2019
Պաշտպանել երեխաներին
Հոկտեմբեր 2019


Պաշտպանել երեխաներին

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի լավ պաշտպանենք և զորացնենք մեր երեխաներին:

Նկար
mother with baby and crying child

Լուսանկարը՝ Լինդա Լիի

Բոլորից առավել, ում Հիսուսն ուսուցանել էր, Նա հատկապես սիրում էր երեխաներին: Նա ուշադրություն էր դարձնում երեխաներին նույնիսկ այն ժամանակ, երբ հարմար չէր: Նա հրավիրեց երեխաներին անհատական օրհնություն ստանալ Իր կողմից: Նա դատապարտում էր նրանց, ովքեր նեղացնում էին երեխաներին: Եվ նա ուսուցանել է, որ մենք պետք է նման լինենք երեխաներին, որպեսզի մտնենք երկնքի արքայությունը:1

«Նայե՛ք ձեր փոքրիկներին»,- ասել է Նա Ամերիկա մայրցամաքի բնակիչներին Իր հարությունից հետո: Երկինքները բացվեցին, և սիրող, պաշտպանող հրեշտակներն իջան և օղակեցին փոքրիկների շուրջը կրակի օղակով: (Տես 3 Նեփի 17.23–24):

Այսօրվա վտանգներով լի աշխարհում մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները մշտապես օղակված լինեն երկնային կրակով: Հայտնի է, որ աշխարհում չորս մարդուց մեկը երեխա հասակում բռնության է ենթարկվում, և այդ միջին թիվն աճում է, երբ դիտարկում ենք նաև խոցելի խմբերին, ինչպիսիք են հաշմանդամները:2 Լավ լուրն այն է, որ մենք շատ բան կարող ենք անել, որպեսզի ակտիվ լինենք երեխաների պաշտպանության հարցում:

«Մտաբերեք մի երեխայի, որին սիրում եք»,- ասել է Երեխաների Միության գերագույն նախագահ՝ Քույր Ջոյ Դ․ Ջոնսը: «Երբ այդ երեխային դուք ասում եք «ես քեզ սիրում եմ», ի՞նչ է դա նշանակում: … Մենք պաշտպանություն ենք ապահովում, որպեսզի կարողանանք օգնել նրանց, ում սիրում ենք, որ լավ մարդ դառնան և դիմակայեն կյանքի մարտահրավերներին»:3

Փրկիչի օրինակն ավելի մոտիկից դիտելու շնորհիվ մենք կունենանք գաղափարներ, թե ինչպես ավելի լավ պաշտպանել մեր երեխաներին:

Հիսուսը ժամանակ էր հատկացնում նրանց

Նկար
Jesus with children

Նայեք ձեր փոքրիկներին, Դեյվիդ Լինդսլի © 1983

Հիսուսը ժամանակ էր տրամադրում և ուշադրություն դարձնում փոքրերին և խոցելի վիճակում գտնվողներին (տես Մատթեոս 19.14): Մենք նույնպես կարող ենք ժամանակ տրամադրել՝ լսելով մեր երեխաներին և փորձելով հասկանալ նրանց դժվարությունները:

«Որքան շատ սեր է զգում երեխան, այնքան ավելի հեշտ է նրա համար կիսվել իր հույզերով»,- ասել է Քույր Ջոնսը: «… Մենք պետք է սկսենք զրույցը և չսպասենք, որ երեխան մոտենա մեզ»:4

Մի մայրիկ սովորություն էր դարձրել ամեն երեկո երեխաներին հարցնել. «Այսօր ի՞նչ եք լսել, որ հասկանալի չի եղել ձեզ համար»:

Հնարավոր է, մեր երեխաներն իրենց հարցերի պատասխանները բնազդաբար առցանց փնտրեն, քանի որ համացանցն անհապաղ օգնություն է տրամադրում և նկատողություն չի անում, բայց մենք պետք է համոզենք նրանց, որ մենք տեղեկատվության ավելի վստահելի աղբյուր ենք: Եվ դա նշանակում է, որ մենք չպետք է բուռն արձագանքենք, երբ մեր երեխաները մեզ անհարմար որևէ բան են ասում: Օրինակ, եթե մենք բուռն արձագանքենք, երբ երեխան խոստովանում է, որ պոռնոգրաֆիկ նյութեր է դիտել, ապա մյուս անգամ, օգնության կարիքի դեպքում նրանք այլևս մեզ չեն դիմի: Սակայն եթե սիրով արձագանքենք, մենք հնարավորություն կունենանք հստակ ուղերձ հղելու, որ ցանկանում ենք, որ նրանք խոսեն մեզ հետ ցանկացած թեմայով:

Քույր Ջոնսը նկատել է. «Երբ փոքրիկ դժվարությունների մասին սիրով է խոսվում, ստեղծվում է առողջ արձագանքի հիմք, այնպես, որ երբ մեծ դժվարություններն են գալիս, հաղորդակցության հարթակը բաց է մնում»:5

Ամենակարևոր և պաշտպանող բնույթ ունեցող զրույցներից է, երբ ծնողները խոսում են երեխաների հետ նրանց մարմինների մասին: Այս զրույցները պետք է ներառեն ճշգրիտ բառեր մարմնի մասերի համար, տեղեկություն հիգիենայի մասին և ինչ փոփոխություններ կարելի է ակնկալել առաջիկա տարիներին: Մենք պետք է խոսենք սեքսուալության մասին և այն մասին, որ ֆիզիկական ու հուզական մտերմությունը հանդիսանում է մեր Երկնային Հոր ծրագրի հրաշալի մասը: Մենք նաև կարող ենք խոսել այնպիսի թեմաներից, ինչպիսիք են՝ բռնությունը և պոռնոգրաֆիան: Այս զրույցները պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և ընդգրկեն նրանց ունեցած հարցերը: Կատարյալ առումով, ժամանակի ընթացքում մենք կունենանք բազմաթիվ զրույցներ, տեղեկությունները հետզհետե ավելանում են, երբ մեր երեխաները մեծանում են, և նրանց հասկացողությունն ընդլայնվում է: (Տես օգտակար նյութերը այս հոդվածի վերջում):

Հիսուսը օրինակ եղավ նրանց համար

Հիսուսը կատարյալ օրինակ եղավ յուրաքանչյուրի համար (տես Հովհաննես 8.12): Որպես չափահասներ, մենք նույնպես հնարավորություն և պատասխանատվություն ունենք օրինակ լինելու: Լավագույն եղանակներից մեկը, որով կարող ենք օգնել մեր երեխաներին ապահով լինել, երբ մենք ենք ապահով ընտրություններ կատարում: Երեխաները նկատում են, թե ծնողներն ինչպես են վերաբերվում մարդկանց հետ և թույլ տալիս, որ մարդիկ իրենց հետ վերաբերվեն: Այն մարդկանց, ովքեր կախման մեջ են ու տանջվում են որևէ հակումից, որը վտանգ է ներկայացնում անձամբ իրենց և իրենց ընտանիքի համար, ես խնդրում եմ դիմել օգնության: Դիմեք համապատասխան մարմիններին և խորհրդատու մասնագետներին, ինչպես նաև ձեր եպիսկոպոսին կամ Սփոփող Միության նախագահին, ովքեր կօգնեն ձեզ գտնել Եկեղեցական և համայնքային համապատասխան միջոցները: Դուք արժանի եք լինել ապահով և հարգված:

Մենք նաև պետք է մեր հոգևոր զորության մասին հոգ տանողի օրինակ լինենք: Մեր երեխաները տեսնո՞ւմ են մեզ աղոթելիս: Նրանք գիտե՞ն, որ մենք կարդում ենք սուրբ գրությունները: Նրանք լսե՞լ են մեր վկայությունները: Արդյոք հագնո՞ւմ ենք «Աստծո սպառազինությունը» որպես ընտանիք, երբ առավոտյան դուրս ենք գալիս աշխարհ (տես Եփեսացիս 6.11–18, Վարդապետություն և Ուխտեր 27.15–18):

Հիսուսը բարեխոսել է նրանց համար

Փրկիչը հանդիմանել է նրանց, ովքեր նեղացնում են երեխաներին (տես Մատթեոս 18.6): Մենք նույնպես կարող ենք բարեխոս լինել երեխաների համար:

«Երեխաները կարիք ունեն, որ իրենց համար բարեխոսեն»,- ուսուցանել է Նախագահ Դալլին Հ․ Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, և «նրանք կարիք ունեն որոշումներ կայացնողների, ովքեր նրանց բարօրությունը եսասիրական հետաքրքրություններից բարձր են դասում»:6

Թեև մենք չպետք է չափից դուրս վախենանք կամ կասկածենք ուրիշ մարդկանց, բայց մենք պետք է տեղյակ լինենք հնարավոր վտանգների մասին և անվտանգության համար իմաստուն որոշումներ կայացնենք: Երեխաների Միության ղեկավարները պետք է հետևեն Եկեղեցու բռնության կանխարգելման ուղեցույցին7՝ ապահով է յուրաքանչյուր դասարանում ունենալ երկու ուսուցիչ և նախագահությունից որևէ մեկը վերահսկի դասարանները:

Ծնողները և ղեկավարները պետք է խորհրդակցեն միասին և որոշեն, թե արդյո՞ք կարիք կա լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հնարավոր վտանգները նվազեցնելու համար: Օրինակ` Եկեղեցու շատ շենքերում դասասենյակների դռները պատուհաններ ունեն: Եթե ձեր շենքում դրանք բացակայում են, կարող եք դռները թեթևակի բաց թողնել դասերի ժամանակ և խոսել ձեր տեղական գույքի կառավարման ներկայացուցչի հետ, թե արդյոք հնարավո՞ր է պատուհաններ տեղադրել դռների մեջ: Անկախ կոչումներից, բոլոր չափահասները կարող են ուշադիր լինել եկեղեցու շենքում և անհրաժեշտության դեպքում օգնել, օրինակ, ողջունել այցելուներին, ովքեր քայլում են սրահներում, կամ խրախուսել վազվզող երեխային դասարան վերադառնալ:

Դժբախտաբար, երբեմն երեխաներին նեղացնում են մյուս երեխաները: Եթե նկատենք բռնության որևէ դրսևորում կամ ոչ պատշաճ ֆիզիկական շփում եկեղեցում կամ ցանկացած այլ վայրում, մենք պետք է անմիջապես միջամտենք: Եթե մենք ղեկավար ենք, մենք պետք է կամենանք խոսել մեր սաների ընտանիքների հետ, նույնիսկ, եթե խոսակցությունը տհաճ է, որպեսզի համոզված լինենք, որ բոլոր երեխաներն ապահով են: Խոսեք գթասրտորեն և հստակ, նպաստելով բարի մթնոլորտի ստեղծմանը:

Եթե գիտենք, որ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել, մենք պետք է անհապաղ տեղեկացնենք մեր մտահոգությունները քաղաքացիական պատկան մարմիններին: Շատ երկրներում կան թեժ գծեր, որոնք առաջարկում են հրատապ հոգեբանական օգնություն, տեղեկատվական և աջակցության ծառայություններ: Մենք նաև պետք է ասենք եպիսկոպոսին բռնության կասկածելի դրսևորման մասին ցանկացած անձի մասնակցությամբ, ով կարող էր մոտենալ երեխաներին Եկեղեցու միջոցով: Բացի միջոցներ ձեռնարկելուց, որ հանցագործն այլևս մուտք չունենա երեխաների մոտ, եպիսկոպոսը կարող է մխիթարել, աջակցել զոհերին և օգնել նրանց լրացուցիչ միջոցներ գտնել Ընտանեկան Ծառայություններից:

Հիսուսն օրհնեց նրանց մեկ առ մեկ

Նկար
Primary teacher hugging child with Down syndrome

Լուսանկարը՝ Շանի Ջանեզ Էյսբալ

Հիսուսը ճանաչում էր երեխաներին և օրհնում էր նրանց մեկ առ մեկ (տես 3 Նեփի 17.21): Նմանապես, մենք պետք է ճանաչենք յուրաքանչյուր երեխային և փորձենք օգնել նրան հատուկ ձևով:

Ինչպե՞ս կարող ենք Եկեղեցին ավելի ապահով դարձնել երեխաների համար առողջական առումով: Արդյո՞ք ունենք ծրագիր՝ օգնելու Երեխաների Միության հաշմանդամ երեխաներին: Արդյո՞ք Երեխաների Միության դասերը, որոնք մենք ուսուցանում ենք, հարմար են ընտանեկան տարբեր հանգամանքներ ունեցողների համար: Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի ներգրավված լինենք:

Ռասիստական մեկնաբանությունները, այլ մշակույթների մասին նվաստացուցիչ տոնով խոսելը և այլ հավատքների անդամների հանդեպ դատապարտող մոտեցումները չպետք է տեղ ունենան մեր ուղերձներում: Երեխաների Միության դասարանում մի տղա լավ չէր խոսում այն լեզվով, որով խոսում էին մյուս երեխաները: Որպեսզի նա իրեն կարևոր զգար, ուսուցիչները տպել էին օժանդակ նյութերը երկու լեզուներով: Հոգատարության պարզ գործողությունները ցույց են տալիս երեխաներին, որ մենք անհատապես գիտենք և հոգ ենք տանում նրանց մասին, և այդ գործողությունները կարող են օրինակ լինել, որ նրանք նույնպես հետևեն դրան:

Մենք կարող ենք հայտնաբերել, որ որոշ երեխաներ անհապաղ օգնության կարիք ունեն: Օրինակ, չնայած փոփոխական տրամադրությունը սովորաբար բնորոշ է երեխաների աճման շրջանին, սակայն, եթե երեխան մի քանի շաբաթ շարունակ անընդհատ բարկացած է, հունից դուրս եկած կամ տխուր, հնարավոր է, որ ավելի լուրջ խնդիր կա, և անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Մինչ աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության վեհ սովորույթները կարևոր են, հաճախ անհրաժեշտ է ավելի շատ աջակցել այն երեխաներին, ովքեր մտավոր արատ ունեն կամ որևէ վնասվածք: Անտեսելով՝ իրավիճակը չի լավանա: Շատ վայրերում եպիսկոպոսները կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել անհատներին և ընտանիքներին` Ընտանեկան Ծառայությունների կամ այլ կազմակերպությունների միջոցով խորհրդատվություն ստանալու համար:

Հիսուսը մեծարեց նրանց

Նկար
father helping son ride bicycle

Լուսանկարը՝ Անգալի Ջեքսոն

Պաշտպանելով երեխաներին, Հիսուսը նաև մեծարեց նրանց: Նա մատնացույց արեց երեխաներին որպես օրինակներ (տես Մատթեոս 18.3): Ամերիկա Հիսուսի այցելությունից հետո փոքր երեխաները «զարմանալի բաներ» էին ուսուցանում մեծերին (3 Նեփի 26.16):

Մենք կարող ենք մեծարել երեխաներին, սովորեցնելով ճանաչել, թե ինչպես է Հոգին խոսում նրանց հետ և, ապա, հետևել Հոգուն՝ որոշումներ կայացնելիս, կարող ենք նաև օգնել նրանց զարգացնել ներքին զտիչ, որը կառաջնորդի նրանց գործողությունները: Ինչպես ուսուցանել է Քույր Ջոնսը. «Կարևոր է, որ օգնենք երեխաներին ստեղծել տրամաբանելու իրենց ներքին գործոնը, որպեսզի ցանկանան [ապահով որոշումներ կայացնել]»:8 Ահա մի քանի մտքեր, որոնք օգտակար են եղել մյուս ընտանիքներին.

  • Մի մայր իր երեխաներին սովորեցրել էր ուշադրություն դարձնել «չեմ կարող, դժվար է» խոսքերին և զգույշ լինել այն մարդկանցից, ովքեր «ազնիվ չեն» երևում: Սա օգտակար էր եղել, երբ որոշ մարդիկ փորձել էին համոզել նրա որդուն, որ հետևի իրենց, իսկ նա, հիշելով զգուշացումը, հրաժարվել էր գնալ:

  • Որոշ ընտանիքներ նախապես ծրագիր են կազմում արտակարգ իրավիճակի համար, որը կօգտագործեն վտանգի առաջացման ժամանակ: Օրինակ, մի ընտանիքի տագնապի ծրագիրը կոչվում էր «անջատիր և ասա»: Այն հետևյալն էր՝ երեխան համակարգչի էկրանին վատ նկար տեսնելուն պես պետք է անջատեր համակարգչի մոնիտորը և անմիջապես տեղեկացներ ծնողին այդ մասին: Նրանց երեխաները երբեք չէին հարցնում, թե ինչ անել վատ լրատվության հետ, նրանք գիտեին, թե ինչ է պետք անել:

  • Մեկ այլ ընտանիք մտածել էր գաղտնաբառ, որը երեխաները կարող էին տեքստային հաղորդագրությամբ ուղարկել ծնողներին կամ հեռախոսով ասել, եթե նրանք ցանկանային, որ ծնողներն անմիջապես գային իրենց հետևից:

  • Կարող եք օգնել ձեր երեխաներին, որ պարապեն «ո՛չ» ասել, երբ ինչ-որ մեկը փորձում է համոզել նրանց անել մի բան, ինչն անհարմար է իրենց: Յուրաքանչյուր երեխա պետք է իմանա, որ կարող է օգնություն խնդրել, և պետք է այնքան կրկնի խնդրանքը, մինչև ապահով լինի:

Մեր դերը՝ որպես մեծահասակ

Եկեք մեկ անգամ ևս վերհիշենք 3 Նեփի 17 գլխի գործողությունը, երբ Հիսուսը «վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը: … Եվ նրանք, շուրջանակի, օղակված էին կրակով, և հրեշտակները սպասավորում էին նրանց» (հատվածներ 21, 24): Թերևս այս պատմության նպատակն է ոչ միայն ձեզ ուսուցանել, թե որքան կարևոր են մեր երեխաները, այլև ցույց տալ, թե որն է մեր դերը՝ որպես մեծահասակներ: Մենք հաջորդ սերնդի մասին հոգ տանողներն ենք: Մենք պետք է լինենք այն հրեշտակները, որ օղակում են և սպասավորում երեխաներին: Եկեք շարունակենք նայել Հիսուսին՝ որպես կատարյալ օրինակի, ապա անել հնարավոր ամեն բան՝ մեր փոքրիկներին շրջապատելով սիրով և պաշտպանությամբ:

Հղումներ

  1. Տե՛ս սուրբ գրությունների հղումները սույն հոդվածի յուրաքանչյուր բաժնի անվանման տակ, որպեսզի գտնեք այս պատմությունները սուրբ գրություններում:

  2. See “Child Maltreatment (Child Abuse),” World Health Organization, who.int/violence_injury_prevention/violence/child/en.

  3. Joy D. Jones, “Addressing Pornography: Protect, Respond, and Heal,” Լիահոնա, հոկտեմբեր 2019, 38:

  4. Joy D. Jones, “Addressing Pornography,” 39, 40.

  5. Joy D. Jones, “Addressing Pornography,” 39.

  6. Դալլին Հ. Օուքս, «Պաշտպանել երեխաներին», Լիահոնա, նոյեմբեր 2012, 43:

  7. See “Preventing and Responding to Abuse,” newsroom.ChurchofJesusChrist.org.

  8. Joy D. Jones, “Addressing Pornography,” 40.