2017
Հասկանալ հայրապետական օրհնությունը
April 2017


Հասկանալ հայրապետական օրհնությունը

Հեղինակներն ապրում են Իլինոյսում (ԱՄՆ) և Նյու Յորքում (ԱՄՆ):

Աստիճանաբար հասկանալով ձեր օրհնությունը, կարող եքառաջնորդություն գտնել ձեր կյանքում։

Նկար
man with a map in a maze

Man in maze © Digital Vision Vections/Getty Images

Կյանքը լի է բազում հարցերով․ Որտե՞ղ շարունակեմ ուսումս։ Ի՞նչ մասնագիտություն ընտրեմ։ Պե՞տք է արդյոք ծառայեմ միսիայում: Ո՞ւմ հետ ես պիտի ամուսնանամ։ Եթե ձեզ տրվեր անձնական քարտեզ, որը կառաջնորդեր ձեզ կյանքի որոշումներում, արդյո՞ք կհետևեիք դրան։

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տվել են մեզ նման քարտեզ՝ հայրապետական օրհնություն, որպեսզի առաջնորդություն տան մեզ մեր կյանքում։ Չնայած մեզ ազատ լինելու պարգև է տրված որոշումներ կայացնելու մեր իսկ ազատ կամքով, հայրապետական օրհնությունը կարող է լույս սփռել այն արահետների վրա, որոնք մեզ ամենամեծ երջանկությունը կբերեն։

Բայց պարզապես քարտեզ ունենալը բավական չէ: Մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք և կիրառենք քարտեզում տրվածը։ Դեռ ավելին, երբ դուք սկսեք հասկանալ հայրապետական օրհնության՝ կյանքում ձեր անձնական ուղեցույցի լեզուն, դուք կկարողանաք նկատել, թե ով եք դուք Աստծո աչքում և ինչ կարող եք դառնալ։

Բացահայտեք ձեր տոհմագիծը

Նախ և առաջ ձեր հայրապետական օրհնության մեջ հայտարարվում է ձեր տոհմը կամ Հակոբի (ով հետագայում կոչվեց Իսրայել) տասներկու ցեղերից հատկապես այն ցեղը, որին դուք պատկանում եք։ Չնայած բոլորս չէ, որ բառիս բուն իմաստով հանդիսանում ենք Հակոբի սերունդը, սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ Եկեղեցու անդամները որդեգրվում են Իսրայելի տանը․ «Քանի որ բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն քո անունով, և կհամարվեն քո սերունդը, և վեր կկենան ու կօրհնեն քեզ, որպես իրենց հայր» (Աբրահամ 2․10

Շելիսա Շրոփփելը Յուտայից (ԱՄՆ) ասում է․ «Իմանալով, որ ես Հակոբի տնից եմ, ես հասկանում եմ իմ նպատակն այս կյանքում, և թե ինչու եմ Եկեղեցում ես կանչվում որոշակի կոչումներում ծառայելու»։

Ձեր հայրապետական օրհնությունը նաև կարող է նկարագրել օրհնություններ, որոնք կապված են հենց ձեր ցեղի հետ։ Օրինակ, Եկեղեցու շատ անդամներ պատկանում են Եփրեմի ցեղին, ցեղ, որն ունի եզակի պարտավորություն՝ տարածելու վերականգնված ավետարանի ուղերձը ողջ աշխարհում (տես Երկրորդ Օրինաց 33․13–17, ՎևՈւ 133․26–34

Գտեք անձնական խորհուրդ

Ճիշտ օգտագործվելու դեպքում քարտեզն օգնում է ճամփորդին, որ ճանապարհին չմոլորվի։ Նմանապես, այս կյանքում ճամփորդելիս ձեր հայրապետական օրհնությունը կարող է խորհուրդ և առաջնորդություն առաջարկել ձեր կյանքի համար։ Ձեր հայրապետական օրհնությունը ուղղակի ձևով ձեզ չի ասում՝ ինչ անել, սակայն այն կարող է առաջարկել անհատականացված գաղափարներ այն մասին, թե որ ուղիները կօգնեն ձեր կյանքը համապատասխանեցնել Երկնային Հոր կամքին։ Եթե դուք ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը և ձգտեք այնպես ապրել, որ հրավիրեք Տիրոջ Հոգին, դուք կարող եք գտնել ապահովություն, ուրախություն և առաջնորդություն։

Գաբրիել Պարեդեսը Լիմայից (Պերու) ասում է․ «Որոշ խորհուրդներ, որոնք ինձ տրված էին իմ օրհնության մեջ, ես կարողացա ամբողջությամբ կիրառել իմ ընտանիքում միայն իմ կնոջ հետ կնքվելուց հետո։

Վերջերս մենք խորհում էին այն մասին, թե ինչ կարող ենք անել, որ ամրացնենք ու շենացնենք մեր նոր ընտանիքը։ Մեր հարցն իր պատասխանը գտավ իմ հայրապետական օրհնության միջոցով։ Այնտեղ ինձ խորհուրդ է տրվում իմ ընտանիքի համար առաջնահերթություն դարձնել հարգանքը, հանդուրժողականությունը և սերը, քանի որ սրանք Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր հիմնաքարերն են հանդիսանում։

Երբ մենք կենտրոնացանք սրա վրա, ես և կինս կարողացանք հաղթահարել խնդիրները։ Մենք դեռևս մեր ընտանիքում երբեմն ունենում ենք խնդիրներ, սակայն մենք երջանիկ ենք։ Ես զգացի, որ Տերը հիշեցնում էր ինձ, թե ես ինչպես կարող էի ունենալ այն ընտանիքը, որը Նա խոստացել էր ինձ։ Ես գիտեմ, որ Տերը խոսում է հայրապետական օրհնությունների միջոցով և խորհուրդը, որ տրված է այնտեղ, պետք է օգտագործվի մեր կյանքում»։

Ականջ դրեք խրատներին

Քարտեզում չեն նշվում ճանապարհին հանդիպող բոլոր վտանգները, սակայն, բարեբախտաբար, հայրապետական օրհնությունները հաճախ պարունակում են նախազգուշացումներ, որոնք մեզ պաշտպանում են ճանապարհին։ Այս խրատներից մի քանիսը օգնում են մեզ պաշտպանվել սատանայի ազդեցությունից, մյուսներն էլ կարող են լուսավորել մեր միտքը, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր մեջ բնական մարդուն։

Քեյթլին Քարրը Յուտայից նշել է, որ իր հայրապետական օրհնության որոշ հորդորներ սկզբում պարզ չէին հասկացվում, սակայն շարունակելով ուսումնասիրել իր օրհնությունը, նա նոր հուշումներ ստացավ դրանց վերաբերյալ։

«Երբ ես ստացա իմ հայրապետական օրհնությունը, ինձ նախազգուշացվեց մարդկանց մասին, ովքեր կփորձեն հեռացնել ինձ ճշմարտությունից գրավիչ զրույցներով։ Դրա մասին ես շատ չէի մտածում․ ես խորապես հավատում էի ինձ ուսուցանված վարդապետություններին։

Այնուամենայնիվ, հաջորդ տարի ես լսեցի այնպիսի գաղափարներ և փիլիսոփայություններ, որոնք կարծես հիմնված էին արդարության և սիրո վրա, սակայն դա այդպես չէր։ Թվում էր, թե այդ ուղերձները գալիս էին ամեն կողմից՝ լրատվամիջոցներից, դպրոցից, նույնիսկ մտերիմ ընկերներից։ Չնայած ես գիտեի, որ այդ փիլիսոփայությունները հակասում էին Աստծո ծրագրին, ես հանկարծ հասկացա, որ ուզում էի աջակցել այս նոր աշխարհիկ գաղափարներին և Եկեղեցուն միաժամանակ։ Ես շուտով գիտակցեցի, որ «ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել» (Մատթեոս 6․24), և ես չպիտի ապավինեի մարդկային իմաստությանը։ Երկնային Հայրը լուծում տվեց իմ կասկածներին սուրբ գրությունների միջոցով և խաղաղություն բերեց իմ մտքին ու սրտին։ Արդյունքում իմ վկայությունն ամրացավ, և ես ավելի հաստատակամորեն եմ պաշտպանում այն, ինչը գիտեմ, որ ճիշտ է»։

Զարգացրեք պարգևները և տաղանդները

Ձեր հայրապետական օրհնության մեջ կարող են նշվել նաև հոգևոր պարգևներ և տաղանդներ, որոնք Տերը տվել է ձեզ Իր թագավորությունը կառուցելու համար։ Եթե ձեր օրհնությունը նշում է տաղանդ, որը ձեզ ծանոթ չէ, պատճառը կարող է լինել այն, որ դուք դեռևս հնարավորություն չեք ունեցել բացահայտելու կամ զարգացնելու այդ տաղանդը։ Տիրոջ օգնությամբ և ջանասիրաբար փնտրելով, դուք կարող եք զարգացնել այդ և ուրիշ շատ տաղանդներ։

Զարգացնելով ձեր տաղանդները, կգտնեք այն առանձնահատուկ բաները, որոնք դուք կարող եք ներդնել Տիրոջ աշխատանքում։ Ջոաննա Բլաքվելը Կալիֆորնիայից (ԱՄՆ) խորհում է իր օրհնության մեջ նշված պարգևների և տաղանդների մասին, երբ համեմատում է իրեն ուրիշների հետ․ «Իմ հայրապետական օրհնության բառերն ինձ հիշեցնում են, որ ես օրհնված եմ տաղանդներով, որոնք անձամբ ինձ պետք են փորձությունները հաղթահարելու և մասնակցելու Տիրոջ աշխատանքն արագացնելու գործին։

Իմ օրհնության մեջ խոսվում է սիրելու, ներելու և իմ շրջապատի մարդկանց հետ շփվելու համարձակություն ունենալու ունակության մասին։ Երբ ես գործի դրեցի այդ տաղանդները, Տերն օրհնեց ինձ ավելի մեծ ցանկությամբ՝ ծանոթանալու և շփվելու նոր մարդկանց և մշակույթների հետ։ Արդյունքում իմ վկայությունն ավելի մեծացավ այն մասին, որ մենք բոլորս սիրող Երկնային Հոր զավակներն ենք, և ես հնարավորություն ունեցա ծառայել ուրիշներին, որն օգնում է մեզանից յուրաքանչյուրին ավելի նմանվել Քրիստոսին»։

Նկար
points on the map

Փնտրել խոստացված օրհնությունները

Մեր հայրապետական օրհնությունների վերջում տրվում են Երկնային Հոր խոստացված օրհնությունները, եթե մենք հավատարիմ մնանք Նրան։ Սակայն երաշխիք չի տրվում, թե երբ կիրականանան այդ խոստումները, սակայն մենք կարող ենք իմանալ, որ քանի դեռ մենք հավատարմորեն ապրում ենք ավետարանով, դրանք կիրականանան՝ լինի դա այս, թե հաջորդ կյանքում։

Սերջիո Գուտիերեզը Նեվադայից (ԱՄՆ) հույսը դնում է իր հայրապետական օրհնության մի խոստման վրա, երբ անհանգստանում է իր կարիերայի հետագա ծրագրերի համար․ «Երբեմն ինձ մտահոգում է իմ անորոշ ապագան, սակայն իմ հայրապետական օրհնության մեջ տրված է խոստում, որը միշտ խաղաղեցնում է իմ միտքը։ Այս խոստումն օգնում է ինձ իմանալ, որ քանի դեռ ես ջանասիրաբար աշխատում եմ և հավատարիմ եմ մնում, ես կունենամ անհրաժեշտ միջոցներ՝ իմ ընտանիքի մասին հոգ տանելու և Եկեղեցին կառուցելու համար։ Ես դեռ հաստատ չգիտեմ, թե կարիերայի որ ճյուղը կընտրեմ ապագայում, սակայն ունենալով այս խոստումը, ես հավատ ու վստահություն եմ զգում»։

Եթե դուք երբևէ խորհեք, թե որն է Երկնային Հոր կամքը ձեզ համար, դուք մենակ չեք լինի։ Տերը հասկանում է, որ ձեր առջև կբացվեն զանազան ճանապարհներ, որոնցով դուք կարող եք շարունակել ձեր կյանքը, ուստի Նա տալիս է ձեզ անձնական քարտեզ, որը կօգնի համաձայնեցնել ձեր կյանքը Նրա ավետարանի հետ։ Հայրապետական օրհնությունները չեն կարող մեր փոխարեն որոշումներ կայացնել, սակայն դրանք կարող են առաջնորդել մեզ դեպի մեր իսկ անձնական հայտնությունը։ Մեր հայրապետական օրհնությունների միջոցով մեզ ցույց է տրվում, թե մենք ինչ տեղ ենք զբաղեցնում Իսրայելը հավաքելու Տիրոջ ծրագրում, երբ իմանում ենք մեր ցեղը․ մեզ տրվում են անձնական խորհուրդներ, խրատներ և խոստումներ, և մենք սովորում ենք եզակի պարգևների և տաղանդների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ՝ Իրեն ծառայելու համար։ Քանի դեռ դուք կփորձեք ապրել համաձայն ձեր հայրապետական օրհնության այդ բոլոր տարրերի, դուք կարող եք իմանալ, որ ձեր որոշումները համահունչ են ձեր կյանքի վերաբերյալ Տիրոջ կամքին։