2012
Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը
Մայիս 2012


Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը

Եթե Նրան սիրեք, վստահեք, հավատաք և հետևեք, դուք կզգաք Նրա սերն ու հավանությունը:

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

Բրազիլական մի առաջատար ամսագրի լրագրող լուրերի գլխավոր հոդվածի համար պատրաստվելիս ուսումնասիրել էր Եկեղեցին:1 Նա քննել էր մեր վարդապետությունը, այցելել էր միսիոներների պատրաստման և մարդասիրական օգնության կենտրոններ, զրուցել էր Եկեղեցու հանդեպ և լավ և ոչ այնքան լավ տրամադրված մարդկանց հետ: Ինձ հետ հարցազրույցի ժամանակ այդ լրագրողն անկեղծորեն զարմացած էր թվում, երբ հարցրեց. «Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը ձեզ Քրիստոնյա չհամարել»: Գիտեմ, նա ի նկատի ուներ Եկեղեցին, սակայն ներքուստ այդ հարցը ուղղեցի ինձ և ինքս ինձ հարցրեցի. «Արդյյո՞ք իմ կյանքն արտացոլում է Քրիստոսի հանդեպ տածած իմ սերն ու նվիրվածությունը»:

Հիսուսը հարցրեց Փարիսեցիներին. «Ի՞նչ եք մտածում Քրիստոսի համար»:2 Վերջին դատաստանի ժամանակ, մեր անձնական նվիրվածությունը մեր ընկերները կամ թշնամիները չեն դատելու: Այլ, ինչպես Պողոսն է ասել. «Ամենքս Քրիստոսի ատեանի առաջին պիտի կանգնենք»:3 Այդ օրը յուրաքանչյուրիս համար կարևոր հարցն է լինելու. «Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը»:

Չնայած ողջ մարդկության հանդեպ ունեցած Իր սիրո, Հիսուսն իր շուրջը գտնվողներից ոմանց հանդիմանելով անվանում էր կեղծավորներ,4 հիմարներ,5 և անօրենություն գործողներ:6 Ոմանց էլ Նա գովեստով անվանում էր՝ արքայության որդիք7 և աշխարհի լույս:8 Նա կշտամբանքով ոմանց անվանում էր կույրեր9 և անպտուղ,10 սակայն գովում էր նրանց, որ սրտով մաքուր էին11 և սոված ու ծարավ՝ արդարության:12 Նա ափսոսում էր, որ ոմանք անհավատ13 էին և այս աշխարհից14 էին, իսկ մյուսներին հարգալից կոչում էր ընտրյալներ,15 աշակերտներ,16 բարեկամներ:17 Եվ ուրեմն մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի՝ «Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը»:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեր օրերը նկարագրել է որպես «հոգևորից հեռանալու ժամանակներ … երբ փոփոխության հողմերը պտտվում են մեր շուրջը և հասարակության բարոյական հիմքերը շարունակում են քայքայվել մեր աչքի առաջ»:18 Սա Քրիստոսի և Նրա ուսմունքների հանդեպ աճող անհավատության և անարգանքի ժամանակներ են:

Նման անհանգիստ միջավայրում մենք ցնծում ենք՝ լինելով Հիսուս Քրիստոսի աշակերտները: Մենք տեսնում ենք Տիրոջ ձեռքը մեր շուրջն ամենուր: Մեր վերջնանպատակը սքանչելի կերպով դրված է մեր առջև: «Սա է հավիտենական կյանքը,- աղոթում էր Հիսուսը,- որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին»:19 Նման ճակատագրական օրերին աշակերտ լինելը պատվավոր նշան կլինի հավերժություններում:

Այս համաժողովին հնչած ուղերձները նշաձողեր են Տիրոջից՝ որպես աշակերտ՝ մեր ճանապարհին: Այս վերջին երկու օրերին մենք լսեցինք դրանք, աղոթեցինք հոգևոր ուղղորդության համար, և եթե գալիք օրերին էլ ուսումնասիրենք այդ ուղերձները և աղոթենք դրանց շուրջ, Տերը կօրհնի մեզ անհատական առաջնորդությամբ՝ Սուրբ Հոգու պարգևի շնորհիվ: Այդ զգացողությունները մեզ էլ ավելի կմոտեցնեն Աստծուն, եթե ապաշխարենք, հնազանդվենք, հավատանք և վստահենք: Փրկիչը պատասխանում է մեր հավատքի գործերին: «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահե և իմ հայրը կսիրե նորան. և նորա մոտը կգանք և բնակություն կանենք նորա մոտ»:20

Հիսուսի «Իմ ետևից արի»21 կանչը միայն նրանց համար չէ, ովքեր պատրաստվել են մրցելու հոգևոր Օլիմպիադաներում: Իրականում, աշակերտ լինելն ամենևին էլ մրցություն չէ, այլ հրավեր՝ ուղղված բոլորին: Աշակերտ լինելու մեր ճանապարհը ոչ կարճ մրցավազք է, ոչ էլ մեծ մարաթոն: Իրականում դա դեպի սելեստիալ աշխարհ տանող կյանքի տևողությամբ ճամփորդություն է:

Նրա հրավերն ամենօրյա պարտականության կանչ է: Հիսուսն ասել է. «Եթե ինձ սիրում եք, իմ պատուիրանքները պահեցեք»:22 «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե և իմ ետևից գա»:23 Գուցե չկարողանանք լավագույնս դրսևորել մեզ ամեն օր, սակայն եթե փորձենք, Հիսուսի կանչը լի է քաջալերանքով և հույսով. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:24

Աշակերտ լինելու ճանապարհի որ հաստվածում էլ որ այսօր գտնվեք, դուք դեպի հավերժական կյանք տանող ճիշտ ուղու վրա եք: Միասին մենք կարող ենք բարձրացնել և ամրացնել միմյանց գալիք մեծ և կարևոր օրերին: Ինչպիսի դժվարություններ որ ծառանան մեր առջև, ինչպիսի թուլություն որ պատի մեզ կամ անհնարինություն շրջապատի մեզ, եկեք հավատանք Աստծո Որդուն, որը հայտարարում է. «Ամեն բան հնարավոր է հավատացողի համար»:25

Ուզում եմ կիսվել ձեզ հետ գործով աշակերտ լինելու երկու օրինակով: Առաջինը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կյանքից է, որը դրսևորում է պարզ բարության զորությունը և Հիսուսի ուսմունքը. «Ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի»:26

Մոտ 20 տարի առաջ Նախագահ Մոնսոնը գերագույն համաժողովի իր ելույթում խոսեց 12-ամյա մի երիտասարդ աղջկա մասին, որը տառապում էր քաղցկեղով: Նա պատմեց նրա արիության և նրա ընկերների բարության մասին, ովքեր նրան իրենց հետ բարձրացրել էին Յուտայի կենտրոնում գտնվող Տիմպանոգոս սարը:

Մի քանի տարի առաջ ես հանդիպեցի Ջեմի Փալմեր Բրինթոնին և լսեցի պատմությունը այլ տեսանկյունից, այն, թե ինչ էր արել Նախագահ Մոնսոնը այդ աղջկա համար:

Ջեմին հանդիպել էր Նախագահ Մոնսոնին 1993թ. մարտին, մեկ օր անց, երբ իրեն հայտնել էին, որ իր աջ ծնկում արագ աճող նորագոյացություն էր: Իր հոր մասնակցությամբ, Նախագահ Մոնսոնը քահանայական օրհնություն էր տվել նրան, խոստանալով. «Հիսուսը կլինի քո աջ կողմում և քո ձախ կողմում՝ քաջալերելով և զորավիգ լինելով քեզ»:

«Այդ օրը նրա գրասենյակից հեռանալուց առաջ,- ասաց Ջեմին,- ես քանդեցի իմ անվասայլակին ամրացված փուչիկը և տվեցի նրան: Փուչիկի վրա վառ տառերով գրված էր՝ Դու լավագույնն ես»:

Քիմիաթերապիայի բուժումների և ոտքը պահպանող վիրահատության ընթացքում Նախագահ Մոնսոնը չմոռացավ նրան: Ջեմին ասաց. «Նախագահ Մոնսոնը օրինակ ծառայեց, թե ինչպիսին պետք է լինի Քրիստոսի ճշմարիտ աշակերտը: Նա ինձ բարձրացրեց վշտից՝ մեծ և հաստատուն հույս պարգևելով: Իրենց առաջին հանդիպումից երեք տարի անց Ջեմին կրկին այցելեց Նախագահ Մոնսոնի գրասենյակ: Հանդիպման ավարտին նա այնպիսի բան արեց, որ Ջեմին երբեք չի մոռանա: Իրեն հատուկ խոհուն հոգատարությամբ Նախագահ Մոնսոնը աղջկան տվեց այն նույն փուչիկը, որը նա նվիրել էր իրեն երեք տարի առաջ: Փուչիկի վրա գրված էր. «Դու լավագույնն ես»: Նա պահել էր այն, իմանալով, որ ապաքինվելուց հետո նա կվերադառնա իր գրասենյակ: Առաջին անգամ Ջեմիին հանդիպելուց տասնչորս տարի անց Նախագահ Մոնսոնը կատարեց նրա և Ջեյսոն Բրինթոնի ամուսնությունը Սոլթ Լեյքի Տաճարում:27

Մենք այնքան բան կարող ենք սովորել Նախագահ Մոնսոնի աշակերտ լինելու օրինակից: Նա հաճախ է հիշեցնում Գերագույն Իշխանություններին՝ հիշել այս կարևոր հարցը. «Ի՞նչ կաներ Հիսուսը»:

Հիսուսը ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենար, բայց միայն հավատա»:28 Աշակերտ լինել նշանակում է հավատալ Նրան թե խաղաղ, և թե դժվար պահերին, երբ մեր ցավը և վախը փարատվում են միայն համոզվածությամբ, որ Նա սիրում է մեզ և պահում է Իր խոստումները:

Վերջերս ես հանդիպեցի մի ընտանիքի, որը հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես ենք մենք հավատում Նրան: Հաիթիի Պորտոպրինսից Օլգան և Սոլին Սենթելուսներն ինձ պատմեցին իրենց պատմությունը:

2010թ. հունվարի 12-ին Օլգանն աշխատանքավայրում էր, իսկ Սոլինը՝ եկեղեցում, երբ ավերիչ երկրաշարժը հարվածեց Հաիթիին: Նրանց երեք երեխաները՝ հնգամյա Գանչին, երեքամյա Էնջին և մեկամյա Գանսլին իրենց տանն էին՝ բարեկամի մոտ:

Ամենուր ավերածություններ էին: Կհիշեք, որ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին այդ հունվարին Հաիթիում: Օլգանը և Սոլինը որքան կարող էին արագ վազեցին իրենց տուն գտնելու երեխաներին: Եռահարկ շենքը, որտեղ Սենթելուսների ընտանիքն էր բնակվում, փլվել էր:

Երեխաները չէին փախչել: Ոչ մի փրկարարական աշխատանք չէր տրամադրվել հիմնովին ավերված շենքին:

Օլգան և Սոլինը Սենթելուսները լիաժամկետ միսիա էին ծառայել և ամուսնացել էին տաճարում: Նրանք հավատում էին Փրկչին և Նրա տված խոստումներին: Սակայն նրանց սրտերը կոտրված էին: Նրանք անզուսպ լաց էին լինում:

Օլգանն ինձ պատմեց, որ իր համար ամենամութ ժամին սկսեց աղոթել. «Երկնային Հայր, եթե քո կամքն է, գոնե զավակներիցս մեկը կենդանի լինի, խնդրում եմ, խնդրում եմ օգնիր մեզ»: Նա անընդատ քայլում էր շենքի շուրջը և աղոթում ոգեշնչման համար: Հարևանները փորձում էին նրան սփոփել և օգնել, որ ընդունի իր զավակների կորուստը, սակայն նա շարունակում էր քայլել փլված շենքի ավերակների շուրջը՝ հույս փայփայելով և աղոթելով: Ապա մի հրաշք եղավ: Օլգանը լսեց գրեթե անլսելի երեխայի լացի ձայն: Իր կրտսեր երեխան էր լալիս:

Ժամեր շարունակ հարևաններն ինքնամոռաց անդադար փորում էին ավերակների մեջ, վտանգելով իրենց իսկ կյանքը: Գիշերվա խավարում մուրճերի և լոմերի հարվածների ձայների մեջ փրկարարները լսեցին ևս մեկ ձայն: Նրանք դադարեցին փորելը և ականջ դրեցին: Նրանք չհավատացին իրենց լսածին: Դա փոքր երեխայի երգի ձայն էր: Հնգամյա Գանչին ավելի ուշ պատմել էր, որ համոզված էր, որ եթե երգի, հայրը իրեն կլսի: Երկաթբետոնե պատի ծանրության տակ, որի հետևանքով ավելի ուշ նրա ձեռքն անդամահատվեց, Գանչին երգում էր իր սիրելի երգը՝ «Աստծո զավակն եմ»:29

Ժամերն անցնում էին, և Հայիթիում տիրող խավարի, մահվան և Աստծո բազմաթիվ թանկագին որդիների և դուստրերի հուսահատության մեջ Սենթելուս ընտանիքում հրաշք կատարվեց: Գանչին, Էնջին և Գանսլին կենդանի դուրս բերվեցին շենքի փլատակների տակից:30

Հրաշքները միշտ չէ, որ անմիջապես են կատարվում: Երբեմն էլ մենք խորհում ենք զարմանալով, թե ինչու հրաշքը, որի համար այնքան ջերմեռանդ աղոթել ենք, չի կատարվում այժմ և այստեղ: Սակայն եթե մենք վստահում ենք Փրկչին, խոստացված հրաշքները գալիս են: Լինի այս, թե հաջորդ կյանքում, ամեն ինչ իր տեղը կընկնի: Փրկիչն ասել է. «Ձեր սիրտը չխռովի և չվախենա»:31 «Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:32

Ես վկայում եմ, որ եթե Նրան սիրեք, վստահեք, հավատաք և հետևեք, դուք կզգաք Նրա սերն ու հավանությունը: Եթե հարցնեք. «Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը», կիմանաք, որ դուք Նրա աշակերտն եք, դուք Նրա ընկերն եք: Իր շնորհով Նա ձեզ համար կանի այն, ինչ դուք անկարող եք անել:

Մենք անհամբեր սպասում ենք մեր սիրելի մարգարեի փակող խոսքին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ կարգվեց, երբ ես 12 տարեկան էի: Ավելի քան 48 տարի է մենք օրհնված ենք լսելու Հիսուս Քրիստոսի մասին նրա վկայությունը: Ես վկայում եմ, որ նա այժմ Փրկչի ավագ Առաքյալն է երկրի վրա:

Մեծ սեր և հիացմունք տածելով Հիսուս Քրիստոսի շատ աշակերտների հանդեպ, ովքեր այս Եկեղեցու անդամներ չեն, մենք խոնարհ հայտարարում ենք, որ հրեշտակները վերադարձել են երկիր մեր օրերում: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, ինչպես որ Նա հիմնել է այն հնում, վերականգնվել է՝ զորությամբ, ծեսերով և երկնային օրհնություններով: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է: Նա տառապեց և մահացավ մեր մեղքերի համար, և երրորդ օրը Նա հարություն առավ: Մի օր ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Նա է Քրիստոսը:33 Այդ օրը մենք չենք մտահոգվի, թե՝ «Արդյո՞ք մյուսներն ինձ Քրիստոնյա են համարում»: Այդ ժամանակ մեր հայացքը հառված կլինի Նրա վրա, և մեր հոգին կենտրոնացած մեկ հարցի շուրջ՝ «Ի՞նչ է իմ մասին մտածում Քրիստոսը»: Նա ապրում է: Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: