Պատերազմը շարունակվում է
Պատերազմը, որը սկսվեց երկնքում, շարունակվում է մինչև այսօր: Փաստորեն, ճակատամարտը թեժանում է, երբ Սրբերը նախապատրաստվում են Փրկիչի վերադարձին:
Յուրաքանչյուրը, ով հետևում է միջազգային նորություններին, կհամաձայնվի, որ մենք ապրում ենք «պատերազմների և պատերազմների համբավների» ժամանակաշրջանում (ՎևՈւ 45.26): Բարեբախտաբար, երկրագնդի վրա ամեն մեկը պատերազմի վետերան է: Մենք ճակատամարտում էինք չարի հորդաների դեմ մի շարունակական պատերազմում, որը սկսվել էր նախաերկրային շրջանում, նախքան մեր ծնվելը:
Քանի որ մենք դեռ չէինք ստացել ֆիզիկական մարմիններ, կռվեցինք Երկնքի այդ Պատերազմում առանց սրերի, հրացանների կամ ռումբերի: Բայց կռիվն այնքան սաստիկ էր, որքան որևէ ժամանակակից պատերազմ, և կային միլիարդավոր զոհեր:
Նախաերկրային պատերազմը մղվում էր խոսքերով, գաղափարներով, բանավեճերով և համոզումով (տես Հայտնություն 12.7–9, 11): Մարդկանց վախեցնելը սատանայի ռազմավարությունն է: Նա գիտի, որ վախը հավատքը կործանելու լավագույն ուղին է: Նա հավանաբար այսպիսի փաստարկներ է օգտագործել. «Դա խիստ դժվար է»: «Անհնար է նորից մաքուր դառնալ»: «Առկա է խիստ մեծ ռիսկ»: «Ինչպե՞ս եք իմանում, որ կարող եք վստահել Հիսուս Քրիստոսին»: Նա շատ էր նախանձում Փրկիչին։
Բարեբախտաբար Աստծո ծրագիրը հաղթեց սատանայի ստերին: Աստծո ծրագիրը ներառում էր ազատ կամքը մարդկության համար և մի մեծ զոհաբերություն: Եհովան, ով հայտնի է մեզ որպես Հիսուս Քրիստոս, կամավոր ստանձնեց լինել այդ զոհը՝ տանջվելու մեր բոլոր մեղքերի համար: Նա կամեցավ վար դնել Իր կյանքը Իր եղբայրների և քույրերի համար, որպեսզի նրանք, ովքեր ապաշխարեին, կարողանային ետ գալ մաքուր, և ի վերջո, դառնային իրենց Երկնային Հոր նման: (Տես Մովսես 4.1–4, Աբրահամ 3.27:)
Մյուս առավելությունը, որն օգնեց Եհովային նվաճել Աստծո զավակների սրտերը, հզոր վկայություններն էին, որոնք բերվեցին Իր կողմնակիցների կողմից, ովքեր առաջնորդվում էին Միքայել հրեշտակապետի կողմից (տես Հայտնություն 12.7, 11, ՎևՈւ 107.54): Նախամահկանացու կյանքում Ադամը կոչվում էր Միքայել, իսկ սատանան կոչվում էր Լյուցիֆեր, որը նշանակում է «լույս կրող»:1 Դա կարող է տարօրինակ անուն թվալ խավարի իշխանի համար (տես Մովսես 7.26), բայց սուրբ գրություններն ուսուցանում են, որ սատանան հրեշտակ էր, որն իշխանություն ուներ Աստծո ներկայության մեջ», մինչև իր ընկնելը (տես ՎևՈւ 76.25–28):
Ինչպե՞ս կարող էր այդքան մեծ գիտությամբ և փորձառությամբ ոգին այդքան հեռու ընկնել: Դա իր հպարտության պատճառով էր: Լյուցիֆերն ապստամբեց մեր Երկնային Հոր դեմ, որովհետև նա ցանկացավ Աստծո արքայությունը իր համար:
«Զգուշացիր հպարտությունից» իր դասական ելույթում Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) ուսուցանել է, որ «նրա հպարտ ցանկությունն էր գահազրկել Աստծուն»:2 Դուք նաև լսել եք, որ սատանան ուզում էր կործանել մարդու ազատ կամքը, բայց դա միակ պատճառը չէր, որ նա շնորհից ընկավ: Նա դուրս գցվեց երկնքից Հոր և Որդու դեմ ապստամբության համար (տես ՎևՈւ 76.25, Մովսես 4.3):
Ինչո՞ւ ես և դուք կռվեցինք դևի դեմ: Մենք կռվեցինք հանուն հավատարմության: Մենք սիրում էինք և աջակցում մեր Հորը երկնքում: Մենք ցանկանում էինք նմանվել Նրան։ Լյուցիֆերի նպատակն այլ էր: Նա ցանկանում էր գրավել Հոր տեղը (տես Եսայիա 14.12–14, 2 Նեփի 24.12–14): Պատկերացրեք, թե ինչպես սատանայի դավաճանությունը ցավ պատճառեց մեր Երկնային ծնողներին: Սուրբ գրություններում մենք կարդում ենք «երկինքները լաց եղան նրա վրա» (ՎևՈւ 76.26):
Թեժ կռվից հետո Միքայելը և նրա զորքերը հաղթեցին: Երկնային զորքերի երկու-երրորդն ընտրեց հետևել Հորը (տես ՎևՈւ 29.36). Սատանան և նրա հետևորդները դուրս գցվեցին երկնքից, բայց նրանք չուղարկվեցին դրսի խավարը: Նախ նրանք ուղարկվեցին այս երկիր (տես Հայտնություն 12.7–9), որտեղ Հիսուս Քրիստոսն էր ծնվելու, և որտեղ Նրա քավիչ զոհաբերությունն էր իրականացվելու:
Սատանայի զորքերին ինչո՞ւ թույլ տրվեց գալ երկիր: Նրանք եկան ապահովելու ընդդիմություն նրանց համար, ովքեր այստեղ ստուգվում են (տես 2 Նեփի 2.11): Արդյոք նրանք ի վերջո կգցվե՞ն դրսի խավարի մեջ: Այո: Հազարամյակից հետո սատանան և նրա զորքերը դուրս կգցվեն հավիտյան:
Սատանան գիտի, որ իր օրերը հաշված են: Հիսուսի Երկրորդ Գալուստի ժամանակ սատանան և նրա հրեշտակները կկապվեն 1000 տարի (տես Հայտնություն 20.1–3, 1 Նեփի 22.26, ՎևՈւ 101.28): Երբ այդ վերջնագիծը մոտենում է, չարի ուժերը կռվում են հուսահատորեն, գրավելով այնքան շատ հոգիներ, որքան կարող են:
Հովհաննես Հայտնողին ցույց տրվեց Պատերազմը Երկնքում որպես մեծ տեսիլքի մի մաս: Նրան ցույց տրվեց, թե ինչպես սատանան վար գցվեց երկրի վրա՝ մարդկությանը գայթակղելու համար: Սա էր Հովհաննեսի արձագանքը. «Վա՛յ երկրի բնակիչներին, այո՛ նրանց, որ բնակվում են ծովի կղզիներում. քանզի դևը վայր է իջել ձեզ մոտ մեծ ցասումով, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12.12):
Այսպիսով, ինչպե՞ս է սատանան անցկացնում իր օրերը, իմանալով, որ նա կորցնելու ժամանակ չունի: Պետրոս Առաքյալը գրել է, որ «սատանան գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (1 Պետրոս 5.8):
Ի՞նչն է դրդում սատանային: Նա երբեք մարմին չի ունենա, նա երբեք կին կամ ընտանիք չի ունենա, և նա երբեք չի ունենա ուրախության լիություն, ուստի նա ուզում է բոլոր տղամարդկանց և կանանց դարձնել «թշվառ, ինչպես ինքն է» (2 Նեփի 2.27):
Դևը թակարդում է բոլոր մարդկանց, բայց հատկապես նրանց, ովքեր ամենամեծ ներուժն ունեն հավերժական երջանկության համար: Նա պարզապես նախանձում է յուրաքանչյուրին, ով վեհացման ուղու վրա է գտնվում: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ սատանան «պատերազմում է Աստծո սրբերի հետ և շրջապատում է նրանց շուրջանակի» (D&C 76:29):
Պատերազմը, որը սկսվեց երկնքում, շարունակվում է մինչև այսօր: Փաստորեն, ճակատամարտը թեժանում է, երբ Սրբերը նախապատրաստվում են Փրկիչի վերադարձին:
Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) մարգարեացել է. «որ Եկեղեցին կտարածվի, կբարգավաճի, կաճի և կընդլայնվի, և երկրի ազգերի մեջ ավետարանի տարածմանը զուգընթաց սատանայի զորությունը կաճի»3:
Կարծում եմ, մենք բոլորս կհամաձայնվենք, որ այդ մարգարեությունը կատարվում է, երբ մենք դիտում ենք, թե ինչպես է չարը ներթափանցում աշխարհի հասարակությունների մեջ: Նախագահ Յանգն ուսուցանել է, որ մենք պետք է ուսումնասիրենք թշնամու մարտավարությունը, որպեսզի հաղթենք նրան: Ես կկիսվեմ սատանայի չորս ստուգված ռազմավարություններով և որոշ գաղափարներով այն մասին, թե ինչպես դիմադրել դրանց:
Սատանայի ռազմավարությունները
1. Գայթակղություն: Դևն անամոթ է, երբ մեր մտքերը ամբարիշտ գաղափարներով լցնելուն է վերաբերում: Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ սատանան շշնջում է անմաքուր և անբարյացակամ մտքեր և ցանում է կասկածանքի մտքեր: Նա փսփսում է մեր ականջին՝ գործել հակումներից հարկադրված և արդարացնել եսասիրությունն ու ագահությունը: Նա չի կամենում, որ մենք ճանաչենք, թե որտեղից են այս գաղափարները գալիս, այսպիսով նա շշնջում է. «Ես դև չեմ, քանզի այդպիսին չկա» (2 Նեփի 28.22):
Ինչպե՞ս կարող ենք դիմադրել այս պարզ գայթակղությանը: Ամենաարդյունավետ միջոցներից մեկը ուղղակի նրան հեռու ուղարկելն է: Դա այն է, ինչ Հիսուսն արեց:
Գայթակղության սարի վրա Նոր Կտակարանի Փրկիչի պատմությունը շատ ուսանելի է: Յուրաքանչյուր գայթակղությունից հետո, որը դևը ներկայացնում էր Նրան, Հիսուսն օգտագործում էր երկու քայլից բաղկացած պաշտպանական եղանակ. առաջինը՝ Նա հրամայում էր սատանային հեռանալ, ապա Նա մեջբերում էր սուրբ գրության մի հատված:
Թույլ տվեք մի օրինակ բերել. «Դէն գնա, սատանայ», հրամայեց Հիսուսը «որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան [ծառայիր]» (Մատթեոս 4.10): Հաջորդ հատվածն ասում է. «Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան» (Մատթեոս 4.11): Փրկիչի պաշտպանությունը շատ արդյունավետ էր:
Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի (1856–1945) կենսագրությունը տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես Նախագահ Գրանտը դիմադրեց դևին, երբ երիտասարդ էր: Երբ Նախագահ Գրանտը հասկացավ, որ սատանան շշնջում էր իրեն, փորձելով կասկածներ առաջացնել իր սրտում, նա ուղղակի բարձրաձայն ասաց.«Պարոն դև, փակիր բերանդ»:4
Դուք իրավունք ունեք սատանային ասել, որ հեռանա, երբ դիմակայում եք գայթակղությանը: Սուրբ գրություններն ուսուցանում են, «Հակառակ կացէք սատանային, եւ նա կփախչի ձեզանից» (Յակոբոս 4.7):
Փրկիչի պաշտպանության մյուս մասը սուրբ գրության հատվածներ մեջբերելն էր: Մեծ զորություն կա սուրբ գրության հատվածներն անգիր հիշելիս, ինչպես Հիսուսն արեց: Սուրբ գրությունների հատվածները կարող են դառնալ հոգևոր զինանոցի զենք:
Երբ ձեզ գայթակղում են, դուք կարող եք արտասանել պատվիրանները, ինչպես օրինակ. «Յիշիր հանգստութեան օրը, նորան սուրբ պահելու համար»: «Սիրեք ձեր թշնամիներին» կամ «Թող առաքինությունը զարդարի ձեր մտքերն անդադար» (Ելից 20.8, Ղուկաս 6.27, ՎևՈւ 121.45): Սուրբ գրությունների զորությունը ոչ միայն վախեցնում է սատանային, այլ նաև Հոգին է բերում ձեր սիրտը, հաստատում է ձեզ և ամրացնում ձեզ գայթակղության դեմ:
2. Ստեր և խաբեություն: Սուրբ գրքերը հայտնում են, որ սատանան «ստերի հայրն է» (2 Նեփի 9.9): Մի հավատացեք նրան, երբ նա ուղերձներ է շշնջում, ինչպես օրինակ «Դու երբեք ոչինչ ճիշտ չես անում», «Դու շատ մեղավոր ես ներվելու համար», «Դու երբեք չես փոխվի», «Ոչ ոք քո մասին չի անհանգստանում» և «Դու տաղանդներ չունես»:
Մեկ այլ, նրա հաճախ օգտագործվող ստերից է հետևյալը. «Դուք պետք է փորձեք ամեն ինչ առնվազն մեկ անգամ, ուղղակի փորձառություն ձեռք բերելու համար: Մի անգամը չի վնասի քեզ»: Փոքրիկ կեղտոտ գաղտնիքն այն է, որ նա չի ուզում որ դուք իմանաք, որ մեղքը հակում է առաջացնում:
Մեկ այլ արդյունավետ սուտ, որը սատանան կփորձի ձեզ վրա, սա է. «Բոլորն էլ դա անում են: Դա նորմալ է»: Դա նորմալ չէ: Այսպիսով, ասա դևին, որ դու չես ուզում գնալ թելեստիալ արքայություն, նույնիսկ, եթե մնացած բոլորը գնում են այնտեղ:
Չնայած սատանան կստի ձեզ, դուք կարող եք Հոգուն վստահել, որ ասի ձեզ ճշմարտությունը: Այդ պատճառով Սուրբ Հոգու պարգևը այդքան կարևոր է:
Դևը կոչվում է «մեծ մոլորեցնող»:5 Նա փորձում է կեղծել յուրաքանչյուր ճշմարիտ սկզբունք, որը ներկայացնում է Տերը:
Հիշեք, կեղծիքները նույնը չեն, ինչ հակադրությունները: Ճերմակի հակառակը սևն է, բայց կեղծված ճերմակը կարող է լինել ոչ լրիվ սպիտակ կամ գորշ: Կեղծիքները նմանեցվում են իսկականին, որպեսզի խաբեն միամիտ մարդկանց: Դրանք ինչ-որ լավ բանի աղավաղված տարբերակն են, և ճիշտ, ինչպես կեղծված փողը, արժեք չունեն: Թույլ տվեք պարզաբանել:
Հավատքի համար սատանայի կեղծիքներից մեկը սնոտիապաշտությունն է: Սիրո համար նրա կեղծիքը կիրքն է: Նա կեղծում է քահանայությունը, ներկայացնելով քահանայանենգումը և նմանակում է Աստծո հրաշքները կախարդության միջոցով:
Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից, իսկ համասեռ ամուսնությունը ընդամենը կեղծիք է: Այն ոչ սերունդ է բերում, ոչ էլ վեհացում: Չնայած նրա նմանակումները խաբում են շատ մարդկանց, դրանք իրական չեն: Դրանք չեն կարող բերել տևական երջանկություն:
Վարդապետություն և Ուխտերում Տերը նախազգուշացրել է մեզ կեղծիքների մասին. Նա ասել է. «Այն, ինչ չի շենացնում, Աստծուց չէ, և խավար է» (ՎևՈւ 50.23):
3. Հակառակություն: Հակառակության հայրը սատանան է: Փրկիչն ուսուցանում է. «Նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11.29):
Դարերի փորձառությամբ դևը սովորել է, որ որտեղ հակառակություն կա, Տիրոջ Հոգին հեռանում է: Այն ժամանակից ի վեր, երբ սատանան համոզեց Կայենին սպանել Աբելին, նա ազդում է եղբայրների և քույրերի վրա, որ վիճեն: Նա նաև խնդիրներ է հարուցում ամուսնությունների մեջ, ծխի անդամների միջև և միսիոներական զույգերի միջև: Նա հրճվում է՝ տեսնելով լավ մարդկանց միմյանց հետ վիճելիս: Նա փորձում է ընտանեկան վեճեր սկսել հենց եկեղեցուց առաջ՝ կիրակի օրը, հենց ընտանեկան երեկոյից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, և երբ զույգերը ծրագրում են մասնակցել տաճարային նիստի: Ժամանակի նրա ընտրությունը կանխատեսելի է:
Երբ հակառակություն կա ձեր տանը կամ աշխատավայրում, անմիջապես դադարեցրեք ինչ-որ անում եք և ձգտեք խաղաղություն հաստատել: Նշանակություն չունի, թե ով է սկսել այն:
Հակառակությունը հաճախ սկսվում է բծախնդրությունից: Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «դևը շողոքորթում է մեզ, որ մենք շատ արդար ենք, երբ մենք սնուցվում ենք ուրիշների թերություններով»:6 Երբ մտածեք դրա մասին, ինքնագոհությունը ուղղակիորեն արդարակեցության իսկական կեղծիքն է:
Սատանան սիրում է հակառակություն տարածել Եկեղեցում: Նա մասնագիտացած է Եկեղեցու ղեկավարների սխալները մատնացույց անելով: Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է, որ սկզբնական քայլը դեպի ուրացություն Եկեղեցու ղեկավարների հանդեպ վստահությունը կորցնելն է:7
Գրեթե ողջ հակամորմոնական գրականությունը հիմնված է Ջոզեֆ Սմիթի բնութագրի վերաբերյալ ստերի վրա: Թշնամին տքնաջան աշխատում է վարկաբեկել Ջոզեֆին, որովհետև Վերականգնման ուղերձը կախված է Մարգարեի պատմությունից, այն մասին, թե ինչ պատահեց Սրբազան Պուրակում: Դևն ավելի քան տքնաջան է աշխատում այսօր, քան երբևէ նախկինում, ստիպելով անդամներին կասկածի տակ դնել իրենց վկայությունները Վերականգնման վերաբերյալ:
Մեր տնտեսության վաղ օրերին քահանայության շատ եղբայրներ, ի դժբախտություն իրենց, հավատարիմ չմնացին Մարգարեին: Նրանցից մեկը Լայման Ի. Ջոնսոնն էր, ով հեռացվեց անարդար վարքի համար: Հետագայում նա ողբում էր Եկեղեցուց հեռանալու համար. «Ես թույլ կտայի, որ իմ աջ ձեռքը կտրեին, եթե ես կարողանայի կրկին հավատալ դրան: Այն ժամանակ ես լցված էի ուրախությամբ և բերկրանքով: Իմ երազները հաճելի էին: Երբ արթնանում էի առավոտյան, հոգիս զվարթ էր: Ես երջանիկ էի օր ու գիշեր, խաղաղությամբ և ուրախությամբ և գոհությամբ լեցուն: Իսկ այժմ խավար է, ցավ, վիշտ, ծայրահեղ թշվառություն: Այդ ժամանակից ես ոչ մի երջանիկ պահ չեմ տեսել»:8
Խորհեք այդ խոսքերի մասին: Դրանք հնչում են որպես նախազգուշացում Եկեղեցու բոլոր անդամներին:
Ես նորադարձ եմ Եկեղեցում: Ես մկրտվեցի, երբ 23 տարեկան էի, երիտասարդ չափահաս միայնակ ամուրի էի և հաճախեում էի ԱՄՆ-ի Արիզոնայի բժշկական համալսարանը: Ես անմիջականորեն գիտեմ, թե ինչպես է սատանան աշխատում ունկնդիրների հետ նրանց շփոթեցնելու և վհատեցնելու համար, երբ նրանք որոնում են ճշմարտությունը:
Իմ ողջ երիտասարդական տարիներին ես հետևել եմ Վերջին Օրերի Սրբերի իմ ընկերների օրինակին: Ես տպավորված էի այն ձևից, թե նրանք ինչպես էին կառավարում իրենց կյանքը: Ես որոշեցի ավելի շատ բան իմանալ Եկեղեցու մասին, բայց չէի կամենում պատմել որևէ մեկին, որ ուսումնասիրում էի մորմոնիզմը: Իմ ընկերների ճնշումից խուսափելու համար ես որոշեցի իմ ուսումնասիրությունը դարձնել մասնավոր հետազոտություն:
Սա ինտերնետից շատ տարիներ առաջ էր, ուստի ես գնացի հասարակական գրադարան: Ես գտա Մորմոնի Գրքի մի օրինակ և մի գիրք, որը կոչվում էր A Marvelous Work and a Wonder, որը գրվել էր Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց ԼեԳրանդ Ռիչարդսի կողմից (1886–1983): Ես սկսեցի կարդալ այս գրքերը մեծ ցանկությամբ և գտա, որ դրանք ոգեշնչող էին:
Երբ հոգիս ձգտում էր ավելի շատ բան իմանալ, սատանան սկսեց շշնջալ ականջիս: Նա ասաց ինձ, որ լիովին անկողմնակալ լինելու համար ես պետք է կարդայի նաև, թե ինչ էին գրում Եկեղեցու քննադատները: Ես վերադարձա հասարակական գրադարան և սկսեցի որոնել: Եվ իհարկե գտա մի գիրք, որը վարկաբեկում էր Ջոզեֆ Սմիթին:
Այս հակամորմոնական գրքի ընթերցումը շփոթեցրեց ինձ: Ես կորցրի այն հաճելի ոգին և ազդեցությունը, որն ուղեկցել էր իմ ուսումնասիրության ընթացքում: Ես հիասթափվեցի և պատրաստվում էի թողնել ճշմարտության իմ որոնումները: Ես աղոթում էի պատասխան ստանալու համար, երբ կարդում էի հակամորմոնական գրականություն:
Ի զարմանս ինձ, ես ստացա մի հեռախոսազանգ իմ միջնակարգ դպրոցի ընկերուհուց, ով հաճախում էր Բրիգամ Յանգի Համալսարանը: Նա հրավիրեց ինձ այցելել իրեն Յուտայում, խոստանալով, որ ես կհավանեի այդ գեղատեսիլ ճամփորդությունը: Նա գաղափար չուներ, որ ես գաղտնի ուսումնասիրում էի նրա Եկեղեցու պատմությունը:
Ես ընդունեցի նրա հրավերը: Ընկերուհիս առաջարկեց, որ գնայինք Սոլթ Լեյք Սիթի այցելելու Տաճարային Հրապարակը: Նա զարմացավ իմ խանդավառ արձագանքից: Նա գաղափար չուներ, թե որքան էի հետաքրքրված իմանալու ճշմարտությունը Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման մասին:
Տաճարային Հրապարակի քույր միսիոներները շատ օգտակար եղան: Առանց իմանալու այդ, նրանք պատասխանեցին իմ հարցերից շատերին: Նրանց վկայություններն ազդեցին ինձ վրա «կասկածելու [իմ] կասկածներին»9 և իմ հավատքը սկսեց աճել: Սրտառուչ վկայության զորությունը անգնահատելի է:
Ընկերուհիս ևս կիսվեց իր վկայությամբ ինձ հետ և հրավիրեց ինձ աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք Եկեղեցին ճշմարիտ էր: Դեպի Արիզոնա տանող երկար ճանապարհին ես սկսեցի աղոթել հավատքով՝ առաջին անգամ «մաքուր սրտով, անկեղծ միտումով» (Մորոնի 10.4): Այդ ուղևորության ժամանակ մի պահ ինձ թվաց, որ իմ ողջ մեքենան լուսավորվեց լույսով: Ես ինքնուրույն հասկացա, որ լույսը կարող է ցրել խավարը:
Հետո, երբ որոշեցի մկրտվել, դևը մի վերջնական ճիգ գործադրեց: Նա աշխատեց իմ ընտանիքի անդամների վրա, ովքեր արեցին ամեն հնարավորը ինձ հիասթափեցնելու համար և հրաժարվեցին գալ իմ մկրտությանը:
Համենայն դեպս, ես մկրտվեցի և նրանց սրտերն աստիճանաբար փափկեցին: Նրանք սկսեցին օգնել ինձ հետազոտել իմ ընտանեկան պատմությունը: Մի քանի տարի անց ես մկրտեցի իմ փոքր եղբորը: Ընկերուհիս, ով հրավիրեց ինձ այցելել իրեն Յուտայում, այժմ իմ կինն է:
4. Հուսահատություն: Երբ բոլոր մյուս միջոցները ձախողվում են, սատանան արդյունավետ օգտագործում է այս միջոցը ամենահավատարիմ Սրբերի վրա: Ինչ վերաբերում է ինձ, երբ ես սկսում եմ հուսահատվել, դա ինձ օգնում է ուղղակի ճանաչել, թե ով է փորձում ինձ վար տապալել: Սա ինձ բավականաչափ խենթացնում է, որպեսզի ես զվարթանամ, պարզապես ի հեճուկս դևի:
Մի քանի տարի առաջ Նախագահ Բենսոնը մի ելույթ ունեցավ, որը կոչվում էր «Մի հուսահատվեք»: Այդ հեռատես ելույթում նա նախազգուշացրեց. «Սատանան գնալով ավելի ուժգնությամբ է ձգտում հաղթել Սրբերին հուսահատությամբ, վհատությամբ, ճնշվածությամբ և ընկճախտով»:10 Նախագահ Բենսոնը հորդորեց Եկեղեցու անդամներին զգոն լինել և տվեց 12 իրատեսական առաջարկություններ՝ հուսահատության դեմ պայքարելու համար:
Նրա առաջարկությունները ներառում են՝ ծառայել ուրիշներին, աշխատել տքնաջան և խուսափել պարապությունից, կիրառել առողջարար սովորույթներ, որոնք ներառում են՝ մարզվել և օգտագործել ուտելիքները բնական վիճակում, խնդրել քահանայության օրհնություն, լսել ոգեշնչող երաժշտություն, հաշվել ձեր օրհնությունները և սահմանել նպատակներ: Եվ ամենից վեր, ինչպես սուրբ գրություններն են ուսուցանում, մենք պետք է միշտ աղոթենք, որպեսզի հաղթենք սատանային (տես ՎևՈւ 10.5):11
Սատանան դողում է, երբ տեսնում է
Ամենաթույլ սրբին իր ծնկների վրա:12
Կարևոր է իմանալ, որ սահմանափակումներ կան չարի զորության դեմ: Աստվածագլուխն է դնում այդ սահմանները և սատանային թույլ չի տրվում դրանք անցնել: Օրինակ՝ սուրբ գրությունները հավաստիացնում են մեզ, որ «Սատանային տրված չէ փոքր երեխաներին գայթակղելու զորությունը» (ՎևՈւ 29.47):
Մեկ այլ կարևոր սահմանափակում է, որ սատանան չգիտի մեր մտքերը, մինչև մենք դրանք չասենք նրան: Տերը բացատրել է. «Չկա ուրիշ ոչ մեկը, բացի Աստծուց, որ իմանա քո մտքերը և մտադրությունները քո սրտի» (ՎևՈւ 6.16), այսպիսով սատանան իրականում չգիտի, թե ինչ եք դուք մտածում:
Երևի այդ պատճառով է Տերը մեզ պատվիրաններ տվել, ինչպես օրինակ. «Մի տրտնջա» (ՎևՈւ 9.6) և Քո մերձավորի մասին չար բան մի խոսիր» (ՎևՈւ 42.27): Եթե դուք կարողանաք սանձել ձեր լեզուն (տես Յակոբոս 1.26), դուք չեք ավարտի՝ տալով չափազանց շատ տեղեկություններ դևին: Երբ նա լսում է տրտնջոց, բողոք և քննադատություն, ուշադիր գրառումներ է կատարում: Ձեր բացասական խոսքերը բացահայտում են ձեր թուլությունները թշնամուն:
Ես լավ լուր ունեմ ձեզ համար: Աստծո զորքերն ավելի շատ են, քան Լյուցիֆերի զորքերը: Դուք գուցե նայեք ձեր շուրջը և մտածեք ձեր մտքում. «Աշխարհն ավելի ու ավելի ամբարիշտ է դառնում: Սատանան պետք է հաղթի պատերազմում»: Չխաբվեք: Ճշմարտությունն այն է, որ մենք թվով ավելի շատ ենք, քան թշնամին: Հիշեք, Աստծո զավակների երկու երրորդն ընտրեց Հոր ծրագիրը:
Եղբայրներ և քույրեր, հավաստիացեք, որ դուք կռվում եք Տիրոջ կողմից: Հավաստաիացեք, որ դուք կրում եք Հոգու սուրը:
Ես աղոթում եմ, որ դուք ձեր կյանքի վերջում կարողանաք ասել Պողոս Առաքյալի հետ. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի» (Բ Տիմոթեոս 4.7):