2017
Նրանք տեսան Նրան
April 2017


Նրանք տեսան Նրան

Այս անձինք իսկապես տեսան հարություն առած Փրկիչին, բայց դուք նույնպես կարող եք լինել Քրիստոսի վկան ձեր ուրույն ձևով։

Նկար
Jesus and Mary in front of the tomb

«Նա հարություն է առել», ըստ՝ Գրեգ Ք․ Օլսենի, չբազմացնել

Ձեր կարծիքով, ի՞նչ զգացողություններ կունենաք, եթե տեսնեք հարություն առած Փրկիչին։ Հիսուսի ժամանակաշրջանի շատ մարդիկ ստիպված չէին պատկերացնել դա, նրանք ականատես եղան դրան։ Սուրբ գրությունները պատմում են առնվազն տասը գրառված դեպքեր Նոր Կտակարանում և մի քանի քանիսն էլ Մորմոնի Գրքում, երբ հարություն առած Տերը հայտնվել է մարդկանց։ Այդ անձինք ականատես են եղել պատմության ամենամեծ հրաշքներից մեկին․ Հիսուս Քրիստոսը հաղթահարում է մահը և հնարավոր է դարձնում, որ մեզանից յուրաքանչյուրը կրկին ապրի։ Գրեթե անհավատալի է, ճի՞շտ է։

Այսպիսով, իրականում ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի վկան։ Եկեք քննենք սուրբ գրությունների այդ իրադարձություններից մի քանիսը և մտածենք, թե մենք ինչպես կարող ենք լինել Քրիստոսի վկաները ևս՝ անգամ առանց Նրան ֆիզիկապես տեսնելու։

Մարիամ Մագդաղենացի

Մարիամ Մագդաղենացին առաջին վկան էր։ Խաչելությունից հետո առաջին կիրակի օրը նա եկավ գերեզմանի մոտ մի քանի այլ կանանց հետ Տիրոջ մարմինն օծելու համար։ Երբ Մարիամը հայտնաբերեց դատարկ գերեզմանը, նա լաց եղավ։ Մեկը դիմեց նրան թիկունքից և հարցրեց․ «Կին, ինչո՞ւ ես լաց լինում»։ Պատկերացրեք, թե որքան մեծ էր նրա զարմանքը, երբ նա հասկացավ, որ դա մեռելներից հարություն առած Հիսուսն էր։ (Տես Հովհաննես 20․1–18։)

Երկու աշակերտները Էմմաուսի ճանապարհին

Նկար
Christ on the road to Emmaus

«Էմմաուսի ճանապարհին», ըստ Ջոն ՄաքՆոթընի

Կղեոպասը և մեկ այլ աշակերտ քայլում էին Էմմաուսի ճանապարհով, երբ նրանց մոտեցավ մի անծանոթ։ Նրանք չճանաչեցին իրենց նոր ընկերակցին, սակայն ընթրիքի ժամանակ անծանոթը կտրեց հացը։ Այդ ժամանակ նրանց աչքերը բացվեցին և նրանք հասկացան, որ ամբողջ ճանապարհն անցել էին Փրկիչի հետ։ «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում … », հարցնում էին նրանք միմյանց, խորհելով այն զգացմունքների մասին, որ ունեցան, մինչ Նա իսկապես իրենց հետ էր։ (Տես Ղուկաս 24․13–34։)

Տասը առաքյալները

Նկար
Resurrected Christ with Apostles

«Տեսեք իմ ձեռքերն ու ոտքերը», ըստ՝ Հարրի Անդերսոնի

Երկու աշակերտները, որոնք ճամփորդել էին դեպի Էմմաուս Քրիստոսի հետ, վերադարձան Երուսաղեմ և պատմեցին տասը առաքյալներին իրենց փորձառության մասին։ Մինչ նրանք խոսում էին, Փրկիչն Ինքը հայտնվեց նրանց, ասելով․ «Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: (Տես Ղուկաս 24․36–41, 44–49։)

Թովմաս Առաքյալը

Նկար
Christ with Thomas

Թովմասի նկարն ըստ Բրայան Քոլի

Թովմաս Առաքյալը ներկա չէր, երբ Փրկիչն առաջին անգամ հայտնվեց մյուս Առաքյալներին, ուստի նա չհավատաց, որ Քրիստոսը հարություն էր առել։ Մի շաբաթ անց Քրիստոսը կրկին հայտնվեց Առաքյալներին։ Այս անգամ Թովմասն այնտեղ էր, և քանի որ նա տեսավ Քրիստոսին, հավատաց, որ Նա հարություն էր առել։ Փրկիչը խրատեց Թովմասին այն բանի համար, որ հավատաց միայն տեսնելուց հետո․ «Որովհետեւ տեսար ինձ՝ հաւատացիր. երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»։ (Տես Հովհաննես 20․24–29։)

Տասնմեկ Առաքյալները Տիբերեայի ծովի մոտ

Նկար
Apostles on the Sea of Tiberias

«Հարություն առած Քրիստոսը Տիբերեայի ծովի մոտ», ըստ՝ Դեյվիդ Լինդսլիի

Հարությունից քիչ ժամանակ անց մի օր Առաքյալներից մի քանիսը գնացին Տիբերեայի ծովում ձուկ բռնելու, սակայն մեծ հաջողություն չունեցան։ Հաջորդ առավոտ Փրկիչը հայտնվեց և խորհուրդ տվեց նրանց գցել ցանցը նավակի աջ կողմում։ Երբ նրանք արեցին այդ, ցանցի մեջ այնքան շատ ձուկ լցվեց, որ դժվարությամբ կարողացան ներս քաշել այն։ Ընթրելուց հետո Փրկիչն ուսուցանեց ուրիշներին ծառայելու կարևորության մասին, ասելով․ «Արածեցրու իմ ոչխարները»։ Իրենց կյանքի մնացած մասն Առաքյալներն անցկացրին միայն դա անելով՝ սովորեցնելով մարդկանց Քրիստոսի մասին․ որոշ դեպքերում նրանք նույնիսկ տվեցին իրենց կյանքը հանուն այդ գործի։ (Տես Հովհաննես 21․1–22։)

Նեփիացիները Ամերիկա մայրցամաքներում

Նկար
Christ among the Nephites

«Մի Հովիվ»,ըստ՝ Հովարդ Լայընի

Խաչելության ժամանակ Ամերիկա մայրցամաքների երկրներն ավերվեցին երկրաշարժերի, հրդեհների, այլ բնական աղետների պատճառով, և երեք օր ողջ երկրին տիրեց խավարը, որը Փրկիչի մահվան նշանն էր։ Ավելի ուշ Քրիստոսը իջավ երկնքից և այցելեց 2500 հոգանոց բազմությանը, որ հավաքվել էր Լիառատ տաճարի մոտ։ Նա հրավիրեց մարդկանց շոշափել Իր ափերի, ոտքերի և կողի վերքերի նշանները, քարոզեց նրանց և մեկ առ մեկ օրհնեց նեփիացիների երեխաներին։ Հաջորդ օրը էլ ավելի շատ մարդիկ հավաքվեցին, և Փրկիչն այցելեց ու ուսուցանեց նրանց։ Աշակերտներն, ի վերջո, կազմավորեցին Քրիստոսի Եկեղեցին, և նեփիացիները ստացան այնպիսի զորեղ վկայություն, որ նրանք և նաև լամանացիները դարձի եկան դեպի Տերը։ (Տես 3 Նեփի 11–18, տես նաև 3 Նեփի 8–10, 4 Նեփի 1։)

Վկաներն այն ժամանակ և այժմ

Քրիստոսը հայտնվեց նաև շատ ուրիշ մարդկանց ներառյալ մի քանի կանանց, ովքեր գերեզմանի մոտ էին եկել օգնելու Մարիամ Մագդաղենացուն օծել Քրիստոսի մարմինը, 500-ից ավելի տղամարդկանց մի խմբի, Հակոբոսին և Պողոսին։ (Տես Մատթեոս 28․9, Գործք 9․4–19, Ա Կորնթացիս 15․6–7, տես նաև 3 Նեփի 19, 26․13։)

Մենք երևի հնարավորություն չունենանք տեսնելու Փրկիչին, ինչպես այս վկաները տեսան, սակայն դուք կարող եք այնուամենայնիվ լինել Քրիստոսի վկան։ Դուք կարող եք անձամբ փնտրել Փրկիչին՝ Նրա մասին ավելին սովորելով, ինչպես Մարիամն արեց, երբ գնաց գերեզմանի մոտ։ Կամ դուք կարող եք կիրառել Նրա հանդեպ ձեր ունեցած հավատը՝ պահելով պատվիրանները և հետևելով մարգարեների խորհրդին։ Կամ դուք կարող եք տեսնել Փրկիչի օրհնությունները ձեր կյանքում, ինչպես արեցին Էմմաուս գնացող երկու աշակերտները։ Զատիկի այս օրերին խորհեք այն մասին, թե ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի վկա։ Այդ մարդիկ բառացիորեն վկաներ էին, ովքեր իրականում տեսան հարություն առած Քրիստոսին, սակայն դա միակ ուղին չէ, որով դուք կարող եք վկայել Նրա մասին ձեր կյանքում։