2019
Ծառայել Տիրոջն իսպաներենով
Հոկտեմբեր 2019


Քաջարի օրինակներ

Ծառայել Տիրոջն իսպաներեն

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Նկար
Serving the Lord in Spanish

Պատկերացրեք, թե ձեր ընկերը տալիս է ձեզ մի գիրք, որն իր կարդացածներից լավագույնն է եղել: Դուք բացում եք գիրքը … և հայտնաբերում եք, որ չեք կարող կարդալ: Այն ուրիշ լեզվո՜վ է: Ի՞նչ կանեիք դուք։

Եկեղեցու վաղ շրջանում Մորմոնի Գիրքը տպագրված էր միայն անգլերենով: Նախագահ Բրիգամ Յանգը երկու միսիոների կանչել էր քարոզելու ավետարանը Մեքսիկայում և թարգմանելու Մորմոնի Գիրքն իսպաներեն: Սակայն այդ անելու համար նրանք օգնության կարիք ունեին: Նրանք դեռ չգիտեին, որ օվկիանոսից այն կողմ Աստված պատրաստել է մի մարդու, ով կարող էր նրանց տալ անհրաժեշտ օգնությունը:

Մելիտոն Գոնսալես Տրեջոն իսպանական հարուստ ընտանիքի զավակ էր: Նա դպրոցում լավ էր սովորել և դարձել էր իսպանական բանակի սպա: Նրան միշտ հետաքրքրել էր կրոնը, սակայն այն կրոնները, որոնց հանդիպել էր, նրան ճշմարիտ չէին թվացել: Մի օր նա լսեց, որ սպաներից մեկը պատմում էր մի խումբ մարդկանց մասին, ովքեր իրենց «սրբեր» էին կոչում: Նրանք պատկանում էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, և Աստծո մարգարեն առաջնորդել էր նրանց դեպի Միացյալ Նահանգների Ռոքի Մաունթընս վայրը: Մելիտոնը մեծ ցանկություն ունեցավ հանդիպելու նրանց: Նա միացավ Ֆիլիպիններ մեկնող ռազմական արշավախմբին, հուսալով, որ այնուհետև կհասնի Միացյալ Նահանգներ: Բայց Մելիտոնն այնքան զբաղված էր իր աշխատանքով, որ սրբերի հետ հանդիպումը կորցրեց կարևորությունը:

Այնուհետև Մելիտոնը ծանր հիվանդացավ: Նա հիշեց, թե ինչու էր եկել Ֆիլիպիններ և աղոթեց Աստծուն, հարցնելով, թե ինչ պետք է անի: Այդ գիշեր Մելիտոնը հատուկ երազ տեսավ: Նա գիտեր, որ պետք է մեկներ Ռոքի Մաունթընս:

Ապաքինվելուն պես, Մելիտոնը շարունակեց իր ուղևորությունը դեպի Միացյալ Նահանգեր: 1874թ. հուլիսի 4-ին նա ժամանեց Կալիֆորնիա և այդտեղից շարունակեց դեպի Սոլթ Լեյք Սիթի:

Երբ Մելիտոնը ժամանեց Սոլթ Լեյք, բախվեց մեկ այլ խնդրի՝ նա կարող էր կարդալ անգլերեն, սակայն երբեք չէր խոսել այդ լեզվով: Նա չէր կարողանում մարդկանց հետ խոսել: Բայց նա որոշեց, որ եթե չէր կարողանում խոսել մարդկանց հետ, ապա այլ կերպ պետք է գրավեր նրանց ուշադրությանը: Մելիտոնը հագավ իր իսպանական բանակի համազգեստը և վեր ու վար էր քայլում քաղաքի փողոցներով: Ինչպես և ակնկալում էր, շատ մարդիկ նկատում էին նրան: Վերջապես նա հանդիպեց Եկեղեցու մի անդամի՝ Եղբայր Բլանչարդի հետ, ով համալսարանի պրոֆեսոր էր և խոսում էր իսպաներեն: Եղբայր Բլանչարդը օգնեց Մելիտոնին բնակություն հաստատել Սոլթ Լեյքում և ուսուցանեց նրան ավետարանը: Շուտով Մելիտոնը մկրտվեց:

Եղբայր Բլանչարդը Մելիտոնին ծանոթացրեց նաև Նախագահ Բրիգամ Յանգի հետ: Մելիտոնն ասաց Նախագահ Յանգին, որ մեծ ցանկություն ունի թարգմանելու Մորմոնի Գիրքն իսպաներեն:

Նախագահ Յանգը խնդրեց Մելիտոնին, որ օգնի միսիոներներին, ովքեր մեկնելու էին Մեքսիկա՝ թարգմանելու Մորմոնի Գիրքն իսպաներեն: Մելիտոնը շատ շաբաթներ անցկացրեց, թարգմանելով Գրքի բառերն անգլերենից իսպաներեն: Ամեն երեկո միսիոներների հետ միասին նա վերանայում էր թարգմանությունը: Միսիոներները մի քիչ խոսում էին իսպաներեն, սակայն զգում էին, որ այս կարևոր թարգմանությունը բնիկ իսպաներենով խոսողի գործը պետք է լիներ: Նրանք գիտեին, որ Մելիտոնն իրենց աղոթքների պատասխանն էր: 1875 թվականին թարգմանությունը հրատարակվեց: Այն կոչվեց Trozos Selectos del Libro de Mormon (Ընտիր հատվածներ Մորմոնի Գրքից):

Միսիոներներն արդեն պատրաստ էին գնալ Մեքսիկա: Նրանք ձիերի վրա բարձեցին թարգմանված սուրբ գրության 1,500 օրինակ և ճամփա ընկան: Առաջին անգամ իսպանախոս բնակչությունը հնարավորություն ուներ կարդալու Մորմոնի Գիրքն իրենց մայրենի լեզվով: Թեպետ Մելիտոնն ապրում էր հազարավոր մղոններ հեռու՝ Իսպանիայում, Երկնային Հայրն առաջնորդել էր նրան ճիշտ այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր, որ նա լիներ: Մելիտոնը, իր քաջության և հավատքի շնորհիվ, օգնեց Աստծո խոսքը հասցնել անթիվ մարդկանց: