարդկանց ճանաչել և հասկանալ, թե ինչպես է Նա օգնում իրենց (տես Մոսիա 24.14):

4. Մի սահմանափակեք ուրախանալու ձեր ունակությունը

Ցավոք, մենք երբեմն սահմանափակում ենք ուրիշների հետ ուրախանալու մեր ունակությունը, հատկապես այն ժամանակ, երբ վստահ չենք, թե ինչ պետք է առաջարկենք, կամ կյանքի որ փուլում ենք: Փոխանակ ուրախություն գտնենք մյուսների երջանկության մեջ, մենք ընկնում ենք համեմատության թակարդը: Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքը. «Օրհնությունների համեմատությունից ուրախությունը հեռանում է: Մենք չենք կարող միաժամանակ երախտապարտ լինել և նախանձել»:3

«Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել նման միտումը, որը գրեթե բոլորն ունեն»,- հարցրել է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից: «… Մենք կարող ենք հաշվել մեր բազմաթիվ օրհնությունները և կարող ենք հպարտանալ ուրիշների նվաճումներով: Լավագույն միջոցը ծառայելն է ուրիշներին՝ դա կարեկցանք զարգացնելու ամենաարդյունավետ վարժությունն է»:4 Համեմատելու փոխարեն, մենք կարող ենք հաճոյախոսել նրանց, ում սպասավորում ենք: Ազատ կիսվեք նրանց հետ, թե ինչն եք գնահատում տվյալ անձի կամ ընտանիքի անդամների մեջ:

Պողոսը հիշեցնում է մեզ, որ մենք բոլորս Քրիստոսի մարմնի անդամներն ենք, և եթե «մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են»: (Ա Կորնթացիս 12.26): Երկնային Հոր օգնությամբ, մենք կարող ենք տեղյակ լինել ուրիշների փորձառություններից, նշել հաջողությունները՝ մեծ, թե փոքր, օգնել մարդկանց ճանաչել Տիրոջ ձեռքը և հաղթահարել նախանձը, որպեսզի մենք միասին սրտանց ուրախանանք մյուսների օրհնությունների, տաղանդների և երջանկության համար:

Հղումներ

  1. Բոննի Հ. Քորդոն, «Հովիվ դառնալ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 75:

  2. Բոննի Հ. Քորդոն, «Հովիվ դառնալ», 75:

  3. Քվենթին Լ. Քուք, «Ուրախացե՛ք» Ensign, Nov. 1996, 30:

  4. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, “The Other Prodigal,” Լիահոնա, մայիս 2002, 64: