2012
Քրիստոսի վարդապետությունը
նախորդ հաջորդ

Քրիստոսի վարդապետությունը

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Այսօր Եկեղեցում ճիշտ ինչպես հնադարյան ժամանակներում Քրիստոսի վարդապետությունը հաստատելը, կամ վարդապետական շեղումներն ուղղելը աստվածային հայտնության հարց է:

Մեր խորը երախտագիտությունն ու սերն ենք հայտնում Քույր Բեքին, Քույր Ալրեդին, Քույր Թոմսոնին, և Սփոփող Միության խորհրդին:

Մենք վերջերս հասարակայնության կողմից հետաքրքրության աճ ենք նկատում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հավատալիքների հանդեպ: Սա մի բան է, որը մենք ողջունում ենք, որովհետև վերջ ի վերջո մեր հիմնական առաջադրանքը Հիսուս Քրիստոսի ավետարանը, Նրա վարդապետությունն ուսուցանելն է ողջ աշխարհում (տես Մատթեոս ԻԸ.19–20, ՎևՈւ 112.28): Բայց մենք պետք է ընդունենք, որ եղել է և դեռ կա որոշ շփոթություն մեր վարդապետության առնչությամբ և թե ինչպես է այն հաստատվել: Սա է այն թեման, որին ես կկամենայի անդրադառնալ այսօր:

Փրկիչը ուսուցանեց Իր վարդապետությունը ժամանակների գագաթնակետին և Նրա Առաքյալները հզոր պայքար մղեցին պահպանելու Նրա վարդապետությունը կեղծ սովորույթների և փիլիսոփայության հարձակման դեմ: Նոր Կտակարանի Թղթերը տեղեկացնում են բազմաթիվ դեպքերի մասին, որոնք ցույց են տալիս, որ լուրջ և համատարած ուրացությունն արդեն սկսվել էր Առաքյալների ծառայության ընթացքում:1

Դարերը, որոնք հաջորդեցին երբեմն լուսավորվում էին ավետարանի լույսի ճառագայթներով, մինչև որ 19-րդ դարում վերականգման մի շողշողուն առավոտ բացվեց աշխարհի վրա և Քրիստոսի ավետարանը՝ լիակատար և ամբողջական, մեկ անգամ ևս հայտնվեց երկրի վրա: Այդ փառահեղ օրը սկսվեց, երբ «արևի պայծառությունը գերազանցող» (Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.16), լույսի սյան մեջ, Հայր Աստվածը և Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսն, այցելեցին երիտասարդ Ջոզեֆ Սմիթին և սկիզբ դրեցին նրան, ինչը դարձավ աստվածային զորության և իշխանության հետ կապված հայտնության իսկական հեղեղ:

Այս հայտնություններում մենք գտնում ենք, ինչը կարելի է կոչել երկրի վրա վերահաստատված Հիսուս Քրիստոսի Եկեղեցու առանցքային վարդապետություն: Հիսուսն Ինքն է սահմանել այդ վարդապետությունը այս խոսքերում, որոնք գրվել են Մորմոնի Գրքում՝ Եվս մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին.

«Այս է իմ վարդապետությունը, և դա այն վարդապետությունն է, որը Հայրը տվել է ինձ. և ես վկայում եմ Հոր մասին, և Հայրը վկայում է իմ մասին, և Սուրբ Հոգին վկայում է Հոր և իմ մասին. և ես վկայում եմ, որ Հայրը պատվիրում է բոլոր մարդկանց, ամենուր, ապաշխարել և հավատալ ինձ:

Եվ ով որ հավատում է ինձ և մկրտվում, նույնը պիտի փրկվի. այդ նրանք են, ովքեր պիտի ժառանգեն Աստծո արքայությունը:

Եվ ով որ չի հավատում ինձ և չի մկրտվում, նզովված պիտի լինի:

Եվ ով որ հավատում է ինձ, հավատում է նաև Հորը. և նրան Հայրը կվկայի իմ մասին, քանզի նա կայցելի նրան կրակով և Սուրբ Հոգով …

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս է իմ վարդապետությունը՝ ով որ կառուցում է սրա վրա, կառուցում է իմ վեմի վրա, և դժոխքի դռները չպիտի հաղթեն նրանց (3 Նեփի 11.32–35, 39):

Սա է մեր ուղերձը, վեմը, որի վրա մենք կառուցում ենք, հիմքը Եկեղեցում մնացած բոլոր բաների: Աստծո կողմից եկող ամեն ինչի նման այս վարդապետությունն անբիծ է, այն հստակ է, այն հեշտ է հասկանալ, նույնիսկ երեխայի համար: Ուրախ սրտերով մենք հրավիրում ենք բոլորին ընդունել այն:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում «մենք հավատում ենք այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9): Սա նշանակում է, որ չնայած կա շատ բան, որ մենք դեռ չգիտենք, ճշմարտությունները և վարդապետությունը, որ մենք ստացել ենք, եկել է և կշարունակի գալ աստվածային հայտնության միջոցով: Որոշ հավատքի ավանդույթներում աստվածաբանները պահանջում են ուսուցանելու հավասար իշխանություն եկեղեցական վերնախավի հետ և վարդապետական հարցերը կարող են դառնալ կարծիքների մրցույթ նրանց միջև: Ոմանք հենվում են միջնադարյան տիեզերական ժողովների և դրանց դավանանքների վրա: Մյուսները հիմնական շեշտը դնում են ետ առաքելական աստվածաբանների դատողությունների կամ աստվածաշնչյան մեկնաբանության մեթոդների կամ սկզբունքների և բացատրությունների կամ քննադատական մեկնաբանությունների վրա: Մենք ևս գնահատում ենք գիտականությունը, որն ուժեղացնում է հասկացողությունը, բայց այսօր Եկեղեցում, ճիշտ ինչպես հնադարյան ժամանակներում, Քրիստոսի վարդապետությունը հաստատելը կամ վարդապետական շեղումներն ուղղելը աստվածային հայտնության հարց է նրանց համար, ում Տերը օժտում է առաքելական իշխանությամբ:2

1954թ. Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ կրտսերը, որն այդ ժամանակ Առաջին Նախագահության խորհրդական էր, բացատրեց, թե ինչպես է վարդապետությունը հայտնի դարձվում Եկեղեցում և Եկեղեցու Նախագահի ծայրահեղ կարևոր դերի մասին: Խոսելով Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի մասին, նա նշեց. «[Մենք] պետք է մեր մտքում պահենք, որ Բարձրագույն Իշխանավորներից ոմանց հանձնարարված է հատուկ կոչում. նրանք ունեն հատուկ պարգև, նրանք հաստատվում են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, որը նրանց տալիս է հատուկ հոգևոր օժտում, որը կապված է ժողովրդին նրանց կողմից ուսուցանելու հետ: Նրանք ունեն իրավունք, զորություն և իշխանություն հայտարարելու Աստծո միտքն ու կամքը՝ ենթակա լինելով Եկեղեցու Նախագահի համընդհանուր զորությանն ու իշխանությանը»: Մյուս Բարձրագույն Իշխանավորներին չի տրվել այս հատուկ հոգևոր օժտումը և իշխանությունը ուսուցանելու համար. նրանք այդ առումով սահմանափակում ունեն, և ուսուցանելու զորության և իշխանության վրա իրենց այդ սահմանափակումը տարածվում է Եկեղեցու ամեն մի պաշտոնյայի և անդամի վրա, քանի որ նրանցից ոչ մեկը հոգեպես չի օժտվել որպես մարգարե, տեսանող և հայտնող: Բացի այդ, ինչպես հենց նոր նշեցի Եկեղեցու Նախագահն ունի լրացուցիչ և հատուկ հոգևոր օժտում այս տեսակետից, քանի որ նա է Մարգարեն, Տեսանողը և Հայտնողը ողջ Եկեղեցու համար»:3

Ինչպե՞ս է Փրկիչը հայտնում Իր կամքը և վարդապետությունը մարգարեներին, տեսանողներին և հայտնողներին: Նա կարող է գործել իր սուրհանդակի միջոցով կամ Իր սեփական անձով: Նա կարող է խոսել Իր իսկ ձայնով կամ Սուրբ Հոգու ձայնով, Հոգու հաղորդակցությունը հոգուն, որը կարող է արտահայտվել խոսքերով կամ զգացումներով, որն արտահայտում է խոսքերից վեր հասկացողություն (տես 1 Նեփի 17.45, ՎևՈւ 9.8): Նա կարող է Ինքը դիմել Իր ծառաներին անձնապես կամ գործելով խորհրդով (տես 3 Նեփի 27.1–8):

Ես երկու օրինակներ մեջ կբերեմ Նոր Կտակարանից: Առաջինը հայտնություն էր ուղղված Եկեղեցու ղեկավարին: Գործք Առաքելոց գրքի սկզբում մենք գտնում ենք, որ Քրիստոսի Առաքյալները հայտարարում էին ավետարանի ուղերձը միայն հրեաներին՝ հետևելով Հիսուսի ծառայության օրինակին (տես Մատթեոս ԺԵ.24), բայց այժմ, Տիրոջ ժամանակացույցով, եկել էր փոփոխության ժամանակը: Պետրոսը Յոպպէում մի երազ տեսավ, որտեղ նա տեսավ «մի մեծ կտավի պէս անօթ չորս ծայրիցը կապած» մեջը տարբեր կենդանիներ, որոնք իջեցվեցին երկնքից երկրի վրա (Գործք Ժ.11) և նրան պատվիրվեց «մորթել և ուտել» (Գործք Ժ.13): Պետրոսը չենթարկվեց, քանի որ կենդանիներից առնվազն մի քանիսը «անմաքուր» էին ըստ Մովսեսի օրենքի, իսկ Պետրոսը երբեք չէր խախտել պատվիրանը և չէր կերել նման կենդանիներ: Սակայն ձայնն ասաց Պետրոսին իր երազում. «Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր» (Գործք Ժ.15):

Այս երազի իմաստը պարզ դարձավ, երբ դրանից հետո շուտով Հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսի կողմից ուղարկված մի քանի մարդիկ հասան Պետրոսի իջևանատեղը՝ խնդրանքով, որ նա գար և ուսուցաներ իրենց Տիրոջը: Կոռնելիոսը հավաքել էր ազգականների և ընկերների բավականին մեծ մի խումբ, և նրանց գտնելով իր ուղերձին անհամբեր սպասելիս, Պետրոսն ասաց.

«Աստուած ինձ ցոյց տուաւ, ոչ մէկ մարդի էլ պիղծ կամ անմաքուր չասել:

… Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ.

Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան» (Գործք Ժ.28, 34–35; տես նաև հատվածներ 17–24):

Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս, Սուրբ Հոգին իջավ այն խօսքը լսողների բոլորի վերայ:

Եւ զարմացան … հաւատացեալները, ովքեր [ուղեկցում էին Պետրոսին] որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր:

… Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց.

Մի՞թե մէկը կարող է ջուրը արգիլել, որ սորանք չմկրտուին, որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք» (Գործք Ժ.44–47):

Պետրոսին տրված այս փորձառությամբ և հայտնությամբ Տերը փոխեց Եկեղեցու գործունեությունը և հայտնեց ավելի ամբողջական վարդապետական ըմբռնում Իր աշակերտներին: Եվ այսպիսով, ավետարանի քարոզումը տարածվեց՝ ընդգրկելով ողջ մարդկությունը:

Հետագայում Գործք գրքում մենք գտնում ենք մեկ այլ, ինչ որ չափով առնչվող օրինակ, այս անգամ ցույց տալով, թե ինչպես կարող է վարդապետության հարցերի հետ կապված հայտնություն գալ խորհրդաժողովում: Վիճաբանություն էր ծագել թլփատության հարցի առնչությամբ, թե ըստ Մովսեսի օրենքի պահանջի այն արդյոք պե՞տք է կատարվեր որպես պատվիրան Քրիստոսի ավետարանում և Եկեղեցում (տես Գործք ԺԵ.1, 5): «Եւ առաքյալները եւ երէցները ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար» (Գործք ԺԵ.6): Այս խորհրդաժողովի մեր արձանագրությունը իհարկե ամբողջական չէ, բայց մեզ ասվում է, որ «շատ քննութիւն լինելուց» (Գործք ԺԵ.7) հետո, Պետրոսը՝ ավագ Առաքյալը, վեր կացավ և հայտարարեց, թե ինչ էր Սուրբ Հոգին իրեն հաստատել: Նա հիշեցրեց խորհրդին, որ երբ ավետարանը սկսեց քարոզվել չթլփատված հեթանոսներին Կոռնելիոսի տանը, նրանք ստացան Սուրբ Հոգին ճիշտ ինչպես Հրեա թլփատված նորադարձները: Աստված, ասաց նա, «խտրութիւն չարավ նորանց եւ մեր մէջ, հաւատքով սրբելով նորանց սրտերը:

Եւ հիմա ի՞նչու էք Աստուծուն փորձում, որ մի լուծ դնէք աշակերտների վզի վերայ, որ ոչ մեր հայրերը եւ ոչ մենք կարողացանք տանել:

Այլ հավատում ենք որ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքովը կապրենք, ինչպէս նորանք էլ» (Գործք ԺԶ.9–11; տես նաև հատված 8):

Հետո Պողոսը, Բառնաբասը և գուցե մյուսները խոսեցին ի աջակցություն Պետրոսի հայտարարության, Հակոբոսն առաջարկեց, որ որոշումը ի կատար ածվի Եկեղեցուն ուղղված նամակով և խորհուրդը միավորված էր, «միաբան» (Գործք ԺԵ.25; տես նաև հատվածներ 12–23): Իրենց որոշումը հայտարարող նամակում Առաքյալներն ասացին. «Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցավ» (Գործք ԺԵ.28), կամ այլ խոսքերով այս որոշումը եկավ աստվածային հայտնությամբ՝ Սուրբ Հոգու միջոցով:

Այս նույն գործելակերպին հետևում են այսօր՝ Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցում: Եկեղեցու Նախագահը կարող է հայտարարել կամ մեկնաբանել իրեն տրված հայտնության վրա հիմնված վարդապետությունները (տես օրինակ, ՎևՈՒ 138): Վարդապետական մեկնաբանությունը կարող է գալ նաև Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միավորված խորհրդի միջոցով (տես, օրինակ, Պաշտոնական Հայտարարություն 2): Խորհրդի ժողովի քննարկումը հաճախ կարող է ներառել կանոնական սուրբ գրությունները, Եկեղեցու առաջնորդների ուսմունքները և անցյալի կանոնակարգերը քննելը: Բայց վերջում, ճիշտ ինչպես Նոր Կտակարանի Եկեղեցում, նպատակը միայն համաձայնության գալը չէ խորհրդի անդամների միջև, այլ հայտնությունը Աստծուց: Դա մի գործընթաց է, որը ներգրավում է ինչպես խելքը այնպես էլ հավատքը՝ Տիրոջ միտքն ու կամքը ձեռք բերելու համար:4

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ Եկեղեցու անցյալ կամ ներկա առաջնորդի կողմից առաջ քաշվող ամեն մի դրույթ չէ, որ անպայմանորեն վարդապետության սահմանում է: Ընդհանուր առմամբ Եկեղեցում հասկացվում է, որ որևէ առաջնորդի արտահայտած միտքը որևէ հատուկ առիթով հաճախ ներկայացնում է անձնական, չնայած լավ մտածված կարծիք, ի նկատի չունենալով, որ այն կդառնա պաշտոնական կամ պարտավորեցնող ողջ Եկեղեցու համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ. «մարգարեն մարգարե է միայն այն ժամանակ, երբ նա գործում է որպես այդպիսին»:5 Նախագահ Քլարկը, որին քիչ առաջ մեջբերեցինք, նկատել է.

«Այս հարցին առնչվող մի հասարակ պատմություն է հայրս պատմել ինձ, երբ ես տղա էի, չգիտեմ թե ինչ իշխանության մասին էր, բայց դա լուսաբանում է հարցը: Նրա պատմությունն այն մասին էր, որ Ջոնսթոնի բանակի գալու հուզումնալի միջադեպի հետ կապված Եղբայր Բրիգամը քարոզեց ժողովրդին մի առավոտյան ժողովի ժամանակ, մի քարոզ, որը լի էր մոտեցող բանակի դեմ մրցահրավերով և հայտարարելով մտադրություն՝ նրանց դիմադրելու և ետ մղելու մասին: Կեսօրվա ժողովին նա վերկացավ և ասաց, որ առավոտյան Բրիգամ Յանգն էր խոսում, բայց այժմ խոսելու էր Տերը: Այնուհետև, նա դիմեց խոսքով, որի տեմպը առավոտյան ելույթի ճիշտ հակառակն էր: …

Եկեղեցին կիմանա Սուրբ Հոգու վկայությամբ, որը տրվել է անդամներին, թե արդյոք Եղբայրներն իրենց տեսակետներն արտահայտելիս Սուրբ Հոգո՞ւց են մղվում և ի վերջո այդ գիտելիքը կդրսևորվի»:6

Նախագահ Ջոզեֆ Սմիթը հաստատեց Փրկչի կենտրոնական դերը մեր վարդապետությունում մեկ եզրափակիչ նախադասությամբ. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և կրկին բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, և բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին ընդամենը դրա հավելումներն են»:7 Հիսուսի մասին Ջոզեֆ Սմիթի վկայությունն է, որ Նա ապրում է, «քանզի [նա] տեսել էր Նրան «Նույնիսկ Աստծո աջ կողմում և [նա] լսել էր ձայնը, որը վկայում էր, որ նա Հոր Միածինն էր» (ՎևՈւ 76.23; տես նաև հատված 22): Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր լսում են կամ կարդում այս ուղերձը փնտրել աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով աստվածային հատկանիշի վերաբերյալ այդ նույն վկայությունը, Հիսուս Քրիստոսի Քավությունն ու Հարությունը: Ընդունեք Նրա վարդապետությունը ապաշխարելով, մկրտվելով, ստանալով Սուրբ Հոգու պարգևը, իսկ հետո ողջ ձեր կյանքի ընթացքում հետևեք Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և ուխտերին:

Քանի որ Զատիկի տոնակատարությունը մոտենում է, ես արտահայտում եմ իմ սեփական վկայությունը, որ Նազարեթցի Հիսուսը Աստծո Որդին էր և է, հենց Մեսիան հին մարգարեության: Նա Քրիստոսն է, ով տանջվեց Գեթսեմանում, մահացավ խաչի վրա, թաղվեց և ով իսկապես բարձրացավ կրկին երրորդ օրը: Նա է հարություն առած Տերը, որի միջոցով մենք բոլորս հարություն կառնենք և որի միջոցով բոլորը, ովքեր կկամենան, կկարողանան փրկագնվել և վեհացման հասնել Նրա երկնային արքայությունում: Սա է մեր վարդապետությունը, ընդունելով բոլոր նախորդ վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին և հայտարարելով նորից մեր իսկ ժամանակաշրջանում, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Neal A. Maxwell, “From the Beginning,” Ensign, Nov. 1993, 18–19:

    «Հակոբոսը պարսավեց «պատերազմունքները և կռիւները» Եկեղեցու մեջ (Հակոբոս Դ.1): Պողոսը ողբում էր «բաժանումները» Եկեղեցում և ինչպես «հափշտակող գայլերը» չեն խնայի «հօտը» (Ա Կորնթ. ԺԱ.18, Գործք Ի.29–31): Նա գիտեր, որ ուրացություն էր գալու և գրեց Թեսաղոնիկեցիներին, որ Հիսուսի երկրորդ գալուստը տեղի չէր ունենա մինչև «առաջ չգայ ապստամբութիւնը» հետագայոււմ խորհուրդ տալով «անօրէնութեան խորհուրդը արդեն զօրանում է» (Բ Թեսաղ. Բ.3, 7):

    «Ավարտին մոտ Պողոսը հասկացավ թե որքան մեծ էր ուրացությունը. «Բոլոր նրանք որ Ասիայումն են ինձանից շրջվեցին», (Բ Տիմոթ. Ա.15): …

    «Համատարած պոռնկությունը և կռապաշտությունը տագնապ առաջացրեցին Առաքյալների մեջ (տես Ա Կորնթ. Ե.9, Եփեսացիս Ե.3, Հուդա Ա.7): Հովհաննեսն ու Պ ողոսը երկուսն էլ ողբացին կեղծ առաքյալների հայտնվելը» (տես Բ Կոր. ԺԱ. 13, Հայտ. Բ.2): Եկեղեցին ակնհայտորեն պաշարման մեջ էր: Ոմանք ոչ միայն ուրացան այլ բացեիբաց հակադրվեցին: Մի իրավիճակում Պողոսը միայնակ կանգնեց և ողբաց, որ «ամենքը ինձ թողեցին» (Բ Տիմ. Դ.16): Նա նաև կշտամբեց նրանց, ովքեր «ամբողջ տները կործանում են» (Տիտոս Ա.11):

    Որոշ տեղական ղեկավարներ ապստամբեցին, երբ մեկը, որը սիրեց իր բարձր դիրքը, հրաժարվեց ընդունել եղբայրներին (տես Գ Հովհ. Ա.9–10):

    «Զարմանալի չէ, որ Նախագահ Յանգը նկատել է «Ասում են որ Քահանայությունը վերցվեց Եկեղեցուց, բայց դա այսպես չէ, Եկեղեցին գնաց Քահանայությունից» (in Journal of Discourses, 12:69):

    Ժամանակի ընթացքում, ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն է ասել. «Դատողությունը, որը հունական փիլիսոփայական ավանդույթն է, գերիշխում էր, հետո փոխարինվեց, ապավինելով հայտնությանը, որի արդյունքում Քրիստոնյաների կողմից, հավանաբար, բարի մտադրություններով, կամեցան արագորեն իրենց հավատալիքները այդ ժամանակվա մշակույթի գաղափարախոսության հետ համաձայնության բերել»:

    «… Եկեք մենք [նույնպես] զգուշանանք, որպեսզի հայտված աստվածային խոսքը չհարմարեցնենք պայմանական իմաստությանը» (Ensign, Nov. 1993, 19–20):

  2. Առաքյալներն ու մարգարեները, ինչպես օրինակ՝ Ջոզեֆ Սմիթը հռչակում են Աստծո խոսքը, բայց մենք հավատում ենք, որ բացի դրանից, տղամարդիկ և կանայք ընդհանրապես և նույնիսկ երեխաները կարող են իմանալ և առաջնորդվել աստվածային ոգեշնչմամբ՝ ի պատասխան աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության: Ճիշտ ինչպես հնադարյան Առաքյաների օրերին, Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներին տրվում է Սուրբ Հոգու պարգևը, որը հնարավոր է դարձնում շարունակվող հաղորդակցություն իրենց Երկնային Հոր հետ, կամ այլ խոսքով ասած՝ անձնական հայտնություն (տես Գործք Բ.37–38): Այս ձևով Եկեղեցին դառնում է նվիրված, հոգեպես հասուն անձնավորությունների մի խումբ, որոնց հավատքը կույր չէ, այլ տեսնող՝ տեղեկացված և հաստատված Սուրբ Հոգու կողմից: Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր անդամ խոսում է Եկեղեցու անունից կամ կարող է սահմանել վարդապետություններ, այլ որ յուրաքանչյուրը կարող է ստանալ աստվածային առաջնորդություն իր կյանքի մարտահրավերների և հնարավորությունների հետ առնչվելիս:

  3. J. Reuben Clark Jr., “When Are Church Leaders’ Words Entitled to Claim of Scripture?” Church News, July 31, 1954, 9–10; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 28.1–2, 6–7, 11–13:

  4. Խորհրդի մասնակիցների համար պահանջվում են հետևյալ պատրաստվածությունն ու որակավորումը «արդարակեցություն,… սրբություն և սրտի խոնարհություն, հեզություն և երկայնամտություն, … հավատք, և առաքինություն, և գիտություն, ժուժկալություն, համբերություն, աստվածապաշտություն, եղբայրասիրություն և գթություն,

    «Քանզի խոստումն է, որ եթե այս բաներն առատ լինեն նրանց մեջ, նրանք անպտուղ չեն լինի Տիրոջ գիռության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 107.30–31):

  5. Joseph Smith, in History of the Church, 5:265.

  6. J. Reuben Clark Jr., “Church Leaders’ Words,” 10. Հետագայում Նախագահ Քլարկը գրել է իր հոր պատմածը Բրիգամ Յանգի մասին.

    «Ես չգիտեմ սա երբևե տեղի է ունեցել թե ոչ, բայց ես կարծում եմ, որ սա լուսաբանում է սկզբունքը, որ նույնիսկ Եկեղեցու Նախագահն ինքը միշտ չէ, որ «մղվում է Սուրբ Հոգու կողմից», երբ նա դիմում է ժողովրդին: Սա պատահել է վարդապետության հարցերի առնչությամբ (սովորաբար բարձր մտահայեցողական բնույթի), որտեղ Եկեղեցու հաջորդ Նախագահները և մարդիկ իրենք են զգացել, որ վարդապետությունը հռչակելիս հայտարարողը «Սուրբ Հոգուց չէր մղված»:

    Ինչպե՞ս պետք է Եկեղեցին իմանա, թե երբ են եղբայրների այս արկածային արշավանքները դեպի այդ բարձր մտահայեցողական սկզբունքները և վարդապետությունները բավարարում կանոնադրության պահանջները, թե հայտարարողները արդյոք «մղվա՞ծ են եղել Սուրբ Հոգուց»: Եկեղեցին կիմանա Սուրբ Հոգու վկայությամբ, որը տրվել է անդամներին, թե արդյոք Եղբայրներն իրենց տեսակետներն արտահայտելիս Սուրբ Հոգուց են մղվում և, ի վերջո, այդ գիտելիքը կդրսևորվի» (“Church Leaders’ Words,” 10):

  7. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (2007), 49: