2012
Հավատքի երգին համահունչ
Մայիս 2012


Հավատքի երգին համահունչ

Աստված սիրում է Իր բոլոր զավակներին: Նա ցանկանում է, որ բոլորը վերադառնան Իր մոտ: Նա ցանկանում է, որ ամեն ոք հավատքի սուրբ երգին համահունչ լինի:

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

Երբ Եկեղեցու Գերագույն Իշխանությունները հանդիպում են ողջ աշխարհի անդամների հետ, մենք անձնապես տեսնում ենք, թե ինչպես են Վերջին Օրերի Սրբերը բարու ուժ հանդիսանում: Շնորհակալություն այն ամենի համար, որ դուք անում եք բոլորի կյանքն օրհնելու համար:

Հասարակական գործերի հանձնարարականներ ունեցողներս խորապես գիտակցում ենք, որ շատ հասարակական կարծիք ստեղծողներ և լրագրողներ Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում ավելի շատ հասարակական քննարկումներ են ծավալում Եկեղեցու և նրա անդամների մասին: Գործոնների յուրահատուկ համընկնումը զգալիորեն բարձրացրել է Եկեղեցու վարկանիշը:1

Շատերը, ովքեր գրել են Եկեղեցու մասին, անկեղծ ջանքեր են գործադրել հասկանալու մեր մարդկանց և մեր վարդապետությունը: Նրանք բարեկիրթ մոտեցում են ցուցաբերել և փորձել են օբյեկտիվ լինել, որի համար մենք երախտապարտ ենք:

Մենք նաև գիտակցում ենք, որ սուրբ բաների հետ շատերը ներդաշնակ չեն: Անցյալ դեկտեմբերին Անգլիայի գլխավոր Ռաբբի Լորդ Սակսը խոսելով Հռոմի կաթոլիկ առաջնորդների առջև Պոնտիֆիշալ Գրիգորյան համալսարանում, նշել է, թե որքան աշխարհիկ են դարձել աշխարհի որոշ մասեր: Նա ասել է, որ հիմնապատճառներից մեկը՝ «ագրեսիվ գիտական աթեիսզմն է, որը ամենևին համահունչ չէ հավատքի երգին»:2

Մորմոնի Գրքի սկզբում տրված տեսիլքը կյանքի ծառի մասին Լեքիի մարգարեական երազն է:3 Այս տեսիլքը հստակ ներկայացնում է հավատքի հետ կապված խնդիրները, որոնք առկա են այսօր, և այն մեծ բաժանումը, որ կա նրանց մեջ, ովքեր սիրում ու երկրպագում են Աստծուն և պատասխանատվություն են զգում Նրա հանդեպ, և նրանց միջև ովքեր, այդպիսին չեն: Լեքին նշում է, թե ինչն է կործանում հավատքը: Դա՝ հպարտությունն է, ինքնահավանությունը և անմտությունը: Նրանք հետաքրքրված են միայն այսպես կոչված աշխարհի իմաստությամբ:4 Մյուսները որոշ հետաքրքրություն են դրսևորում Աստծո հանդեպ, սակայն կորչում են խավարի ու մեղքի աշխարհիկ մշուշում:5 Ոմանք ճաշակում են Աստծո սերը և Նրա խոսքը, սակայն ամաչում են իրենց ծաղրողների պատճառով և հեռանում են դեպի «արգելված ուղիներ»:6

Ի վերջո, կան այնպիսիք, ովքեր հավատքի երգի հետ համահունչ են: Դուք գիտեք, թե ով եք: Դուք սիրում եք Տիրոջը և Նրա ավետարանը, և շարունակաբար փորձում եք ապրել և կիսվել Նրա ուղերձով, հատկապես ձեր ընտանիքների հետ:7 Դուք ներդաշնակ եք Հոգու հուշումներին, գիտակցում եք Աստծո խոսքի զորությունը, ձեր տներում կրոնական վարք եք դրսևորում, և ջանասիրաբար փորձում եք ապրել Քրիստոսանման կյանքով որպես Նրա աշակերտներ:

Մենք հասկանում ենք, թե որքան զբաղված եք դուք: Չունենալով վճարվող ծառայողներ, Եկեղեցու ծառայության պատասխանատվությունը ընկած է ձեզ վրա՝ նվիրված անդամներ: Մենք գիտենք, որ եպիսկոպոսության և ցցի նախագահություների անդամների և շատ ուրիշների համար սովորական բան է նվիրված ծառայությանը երկար ժամեր տրամադրելը: Օժանդակների և քվորումների նախագահությունները օրինակ են ծառայում իրենց անձնուրաց զոհաբերությամբ: Այդ ծառայությունը և զոհաբերությունը հատուկ է բոլոր անդամներին, նրանց, ովքեր պահում են գործավարական գրառումներ, հավատարիմ տուն ունեն, այցելող ուսուցիչներ են և դասեր են վարում: Մենք երախտապարտ ենք նաև նրանց, ովքեր խիզախորեն ծառայում են որպես սկաուտների և երեխաների խմբերի ղեկավարներ: Մենք սիրում և գնահատում ենք ձեզ և ձեր աշխատանքը:

Մենք գիտենք, որ կան անդամներ, ովքեր այնքան էլ հետաքրքրված և հավատարիմ չեն Փրկչի որոշ ուսմունքներին: Մեր ցանկությունն է, որ այդ անդամները լիովին արթնանան ի հավատք՝ մեծացնեն իրենց ակտիվությունը և նվիրվածությունը: Աստված սիրում է Իր բոլոր զավակներին: Նա ցանկանում է, որ բոլորը վերադառնան Իր մոտ: Նա ցանկանում է, որ ամեն ոք լինի հավատքի սուրբ երգին համահունչ: Փրկչի Քավությունը պարգև է յուրաքանչյուրի համար:

Անհրաժեշտ է ուսուցանել և հասկացնել, որ մենք սիրում և հարգում ենք բոլոր մարդկանց, ում Լեքին է նկարագրել:8 Հիշեք, մենք չէ, որ պետք է դատենք: Դատաստանը Տիրոջինն է:9 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հատկապես խնդրել է մեզ, որ «քաջություն ունենանք և մյուսներին չդատենք»:10 Նա նաև խնդրել է հավատարիմ անդամներին փրկել նրանց, ովքեր ճաշակել են ավետարանի պտղից և ապա հեռացել, ինչպես նաև նրանց, ովքեր դեռևս չեն գտել անձուկ ու նեղ ճանապարհը: Մենք աղոթում ենք, որ նրանք բռնեն ձողից և ճաշակեն Աստծո սիրուց, որը կլցնի նրանց «հոգին[երը] չափազանց մեծ ուրախությամբ»:11

Չնայած որ Լեքիի տեսիլքը ներառում է բոլոր մարդկանց, վարդապետական կարևորագույն հասկացողությունը ընտանիքի հավերժական նշանակությունն է: «Ընտանիքը կարգված է Աստծուց: Դա ամենակարևոր միավորն է ժամանակի և հավերժության մեջ»:12 Երբ Լեքին ճաշակեց կյանքի ծառի պտղից (Աստծո սիրուց), նա փափագեց, որ իր «ընտանիքն էլ ճաշակի դրանից»:13

Մեր մեծ ցանկությունն է՝մեծացնել մեր երեխաներին ճշմարտության և արդարակեցության մեջ: Սկզբունքներից մեկը, որը կօգնի մեզ իրագործել դա, այն է, որ չափից շատ չդատապարտենք վարքը, որը անմիտ է կամ ոչ խելամիտ, սակայն մեղսավոր չէ: Տարիներ առաջ, երբ մեր զավակները մեզ հետ էին ապրում, Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանեց, որ կարևոր է տարբերակել պատանեկան սխալները, որոնք պետք է շտկվեն, մեղքերից, որոնք պահանջում են պատիժ և ապաշխարություն:14 Որտեղ իմաստության պակաս կա, մեր երեխաները պետք է ուսուցանվեն: Որտեղ մեղք կա, ապաշխարություն է անհրաժեշտ:15 Դա շատ օգտակար խորհուրդ էր մեր ընտանիքի համար:

Տանը կրոնական սկզբունքներին հետամուտ լինելն օրհնում է ընտանիքը: Օրինակը հատկապես կարևոր է: Այն, թե ինչ ենք մենք անում այնքան բարձրաձայն է խոսում, որ մեր երեխաները գուցե չլսեն, թե ինչ ենք մենք խոսում: Երբ ես մոտ հինգ տարեկան էի, մայրս լուր ստացավ, որ իր եղայրը զոհվել է, երբ ռազմանավը, որի վրա ծառայում էր նա, Ճապոնիայի ափի մոտ ռմբակոծվել էր Երկրորդ Համաշխարհայինի ավարտին:16 Դա աղետալի լուր էր նրա համար: Նա անչափ հուզված գնաց իր ննջասենյակ: Մի փոքր անց ես գնացի նրա սենյակ, համոզվելու համար, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա իր մահճակալի մոտ ծնկի իջած աղոթում էր: Ես խաղաղություն զգացի, որովհետև նա ուսուցանել էր ինձ աղոթել և սիրել Տիրոջը: Դա այն օրինակն էր, որ նա միշտ ծառայել էր ինձ համար: Երբ մայրերն ու հայրերն աղոթում են երեխաների հետ ավելի կարևոր է, քան որևէ այլ օրինակ:

Ուղերձը, ծառայությունը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավությունը մեր ընտանիքի ծրագրի հիմնական մասն են: Ոչ մի սուրբ գրություն ավելի լավ չի բնորոշի մեր հավատքը, որքան 2 Նեփի 25.26-ը. «Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:

Լեքիի տեսիլքի հիմնական նախադրյալներից մեկն այն է, որ հավատարիմ անդամները պետք է ամուր կառչեն երկաթե ձողից, որպեսզի մնան դեպի կյանքի ծառ տանող ուղիղ ու նեղ ուղու վրա: Անդամների համար կարևոր է՝ կարդալ, խորհել և ուսումնասիրել սուրբ գրությունները:17

Մորմոնի Գիրքը կարևոր նշանակություն ունի:18 Իհարկե, միշտ կլինեն այնպիսիք, ովքեր կթերագնահատեն այս սուրբ գրքի կարևորությունը կամ անգամ կնսեմացնեն այն: Ոմանք հումորով են դա արտահայտել: Նախքան միսիայում ծառայելը, իմ համալսարանի պրոֆեսորը մեջբերեց Մարկ Տվեյնի սահմանումը, որ եթե Մորմոնի Գրքից հանվեր «Եվ եղավ այնպես» արտահայտությունը, այն «կվերածվեր բրոշյուրի»:19

Մի քանի ամիս անց, երբ միսիա էի ծառայում Անգլիայի Լոնդոնում, Օքսֆորդի շրջանավարտ, Լոնդոնի Համալսարանի ականավոր ուսուցիչ, սեմիտական լեզուների եգիպտացի փորձագետը կարդալով Մորմոնի Գիրքը նամակ էր գրել Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյին և հանդիպեց միսիոներներին: Նա հայտնեց նրանց, որ ինքը համոզված է, որ Մորմոնի Գիրքը այդ ժամանակաշրջանի Հրեաների ուսմունքների և եգիպտացիների լեզվի իսկական թարգմանությունն է:20 Իր բերած օրինակներից մեկը «Եվ եղավ այնպես» շաղկապող արտահայտությունն էր, որը նրա հավաստմամբ ցույց էր տալիս, թե ինչպես նա կթարգմաներ սեմիտական գրվածքներում օգտագործվող դարձվածքները:21 Այդ պրոֆեսորը տեղեկացրել էր, որ մինչ իր մասնագիտության վրա հիմնված նրա ինտելեկտուալ մոտեցումը օգնել էր իրեն, սակայն դեռևս անչափ կարևոր էր հոգևոր վկայություն ունենալը: Ուսումնասիրության և աղոթքի միջոցով նա հոգևոր վկայություն ստացավ և մկրտվեց: Այսպիսով, հայտնի հումորիստը ծիծաղի առարկա էր դարձրել այն, ինչը գիտնականը համարեց Մորմոնի Գրքի ճշմարտության հիմնարար ապացույց, որի հաստատումը նա ստացավ Հոգու կողմից:

Ազատ կամքի հիմնական վարդապետությունը պահանջում է, որ վերականգնված ավետարանի մասին վկայությունը հիմնված լինի ոչ թե լոկ արտաքին կամ գիտական ապացույցի, այլ հավատքի վրա: Սևեռուն կենտրոնացումը այն փաստերի վրա, որոնք դեռևս լիովին չեն բացահայտվել, օրինակ՝ ինչպես կարող էր կույսը մանուկ ծնել, Փրկիչը Հարություն առնել կամ ինչպես Ջոզեֆ Սմիթը թարգմանեց մեր սուրբ գրությունները, ապարդյուն է և հոգևոր առաջընթաց չի ապահովում: Սա հավատքի հարց է: Ի վերջո, պատասխանն է Մորոնիի խորհուրդը՝ կարդալ, խորհել և ապա հարցնել Աստծուն սրտի ողջ անկեղծությամբ, իրական միտումով, հաստատելով սուրբ գրքյան ճշմարտությունները Հոգու վկայությամբ:22 Նաև, եթե մեր կյանքում արմատավորում ենք սուրբ գրքյան հրամայականները և ապրում ենք ավետարանով, մենք օրհնվում ենք Հոգով և ճաշակում Նրա բարությունից՝ զգալով ուրախություն, երջանկություն և հատկապես խաղաղություն:23

Իհարկե, սուրբ գրությունների ակտիվ ուսումնասիրությունն է հանդիսանում այն գիծը, որը բաժանում է նրանց, ովքեր լսում են հավատքի երգը, նրանցից, ովքեր խուլ են այդ երգի հանդեպ: Տարիներ առաջ ես խորապես հուզվեցի, երբ սիրելի մարգարե Սպենսեր Վ. Քիմբալը շեշտեց մշտապես սուրբ գրությունները կարդալու և ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Նա ասաց. «Ես պարզել եմ, որ երբ անհոգաբար եմ վերաբերվում աստվածության հետ իմ հարաբերություններին, թվում է աստվածային ականջը չի լսում և աստվածային ձայնը չի խոսում, որ ես շատ-շատ հեռվում եմ: Երբ խորասուզվում եմ սուրբ գրությունների մեջ, տարածությունը փոքրանում է և հոգևոր զգացողությունը վերադառնում է»:24

Հուսով եմ, մենք երեխաների հետ կանոնավոր կարդում ենք Մորմոնի Գիրքը: Ես սա քննարկել եմ իմ զավակների հետ: Նրանք ինձ հետ կիսվել են երկու դիտարկումով: Առաջին, գաղտնիքը՝ հաստատակամորեն ամեն օր ընտանիքով սուրբ գրությունները կարդալն է: Դուստրս թեթև անհոգությամբ նկարագրեց իրենց դեռահաս երեխաների հետ հետևողականորեն սուրբ գրությունները կարդալու վաղ առավոտյան ջանքերը: Նա և ամուսինը վաղ առավոտյան արթնանում են և քնաթաթախ խարխափելով բռնում են երկաթե ճաղավանդակից, որը իրենց աստիճաններով տանում է այնտեղ, որտեղ ընտանիքը հավաքվում է կարդալու Աստծո խոսքը: Կարևորը հաստատակամությունն է, օգնում է նաև հումորի զգացումը: Այն պահանջում է մեծ ջանք ընտանիքի յուրաքանչյուր անդամից, ամեն օր, սակայն դրա համար արժե ջանք գործադրել: Հաստատակամությամբ հաղթահարվում են ժամանակավոր անհաջողությունները:

Երկրորդը, թե ինչպես են մեր կրտսեր որդին և նրա կինը կարդում սուրբ գրությունները իրենց երիտասարդ ընտանիքի հետ: Նրանց չորս զավակներից երկուսը դեռ կարդալ չգիտեն: Հինգ տարեկանի համար նրանք հինգ մատերի նշաններ ունեն, որոնց օգնությամբ նա մասնակցում է սուրբ գրությունների ընտանեկան ընթերցանությանը: Առաջին մատը նշանակում է՝ կրկնել «Եվ եղավ այնպես», երբ որ այն հանդիպում է Մորմոնի Գրքում: Պետք է ասեմ, ես ուրախ եմ, որ այդ արտահայտությունն այդքան հաճախ է հանդիպում: Ի դեպ, երիտասարդ ընտանիքների համար ասեմ, որ 2 մատը նշանակում է՝ «Եվ այսպիսով մենք տեսնում ենք», 3, 4 և 5 մատերը ընտրվում են ծնողների կողմից ըստ տվյալ գլխում պարունակվող բառերի:

Մենք գիտենք, որ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը և ընտանեկան երեկոները երբեմն կատարյալ չեն: Անկախ ձեր առջև ծառացած խնդիրների, մի վհատվեք:

Խնդրում եմ, հասկացեք, որ առ Տեր Հիսուս Քրիստոս հավատք ունենալը և Նրա պատվիրանները պահելը կան և միշտ կլինի մահկանացու կյանքի որոշիչ քննությունը: Այդ ամենից բացի, մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երբ մեկը համահունչ չի հավատքի երգի հետ, նա համահունչ չի Հոգու հետ: Ինչպես Նեփի մարգարեն է ուսուցանել. «Դուք լսել եք նրա ձայնը … և նա խոսել է ձեզ հետ՝ մեղմ, հանդարտ ձայնով, բայց դուք անզգայացած էիք, որպեսզի կարողանայիք զգալ նրա խոսքերը»:25

Մեր վարդապետությունը պարզ է՝ մենք պետք է դրական և ուրախ լինենք: Մենք շեշտում ենք մեր հավատքը, ոչ թե մեր վախերը: Մենք ուրախանում ենք նրանով, որ Տերը հավաստիացնում է, որ կկանգնի մեր կողքին, կառաջնորդի և կուղղորդի:26 Սուրբ Հոգին վկայում է մեր սրտին, որ մենք ունենք սիրող Երկնային Հայր, և մեր փրկագնման համար Նրա ողորմած ծրագիրը լիովին կիրագործվի՝ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության շնորհիվ:

Ինչպես «Աստծո զավակն եմ» երգի հեղինակ Նաոմի Վ. Ռենդելն է գրել. «Նրա Հոգին առաջնորդում է, Նրա սերը վստահեցնում է, որ վախը հեռանում է, երբ հավատքը տոկում է»:27

Ուստի, Լեքիի տեսիլքում հետևորդ լինելու ճանապարհի որ մասում էլ որ լինենք, եկեք վճռականորեն մեր և մեր ընտանիքների մեջ ավելի մեծ ցանկություն արթնացնենք՝ հայցել Փրկչի հավերժական կյանքի անզուգական պարգևը: Ես աղոթում եմ, որ մենք մնանք հավատքի երգին համահունչ: Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի աստվածության և Նրա Քավության իրականության մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.30:

  2. Jonathan Sacks, “Has Europe Lost Its Soul?” (address delivered on Dec. 12, 2011, at the Pontifical), chiefrabbi.org/ReadArtical.aspx?id=1843.

  3. Տես 1 Նեփի 8:

  4. Տես 1 Նեփի 8.27; 11.35:

  5. Տես 1 Նեփի 8.23; 12.17:

  6. 1 Նեփի 8.28:

  7. Տես 1 Նեփի 8.12:

  8. Փրկիչը հրահանգում է փնտրել կորած ոչխարներին, տես Մատթեոս ԺԸ.12–14:

  9. Տես Հովհաննես Ե.22, տես նաև Մատթեոս Է.1–2:

  10. Թոմաս Ս. Մոնսոն, «Որ դուք քաջություն ունենաք», Լիահոնա, մայիս 2009թ., 124:

  11. 1 Նեփի 8.12:

  12. Handbook 2: Administering the Church (2010), 1.1.1.

  13. 1 Նեփի 8.12:

  14. Տես Dallin H. Oaks, “Sins and Mistakes,” Ensign, Oct. 1996, 62. Երեց Օուքսն ուսուցանեց այս գաղափարը, երբ նա Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահն էր 1980թ.:

  15. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.25–27:

  16. Տես Marva Jeanne Kimball Pedersen, Vaughn Roberts Kimball: A Memorial (1995): Վոնը Բրիգամ Յանգ Համալսարանի ֆուտբոլային թիմի կիսապաշտպանն էր 1941թ. աշնանը: Փըրլ Հարբորի վրա հարձակման հաջորդ օրը, 1941թ. դեկտեմբերի 8-ին, նա զինվորագրվեց ԱՄՆ Նավատորմում: Նա զոհվեց 1945թ. մայիսի 11-ին, երբ թշնամին ռմբակոծեց ամերիկյան Bunker Hill ռազմանավը, և թաղվեց ծովում:

  17. Տես Հովհաննես Ե.39:

  18. Տես Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4; or Liahona, Oct. 2011, 52.

  19. Մարկ Տվեյն, Roughing It (1891), 127–28: Ըստ Տվեյնի մեկնաբանությունների, յուրաքանչյուր սերունդ լիովին նոր հայտագործություն է: Հիմնականում քիչ է նշվում այն փաստը, որ Մարկ Տվեյնը չէր ընդունում Քրիստոնեությունը և ընդհանուր առմամբ կրոնը:

  20. Տես 1 Նեփի 1.2:

  21. Ես հանդիպեցի Պր. Էբիդ Սարոֆիմին Լոնդոնում, երբ երեցներն ուսուցանում էին նրան: Տես նաև N. Eldon Tanner, in Conference Report, Apr. 1962, 53: Շատ հնագույն սեմիտական և եգիպտական գրվածքների գիտնականներ նշել են նախադասությունների սկզբում «Եվ եղավ այնպես» շաղկապող արտահայտության հաճախակի օգտագործման մասին, տես Hugh Nibley, Since Cumorah, 2nd ed. (1988), 150:

  22. Տես Մորոնի 10.3–4; շատ քիչ քննադատներ են փորձարկել սա անկեղծ մտադրությամբ:

  23. Տես Վարդապետություն և Ուխտեր 59.23:

  24. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 67.

  25. 1 Նեփի 17.45; տես նաև Ezra Taft Benson, “Seek the Spirit of the Lord,” Tambuli, Sept. 1988, 5: «Մենք շատ հաճախ զգացողությամբ ենք լսում Տիրոջ խոսքերը: Եթե խոնարհ և զգայուն լինենք, Տերը հուշումներ կտա մեզ մեր զգացողությունների միջոցով»:

  26. Տես Վարդապետություն և Ուխտեր 68.6:

  27. “When Faith Endures,” Hymns, no. 128.