2017
Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, որ Աստված լսում է իմ աղոթքները:
April 2017


Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Աստված լսում է իմ աղոթքները»:

Աղոթքը մեծ օրհնություն է և մեզ խոստացված է, որ Երկնային Հայրը միշտ լսում է, սակայն երբեմն որոշ ժամանակ է պահանջվում Նրա պատասխանները հասկանալու համար։1

Խորհեք հետևյալի շուրջ․ կամ Աստված լսում է ձեզ, կամ Նա չի լսում։ Եթե Նա չի լսում, ապա իհարկե, աղոթելն անիմաստ է։ Բայց եթե Նա լսում է (և Նա անշուշտ լսում է), մենք պետք է հասկանանք, թե ինչպես իսկապես հաղորդակցվենք Նրա հետ աղոթքով, հասկանանք պատասխանները և հավատքով առաջ շարժվենք։

Եթե մեզ թվում է, թե Նա չի լսում, միգուցե մենք պետք է որոշակի անձնական զարգացում ապրենք։ Դուք կարող եք ձեզ ուղղել մի քանի հարց․ Արդյո՞ք ես մաքուր եմ։ Արդյո՞ք ունեմ արժանի մղումներ։ Արդյո՞ք ես պատրաստ եմ անել այն, ինչ Նա խնդրում է։2 Եթե այս հարցերից յուրաքանչյուրն ունի դրական պատասխան, դուք կարող եք վստահ լինել, որ «Տերը՝ քո Աստվածը … կպատասխանի քո աղոթքներին» (ՎևՈւ 112․10)։ Հիշեք, որ երբեմն պատասխանները գալիս են աննկատ կամ անսպասելի ձևով։

Եթե դուք բացասական պատասխան եք տվել այս հարցերից որևէ մեկին, երբեք շատ ուշ չէ։ Ձեր կյանքում կատարեք անհրաժեշտ փոփոխություններ, որպեսզի կարողանաք ունենալ Հոգին։ Հոժարակամ եղեք գործել ըստ ձեր ստացած հուշումների:

Եվ մի մոռացեք, որ ամեն ոք տարբեր ձևով է պատասխաններ ստանում։ Աղոթեք, որ Սուրբ Հոգին ուսուցանի ձեզ, թե ինչպես դուք կարող եք հասկանալ պատասխանները։ Սկզբում հեշտ չի լինի հասկանալ դրանք, սակայն դա նման է ցանկացած այլ հմտության․ փորձերի շնորհիվ կատարելագործվում ենք։ Ունեցեք հավատ և վստահություն, որ Երկնային Հայրը միշտ լսում է։

Լսեք Հոգուն

Փորձեք լսել Սուրբ Հոգուն։ Մարդիկ տարբեր ձևերով են լսում Սուրբ Հոգուն, ուստի, միգուցե դուք փորձում եք լսել մեղմ, հանգիստ ձայն այն դեպքում, երբ հուշումը կարող է գալ զգացողության միջոցով։ Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին կասի ձեզ այն ամենը, որ դուք պետք է իմանաք. դուք պարզապես պետք է լսեք։

Էլիզ Գ., 13 տարեկան, Ալբերտա (Կանադա)

Պատասխաններ Եկեղեցում

Մի անգամ ես մեծ կասկած ունեի մի հարցի շուրջ՝ գնալ հանդիպման ոչ անդամի հետ, թե ոչ։ Մի կիրակի օր հաղորդության ժողովի ժամանակ մի քույր ելույթ ունեցավ, որը կարծես ուղղված էր անձամբ ինձ։ Այդ պահին ես հավաստիացում ստացա, որ Տերը պատասխանեց իմ աղոթքին։ Մինչ այդ ես շփոթված էի և չգիտեի ինչ անել, բայց հետո Սուրբ Հոգին մխիթարեց ինձ և լցրեց իմ սիրտը ուրախությամբ ու քաջությամբ։ Աստված պատասխանում է մեզ զգացմունքների, մտքերի, սուրբ գրությունների և նույնիսկ եկեղեցու խոսնակների միջոցով։

Կարեն Վ., 19 տարեկան, Մինաս Ժերայս (Բրազիլիա)

Հիշեք՝ ով եք դուք

Ես գիտեմ, որ Աստված լսում է մեզ, քանի որ աղոթքի արդյունքում իմ սրտում զգում եմ խաղաղություն, մխիթարություն և սեր։ Ես տեսնում եմ, որ Նա օրեցօր ազատում է ինձ բազմաթիվ վտանգներից, Նա պաշտպանում է իմ ընտանիքին, և ես ինձ սիրված եմ զգում Նրա կողմից։ Նախքան դպրոց գնալը ես միշտ ասում եմ Երիտասարդ Կանանց կարգախոսը․ դա օգնում է ինձ հիշել, որ ես Երկնային Հոր դուստրն եմ, ով սիրում է ինձ։

Նիկոլ Մ., 19 տարեկան, Լիմա (Պերու)

Երեխայի աղոթքը

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը լսում է իմ աղոթքները, քանի որ Երեխաների Միության «Երեխայի աղոթքը» (Children’s Songbook, 12) երգի բառերն ասում են․ «Երկնային Հայր, Դու իրոք այդտե՞ղ ես: Եվ դու լսում և պատասխանո՞ւմ ես ամեն երեխայի աղոթքին: Ասում են` երկինքը հեռու է, բայց այն մոտ է թվում, երբ աղոթում եմ»։ Երբ ես հիշում եմ այդ երգը, ես գիտեմ, որ Նա լսում է, քանի որ ես զգում եմ Հոգին և իմ հանդեպ Նրա անսահման սերը։ Երբ ես հիշում եմ, որ Նա սիրում է ինձ, ես մխիթարություն եմ զգում և իմանում, որ Նա լսում է իմ աղոթքները։

Էլեն Բ., 16 տարեկան, Հյուսիսային Կարոլինա (ԱՄՆ)

Վստահեք Նրան

Երկնային Հայրը միշտ լսում է մեր աղոթքները, սակայն երբեմն թվում է, թե Նա չի պատասխանում մեր աղոթքներին, քանի որ Նա միգուցե չի պատասխանում այնպես կամ երբ մենք ենք ուզում, որ Նա պատասխանի։ Մենք պետք է պատրաստակամ ենթարկենք մեր կամքը Նրա կամքին և հավատանք, որ Նա գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Երկնային Հայրը սիրում է մեզ և միշտ կփորձի օգնել մեզ սովորել և աճել՝ մինչ կպատասխանի մեր հարցերին։

Մոսիա Մ., 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Խնդրեք և կստանաք

Սուրբ գրությունների միջոցով մենք ուսուցանվել ենք, որ Աստված միշտ կլսի մեր աղոթքները և կպատասխանի, եթե մենք դիմենք Նրան հավատքով և անկեղծ միտումով։ Մեր սրտերում մենք կզգանք հաստատում, որ Նա իրոք լսում է մեզ և կունենանք խաղաղության և հանգստության զգացում: Մենք կարող ենք նաև զգալ, որ ամեն բան լավ կլինի, երբ մենք հետևենք Հոր կամքին։ Եթե մենք կասկածներ ունենք, թե Նա չի լսում, մենք պետք է առաջնորդություն փնտրենք սուրբ գրություններում և ապա հարցնենք, թե արդյոք մեր կարդացած բաները ճիշտ են։

Կոնստանզա Լ., 20 տարեկան, Բիո Բիո (Չիլի)

Գտիր այն

Մի անգամ ես խորհում էի այն մասին, թե արդյոք Աստված լսում է իմ աղոթքները, իսկ հետո ես զգացի պատասխանն իմ սրտում։ Ես աղոթքի վերաբերյալ լսեցի մեկի վկայությունը և կարողացա զգալ Սուրբ Հոգին: Իմ մյուս խորհուրդը կլինի՝ հարցնել ծնողներին, եպիսկոպոսին կամ ձեր ծխի այլ անդամների։ Դուք կարող եք նաև աղոթել այս թեմայի շուրջ օգնության համար։

Ջոշուա Ս., 13 տարեկան, Օրեգոն (ԱՄՆ)

Անկեղծ աղոթել

Ձեր աղոթքից հետո դուք կարող եք ուշադրություն դարձնել զգացմունքներին և մտքերին, որոնցով լցվում է ձեր սիրտը։ Դրանցից մեկը կարող է լինել ձեր հարցի պատասխանը: Երբ մենք աղոթում ենք մաքուր սրտով և անկեղծ միտումով, մեր Երկնային Հայրն արձագանքում է համաձայն այն հավատի, որը մենք ունենք Նրա հանդեպ։ Նա չի պատասխանում ուղղակի մեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար:

Ջեն-Քլաուդ Ն., 16 տարեկան, Կենտրոնական Կասայ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)