2012
Ողորմածները ողորմություն են գտնում
նախորդ հաջորդ

Ողորմածները ողորմություն են գտնում

Երբ մեր սիրտը լցված է Աստծո սիրով, մենք դառնում ենք «բարի, գթած, իրար ներող»:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, վերջերս ես նամակ ստացա մի մտահոգված մորից, որը խնդրում էր գերագույն համաժողովի ելույթում շոշափել մի թեմա, որը հատկապես կօգներ իր երկու երեխաներին: Նրանք նեղացել էին միմյանցից և չէին խոսում իրար հետ: Մոր սիրտը կոտրված էր: Իր նամակում նա ինձ հավաստիացնում էր, որ գերագույն համաժողովի այդ թեմայով ուղերձը կհաշտեցնի իր զավակներին, և ամեն ինչ կհարթվի:

Այս լավ քրոջ անկեղծ ու սրտառուչ խնդրանքն այն մի քանի հուշումներից մեկն էր, որ ես ստացել եմ այս վերջին ամիսների ընթացքում, որ այսօր պետք է խոսեմ այս թեմայի շուրջ: Դա ահազանգող մտահոգություն է, ոչ միայն անհանգստացած մոր, այլ Եկեղեցում և, իհարկե, աշխարհում շատերի համար:

Ես տպավորված եմ այդ սիրող մոր հավատքով, որ գերագույն համաժողովի ելույթը կօգնի հարթել իր երկու զավակների հարաբերությունները: Համոզված եմ, որ նա վստահում էր ոչ այնքան խոսնակների ունակություններին, որքան «Աստծո խոսքի ուժին», որն ունի «ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան … որևէ այլ բան»:1 Թանկագին քույր, ես աղոթում եմ, որ Հոգին դիպչի ձեր զավակների սրտերին:

Երբ հարաբերությունները վատթարանում են

Լարված և ընդհատված հարաբերություններն այնքան հին են, որքան մարդկությունն՝ ինքը: Կայենն առաջինն էր, որ թույլ տվեց, որ դառնությունն ու ոխը թունավորեին իր սիրտը: Նա իր հոգում ցանեց նախանձ ու ատելություն, և թույլ տվեց որ այդ զգացումները հասունանան այնքան, որ նա արեց աներևակայելին՝ սպանելով իր եղբորը և դառնալով սատանայի ստերի հայրը:2

Այդ առաջին օրերից ի վեր նախանձի և ատելության ոգին է եղել պատմության մեջ առավել ողբերգական դեպքերի առիթը: Այն Սավուղին տրամադրեց Դավթի դեմ, Հակոբի որդիներին իրենց եղբայր՝ Հովսեփի դեմ, Լամանին ու Լեմուելին Նեփիի դեմ, և Ամաղիկիային Մորոնիի դեմ:

Կարծում եմ, որ երկրի վրա ամեն մարդու վրա ինչ-որ չափով ազդել է հակառակության, զայրույթի և վրեժխնդրության կործանիչ ոգին: Գուցե անգամ կան պահեր, երբ մենք ինքներս մեր մեջ զգում ենք այդ ոգին: Երբ վիրավորվում ենք, զայրանում կամ նախանձում, շատ հեշտ է դատել ուրիշներին, հաճախ մյուսների գործողությունների մեջ տեսնելով մութ դրդապատճառներ, որպեսզի արդարացնենք մեր վրդովմունքը:

Վարդապետություն

Անշուշտ գիտենք, որ դա սխալ է: Վարդապետությունը պարզ է: Մենք բոլորս կախված ենք Փրկչից, մեզանից ոչ ոք չի կարող փրկվել առանց Նրա: Քրիստոսի Քավությունը անսահման է և հավերժական: Մեր մեղքերի ներումը գալիս է պայմանով: Մենք պետք է ապաշխարենք, և պետք է կամենանք ներել մյուսներին: Հիսուսն ուսուցանել է. «Ներեք միմյանց. քանզի, ով … չի ներում … դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում»,3 և «երանի ողորմածներին, որ նրանք ողորմություն կգտնեն»:4

Իհարկե, այս խոսքերը թվում են շատ ողջամիտ, երբ վերաբերում են մեկ ուրիշին: Մենք կարող ենք շատ հստակ և հեշտությամբ տեսնել այն վնասակար արդյունքները, որոնք գալիս են, երբ մյուսները քննադատում են և վիրավորանք պահում: Եվ, իհարկե, մենք չենք սիրում, երբ մարդիկ քննադատում են մեզ:

Սակայն երբ խոսքը վերաբերում է մեր նախապաշարումներին և վիրավորանքներին, մենք շատ հաճախ արդարանում ենք՝ մեր բարկությունը համարելով արդարացի, և մեր քննադատությունը՝ ստույգ և տեղին: Թեև մենք չենք կարող տեսնել մեկ ուրիշի սիրտը, մենք ենթադրում ենք, որ գիտենք վատ դրդապատճառը կամ անգամ վատ մարդուն, երբ տեսնում ենք նրան: Մենք բացառություններ ենք անում, ինչ վերաբերում է մեր դառնությանը, որովհետև զգում ենք, որ մեր դեպքում մենք ունենք մեզ անհրաժեշտ ողջ տեղեկությունը մեկ ուրիշին արհամարելու համար:

Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոս Առաքյալն ասում է, որ ովքեր դատապարտում են ուրիշներին, «աններելի» են: Նա բացատրում է, որ այն պահին, երբ մենք դատում ենք ուրիշին, մենք դատապարտում ենք մեզ, քանզի ոչ ոք առանց մեղքի չէ:5 Ներելուց հրաժարվելը ծանր մեղք է, որի համար Փրկիչը զգուշացրել է: Հիսուսի իսկ աշակերտներն էին «մեղադրանք փնտրում մեկմեկու դեմ և միմյանց չէին ներում իրենց սրտերում. և այս չարիքի համար նրանք չարչարվեցին և դառնորեն խրատվեցին»:6

Մեր Փրկիչն այնքան հստակ է խոսել այս մասին, որ մեկնաբանության շատ քիչ տեղ է մնացել, ապա Նա ասել է. «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:7

Կուզենայի այստեղ մի փոքր պարզաբանում ավելացնել: Երբ Տերը պահանջում է, որ մենք ներենք բոլոր մարդկանց, դա ներառում է՝ ինքներս մեզ ներելը: Երբեմն, աշխարհի բոլոր մարդկանցից նա, որ դժվարությամբ է ներում, և գուցե ամենաշատը մեր ներողամտության կարիքն ունի, դա հայելու միջից մեզ նայող մարդն է:

Հիմնական միտքը

Մյուսներին դատապարտելու մասին այս թեման իրականում կարելի է ուսուցանել երկու բառով: Երբ գործը հասնում է ատելությանը, բամբասանքին, արհամարհելուն, ծաղրելուն, վիրավորանքը ներսում պահելուն կամ վնաս պատճառելուն, խնդրում եմ կիրառեք հետևյալը.

Կանգ առեք:

Դա շատ պարզ է: Մենք ուղղակի պետք է դադարենք մյուսներին քննադատել, և քննադատական խոսքերն ու զգացմունքները փոխարինենք Աստծո և Նրա զավակների հանդեպ սրտանց սիրով: Աստված մեր Հայրն է: Մենք Նրա զավակներն ենք: Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք: Ես չգիտեմ ինչպես ճիշտ ձևակերպեմ մյուսներին չդատելու այդ միտքը, բավարար պերճախոսությամբ, խանդավառությամբ ու համոզումով, որ ձեր վրա տպավորվի: Ես կարող եմ մեջբերել սուրբ գրություն, մեկնաբանել վարդապետություն, և անգամ կարող եմ ասել, թե մի մեքենայի ետնամասի վրա փակցված ինչ խոսքեր եմ տեսել: Այդ մեքենայի վարորդը տեսքով կոպիտ էր, սակայն մեքենայի վրա գրված խոսքերը ոգեշնչող դաս էր, որն ասում էր՝ «Մի դատիր ինձ, որովհետև ես այլ կերպ եմ մեղանչում, քան դու»:

Մենք պետք է գիտակցենք, որ բոլորս էլ անկատար ենք, որ մենք մուրացկաններ ենք Աստծո առաջ: Արդյոք, չե՞ն եղել պահեր, երբ մենք բոլորս էլ հեզ մոտեցել ենք ողորմածության գահին և շնորհ աղերսել: Արդյոք, մեր հոգու ողջ եռանդով չե՞նք ցանկացել ողորմություն՝ ներվելու մեր կատարած սխալներից և մեղքերից:

Որովհետև մենք բոլորս կախված ենք Աստծո ողորմածությունից, ինչպե՞ս կարող ենք մերժել մյուսներին ինչ-որ չափի շնորհ, որը մենք հուսակտուր փափագում ենք մեզ համար: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, արդյոք չպիտի՞ ներենք, ինչպես մենք ենք ցանկանում ներվել:

Աստծո սերը

Դժվա՞ր է դա անել:

Իհարկե, այո:

Մեզ և մյուսներին ներելը հեշտ չէ: Իրականում, մեզանից շատերի համար պահանջվում է մեծ փոփոխություն մեր վերաբերմունքի և մտածելակերպի մեջ, անգամ՝ սրտի փոփոխություն: Բայց կա բարի լուր: Այս սրտի «հզոր փոփոխությունը»8 հենց այն է, ինչ Հիսուս Քրիստոսի ավետարանը պետք է բերի մեր կյանք:

Ինչպե՞ս է դա արվում: Աստծո սիրով:

Երբ մեր սրտերը լի են Աստծո սիրով, ինչ-որ լավ ու մաքուր բան է տեղի ունենում մեզ հետ: Մենք պահում ենք նրա պատվիրանները, «և նրա պատվիրանքները ծանր չեն: Որովհետև ամեն ով որ Աստուածանից է ծնված հաղթում է աշխարհքին»:9

Որքան շատ ենք թույլ տալիս, որ Աստծո սերը կառավարի մեր մտքերն ու զգացմունքները, այնքան ավելի շատ ենք թույլ տալիս, որ մեր Երկնային Հոր հանդեպ սերն աճի մեր սրտերում, և ավելի հեշտ է լինում սիրել մյուսներին Քրիստոսի մաքուր սիրով: Երբ մենք բացենք մեր սիրտը Աստծո սիրո պայծառ արևածագի դեմ, չարության և նախանձի խավարը և ցուրտը, ի վերջո, կանհետանան:

Ինչպես միշտ, Քրիստոսը մեր օրինակն է: Իր ուսմունքներով, ինչպես նաև Իր կյանքով, Նա մեզ ցույց տվեց ուղին: Նա ներեց ամբարիշտին, գռեհիկին, և նրանց, ովքեր ձգտում էին վիրավորել և վնաս պատճառել Իրեն:

Հիսուսն ասաց, որ հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ, նույնիսկ չար մարդիկ կարող են դա անել: Բայց Հիսուս Քրիստոսն ուսուցանեց ավելի բարձր օրենք: Նրա խոսքերն արձագանքում են դարերի միջով և նախատեսված են մեզ համար: Դրանք նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Նրա աշակերտները լինել: Դրանք նախատեսված են ձեզ և ինձ համար. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին. և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար»:10

Երբ մեր սիրտը լցված է Աստծո սիրով, մենք դառնում ենք «բարի, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստուած էլ Քրիստոսով [մեզ] ներեց»:11

Քրիստոսի մաքուր սերը կարող է մեր միջից հանել վրդովմունքն ու ցասումը, թույլ տալով մեզ տեսնել մյուսներին այնպես, ինչպես մեր Երկնային Հայրն է մեզ տեսնում՝ թերի և անկատար մահկանացուներ, ովքեր մեր պատկերացումից վեր շատ ավելի մեծ ներուժ և արժեք ունեն: Որովհետև Աստված մեզ շատ է սիրում, մենք ևս պետք է սիրենք և ներենք միմյանց:

Աշակերտ լինելու ուղին

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս հարցերն օգտագործեք որպես ձեզ ստուգելու թեսթ.

Դուք ոխ պահո՞ւմ եք ուրիշի հանդեպ:

Բամբասո՞ւմ եք, անգամ երբ ձեր ասածը գուցե ճշմարիտ է:

Արդյո՞ք դուք չեք ընդունում, ձեզանից հեռացնում եք կամ պատժում եք մյուսներին, իրենց արարքների համար:

Դուք գաղտնի նախանձո՞ւմ եք մեկ ուրիշին:

Դուք ցանկանո՞ւմ եք վնաս պատճառել մեկ ուրիշին:

Եթե այս հարցերից որևէ մեկին դրական պատասխան եք տվել, կարող եք կիրառել երկու բառով քարոզը՝ կանգ առեք:

Մեղադրանքների և անբարյացակամության աշխարհում հեշտ է քարեր հավաքել և նետել: Բայց նախքան դա անելը, եկեք հիշենք խոսքերը Նրա, ով մեր Վարդապետը և օրինակն է. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցե դրա վրա»:12

Եղբայրներ և քույրեր, եկեք քարերը ցած դնենք:

Լինենք բարի:

Ներենք:

Միմյանց հետ հանգիստ խոսենք:

Թող Աստծո սերը լցնի մեր սիրտը:

«Բարի գործենք ամենին»:13

Փրկիչը խոստացել է. «Տվեք և կտրուի ձեզ. լավ չափով թափ տրված շարժված լիփ լիքը … որովհետև այն չափով որ չափեք, նրանով կչափուի ձեզ»:14

Արդյո՞ք այս խոստումը բավարար չէ, որ միշտ ջանքեր գործադրենք ոչ թե վատ վարք դրսևորելու, այլ բարի, ներողամիտ և գթասիրտ լինելու ուղղությամբ:

Եկեք, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, չարությանը բարությամբ պատասխանենք:15 Եկեք վրեժխնդրություն չփնտրենք և թույլ չտանք, որ մեր զայրույթը հաղթահարի մեզ:

«Որովհետև գրուած է՝ վրեժխնդրությունն իմն է. ես հատուցումը կտամ, ասում է Տերը:

Արդ եթե քո թշնամին սոված է, հաց տուր նորան. և եթե ծարավ է, ջուր տուր նորան …

Մի հաղթուիր չարիցը, այլ բարիովը հաղթիր չարին»:16

Հիշեք՝ ի վերջո, ողորմածներն են ողորմություն գտնում:17

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբեր, որտեղ էլ գտնվենք, եկեք հայտնի լինենք որպես «միմյանց սիրող» ժողովուրդ:18

Սիրեք միմյանց

Եղբայրներ և քույրեր, առանց մեր կամակորության, դառնության և վրդովմունքի էլ, բավականին գլխացավանք և վիշտ կա այս աշխարհում:

Մենք կատարյալ չենք:

Մեր շուրջը մարդիկ կատարյալ չեն:19 Մարդիկ անում են բաներ, որ ձանձրացնում, հիասթափեցնում և բարկացնում են: Այս մահկանացու կյանքում միշտ այդպես է լինելու:

Այնուամենայնիվ, մենք պետք է թողնենք մեր վիրավորանքները: Մահկանացու կյանքի մի մասն է՝ սովորել ինչպես ազատվել նման բաներից: Դա է Տիրոջ ուղին:

Հիշեք, երկինքը լի է նրանցով, ովքեր ունեն այս ընդհանրությունը՝ նրանք ներված են, և նրանք ներում են:

Ձեր բեռը դրեք Փրկչի ոտքերի մոտ: Թողեք դատապարտելը: Թող Քրիստոսի Քավությունը փոխի և բժշկի ձեր սիրտը: Սիրեք միմյանց: Ներեք միմյանց:

Ողորմածները ողորմածություն կստանան:

Այս մասին ես վկայում եմ Նրա անունով, ով սիրեց այնքան շատ և այնքան լիարժեք, որ Իր կյանքը տվեց մեր՝ Իր ընկերների համար, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: