2017
Նախասրահում փրկվածը
April 2017


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Նախասրահում փրկվածը

Նկար
mother with children in the foyer

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Ամուսինս հաճախ ստիպված էր լինում աշխատել կիրակի օրերին, և մեր չորս տղաներին եկեղեցի տանելու պարտականությունն ամբողջությամբ ընկնում էր ինձ վրա։ Մի կիրակի օր հաղորդության ժողովի ժամանակ իմ երկու փոքրիկ տղաները վիճում էին իրար հետ։ Երբ ես փորձում էի տղաներից մեկի ուշադրությունը գրավել գրքի վրա, նրա եղբայրն ուզում էր այն։ Ես դիմեցի նախուտեստների, խաղալիքների և մատիտների օգնությանը, սակայն ոչինչ չէր օգնում։ Իմ տղաներն ինձ ուժասպառ էին արել, քանի որ չէին կարողանում լուռ նստել մի ժամ։

Ես պայուսակիցս հանեցի մի փոքրիկ խաղալիք և տվեցի այն իմ մեկ տարեկան տղային։ Նույն վայրկյանին լսվեց իմ երեք տարեկան տղայի՝ Թայսոնի աղաղակը, մինչ նա հարվածեց իր փոքր եղբորը՝ փորձելով խլել խաղալիքը։ Ամոթը խեղդում էր ինձ, մինչ ես երկու աղաղակող, կռվող փոքրիկ տղաներիս հանեցի նախասրահ։

Տաք արցունքներն անմիջապես թրջեցին իմ դեմքը։ Ինչո՞ւ էր ամեն բան այդքան բարդ։ Ես անում էի այն, ինչ Երկնային Հայրն էր ուզում, որ անեի, ընտանիքիս եկեղեցի բերելով, այնպես չէ՞։ Բայց ես այլևս չէի կարող դա անել: Ես ուժասպառ էի եղել և ամաչում էի, որ պիտի ամեն շաբաթ մենակ կռիվ տայի իմ տղաների հետ հաղորդության ժողովի ողջ ընթացքում։ Ես չէի ցանկանում երբևէ վերադառնալ այնտեղ։

Ընդամենը 15 վայրկյան այս մտքերով նստելուց հետո նախասրահ դուրս եկավ մի քույր, ում ես գրեթե չէի ճանաչում։ Նրա անունը Քույր Բյուս էր: Նա սովորաբար մենակ էր նստում, քանի որ ամուսինը ծառայում էր եպիսկոպոսությունում, իսկ երեխաները մեծացել էին։ Նա ասաց. «Դու միշտ մենակ ես այստեղ։ Ես տեսնում եմ, որ դու ջանասիրաբար փորձում ես։ Կարո՞ղ է Թայսոնը նստել ինձ հետ։ Ես ի վիճակի չէի նույնիսկ պատասխանելու նրան։ Ես պարզապես գլխով արեցի, երբ նա բռնեց նրա ձեռքն ու առաջնորդեց ետ դեպի հաղորդության սենյակ։

Ես մաքրեցի արցունքներս, գրկեցի փոքրիկիս և խոնարհաբար վերադարձա դահլիճ՝ խաղաղությամբ վայելելու ժողովի մնացած մասը։

Հաջորդ կիրակի, երբ մենք եկանք հաղորդության ժողովին, Թայսոնը փնտրում էր իր նոր ընկերոջը։ Երեկոյան նա աղոթում էր․ «Երկնային Հայր, շնորհակալություն Քույր Բյուսի համար։ Ես նրան շատ եմ սիրում»:

Անցել է ավելի քան երեք տարի, իսկ Թայսոնը շարունակում է դահլիճում փնտրել Քույր Բյուսին։ Անցած տարի նա կանչվեց որպես Թայսոնի Երեխաների Խմբի ուսուցիչ։ Նա աշխարհի ամենաերջանիկ փոքրիկ տղան էր։

Ես անչափ երախտապարտ եմ Քույր Բյուսի համար և ուրիշներին սիրելու ու ծառայելու նրա հոժարակամության համար։ Ես գիտեմ, որ մենք կարող ենք օրհնել ուրիշների կյանքը, երբ ծառայում ենք Փրկիչի նման։