2019թ․
Նրանք սերմ ցանեցին իմ սրտում
նախորդ հաջորդ

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Նրանք սերմ ցանեցին իմ սրտում

Մարթա Ալգարվե

Սանտա Կատարինա, Բարիզիլիա

Latter-Day Saint Voices

Նկարը՝ Ռաֆայել Լոպեզի

Որտեղի՞ց եմ եկել: Ի՞նչ եմ անում այստեղ: Ո՞ւր եմ գնալու այս կյանքից հետո:

Երբ 29 տարեկան էի, այս հարցերը շարունակ ծագում էին մտքումս: Ծնողներս մահացել էին: Ես վշտացած էի, քանի որ կորցրել էի իմ անդրանիկ որդուն: Ես ունեի երեք երեխա, որոնց պետք է մեծացնեի, և դժվարություններով լեցուն կյանք:

Տերը սկսեց պատասխանել իմ հարցերին, դեպի իմ տուն առաջնորդելով երկու երիտասարդ միսիոներների: Երբ ես նրանց ներս հրավիրեցի, նրանք հարցրին, թե ինչի՞ պակաս եմ ես զգում իմ կյանքում: Ես պատմեցի նրանց իմ ծնողների ու տղայիս մասին: Ես նրանց ասացի, որ կարծում եմ անարդար էր ընտանիք կազմել և երեխաներ ունենալ, եթե ամեն ինչ ավարտվելու էր մահով: Ես հարցրի՝ արդյո՞ք հնարավոր է, որ երբևէ տեսնեմ իմ ծնողներին ու որդուս:

Նրանք ասացին. «Մարթա, ձեր ընտանիքը կարող է հավերժ լինել»:

Սիրտս լցվեց ուրախությամբ: Ես ցանկանում էի ավելին իմանալ: Հաջորդ այցելության ժամանակ նրանք ինձ ավելի շատ բան ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Նրանք տվեցին ինձ Մորմոնի Գիրքը և հորդորեցին կարդալ ու հարցնել Աստծուն՝ արդյո՞ք դա Նրա խոսքն է: Ես ընդունեցի նրանց հրավերը: Երբ աղոթեցի, Աստծո պատասխանն այնքան հստակ եկավ, ինչպես արևի լույսը: Իմ սրտում ես գիտեի, որ այն ճշմարիտ է:

Դժբախտաբար, երբ ես նոր աշխատանք ունեցա, կորցրեցի կապը միսիոներների հետ: Հաջորդ ամիսների ընթացքում ավարտվեց իմ ամուսնությունը, և ես փորձում էի նոր կյանք սկսել երեխաներիս հետ:

Ի վերջո, ես կրկին ամուսնացա: Մի օր ամուսինս ասաց, որ նա կարոտում է Աստծո ներկայությանն իր կյանքում: Մենք որոշեցինք հաճախել մի եկեղեցի, որը նա նախկինում այցելում էր: Երբ շենքի մուտքից ներս մտանք, նախասրահի սեղանին ես տեսա Մորմոնի Գիրքը: Սա այն նո՜ւյն եկեղեցին էր, որի հետ արդեն ծանոթ էի: Ես սիրեցի Հոգին, որ զգացի այդտեղ: Երբ դուրս եկանք, ես հարցրի ամուսնուս, թե ինչպես կարող եմ մկրտվել:

«Դու պետք է ուսուցանվես միսիոներների կողմից»,- ասաց նա:

«Հինգ տարի առաջ նրանք ինձ ուսուցանել են»,- պատասխանեցի ես:

Ես և երեխաներս մասնակցեցինք զրույցներին: Մկրտության օրը մեր կյանքի ամենաերջանիկ օրն էր:

Մի քանի տարի հետո զգացի, որ ես պետք է ասեմ քույրերին, ովքեր առաջին անգամ ինձ ուսուցանել էին, որ միացել եմ Եկեղեցուն: Ֆեյսբուքում ես գտա Բրազիլիայի Սանտա Մարիա միսիայից վերադարձած միսիոներների խումբը: Այնտեղ կար քույրերից մեկը, ով ինձ ուսուցանել էր: Ես ուղարկեցի նրան ընկերանալու առաջարկ և պատմեցի, թե ով եմ, ինչպես եմ դարձել Եկեղեցու անդամ, որ մեր ընտանիքը կնքվել է տաճարում, և որդիս լիաժամկետ միսիոներ է: Ես նրան ասացի, որ այս ամենը հնարավոր դարձավ, որովհետև նա և նրա զուգընկերուհին ցանել էին իմ սրտում վերականգնված ավետարանի սերմը: