2017
Անդրեյը և վատ բառը
April 2017


Անդրեյը և վատ բառը

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

«Կփորձեմ ապաշխարել, ավելի լավը լինել, աղոթել» (Children’s Songbook, 98)։

Նկար
Andrei and the Bad Word

«Դու կարծում ես, որ բոլորից լավն ես, քանի որ չես հայհոյում»,- ասաց Նիկոլայը դասամիջոցին։

«Դա ճիշտ չէ»,- ասաց Անդրեյը։

«Ապա ինչո՞ւ մի հայհոյական խոսք չես ասում։ Միայն մեկը։ Դա քեզ չի սպանի։ Բոլորն էլ հայհոյում են»։

Անդրեյը թոթվեց ուսերը։ «Ես պարզապես չեմ ուզում»։

Անդրեյը գիտեր, որ հայհոյելը վատ բան է և հեռացնում է Սուրբ Հոգին։ Անդրեյն ուզում էր, որ Սուրբ Հոգին լիներ իր հետ։ Ուստի նա չհայհոյեց։

Անդրեյը նոր աշակերտ էր վեցերորդ դասարանում, և առայժմ Նիկոլայը միակն էր, ով ցանկանում էր լինել նրա ընկերը։ Սակայն Նիկոլայն անընդհատ նրա հետ խոսում էր հայհոյելու մասին։ Եվ օրեցօր Անդրեյը ավելի ու ավելի էր հոգնում ոչ ասելուց։ Բացի այդ, Անդրեյը վախենում էր, որ Նիկոլայն այլևս ընկերություն չէր անի իր հետ, և նա մենակ կմնար։

«Ասա միայն մեկ հայհոյանք»,- ասաց Նիկոլայը դասերից հետո։ «Դրանից հետո ես քեզ հանգիստ կթողնեմ»։

Ի վերջո, Անդրեյն այնքան հոգնեց այդ ամենից, որ ընդամենը մի հայհոյանք ասաց, հայհոյանք, որն այդքան էլ վատ բառերից չէր կազմված։

Նիկոլայը գլխով արեց: «Լավ, այժմ դու մեզանից մեկն ես»։

Դրանից հետո Նիկոլայի մյուս ընկերները նույնպես խոսեցին Անդրեյի հետ։ Կեսօրին նրանք միասին նախաճաշեցին, իսկ դասամիջոցին նրա հետ ֆուտբոլ խաղացին։ Սակայն Նիկոլայի ընկերների խմբում լինելը նման էր սորուն ավազի վրա քայլելուն։ Որքան շատ էր Անդրեյը շփվում նրանց հետ, այնքան շատ էր նա խոսում և գործում նրանց նման։ Իսկ նրանք բոլորն էլ հայհոյում էին։ Շատ։ Նրանք ծաղրում և վիրավորում էին միմյանց։ Նրանք կոպիտ բառեր էին օգտագործում իրենց ուսուցիչների մասին խոսելիս։ Նրանք հաճախ էին բարկանում և անազնիվ արարքներ գործում։ Աստիճանաբար Անդրեյը սկսեց ավելի հաճախակի բարկություն զգալ և ավելի ու ավելի շատ պատճառներ գտնել հայհոյելու համար։

Մի երեկո, երբ մայրիկն ու հայրիկը տանը չէին, Անդրեյը և իր ավագ քույր Կատյան սկսեցին վիճել, թե որ հաղորդումը պիտի դիտեն։ Անսպասելիորեն մի հայհոյանք դուրս թռավ Անդրեյի բերանից։

Կատյան ապշած նայեց նրան։ «Ես կասեմ մայրիկին»։

Անդրեյը վազեց իր սենյակ և աղմուկով փակեց դուռը։ Ի՞նչ էր կատարվում բոլորի հետ։ Ինչո՞ւ էին բոլորն անընդհատ բարկացնում իրեն։ Երբ նրա ծնողները տուն եկան, Անդրեյը կիսով չափ բացեց իր դուռը և լսեց, թե ինչպես Կատյան ասաց․ «Մայրիկ, Անդրեյը հայհոյեց ինձ»։

«Ի՞նչ»։ Մայրիկը զարմացած էր։ «Անդրեյը երբեք չի հայհոյի»։

Անդրեյը փակեց դուռը և ընկավ իր անկողնու վրա։ Նա սկսեց մտածել այն մասին, թե որքան էր փոխվել այն պահից սկսած, երբ սկսել էր հայհոյել։ Նա վաղուց չէր զգացել Սուրբ Հոգին:

Անդրեյը ծնկի իջավ իր անկողնու մոտ և աղոթեց։ «Սիրելի Երկնային Հայր, ներիր ինձ իմ վատ պահելաձևի և բարկության համար։ Կներես, որ սկսել եմ հայհոյել։ Ես այլևս չեմ անի նման բաներ»։

Մինչ Անդրեյն աղոթում էր, նրա սիրտը լցվեց ջերմ զգացումներով։ Ինչ նա սկսել էր հայհոյել, առաջին անգամնա իրեն երջանիկ զգաց։ Նա գիտեր, որ Աստված սիրում է իրեն և կարողացավ զգալ Սուրբ Հոգին: Նա իրեն ներված զգաց և գիտեր, որ կարող էր փոխվել և դառնալ ավելի լավը։

Իր աղոթքից հետո նա մայրիկին պատմեց ճշմարտությունը և ներողություն խնդրեց Կատյայից։ Դրանից հետո Անդրեյն իրեն ավելի լավ զգաց։ Ապաշխարությունը լավ զգացողություններ արթնացրեց նրա մեջ։

Հաջորդ օրը դպրոցում Անդրեյը չնախաճաշեց Նիկոլայի խմբի հետ։ Այլ նստեց մի քանի երեխաների կողքին, որոնց չէր ճանաչում։ Ժամանակ կպահանջվեր, սակայն Անդրեյը գիտեր, որ կգտներ լավ և ուրախ ընկերներ, որոնք չէին հայհոյում։ Ճիշտ իր պես։