2017
Կախվածությունից վերականգնման և ապաքինման ուղեցույց
April 2017


Հույսի և ապաքինման կամուրջ

Սեռական բռնության զոհերը պատշաճ օգնությամբ կարող են գտնել բժշկություն, որի կարիքը նրանք խորապես զգում են:

Նկար
creating a bridge

Նկարները՝ Քրիստինա Բերնազանիի

Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ժայռի ծերպին և կամենում եք անցնել խորը ձորի մյուս կողմը, որտեղ ձեզ խոստացվել է մեծ երջանկություն: Երբ անցնելու ուղի եք որոնում, դուք գտնում եք մի կույտ պարագաներ, որոնք, եթե միմյանց հետ ճիշտ միացնեք, կկառուցեն մի կամուրջ ձորն անցնելու համար:

Եթե դուք չգիտեք, թե ինչպես կառուցել կամուրջը, այդ պարագաներն անօգուտ կլինեն և դուք հիասթափված ու անհույս կզգաք: Բայց, եթե դուք օգնություն ստանաք մեկից, ով փորձառություն ունի կամուրջներ կառուցելու, ձեր գիտելիքը և հասկացողությունը կարող է մեծանալ, և խնդիրը կարելի է միասին իրականացնել:

Անցած 18 տարիների ընթացքում իմ գործն է եղել ապահովել միջոցներ և առաջնորդություն՝ օգնելու մարդկանց անցնել հուզական և մտավոր տառապանքի անդունդը: Ոչ մի հաճախորդ բոլոր այն մարդկանցից, ում ես խորհուրդ եմ տվել, այնպես վիրավորված չի եղել, ինչպես նրանք, ովքեր սեռական բռնության զոհեր են դարձել: Ես տեսել եմ այն ազդեցությունը, որ այս մարտահրավերն ունեցել է այդ անձանց մինչև վերջ համբերելու ունակության վրա:

Այնուամենայնիվ, ես նաև սկսել եմ հասկանալ, որ տևական սփոփանքը մեր մաքառումներից և տառապանքից հնարավոր է մեր Փրկիչի միջոցով: Նրա սերը բարձրացնում է մարդկանց խովարից դեպի լույս:

Ինչո՞ւ է սեռական բռնությունը այդպիսի վնաս պատճառում:

Բռնության զոհերը պատմել են ինձ ընկճախտով, ինքնակասկածներով և այլ խորը հուզական ցավերով լի մի կյանքի մասին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) օգնել է մեզ հասկանալ, թե ինչու է սեռական բռնությունը այդպիսի խորը ցավ պատճառում:

«Առկա է սեռական բռնության սոսկալի, չարաղետ գործելակերպը: Դա հասկացողությունից վեր է: Դա վիրավորանք է պարկեշտության դեմ, որը պարտավոր է գոյություն ունենալ յուրաքանչյուր տղամարդու և կնոջ մեջ: Դա պղծություն է սրբազանի և աստվածայինի դեմ: Այն կործանարար է երեխաների կյանքում: Դա դատապարտելի է և արժանի ամենախիստ պարսավանքի:

«Ամոթ այն տղամարդուն կամ կնոջը, ով սեռական բռնության կենթարկի որևէ երեխայի: Վարվելով այդպես, բռնացողը հասցնում է ոչ միայն ամենալուրջ տեսակի վնասվածք: Այդ տղամարդը կամ կինը նաև դատապարտված կանգնում է Տիրոջ առջև»:1

Ծննդաստեղծ զորությունը սրբազան և աստվածային զորություն է, որը մեր Երկնային Հայրը տվել է Իր զավակներին: Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Ծննդաստեղծ զորությունը հոգեպես կարևոր է: … Մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին արարիչներ են և վստահել են մեզանից յուրաքանչյուրին Իրենց արարչագործական զորության մի մասը»:2 Ուրեմն զարմանալի չէ, որ այս սրբազան զորության պղծումը «արժանի է ամենախիստ դատապարտության» և առաջացնում է «ամենալուրջ տեսակի վնասվածք»:

Հասկանալ վնասը

Նկար
looking out a window

Illustrations © nuvolanevicata/iStock/Getty Images

Սեռական բռնությունը առանց որևէ համաձայնության փոխհարաբերություն է, որը ներառում է հուզական կամ ոչ հուզական վարքագծեր, որի ժամանակ անձնավորությունը օգտագործվում է մեկ այլ անձի կողմից՝ սեռական բավարարվածություն ստանալու համար: Շատ հաճախ սեռական բռնության զոհերը մնում են խառնաշփոթ մտածողությամբ, ինչպես նաև անարժանության զգացումներով և ամոթով, որը դիմանալու համար կարող է խիստ ծանր լինել: Ցավն ու տառապանքը, որ տանում են զոհերը, հաճախ ուժեղանում է ուրիշների կողմից արվող մեկնաբանություններով, որոնք հիմնված են սեռական բռնության և դրա ազդեցությունների վերաբերյալ թյուրըմբռնման վրա: Որոշ զոհեր մեղադրվում են սուտ խոսելու մեջ կամ ասվում է, որ բռնությունը ինչ-որ տեղ նրանց մեղքով էր: Մյուսներին սխալ ձևով հավատացնում են, որ նրանք պետք է ապաշխարեն, կարծես թե ինչ-որ կերպ նրանք մեղանչել են՝ զոհ դառնալով:

Շատ հաճախորդների, ում հետ ես աշխատել եմ, և ովքեր տարել են սեռական բռնություն իրենց մանկության կամ պատանեկության տարիներին, ասվում է «անցիր դրա վրայով», «թող այն անցյալում» կամ «ուղղակի ներիր և մոռացիր»: Այս տիպի հայտարարությունները, հատկապես, երբ դրանք գալիս են մոտ ընկերներից, ընտանիքի անդամներից կամ Եկեղեցու ղեկավարներից, ավելի շուտ կարող են տանել զոհին դեպի մեծացող գաղտնիության և ամոթի, քան ապաքինման և խաղաղության: Լուրջ ֆիզիկական վերքի կամ վարակի նման այս հուզական վերքերը հենց այնպես չեն անցնում, եթե անտեսվում են: Մինչդեռ խառնաշփոթը, որը սկսվում է բռնության ընթացքում, աճում է, և միանալով առաջացող ցավոտ հույզերի հետ, մարդու մտածողությունը կարող է փոփոխության ենթարկել, ի վերջո տանելով անառողջ վարքագծի զարգացման: Բռնության ենթարկված զոհերի համար անսովոր չէ ընդունել, որ այն ինչ տեղի էր ունեցել իրենց հետ, վիրավորական էր, սակայն նրանք կարող են, այնուամենայնիվ, զարգացնել անառողջ վարքագիծ և ցավալի հույզեր:

Հաննան (անունը փոխվել է) սեռական բռնության էր ենթարկվել մանուկ հասակում: Մյուս զոհերի նման, նա մեծանում էր՝ զգալով, որ ինքն անարժան, սոսկալի անձնավորություն էր: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել էր՝ ձգտելով բավականաչափ ծառայել ուրիշներին, փոխելու իր Երկնային Հոր կամ մեկ ուրիշի սիրո համար «բավականաչափ լավը» չլինելու իր զգացումները: Իր փոխհարաբերություններում նա վախենում էր, որ եթե որևէ մեկը իսկապես ճանաչեր իրեն, կմտածեր, որ ինքն այնքան սոսկալի էր, որքան ինքն էր կարծում: Նա զգացել էր մերժվելու ուժեղ վախ, որը հանգեցրել էր կյանքում նոր բաներ փորձելու կամ հասարակ հանձնարարություններ կատարելու հանդեպ վախի՝ ինչպես օրինակ հեռախոսով ինչ-որ մեկին զանգահարելը: Նա օրհնված էր արվեստի գործեր ստեղծելու տաղանդով, բայց հրաժարվեց դրանից՝ վախենալով, որ չէր կարող դիմանալ քննադատությանը:

50 տարի շարունակ նրա անօգնականության, անզորության, վախի, զայրույթի, շփոթվածության, ամոթի, միայնակության և մեկուսացվածության զգացումները ուղեկցում էին նրան ամենօրյա որոշումներում:

Փոխարինել ցավը խաղաղությամբ

Փրկիչը տարավ «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»: Նա արեց այդ, որպեսզի Նա կարողանար «իմանալ ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին» (Ալմա 7.11–12): Նրա տառապանքը միայն մեր մեղքերի համար չէր, այլ նաև մեր բժշկության համար, երբ մեկ ուրիշի մեղքերը մեզ տառապանք պատճառեին:

Եթե Նա այսօր այստեղ լիներ, ես պատկերացնում եմ, որ Փրկիչը կարտասվեր նրանց հետ և կօրհներ նրանց, ովքեր ենթարկվել են սեռական բռնության, ինչպես Նա արտասվեց Նեփիացիների հետ և օրհնեց նրանց (տես 3 Նեփի 17): Չնայած Նա այստեղ չէ ֆիզիկապես, Նրա Հոգին կարող է մեզ հետ լինել, իսկ Նա մեզ համար ապահովել է ապաքինվելու, խաղաղություն զգալու և ներելու ուղի:

Նկար
reaching through a ladder

Շատերի համար, ովքեր վնասվել են, գրեթե անհնար է հավատալ այն գաղափարին, որ իրենց կրած ցավը կարող է փոխարինվել խաղաղությամբ: Հաճախ բռնաբարվածների վերքերը մնում են չնկատված և չընդունված ուրիշների կողմից տարիներ շարունակ: Ցավը դիմակավորվում է ժպտացող դեմքերով, ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ և կյանքն ապրելով այնպես, կարծես ոչինչ չի պատահել, սակայն ցավն անընդհատ այնտեղ է:

Եկեք համեմատենք հուզական ապաքինման գործընթացը ֆիզիկական վնասվածքի խնամքի և բուժման հետ: Ենթադրենք, երիտասարդ տարիքում կոտրել էիք ձեր ոտքը: Այն ուղղելու համար բժշկի գնալու փոխարեն, դուք կաղալով քայլեցիք մինչև ուժեղ ցավն անցավ, բայց առկա է մի թույլ ցավ յուրաքանչյուր քայլի հետ, որ դուք կատարում եք: Տարիներ անց դուք ցանկացաք, որ ցավն անցնի, ուստի գնացիք բժշկի մոտ: Բժիշկը պետք է ուղղի ոսկորը, մաքրի աճած մասը, հեռացնի այն և ուղարկի ձեզ ֆիզիոթերապիայի ձեր ոտքն ամրացնելու համար:

Բռնությունից ապաքինման գործընթացը նման է նրանով, որ զոհը պետք է առաջինը ընդունի, որ ցավն իրական է, և ինչ-որ բան կարելի է անել դրա համար: Այդ գործընթացը ներառում է՝ ընդունել այն, ինչ պատահել է և թույլ տալ, որ վիրավորանքի, վախի և տխրության զգացումները զգացվեն, ճանաչվեն և հաստատվեն: Հաճախ օգտակար է աշխատել մասնագետի հետ, ով փորձառու է այս ապաքինման գործընթացում: (Ստուգեք ձեր քահանայության ղեկավարի հետ՝ իմանալու թե ՎՕՍ Ընտանեկան Ծառայություններն արդյոք մատչելի են ձեր տարածքում:)

Անկախ նրանից, զոհը ստանում է մասնագիտացված օգնություն թե ոչ, լավագույնը աղոթելն է, ուսումնասիրելը Փրկիչի կյանքը և Նրա Քավությունը և կանոնավորապես այցելել քահանայության ղեկավարին: Նա կարող է օգնել թեթևացնել բեռները և ստանալ ոգեշնչում՝ օգնելու զոհին հասկանալ իր աստվածային արժեքը և կապը Երկնային Հոր և Փրկիչի հետ: Քույր Քերոլ Մ. Սթեֆենսը՝ Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, վերջերս ուսուցանել է. «Ապաքինումը կարող է երկարատև գործընթաց լինել: Այն կարող է պահանջել, որ դուք աղոթքով առաջնորդություն որոնեք և համապատասխան օգնություն, ներառյալ խորհրդատվություն՝ պատշաճորեն ձեռնադրված քահանություն կրողներից: Երբ սովորեք բացեիբաց հաղորդակցվել, դրեք համապատասխան սահմաններ և գուցե որոնեք մասնագիտացված խորհրդատվություն: Այդ գործընթացի ողջ ընթացքում հոգևոր առողջությունը պահպանելը էական է»:3

Հաննայի համար իր կյանքն այնքան տհաճ էր դարձել, որ նա օգնություն որոնեց: Նա իր վկայությունից գիտեր, որ կարող էր զգալ խաղաղություն և գոհունակություն կյանքում, բայց շարունակաբար դա չէր զգում: Աղոթելով և զրուցելով իր եպիսկոպոսի հետ, նա առաջնորդվեց խորհրդատվության, որտեղ կարողացավ ձեռք բերել միջոցները, որոնք անհրաժեշտ էին իրեն ճշմարտությունը խավարից դուրս բերելու և սոսկալի բեռով կիսվելու համար, որը նա միայնակ էր կրել: Այդ կերպ վարվելով, նա կարողացավ ազատվել ցավից և գտնել Փրկիչի կողմից խոստացված խաղաղությունը: (տես Հովհաննես 14.27): Այս խաղաղության և սփոփանքի հետ եկավ ներելու համար ցանկությունն ու կարողությունը:

Ներելու անհրաժեշտությունը

Ներելու գաղափարը բռնության զոհերի համար հաճախ դժվար է լսել և հաճախ սխալ է հասկացվում: Եթե նրանք մտածում են, որ ներումը նշանակում է բռնացողին կարթից ազատ արձակել կամ ընդունել, որ նրա արածը այլևս նշանակություն չունի, ապա նրանք իրենց որպես հաստատված զոհ չեն զգա: Մինչ մեզ պատվիրվում է ներել (տես ՎևՈւ 64.10) այնպիսի իրավիճակներում, երբ վնասը խորն է, ապաքինումը սովորաբար պետք է սկսվի, նախքան զոհը կկարողանա լիովին ներել բռնաբարողին:

Նրանք, ովքեր տառապում են բռնաբարությունից առաջացած ցավերով, կարող են սփոփանք գտնել Մորմոնի Գրքի այս խորհրդից. «Ես՝ Հակոբս, ցանկանում եմ խոսել ձեզ հետ, որ մաքուր եք սրտով: Նայեք առ Աստված մտքի կայունությամբ, և աղոթեք նրան խիստ մեծ հավատքով, և նա կսփոփի ձեզ ձեր չարչարանքների մեջ, և կպաշտպանի ձեր դատը, և դատաստան կուղարկի նրանց վրա, ովքեր փնտրում են ձեր կործանումը» (Հակոբ 3.1): Արդարադատության անհրաժեշտությունը և փոխհատուցման իրավունքը կարող է տրվել Տիրոջը, որպեսզի Նա կարողանա մեր վիրավորանքը փոխարինել խաղաղությամբ:

Հաննան ի վերջո պարզեց, որ ինքը կարող էր արդարադատության անհրաժեշտությունը փոխանցել Փրկիչին և փոխարենը գտնել խաղաղության զգացում իր կյանքում, ինչպես երբեք նախկինում չէր զգացել: Նախկինում նա վախենում էր հաճախել ընտանեկան հավաքներին, որտեղ բռնաբարողը կարող էր ներկա գտնվել: Այժմ, դեպի ապաքինում տանող իր ուղու վրա դժվարին էմոցիոնալ վերքերին դիմակայելու պատրաստակամությամբ, նա այլևս չի վախենում գտնվել նրա հետ նույն վայրում և նույնիսկ ծեր տարիքում կարող է կարեկցանք զգալ նրա հանդեպ:

Ազատ անհարկի բեռներից

Նկար
reaching up

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) նշել է. «Լիակատար ապաքինումը կգա առ Հիսուս Քրիստոս ձեր հավատքի միջոցով և Նրա զորությամբ ու կարողությամբ, Նրա Քավության միջոցով, բժշկելու այն սպիները, որոնք անարդար են և անիրավացի: …

Նա սիրում է ձեզ: Նա Իր կյանքը տվեց մեզանից յուրաքանչյուրի համար: Նա կօգնի ձեզ անել այդ: Ես գիտեմ, որ Նա ունի ձեզ բժշկելու զորությունը»4

Հակառակորդն ուզում է ցավով և տառապանքով կապված պահել մարդկանց, որովհետև նա թշվառ է (տես 2 Նեփի 2.27): Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ցավը կարող է իսկապես փոխարինվել խաղաղությամբ, միայն այնպես, ինչպես Փրկիչը կարող է տալ, և մենք կարող ենք ապրել խաղաղությամբ: «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն, և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» [2 Նեփի 2.25]: Ուրախությամբ ապրելը թույլ կտա փորձության ժամանակ լինել ավելի դիմացկուն և հնարավորություն կտա մեզ սովորել և աճել ու ավելի նմանվել մեր Երկնային Հորը:

Ես խոնարհված եմ զգում ինձ այն օրհնության համար, որ ունեցել եմ իմ կյանքում՝ նստել նրանց հետ, ովքեր վնասվել են բռնությունից և տեսնել ապաքինման հրաշքը, որն իսկապես գալիս է միայն Փրկիչի միջոցով: Եթե դուք տառապում եք, խնդրում եմ աղոթքով դիմեք օգնության համար: Դուք չպետք է միայնակ տանեք ծանր բեռները: Ես գիտեմ, որ Նա բժշկում է, քանի որ ես ականատես եմ եղել դրան անհաշիվ անգամներ:

Հղումներ

  1. Gordon B. Hinckley, “Save the Children,” Ensign, Nov. 1994, 54; emphasis added.

  2. Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 42:

  3. Քերոլ Մ. Սթեֆենս, «Բժշկող Տերը» Լիահոնա, նոյ. 2016, 11:

  4. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ստանալ հոգևոր առաջնորդություն», Լիահոնա, նոյ. 2002, 88: